Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Դանիել Երաժշտի կիսանդրու շնորհանդեսը

Դանիել Երաժշտի կիսանդրու շնորհանդեսը
15.09.2017 | 10:49

«Նարեկացի» արվեստի միության (ՆԱՄ) հանդիսասրահում տեղի ունեցավ «Երաժշտություն և պլաստիկա» խորագիրը կրող ցուցահանդես-համերգ։ Ներկայացված էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Շարական» անսամբլի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Դանիել Երաժշտի բրոնզաձույլ կիսանդրին, որը կերտել է երիտասարդ քանդակագործ Ռաֆայել Մանուկյանը։ Հանդիսությունը բացվեց հայր Աթանաս վարդապետի օրհնությամբ և ներկաների աղոթքով։ Վարդապետը տեղեկացրեց, որ դեռ 1990-ին Նորագավթի Սուրբ Գևորգ եկեղեցում ինքը վավերացրել է «Դանիել Երաժիշտ» պատվանունը, որը մաեստրոն (Գրիգոր Դանիելյանը) վերցրել էր որպես իր բեմական անուն, ի պատիվ 11-րդ դարի մեծ երգիչ, շարականագիր Դանիել Երաժշտի։ Ինչպես նշեց մաեստրոն, վերջինս հիշատակվում է նաև Գրիգոր Մագիստրոսի նամակներում, որպես «Դանիել Երգեցող», «Նոր Օրփեոս»։ Այս խոսքերից հետո, «Շարական» անսամբլի կոչական հնչյունների ներքո, ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը բացեց կիսանդրին։ Հնչեց մի հատված Բեթհովենի 5-րդ սիմֆոնիայի հաղթական ֆինալից, որը մաեստրոն փոխադրել էր իր անսամբլի համար։ ՆԱՄ-ի տնօրեն, ռեժիսոր Լևոն Իվանյանի ողջույնի խոսքից հետո ելույթ ունեցավ քանդակի հեղինակ Ռաֆայել Մանուկյանը։ Նա պատմեց իր մտահղացման, քանդակելու ընթացքի մասին, որն ուղեկցվում էր երաժշտությամբ։ Իսկ Դանիել Երաժիշտը ներկաներին (ինչպես նաև մեր զրույցում) տեղեկացրեց, որ երաժշտությունն օգնում էր հաղթահարելու «բնորդ» լինելու դժվարությունը։


Պարզվեց, որ երաժշտությունը մեծապես ոգեշնչել է և՛ քանդակի հեղինակին, և՛ «բնորդին»։
Մաեստրոն պատմեց հետևյալը. «Մեծն Բեթհովենին հարցրել էին «Ապասիոնատայի» և դաշնամուրային 17-րդ սոնատի բովանդակության մասին։ Կոմպոզիտորը պատասխանել էր. «Կարդացե՛ք Շեքսպիրի «Փոթորիկը»։ Եթե ինձ հարցնեին իմ կիսանդրու մասին, ես կասեի. «Լսե՛ք Բրամսի 4-րդ սիմֆոնիան, կարդացե՛ք Սոֆոկլեսի ողբերգությունները, որոնք Բրամսն ընթերցում էր այդ սիմֆոնիան կերտելիս»։ Պատահական չէ, որ այս կիսանդրին դիտելիս արվեստագետներից մեկն ասել է. «Եթե մի անծանոթ տեսնի այս քանդակը, կկռահի, որ դա երաժշտի կերպար է»։ Հիրավի, կիսանդրին նույն հաջողությամբ կարելի է անվանել պարզապես «Երաժիշտ» կամ «Բրամսի 4-րդ սիմֆոնիան»։ Ահա թե ինչու այս հանդիսությունն անվանել եմ «Երաժշտություն և պլաստիկա»։ Այո, արդարացված էր նաև «Ցուցահանդես-համերգ» ձևաչափը։ Մանավանդ, ինչպես նշեց մաեստրոն, «Շարական» անսամբլի ծրագիրը հիմնականում բաղկացած էր այն երկերից, որոնք հնչում էին քանդակելու ընթացքում։ Սրա նպատակն էր հանդիսասրահում փոքր-ինչ վերստեղծել քանդակագործի արվեստանոցում տիրող մթնոլորտը։


Համերգը սկսվեց Գրիգոր Նարեկացու «Հավուն, հավուն» տաղով։ Շնորհալի երգչուհի Յանա Մովսիսյանին նվագակցում էին Գոհար Դանիելյանը (ջութակ), միջազգային մրցույթների դափնեկիր Ֆելիքս Հարությունյանը (ջութակ) և Գրիգոր Հարությունյանը (կլառնետ)։ Հնչեցին նաև Կոմիտասի «Չինար ես», «Շողեր ջան» երգերը։


Ինչպես հաճախ, համերգը վարում էր Դանիել Երաժիշտը, որը տեղեկություններ էր հաղորդում կատարվող գործերի, հեղինակների, դարաշրջանի մասին, մեկնաբանում երկերի այլաբանությունը, խորհրդանիշները։ Այսպես, զուգահեռ անցկացրեց Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքի և Բախի արվեստի, մասնավորապես, ջութակի 2-րդ սոնատի միջև, որը հաջողությամբ կատարեց Ֆ. Հարությունյանը։ Նախքան կատարումը բանախոսը հիշեցրեց մեծանուն դիրիժոր Ջոն Էլիոթ Գարդիների ասույթը. «Որտեղ հնչում է Բախի երաժշտությունը, այնտեղ Աստված է»։ Համերգին հնչեց նաև ֆրանսիացի կոմպոզիտոր Ժան-Բատիստ Բեզարի (1567-1625 թթ.) շանսոնը` «Երկնային գանձարան» ժողովածուից (1601 թ.), Ֆիլիբեր Լավինիեի «Տամբուրին» (դափ) պիեսը, որը Դանիել Երաժիշտը մշակել էր «Շարականի» համար։ Այս գործին նա ավելացրել էր իր ավանդական դարձած դափը, որի զվարթ ղողանջներով էլ հանդիսությունն ավարտվեց։ Անսամբլի ներդաշնակությանը նպաստեց նաև այն, որ մասնակիցները միմյանց հետ կապված են ոչ միայն երաժշտության միավորող ուժով, այլև ազգակցական կապերով։ Յանան և դաշնակահարուհի Թամարան քույրեր են, իսկ Ֆելիքսի և Գրիգորի մայրը` Գոհար Դանիելյանը, Դանիել Երաժշտի դուստրն է։


Բարձր գնահատելով Դանիել Երաժշտի արվեստը և արդյունավետ համագործակցությունը, միության հիմնադիր-նախագահ Նարեկ Հարությունյանը մաեստրոյին հանձնեց «Նարեկացի» մշակութային այդ օջախի բարձր պարգևը, այն է` մանրակերտ խաչքարը, և շնորհեց «Հայ մշակույթի դեսպան» պատվավոր կոչումը։ Իսկ քանդակի հեղինակ Ռաֆայել Մանուկյանին նվիրեց միության խորհրդանիշ ավանդական «Նուռը»։
Հիշյալ հանդիսությունը «Նարեկացի» արվեստի միության կազմակերպած լավագույն միջոցառումներից է և երկար կմնա ներկաների հիշողության մեջ։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2605

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ