Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Դատել, բայց չազատազրկել

Դատել, բայց չազատազրկել
15.09.2017 | 10:07

Կաշառակերության դեմ պայքարը, երևի, սկսվել է աշխարհի սկզբից, պայքարում են այսօր, պայքարելու են, թերևս, մինչև աշխարհի վերջը։ Ճիշտ է, տարբեր երկրներում այն տարբեր ձևերով է դրսևորվում, կաշառքի չափերը, տալու-առնելու ձևերը ևս համապատասխանաբար տարբեր են։ «Որքա՞ն կտաս՝ կաշառքը վերացնեմ» ասացվածքն էլ պատահական չէ։


Հայաստանը ևս փորձում է օրենսդրորեն փակել կաշառք տալու-առնելու ճանապարհները և օրենքում եղած սողանցքերը վերացնել։ Ինչ խոսք, եթե մոլախոտի դեմ չպայքարես, այն գնալով կբարձրանա և կխեղդի բերքը։ Հայաստանում կաշառքը քրեորեն դատապարտելի Է, ինչը տրամաբանական է, սակայն արժե՞ կաշառակերներին տարիներով ազատազրկել, արդյո՞ք պետությունը շահում է դրանից։ Եթե փորձենք խորանալ այս խնդրում, ապա հակառակ պատկերը կարող ենք ստանալ։ Կալանավորելով և տարիներով քրեակատարողական հիմնարկում փակի տակ պահելով նրանց, պետությունը, ըստ էության, պահում է վերջիններիս, ընդ որում՝ պահում է վարկատուների հաշվին։ Մինչդեռ, կարծում ենք, շատ ավելի նպատակային կլիներ կիրառել «խոտորնակին խոտորնակ» մոտեցումը։ Գաղտնիք չէ, որ ոչինչ մարդուն այնքան շուտ խելքի չի բերում, որքան հարվածը գրպանին։ Կաշառակերության փաստով տարիներ շարունակ ազատազրկման մեջ գտնվելու փոխարեն անձը կարող է աշխատել, և աշխատավարձը կբռնագանձվի պետության կողմից։ Այսինքն, եթե անձը պետք է դատապարտվի 5-10 տարի ազատազրկման, ապա ազատազրկման փոխարեն հարաբերական ազատության մեջ գտնվելով, նա կաշխատի և, աշխատավարձ չստանալով, ավելի պատժված կզգա իրեն։ Նյութական և բարոյական առումով չկա ավելի մեծ պատիժ, քան սեփական քրտինքով աշխատածի պտուղները չհավաքելը։
Ի դեպ, այս մոտեցման բարոյական կողմն էլ ապահովված կլինի։ Չէ՞ որ ազատազրկման ընթացքում մարդը շփվում է տարբեր տեսակի հանցագործների հետ, ինչը չի կարող բացասաբար չազդել նրա մտածողության վրա։ Երբ զրուցում ես կաշառակերության մեղադրանքով դատապարտված և պատիժը կրելուց հետո ազատության մեջ հայտնված անձանց հետ, համոզվում ես, որ մտածողության փոփոխությունը խիստ զգալի է, ինչը տխուր փաստ է։


Կա մեկ այլ խնդիր ևս. ինչու՞ է նախաքննության ընթացքում կաշառակերության մեղադրանքով անձի նկատմամբ խափանման միջոց ընտրվում կալանքը։ Ինչու՞ նման դեպքերում չի գործում գրավի և երկրից չբացակայելու սկզբունքը։ Համաձայնեք, որ սրանք լրջագույն խնդիրներ են, որոնք վերանայելու հնարավորություն է ստեղծվել այսօր: Արդարադատության ոլորտում իրականացվելու են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք պետք է համապատասխանեցվեն սահմանադրությանը։ Օրերս արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրեց այդ փոփոխություններին միտված աշխատանքները։ Գուցե այդ փոփոխությունների համատեքստում կվերանայվեն նաև կաշառակերությանն առնչվող որոշ դրույթնե՞ր:

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1478

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ