Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ընթերցողը հավատում է իմ գրին, իսկ դա ամենամեծ վայելքն է, որ կարող է պատճառել ստեղծագործական աշխատանքը»

«Ընթերցողը հավատում է իմ գրին, իսկ դա ամենամեծ վայելքն  է, որ կարող է պատճառել ստեղծագործական աշխատանքը»
15.09.2017 | 10:54

«Իրատեսի» հյուրը բանաստեղծ, թարգմանիչ ԳԱԳԻԿ ԴԱՎԹՅԱՆՆ է: Այս տարի նա հոբելյար է. լրացել է ծննդյան 70-ամյակը: Մաղթում ենք ստեղծագործ արևշատություն և լիահույս սպասում նոր գրքերի:

«ԱՅՍ ՀՈԲԵԼՅԱՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԵՂԱՎ ԿԱՆԳ ԱՌՆԵԼՈՒ, ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԻՍ ՀԱՅԱՑՔ
ՆԵՏԵԼՈՒ, ԱՐԱԾ-ԴՐԱԾՍ Ի ՄԻ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՆԳՐՎԱՆ»


-Պարոն Դավթյան, հոբելյանն ու հոբելյանական հանդիսություններն ի՞նչ են Ձեզ համար՝ շունչ քաշելու, վաստակը վայելելու՞, թե՞ նոր ծրագրեր հղանալու հանգրվան:
-Այս հոբելյանն ինձ համար եղավ կանգ առնելու, անցած ճանապարհիս հայացք նետելու, արած-դրածս ի մի բերելու հանգրվան, և կարծես դա հաջողվեց ինձ: Ստվար մի հատորով կարողացա հրատարակել ստեղծածիս հիմնական մասը, մի ուրիշ հատորով ամփոփեցի վրացական պոեզիայից իմ թարգմանությունները: Տպագրության պատրաստ է մի երրորդ ստվարածավալ ժողովածու, որում ներկայացված կլինեն համաշխարհային պոեզիայի դասական և ժամանակակից ավելի քան 50 հեղինակների գործերի իմ վերարծարծումները: 1500 էջ ընդհանուր ծավալով այս գրքերի հրատարակությունը անհնար կլիներ առանց հովանավորների և աջակիցների, որոնց երախտապարտ եմ հատկապես այն բանի համար, որ չցանկացան իրենց անուններն այս առիթով հանրայնացնել: Եվ, իհարկե, եղան հոբելյանական հանդիսություններ մեզանում և Թբիլիսիում, որոնք իրենց ջերմ, աշխույժ ու անկեղծ մթնոլորտով հաճելի իրադարձություններ լինելով հանդերձ, եկան համոզելու, որ իմ ընթերցողը հավատում է իմ գրին, իսկ դա ամենամեծ վայելքն է, որ կարող է պատճառել ստեղծագործական աշխատանքը:
-Վերջերս մասնակցեցիք Չինաստանում անցկացվող «Մեծ ջրանցք» պոեզիայի 6-րդ միջազգային փառատոնին: Թեև համացանցային գրառումները վկայում էին Ձեր ապրած տպավորությունների ու ջերմ ընդունելության մասին, այդուհանդերձ մամուլի միջոցով այդ ամենը ներկայացնելու հնարավորությունը, ըստ իս, չի կարելի շրջանցել: Ի՞նչ տվեց ու վերցրեց Ձեզնից Չինաստանը:
-Չինաստանը, ամենից առաջ, վերականգնեց իմ մեջ վաղուց կորուսյալ զարմանալու զգացողությունը: Ես չէի կարող երևակայել, որ որևէ ազգ իր նպատակին հասնելու այնպիսի համառություն, հաստատակամություն ու հետևողականություն կարող է դրսևորել, ինչպես չինացին: Հապա փորձեք պատկերացնել, որ Չինական Մեծ ջրանցքը (ի դեպ՝ նավարկելի), որին նվիրված էր պոեզիայի փառատոնը, կառուցել են 20 դար շարունակ (մ.թ.ա. VI - մ.թ. XIII դդ.): Կառուցել են բահով ու քլունգով, դեպի արևելք հոսող 5 խոշոր գետերը նախքան ծովը թափվելը, կապելով միմյանց, այդպիսով մայրաքաղաք Պեկինը միացնելով 2000 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Հանչժոու քաղաքին և լուծելով երկրի զարգացման համար կենսական նշանակության բազում ու բազմապիսի խնդիրներ՝ դարերի համար: Իսկ պատկերացրեք, թե մտքի ինչպիսի պայծառություն պիտի ունենա մարդ արարածը՝ նախագծելու և կառուցելու համար ծովի վրայով, ջրային հայելուց 62 մետր բարձրությամբ անցնող 36-կիլոմետրանոց ավտոճանապարհ, որն ունի 33 մետր լայնություն և օրական 50 հազար մեքենա թողունակություն: Հրաշքների երկիր է Չինաստանը, մանրամասն ուսումնասիրելու և ընկալելու երկիր, մեղմ, բարի, հյուրասեր, զարմանալի աշխատասեր մարդկանցով, որոնցից շատ բան ունենք սովորելու մենք՝ «նոր հայերս»՝ օլիգարխ, թե գործազուրկ, ծեր, թե ծծկեր: Ես մեկնել էի միջազգային լայն ճանաչում ունեցող, ինձնից առաջ պոեզիայի և արվեստի եվրոպական «ՀՈՄԵՐ» մեդալի արժանացած բանաստեղծ Ջիդի Մաջիայի անձնական հրավերով, որը նաև Հանչժոուի փառատոնի պատվավոր նախագահն է: Հենց այդպես՝ առաջին հոմերակիրը ցանկացել էր հանդիպել երկրորդի հետ, և վերջ: Եվ ուրեմն, ըստ էության ճանաչողական այց էր դա, որ արդյունավորվեց փառատոնի մասնակից 10 բանաստեղծների գործերն ու կենսագրություններն ամփոփող անգլերեն-չինարեն անթոլոգիայում իմ ստեղծագործությունների ընդգրկմամբ: Թող անհամեստ չհնչի, եթե ասեմ, որ իմ բանաստեղծություններն սկսել են «աշխատել» Չինաստանում: Բանն այն է, որ ես արդեն իսկ նոր հրավեր ունեմ և հոկտեմբերի առաջին կեսին մասնակցելու եմ «Մետաքսի ճանապարհ» պոեզիայի միջազգային փառատոնին, հիմա էլ` Սիչան քաղաքում, որտեղ ոչ իմ «սիրուն աչքերն» են տեսել, որոնցից բան չի մնացել արդեն, ոչ իմ «աթլետիկ կառուցվածքին» են կարոտել, որ ես վաղուց եմ կորցրել։ Ոչ էլ հրավիրել են՝ տուրք տալով իմ պաշտոնեական դիրքին. 17 տարի է, ինչ ես չեմ աշխատում, եթե հիշենք, որ մեր երկրում գրողի գործը աշխատանք չի համարվում, մինչդեռ, օրինակ, Սերբիայում տարեց գրողի (նկարչի, դերասանի և այլն) համար սահմանված է 500 եվրո ազգային թոշակ: Ավելին. ապրող գրողը կարծես աչքի գրող է դարձել մեր երկրի մարմնավոր տերերի համար: Բանն այնտեղ է հասել, որ Նարեկի երկրում, Մատենադարանի երկրում, 500-ամյա գրատպության պատմությամբ հպարտացող երկրում, որի մայր ոստանը երեկ չէ մյուս օրը գրքի համաշխարհային մայրաքաղաք էր հռչակված, այսօր իսպառ վերացել է պետական աջակցությունը արդի գրականության հրատարակությանը: Ավելին, այս տարի չի կայանա «Գրական տապան» փառատոնը, որ բարեկամներ ձեռք բերելու և գրական արժեքների հանրահռչակման լավ ձևաչափ էր: Բայց սա այլ զրույցի թեմա է: Դե, իսկ Չինաստանի տալիքն ու վերցնելիքը հետո կերևա: Եվ ուրեմն, այդ հետոյի մասին էլ՝ հետո։


«ԵԹԵ ԹԱՐԳՄԱՆՎԱԾ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԻՑ ՔՐՏԻՆՔԻ ՀՈՏ Է ՓՉՈՒՄ՝ ԱՐՀԵՍՏԱՎՈՐԻ ԳՈՐԾ Է,
ՄԻ ԿԱՐԴԱՑԵՔ ՊԱՐԶԱՊԵՍ»
-Դուք թարգմանական գրականության մեջ մեծ վաստակ ունեք, այդ վաստակն արժևորվել է Մայր Աթոռ Սբ Էջմիածնի և ՀԳՄ «Կանթեղ» մրցանակով: Երբ լավ բանաստեղծության եք հանդիպում, ի՞նչ զգացողությամբ եք այն թարգմանում, չի՞ պատահում՝ ափսոսեք, որ այն Դուք չեք գրել:
-Հենց այդ ափսոսանքի զգացողությունն է մղում թարգմանելու: Իսկ ընդհանրապես, իմ ստեղծագործության անբաժանելի մասն է եղել թարգմանությունը: Ավելին, հանգամանքների բերումով ես ասպարեզ եմ եկել հենց թարգմանական գրքով, երբ դեռ պոլիտեխնիկի ուսանող էի: Թարգմանությունը բանալիներ ունի, որոնցից ամենակարևորն ինձ համար այն է, թե հեղինակն ինչպե՞ս կգրեր թարգմանվող գործը, եթե տիրապետեր իմ մայրենի լեզվին: Եթե կարողանում եմ գտնել այս հարցի պատասխանը, ուրեմն հաջողությունն ապահովված է: Եթե ոչ, դա իմ բանը չէ: Իհարկե, ոչինչ առանց քրտինքի չի տրվում: Բայց եթե թարգմանված բանաստեղծությունից քրտինքի հոտ է փչում՝ արհեստավորի գործ է, մի կարդացեք պարզապես:
-Իմ առաջին ծանոթությունը Ձեր պոեզիայի հետ սկսվել է 1987-ին լույս տեսած «Վերադարձ» ժողովածուից: «Վերադարձից» մինչև վերջին՝ «Որպես լույս ու խիղճ» գիրքն ընկած ճանապարհին ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել Գագիկ Դավթյան մարդն ու ստեղծագործողը:
-Գագիկ Դավթյան մարդը հոգով գրեթե նույնն է մնացել, այնպիսին, ինչպիսին եղել է իր մշուշոտ պատանության արշալույսին՝ ամեն ինչում ինքնուրույն, միշտ կամեցող ու գնահատող, պոռթկուն, հեշտ խռովող ու դժվար հաշտվող, ոգևորվող ու ոգևորող: Գագիկ Դավթյան գրողը տարիների հետ դարձել է առավել սակավախոս ու սակավագիր, ասել է թե՝ գրիչ է վերցնում այն ժամանակ, երբ չի կարող չվերցնել, ի հեճուկս նրանց, ովքեր ստեղծագործում են «Ոչ մի օր՝ առանց տողի» նշանաբանով: Իմ հավատո հանգանակն է. «Ավելի լավ է ոչինչ չգրել, քան գրել ոչինչ»:

«ՀԻՄԱՐԱՆԱԼՈՒ ԻՄ ԺԱՄԱՆԱԿԱՅԻՆ ՉԱՓԱԲԱԺԻՆԸ, ԻՄ «ԼԻՄԻՏԸ» ԳԵՐԱԶԱՆՑԵԼՈՒՑ Է, ՈՐ ԵՍ
ԻՄ ԱՉՔԻՑ ԸՆԿՆՈՒՄ ԵՄ»
-Այսպիսի տողեր ունեք.
«Երբ որ բարի ճանապարհ ես մաղթում
յուրաքանչյուր ապրածդ օրվան,
չմոռանաս հաշվել, թե այդ անցյալ օրը
քանի անգամ ընկար դու քո աչքից»:
Ո՞ր դեպքում եք ընկնում ինքներդ Ձեր աչքից:
-«Այն գիշեր» բանաստեղծությունից է, որ իմ առաջին գործերից մեկն է: Առայսօր իմ սիրելի բանաստեղծություններից է, գուցե նաև այն պատճառով, որ ուղիղ 47 տարի առաջ այն հավանել է նաև Պարույր Սևակը՝ «Գարունի» ընթերցողներին ուղղված իր խոսքում: Սա՝ ի միջի այլ բաների: Ինչ վերաբերում է Ձեր հարցին, ապա, ամեն Աստծու օր, ամեն հողածին հիմարանում է մի քանի րոպե, մեկը 5 րոպե, մեկը՝ 15, մեկն էլ՝ ո՞վ գիտի… Ահա հիմարանալու իմ ժամանակային չափաբաժինը, իմ «լիմիտը» գերազանցելուց է, որ ես իմ աչքից ընկնում եմ: Իսկ եթե ավելի կարճ՝ օրինակ, երբ ճչալու փոխարեն լռում եմ և լռելու փոխարեն՝ ճչում։

«ԲԱՆԱՍՏԵՂԾԻՆ ԱՆՀԱՐՄԱՐ ՎԻՃԱԿԻ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՂԱՆԱԿԸ ՆՐԱՆԻՑ ԻՐ ԳՐԱԾԻ
ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋԵԼՆ Է»
-Եվս մեկ հատվածի անդրադառնանք Ձեր պոեզիայից.
«...և քայլում ենք այսպես դարերն ի վեր-
նեղլիկ, նեղլիկ, նեղլիկ,
նեղլիկ արահետով մեր հույսերի,
մեր հայացքով շրջված դեպի անցյալ,
մեր ծոծրակով՝ դեպի մեր ապագան,
և քայլում ենք այսպես դեպի... սկիզբը մեր անապական,
դեպի այնտեղ, որտեղ Բանն էր ի սկզբանե...»։
Հայացքով դեպի անցյալ, ծոծրակով դեպի ապագա միտված երթը ի՞նչ հանգրվանի է ունակ հասցնելու, ի վերջո:
-Բանաստեղծության ուժը ուրիշ այլ բաղադրիչների հետ միասին, նրա բովանդակային բազմանշանակության, ընթերցողի մեջ հարցեր հարուցելու և դրանց միանշանակ պատասխանները բացառելու մեջ է նաև: Չեմ հիշում ով է ասել՝ բանաստեղծին անհարմար վիճակի մեջ դնելու լավագույն եղանակը նրանից իր գրածի բացատրությունը պահանջելն է: Իսկապես, ու՞ր ենք գնում, ի՞նչ հանգրվանի է ունակ հասցնելու ծոծրակով դեպի ապագա միտված երթը: Հարցի մեկնությունը գուցե թողնենք ընթերցողի՞ն, գուցե հարգե՞նք նրան և մտածելու հնարավորությու՞ն տանք: Ո՞վ է ասել, որ իմ ընթերցողն ավելի ցածր ինտելեկտ ունի, քան ես, որ հեղինակն եմ այս տողերի: ՈՒրեմն, ինչու՞ մեկնաբանեմ: Ես գրել եմ, իսկ նա ինչպես կուզի, թող այնպես էլ հասկանա:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3099

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ