Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ինչպես փոխել օրակարգը

Ինչպես փոխել օրակարգը
15.09.2017 | 10:40

Հանրահայտ փաստ է. Արցախի այն մասը, որն այժմ գտնվում է արցախահայության վերահսկողության տակ, բուն հայկական տարածք է, հայրենիքի մի հատված, որ պատմության տարբեր ժամանակահատվածներում եղել է թե՛ ազատ, որպես Արևելյան Հայաստանի մի հատված, թե՛ տարբեր հարևանների՝ Ռուսաստանի, Պարսկաստանի, ազդեցության տակ: Այն հայ ժողովրդի բնօրրանն է և հազարամյակների իր պատմության ընթացքում մշտապես պաշտպանվել ու նորոգվել է որպես հայի տուն: Այնտեղ ստեղծվել են մշակութային գործունեության այնպիսի արդյունքներ (ճարտարապետական շինություններ, եկեղեցական վանքեր ու համալիրներ, խաչքարեր), որոնք աներկբա հավաստում են դրանց տիրոջ ով լինելը՝ դրանք ստեղծողի որոնման այլընտրանք չթողնելով:


Մենք դա գիտենք: Եվ, փառք Աստծո, դա իրականություն է: Դա՛ է իրականությունը: Թե ինչպես ենք մենք տեր կանգնում մեր մշակութային ժառանգությանը և խափանում հակառակորդի՝ մեր պատմությունն ու մշակութային անցյալը խեղաթյուրելու մոլեռանդ գործը, այլ հարց է:
Ի՞նչ ճանապարհով է Արցախը հայտնվել մի ապօրինի կառույցի կազմում: Գիտենք, որ ադրբեջանցի ազգ, էթնոս գոյություն չունի, հետևաբար, այդ էթնոսին պատմականորեն բաժին հասած կենսատարածք էլ գոյություն ունենալ չէր կարող: Թե՛ այդպիսի «ազգության», թե՛ Ադրբեջան անունով պետության ձևավորման համար կովկասյան թաթարները պարտական են ԽՍՀՄ-ին: Հենց ԽՍՀՄ-ն էր, որ ստեղծեց կովկասյան մի երրորդ հանրապետություն, որի համար գծված սահմաններում ներառվեցին տեղաբնիկ էթնոսների հայրենիք հանդիսացող տարածքներ, այդ թվում՝ Հայաստանի մաս կազմող Արցախն ու Նախիջևանը: Արցախը վերանվանվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ և մտցվեց Ադրբեջանի Սովետական Հանրապետության կազմի մեջ: Ասել է թե՝ և՛ երկրին, և՛ այն բնակեցնող ազգաբնակչությանը տրված անունները լիովին արհեստական են: Արդյո՞ք խորհրդային տարիներին ամեն ինչ հարթ էր, և հայերն ու կովկասյան թաթարները մեկ երկրի տարածքում հաշտ ու խաղաղ գոյակցում էին: Իհարկե ոչ: Եթե այդ գոյակցությունը ընթանար հավասարության, միմյանց շահերի նկատմամբ ուշադրության ու հարգանքի միջավայրում, արդեն անցյալ դարի վաթսունական թվականներին Հայաստանի Խորհրդային Հանրապետության մտավորականությունը մտահոգ նամակներ չէր հղի միութենական բարձրագույն կառույցներ՝ հորդորելով ու խնդրելով Արցախը վերադարձնել Հայաստանի կազմ: Որովհետև հնարավոր բոլոր միջոցներով՝ լեգալ թե անլեգալ, իշխանությունը ներկայացնող կովկասյան թաթարները բոլոր լծակներն օգտագործում էին հայերին իրենց տարածքներից (պատմական տարածքներից) դուրս մղելու, նրանց շահերը տրորելու, ծառայամիտի իրենց հոգեբանությունը նրանց մեջ սերմանելու համար: Նախիջևանի վերաբերյալ նման մտահոգություն արտահայտելն ու ինչ-որ պահանջներ ներկայացնելը իրական չէր, քանի որ այդ տարիներին արդեն այն ամբողջությամբ հայաթափված էր: Ասել է թե՝ Նախիջևանում ապրող հայեր այլևս չկային, նրանց շահերի պաշտպանության խնդիր՝ նույնպես: Արդեն այն տարիներին հայտնի էր դառնում, որ իշխանության ղեկին գտնվող կովկասյան թաթարի ու իշխանությունից զրկված բնիկ հայի համակեցությունը անհնար է: Այն դատապարտված է: Ադրբեջանական իշխանության ուղղակի հրահանգներով վերացվում էին հայկական մշակութային ժառանգության հետքերը, կեղծվում, խեղաթյուրվում էին դրանց ստեղծման պատմական փաստերն ու իրողությունները: Իշխանության խոսափողն այդ տարիների անգերազանցելի խեղաթյուրող ու կեղծարար «պատմաբան» Բունիաթովն էր, որը կերտում էր նորաթուխ «ազգի» «հազարամյա պատմությունը»: Ո՞Ւմ հաշվին: Եվրոպացիների՞, չինացիների՞, թե՞ այլմոլորակայինների: Իհարկե՝ մեր ազգի, մեր պատմության հաշվին: Եվ դա արվում էր խորհրդային բռնատիրական ռեժիմի պայմաններում, բոլոր ժողովուրդների «հավասարության» ու «եղբայրության» հանձնարարականի ներքո: Հայերն իրենք տեղի՞ք էին տալիս նման վերաբերմունքի, նրանց կենսակերպը ոտնահարու՞մ էր թաթարների իրավունքներն ու զրկում նրանց ազատ, ստեղծարար աշխատանքի հնարավորությունից: Դո՛ւք պատասխանեք:


Միայն խորհրդային ռեժիմն էր, որ, իր կենսունակ շրջանում, կովկասյան թաթարներին հետ էր պահում հայերի նկատմամբ բնազդային ատելության այնպիսի դրսևորումներից, ինչպիսիք էին նախախորհրդային Բաքվում ու այլ հայաշատ բնակավայրերում բազմիցս իրականացված ջարդերը, հայկական բնակավայրերի ավերումներն ու նրանց ունեցվածքի թալանը: Այդ ամենն անմիջապես կրկնվեց, հենց որ նկատելի դարձան խորհրդային երկրի հոգեվարքի առաջին նշանները: Բոլոր տեղերում, որտեղ հայը թույլ էր ու անպաշտպան: Կարելի՞ է կամ արդյո՞ք պետք է մոռանալ, մոռացության տալ, այս երևույթի վրա աչք փակել՝ մեր հետագա հարաբերությունները կառուցելու տեսլականի ներքո:
Այո՛, մենք միշտ գտնվելու ենք նրանց հավակնությունների ծիրում, քանի դեռ թույլ ենք ու անպաշտպան: Սա առաջին եզրակացությունն է, ինչը երբեք չպետք է մոռանալ, անտեսել, առավել ևս՝ արհամարհել:


Հակառակորդի տեսանկյունից մենք օկուպացրել ենք նրա պատմական տարածքի մի զգալի մասը, փախստական ենք դարձրել հարյուր հազարավոր մարդկանց՝ զրկելով նրանց «իրենց հայրենիքում», «իրենց նախնիների հողի վրա» իրենց կյանքը կառուցելու օրինական իրավունքից: Դա նշանակում է, որ բուն հայկական հողերը համարելով իրենցը, նրանք չեն ընդունում նաև այդ հողերի վրա առանց մեկ ուրիշի գերիշխանության ապրելու հայի իրավունքը: Դա նշանակում է, որ Արցախը (հարաբերությունների այս փուլում դեռևս միայն Արցախի տարածքն է շոշափվում) ներկայացվում է որպես «ադրբեջանցի ժողովրդի» կենսական տարածք, առանց այլ ժողովրդի հավակնության այդ տարածքների նկատմամբ՝ թե՛ անցյալում, թե՛ ներկայում: Որպես հետևանք որդեգրած մոտեցման՝ այն մշակութային ժառանգությունը, որը նրանք չեն հասցրել ոչնչացնել, իրենց ստեղծածն է, նույնը և պատմության, պատմական փաստերի ու իրադարձությունների պարագայում: Մեկ ադրբեջանցիները քրիստոնյաներ են և նախորդել են մեզ այս տարածքներում, ստեղծել են հզոր պատմամշակութային ժառանգություն, որը հետագայում յուրացրել են հայերը, մեկ՝ մի ուրիշ ցնդաբանություն: Այս ժանրի «պատմական իրողությունների» ներկայացումն ու դրանց տիրաժավորումը կարող են լինել անգամ իրար հակասող, այսօր՝ այսպես, վաղը՝ մի այլ կերպ, բայց դա ոչ մի կերպ չի անդրադառնում նրանց կողմից իրենց մոտեցումներին տրվող գնահատականներին, կասկածի ոչ մի նշույլ չի գցում ո՛չ այսօրվա, ո՛չ էլ երեկվա մեկնաբանության վրա: Դրանք «հավաստի» են հավասարաչափ, դրանք «հավաստի» են միշտ, և կարևոր չէ, թե որ մեկը այս պահին կմատնանշեն իրենք: Կարևորն այն է, որ դրանք բոլորը ժխտում են Արցախի պատկանելությունը հայերին: Շատ կարևոր հանգամանք է նաև այն, որ նրանք ոչ միայն շրջանառության մեջ են դնում տարբեր, մեկը մյուսից առավել ֆանտասմագորիկ թեզեր ու մեկնաբանություններ իրենց ժողովրդի ու իրենց հազարամյա պատմամշակութային ժառանգության, մարդկությանը ադրբեջանական ժողովրդի մատուցած ծառայությունների մասին, այլև ամենայն հետևողականությամբ տիրաժավորում են դրանք բազմաթիվ հոդվածներով ու գրքերով, սիմպոզիումներով ու շնորհանդեսներով՝ բոլոր մակարդակի ու տրամաչափի միջազգային ու տեղական կառույցներում ու հաստատություններում: Ոչ ոք չի կարող բռնել նրանց ձեռքը, որ այսօր չտպագրեն մի երկհատորյա «պատմություն», վաղը մեկ ուրիշ ցնորական հեքիաթ, և այսպես՝ յուրաքանչյուր օր: Ամենևին կարևոր չէ՝ դրանք միմյանց հետ ինչ-որ ներքին կապ ունե՞ն, թե՞ ոչ, ենթարկվու՞մ են պատմական հայտնի իրողությունների տրամաբանությանը, թե՞ ընդամենը անլուրջ երևակայության պտուղներ են, անհամ, խակ, թունավոր: Նրանց համար դրանք երկրորդական հարցեր են:


Իսկ այսօրվա աշխարհը գրեթե չի հետաքրքրվում իրական պատմությամբ: Մարդկությունը թաղված է իր օրվա խնդիրների մեջ և, դրանց լուծման ճանապարհներին մոլորված, ո՛չ ժամանակ, ո՛չ էլ հնարավորություն ունի խորանալու իր ազգի ու իր հարևանների պատմության, պատմական ունեցվածքի ճանաչման հարցերում, ո՜ւր մնաց՝ այլ ժողովուրդների, որոնց տեղն անգամ չգիտի քարտեզի վրա: Այս դեպքում անվրեպ է գործում ադրբեջանցիների մարտավարությունը: Մարդկանց, որոնք պատմությունը հասկանալու համար լրացուցիչ ջանք գործադրելու ցանկություն չունեն, հրամցնում են ներկան, որպես պատմության բաղադրատոմսով պատրաստված աղանդեր: Նրանց հետևողականությունն այս հարցում լուծում է ռազմավարական բնույթի հարցեր: Նրանք կարողանում են ՅՈՒՆԵՍԿՕ-ում մեզ հետ վիճարկել դուդուկի, լավաշի, տոլմայի և այլ «բաների» պատկանելությունը: Ըստ տրամաբանության, դա պիտի հնարավոր չլիներ, բայց դա իրողություն է, և այն, ինչ մեզ հաջողվում է փախցնել նրանց ձեռքից, համարվում է հաջողություն:


Այժմ կարո՞ղ ենք պատկերացնել, որ մի օր Ադրբեջանը կհրաժարվի իր հավակնություններից, կընդունի, որ հայկական տարածքների վրա իր վերահսկողության ողջ շրջանում հետևողականորեն ոչնչացրել է այդ տարածքների պատկանելությունը հաստատող պատմական ու մշակութային բոլոր նշանները: Կհաստատի կամ գոնե չի ժխտի, որ Արցախը, որպես պատմական տարածք, երբեք չի եղել Ադրբեջանի մաս: Կհամաձայնի, որ հայերը բնիկ էթնոս են այդ հողերի վրա, որ իրենք պատմականորեն վերջերս են հայտնվել այնտեղ և անվանվել կովկասյան թաթարներ: Կհամաձայնի՞ արդյոք Ադրբեջանը, որ ադրբեջանական ազգ գոյություն չի ունեցել, որ այն, ինչպես և Ադրբեջան պետությունը, խորհրդային իշխանությունների հիվանդ երևակայության արդյունք են: Կարո՞ղ ենք պատկերացնել իրադարձությունների այսպիսի ընթացք:


Եթե կա մի դեպք, այսպես ասած «հայ-ադրբեջանական» համատեղ գոյակցության ընթացքում տեղի ունեցած, որը կրում է վերը թվարկված վիճակներից թեկուզ մեկի բնութագիրը, ապա ես հնարավոր կհամարեմ մնացածը: Եթե կա՛ այդպիսի մի դեպք: ՈՒրեմն ի՞նչ:
Այն, որ պետք է ճանաչել մեր հարևանին, ձևակերպել մեր պատկերացումները, մեր գիտելիքները նրա մասին և կախել այն մեր ականջից, որպեսզի երբեք չմոռանանք:
Մեր հարևանը եկել է ընդմիշտ մնալու մտադրությամբ: Նա ոչ միայն մտադիր չէ հաշտվելու այսօրվա իրողությունների հետ, այլև մոտակա ու հեռավոր ապագայի մասին իր պատկերացումներում այս տարածքները տեսնում է առանց հայի, իր ամբողջական ու լիակատար տնօրինության տակ: Այդ նպատակին հասնելու համար նա գործի է դնում բոլոր հնարավոր ու անհնար միջոցները՝ առանց տարբերություն դնելու դրանց հասնելու ճանապարհների մեջ, լինի դա խաբեություն, ստորություն, իրականության խեղաթյուրում, նենգափոխում, շանտաժ, խորամանկություն: Հնարավորության դեպքում՝ կոտորած, առանց խղճի նշույլի առկայության, առանց սեռի ու տարիքի տարբերակման, բնազդային մղումների բավարարում որպես: Ավեր, թալան: Հնարավորության դեպքում՝ դարանակալ կրակոց, դիվերսիա, խաղաղ բնակչության գնդակոծում, հողի վրա աշխատող մարդու ռմբահարում: Մեր ուժն ու խիզախությունը, մեր կամքը, հաստատակամությունն ու արժանապատվությունը ամենօրյա փորձության ենթարկելու ռազմավարություն: Հնարավորության դեպքում, եթե դրանցից մեկն ու մեկը փոքր-ինչ տեղի տա, պատերազմի սանձազերծում՝ մեզ իր անվերապահ տնօրինության, անբեկանելի իրավունքների ազդեցության տակ առնելու մտադրությամբ: Սա իրողություն է: Սրան ծուռ նայելու իրավունք մենք չունենք: Կարո՞ղ ենք չնկատելու տալ պետական քաղաքականության մակարդակի բարձրացված հայատյացությունը: Դրա դրսևորման ձևերը որքան անմարդկային, նույնքան էլ համոզիչ են, որ մենք գործ ունենք ոչ թե հարևանի հետ, որը հարգում է բարիդրացիությունն ու խաղաղ գոյակցության արժեքները, այլ գործ ունենք, ինչպես Թումանյանն է ասում, «բերանն արնոտ մի մարդակերի» հետ, որի ճամփան մինչև մարդը դեռ հեռու է:


Ի՞նչ եք կարծում, այս ուղին բռնած երկրի հետ մենք ի՞նչ կարող ենք քննարկել և ո՞ր ծիրում: Ոչինչ: Ոչինչ այն օրակարգով, որ նրանք կարող են առաջադրել: Օրակարգն առաջադրելու պարտականությունը մերն է: Մե՛նք պետք է առաջադրենք մեր հարաբերությունների օրակարգը, այն հարցերի շրջանակը, որոնք հրատապ են, որոնք կարո՛ղ են դառնալ հրատապ, որոնք կարո՛ղ ենք դարձնել հրատապ:
Նախ, որպեսզի կարողանանք պատկերացնել հնարավոր զարգացումները, անդրադառնանք լուսաբանման կարիք ունեցող մի քանի հարցերի.
-արդյո՞ք մենք ճիշտ ենք գնահատում հրադադարի պահպանման պայմանավորվածության խախտումների նշանակությունը,
-որո՞նք են մեր թույլ և ուժեղ կողմերը, և որոնք են հակառակորդի թույլ և ուժեղ կողմերը,
-արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման ի՞նչ հանգրվանում ենք այսօր, ի՞նչ ուղիներ են առաջարկվում, և ու՞ր են տանում դրանք,
-ինչպիսի՞ զարգացումներ են հնարավոր՝ որպես վիճակը փոխելու փորձ,
-ո՞րն է մեր գլխավոր անելիքը, և իրականացման ի՞նչ ճանապարհ է այն ենթադրում:
Մենք թերագնահատու՞մ ենք հրադադարի պահպանման պայմանավորվածության խախտումների (մեր դիրքերի հրետակոծություն, դիվերսիոն հարձակումներ) նշանակությունը: Հակառակորդը շատ լավ պատկերացնում է այդ մարտավարության նշանակությունը և այն լավագույնս ծառայեցնում է իր նպատակներին: Դրանք երկու երես ունեն. մեկով նա կառավարելի է պահում իր հասարակությանը՝ սնելով մարտական հաջողությունների և ազգային նպատակներին անշեղորեն հետամուտ լինելու հեռանկարով և պահպանում իշխանությունը: Մյուսով մշտական լարվածության մեջ է պահում մեր սահմանները պաշտպանող զինվորական կայազորներն ու բնակչությանը, անընդհատ զգացնելով, որ խաղաղության մեր ակնկալիքների բանալին Ադրբեջանի (և ոչ ուրիշ մեկի) ձեռքում է:


Այս մարտավարության արդյունքները տարօրինակորեն նպաստում են նաև մեր իշխանությունների վերարտադրման հնարավորությանը: Մեր հասարակությունը, կարծես, պատրաստ է ամեն ինչի՝ անօրինականության, գործազրկության, արտագաղթի, աղետալի տնտեսական վիճակի, միայն թե խաղաղություն լինի: Խաղաղություն, որի հետևանքները պակաս չեն պատերազմականից: Այս իրավիճակը մեր իշխանությունները ներկայացնում են որպես ձեռքբերում, ընդ որում՝ միայն իրենց հնարավորություններով պայմանավորված ձեռքբերում: Իրականում սա վատագույն արդյունքն է, որ կարելի է ունենալ հրադադարի խախտման հակառակորդի մարտավարությունից: Հարցը հետևյալն է. մեր իշխանությունները թերագնահատու՞մ են այս իրավիճակը, չտեսնելով դրանից բխող հնարավորությունները, թե՞ վարպետորեն այն ծառայեցնում են իրենց նպատակներին՝ ունենալ կառավարելի հասարակություն և ապահովել գործող իշխանության վերարտադրությունը: Այդ գործում նրանց իր ծառայությունն է մատուցում թույլ ընդդիմությունը, որը ոչ միայն չի կարողանում խորանալ հիմնախնդրի բովանդակության մեջ ու սեփական լուծումներն առաջարկել հասարակությանը, այլև որոշ դեպքերում այնպիսի «գաղափարներ» է առաջ քաշում, որոնք հասարակության մեջ միայն ամրապնդում են իշխանության հռետորաբանության անփոխարինելիության վարկածը:

(շարունակելի)


Վահրամ ԲԱՅԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 6423

Մեկնաբանություններ

檶钘漁铏/1653881157" rel="nofollow">Տեսակետ
Մեկնաբանություն
Դիտարկում
Սոցցանցային գրառումներ
Անդրադարձ
19.04.2024