Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ո՞վ է պատրաստվում պատերազմի և ու՞մ դեմ

Ո՞վ է պատրաստվում պատերազմի և ու՞մ դեմ
15.09.2017 | 10:00

ՆԱՏՕ-ի անդամ երկրներում իրար են անցել, թե ռուսները «պատրաստվում են պատերազմի»: Որպես ռուսատյացությամբ համակված հերթական փիար-քարոզչության հիմք վերցված են Ռուսաստանի ու Բելառուսի վաղուց պլանավորված «Արևմուտք-2017» զորավարժությունները, որոնք բելառուսական հողում սկսվեցին սեպտեմբերի 14-ին: Տարօրինակ է. եթե վերցնելու լինենք արդեն գոյություն չունեցող ԽՍՀՄ-ի պատմությունը նույնիսկ, ապա միայն մեկ անգամ է ԽՍՀՄ-ը պատերազմ առաջինն սկսել: Ֆինլանդիայի հետ: Եվ այն էլ, ինչպես ասում են, պատճառ կար: Հիմա, երբ «գրանտատուները», տարբեր երկրներում ծվարած «գրանտակերները» թելադրում են, որ ամենօրյա «սազը պետք է քոքել» ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի հասցեին ուղղված հոխորտանքով ու հայհոյանքով, ճշմարտությունը սովետա-ֆիննական պատերազմի մասին «մոդայիկ չէ»: Ասենք, սովետական կողմն էլ էր շատ բան թաքցնում այն պատերազմի մասին, օրինակ, մարտական գործողությունների ընթացքում կրած իրական կորուստների թիվը: Մինչդեռ պատմությունն արձանագրում է. 1939 թ. նոյեմբերի 26-ին ՍՍՀՄ կառավարությունը Ֆինլանդիայի կառավարությանը բողոքի նոտա հղեց, սովետական կողմի հայտարարության համաձայն, Ֆինլանդիայի տարածքից կատարված հրետակոծության առնչությամբ: Իհարկե, ամեն ինչ չէ, որ պարզ ու հասկանալի է: Պատմական փաստաթղթերից հայտնի է, որ ՍՍՀՄ-ը ֆիններին առաջարկել էր պետական սահմանը Լենինգրադից 90 կմ տեղաշարժել դեպի հյուսիս, փոխարենը պարտավորվելով կրկնապատիկ ավելի տարածք տալ Կարելիայից: Բայց Ֆինլանդիան, որն արդեն մինչև կոկորդը խրվել էր նացիստական Գերմանիայի հետ գաղտնի կապերի մեջ, ինչպես հայտնի է, մերժեց Ստալինի առաջարկը:


Ես հետազոտող պատմաբան չեմ և ինձ չի հետաքրքրում՝ իրո՞ք ֆիններն իրենք են պատերազմ հրահրել, առաջինը հրետակոծելով սովետական տարածքը: Բայց այն, որ ՆԱՏՕ-ի երկրներում «չեն նկատում» սեփական զորավարժությունները Ռուսաստանի սահմանների անմիջական մոտակայքում, ինձ հետաքրքրում է: Պատճառներն էլ հասկանալի են: Ինձ հետաքրքրում է, թե ինչու էին ՆԱՏՕ-ի երկրներն ու նրանց գործընկերները, հատկապես Իսրայելը, այնքան շահագրգռված ՆԱՏՕ-ի ոչ անդամ երկրին՝ Վրաստանին, 2008 թ. օգոստոսին Հարավային Օսիայի Հանրապետության դեմ պատերազմում ռազմական օգնության ցուցաբերմամբ: Այս դեպքում էլ են պատճառները հասկանալի: Ինձ հետաքրքրում է, թե ինչու էին ՆԱՏՕ-ի երկրները լռում, երբ վրացիները Ցխինվալում սպանում էին ռուս խաղաղապահ զինծառայողներին, իսկ երբ Ռուսաստանն սկսեց Վրաստանին խաղաղություն պարտադրելու և Հարավային Օսիային ցեղասպանությունից պաշտպանելու գործողությունը, ՆԱՏՕ-ի երկրներում փիար-քայլեր սկսվեցին իբր «Վրաստանի դեմ Ռուսաստանի ագրեսիայի» առնչությամբ: Ինձ հետաքրքրում է նաև, թե ինչու մինչև հիմա ՆԱՏՕ-ի երկրները չեն դատապարտել իրենց խամաճիկ Միխեիլ Սաակաշվիլուն ու Վրաստանին՝ այն բանի համար, որ, ինչպես պարզել է 2008 թ. օգոստոսի իրադարձությունների հետաքննության եվրահանձնաժողովի ղեկավար Հայդի Տալյավինին, Վրաստանն էր սկսել պատերազմը: Վերջապես, ինձ հետաքրքրում է, թե ինչու են մեր որոշ քաղգործիչներ, իմանալով ճշմարտությունը ՆԱՏՕ-ի գործունեության մասին, այդ թվում՝ 2008 թ. օգոստոսի, այնուամենայնիվ պնդում, թե «Հայաստանի ու հայերի ապագան կապված է ՆԱՏՕ-ի հետ»:
Բայց Արևմուտքի, առնվազն ՆԱՏՕ-ի ղեկավարության, խոստովանության փոխարեն, որ Արևմուտքն է պատերազմ նախապատրաստում Ռուսաստանի դեմ, մենք հիմա շիզոֆրենիկ հայտարարություններ ենք լսում տխրահռչակ Գեբելսի ոճով: Ամենահետաքրքիրն այն է, որ տոն է տվել կոմերիտական նախկին «գործիչ», ներկայումս Լիտվայի մազոխիստ նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, որը հանկարծ հայտարարել է, թե «Արևմուտք-2017» զորավարժությունները պատերազմի նախապատրաստություն են, և Եվրամիությանն առաջարկել է ստեղծել «ռազմական Շենգեն»:

Պատերազմի «հլու կոչնակն» արեց իր գործը, և անմիջապես ասպարեզ իջավ Եվրոպայում ամերիկյան զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Բեն Հոջեսը, որը զորավարժություններն անվանեց «տրոյական ձի»: Նա նշեց, որ դրանք երկյուղ են պատճառում Հյուսիսատլանտյան դաշնախմբի մեջ մտնող երկրներին: Իսկ սեպտեմբերի 9-ին «վերջակետը» դրեց Գերմանիայի «պաշտպանության քաղաքացիական նախարար» ՈՒրսուլա ֆոն դեր Լյայենը: Ով-ով, բայց գոնե Գերմանիան պիտի լռեր: Բայց հիմա ՆԱՏՕ-ի երկրներում «պաշտպանության քաղաքացիական նախարարներն» ԱՄՆ-ի պատվերների այնքան ջանադիր կատարողներ են, որ ժամանակն է մտածելու. և՛ ամենահին մասնագիտության ներկայացուցչուհիների, և՛ ԼԳԲՏ ընկերակցությունների վրա այդ ինչքա՜ն փաստեր կան ամերիկյան հատուկ ծառայությունների ձեռքին: Մեջբերեմ Լյայենի խոսքերը: Էստոնիայում ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների գագաթնաժողովում նա հայտարարեց, որ զորավարժություններին կմասնակցեն ավելի շատ ռուս զինվորներ, քան Մոսկվան հայտարարել է վաղօրոք: Նրա ասելով, խոսքը ազդարարված 12,7 հազարի փոխարեն 100 հազար զինվորականի մասին է: «Կարծում եմ՝ ակնհայտ է, որ մենք վկա ենք Ռուսաստանի կողմից ուժի ու հնարավորությունների ևս մեկ ցուցադրման»,- հայտարարեց Լյայենը: Նա հիշեցրեց, որ ավելի քան 13 հազար զինվորականի մասնակցությամբ զորավարժություն անցկացնող ամեն երկիր, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության ¥ԵԱՀԿ¤ սահմանած կարգի համաձայն, պետք է դիտորդներ հրավիրի այնտեղ:


Արտաքուստ նորմալ, հավասարակշիռ հայտարարություն է: Սակայն՝ ոչ: Նախ, դիտորդներ հրավիրվել են: Այլ հարց է, թե այդ ինչու՞ է ՆԱՏՕ-ն այդքան վախենում «Արևմուտք-2017» զորավարժություններին իր դիտորդների լայն ներկայացուցչությունից: Երկրորդ, գերմանացի նախարարուհու անմտությանը սեպտեմբերի 9-ին օպերատիվ կերպով հետևեց պատասխանը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում պատասխանեցին, որ «զարմացած են» Լյայենի հայտարարությունների առթիվ, որը «հրապարակայնորեն ձեռնածում է «Արևմուտք-2017» զորավարժությունների մեջ ներգրավված և «այդ կապակցությամբ Եվրոպայի համար սպառնալիք ներկայացնող իբր 100 հազար ռուս զինծառայողների մասին արձանագրությունից վերցրած թվերը»: «Գերմանական կողմը ժամանակին ստացել է և ունի ամբողջ սպառիչ տեղեկությունը «Արևմուտք-2017» զորավարժության նպատակի, պաշտպանական բնույթի և դրանում ներգրավված ռուսական զորքերի իրական թվի մասին»,- հայտարարեց ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: Նա ընդգծեց, որ «զորավարժությունների մասին մանրամասն տեղեկություններ» ներկայացվել են Գերմանիային, ինչպես նաև «անմիջականորեն Մոսկվայում ԳԴՀ-ի դեսպանության զինվորական կցորդին»:
Ինչպես ասում են, ստել է գերմանացի տիկին ռազմական նախարարը: ՈՒ՞մ պատվերն է կատարել, կոմերիտուհի Գրիբաուսկայտեի՞, ամերիկացի գեներալ Հոջեսի՞, թե՞ սեփական երկրի կանցլեր Անգելա Մերկելի, որը հերթական ընտրություններին է պատրաստվում: Իսկական պատճառը վաղ թե ուշ հայտնի կդառնա, գոնե՝ Գերմանիայի հանրությանը: Բայց չէ՞ որ խնդիրը միայն գրիբաուսկայտեները, ֆոնդերլյայենները կամ գեներալ հոջեսները չեն: Խնդիրը թաքնված է և՛ քաղաքական գաղտնի գործարքների ոլորտում, և՛ բարոյական հարթությունում: Բարոյական հարթությունն ավելի հասկանալի է: Ասենք, եղել են, հիմա ևս ընթանում են ՆԱՏՕ-ի զորավարժությունները Վրաստանում: Այն նույն զորավարժությունները, որոնց Հայաստանը, իբր, պիտի մասնակցեր: Իսկ հետո պարզվեց, որ Հայաստանը չի հաստատել իր պաշտոնական մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին, թեև Վրաստանը շարունակում է պնդել, թե Հայաստանը դեռ հուլիսին է հաստատած եղել իր մասնակցությունը, իսկ վերջին պահին հրաժարվել է: Ես մի քիչ մանրամասն կանգ առնեմ սրա վրա, որովհետև ինչ-որ նենգություն եմ զգում: Չէ՞ որ 2017 թ. մարտից, երբ վրացական աղբյուրները պնդում էին, թե հայ ռազմիկները ՆԱՏՕ-ի դրոշի ներքո թուրքերի ու ադրբեջանցիների հետ կողք կողքի մասնակցելու են զորավարժություններին, նկատի էին առնվում ամենևին ոչ այն զորավարժությունները, որոնցից հիմա հրաժարվել է Հայաստանը: Մարտից խոսվում էր ՆԱՏՕ-ի «Noble Partner-2017»-«Արժանավոր գործընկեր-2017» զորավարժությունների մասին: Սակայն սեպտեմբերին Հայաստանը հրաժարվեց ՆԱՏՕ-ի միանգամայն այլ՝ «Agile Spirit-2017»-«Աննկուն ոգի-2017» ծածկանունով զորավարժություններին մասնակցելուց: Այնպես որ պարզ չէ, Հայաստանը Վրաստանում «Noble Partner-2017» զորավարժություններին մասնակցե՞լ է, թե՞ ոչ: Որոնք, ի դեպ, ծրագրված էին հուլիսին, ապա տեղափոխվեցին օգոստոս: Թե՞ այդ ՆԱՏՕ-ն է հանկարծակի, առանց պատճառի փոխել իր զորախաղերի ծածկանունը:


Եթե գտնենք այս հարցի պատասխանը, մնացածն ինքնըստինքյան կպարզվի: Չէ՞ որ ոչ ոք չի վիճարկի, որ Վրաստանը, այնուամենայնիվ, շատ լավ էլ սահմանակից է Ռուսաստանին: Եվ ահա փոքրիկ ու թույլ Վրաստանում, որն անգամ ՆԱՏՕ-ի անդամ էլ չէ, կարճ ժամանակամիջոցում, Ռուսաստանի սահմանների մոտ, անցկացնում են ՆԱՏՕ-ի ոչ այն է մեկ, ոչ այն է ամբողջ երկու զորավարժություններ: Ես չեմ լսել, որ Մոսկվայից որևէ մեկը Վրաստանում ՆԱՏՕ-ի կողմից անցկացվող զորավարժությունները պաշտոնապես որակած լինի Ռուսաստանի դեմ պատերազմի նախապատրաստություն: Հայտարարություններ արվել են, արվում են և կարվեն, սակայն դրանք միլիոն անգամ ավելի կոռեկտ են լիտվացի կոմերիտուհու, գերմանացի նախարարի, ամերիկացի գեներալի հայտարարություններից: Էությունն այս է. եթե Վրաստանում մեկը մյուսի հետևից տեղի են ունեցել ՆԱՏՕ-ի ամբողջ երկու զորավարժություններ, ապա դա վկայում է այն մասին, որ ՌԴ-ի սահմանների մոտ հապշտապ պատրաստվում են եթե ոչ պատերազմի, ապա խոշորամասշտաբ զինված սադրանքների: Եվ Վրաստանին նորից «քավության նոխազի» դեր է հատկացված: Թե ինչ է կատարվում ՆԱՏՕ-ի գեներալների հոգու խորքում, Աստված գիտե, բայց չի կարելի բացառել, որ նրանք ուզում են մեկ անգամ ևս հրդեհել Կովկասը: Իսկ դրանում Հայաստանի ներգրավվածության մասին կարելի կլինի խոսել այն ժամանակ, երբ մեզ հստակորեն կպատասխանեն, թե Հայաստանը (Վրաստանում) ինչ զորավարժությունների է մասնակցել և ինչին չի մասնակցել: Որովհետև, մեկ անգամ ևս կրկնեմ, մարտից լրատվամիջոցներում ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի մասնակցության առնչությամբ խոսվել է «Noble Partner-2017» զորավարժությունների մասին, իսկ սեպտեմբերին Հայաստանը հրաժարվեց «Agile Spirit-2017» զորավարժություններին մասնակցելուց: Այստեղ անզեն աչքով էլ երևում է, որ խոսքը ՆԱՏՕ-ի տարբեր զորավարժությունների մասին է:


Իսկ որպես պատերազմի պատրաստություն ավելի շատ ընկալվում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական ավազակությունը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների ոլորտում: Շատ լավ իմանալով, որ Ամերիկայում ՌԴ դիվանագիտական կորպուսի կրճատման վերաբերյալ նախկին նախագահ Բարաք Օբամայի որոշումները վաղ թե ուշ համարժեք պատասխաններ կստանան, այդուամենայնիվ, Թրամփը Օբամայի ոչ մի որոշում չչեղարկեց: Լինելով ամերիկյան նախագահական ընտրություններին Հիլարի Քլինթոնի օգտին միջամտության գործի հետաքննության նախաձեռնող, Թրամփը շարունակ «յուղ է ավելացնում» ընտրություններին «Ռուսաստանի միջամտության» կրակին: Իսկ երբ հետևում է Մոսկվայի պատասխան համարժեք քայլը, Թրամփը խորացնում է դիվանագիտական ճգնաժամը, ըստ էության, կազմակերպում է ռուս դիվանագետների ևս մեկ արտաքսում, ինչպես նաև զավթում է ռուսական հյուպատոսարաններն ու առևտրական ներկայացուցչությունները: Բայց չէ՞ որ բոլորն են հասկանում. քանի որ 2018 թվականը Ռուսաստանում ընտրությունների տարի է, ապա Թրամփը հաստատ կստանա վզակոթին, ոչ ոք անպատասխան չի թողնի ամերիկյան ամենաթողությունը:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2641

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ