Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պետական մարմինները կեղծ կամ առնվազն անհիմն տեղեկություններ են հայտնել, թե «Նաիրիտ-1»-ի հրդեհի ծուխն անվտանգ է

Պետական մարմինները կեղծ կամ առնվազն անհիմն տեղեկություններ են հայտնել, թե «Նաիրիտ-1»-ի  հրդեհի ծուխն անվտանգ է
15.09.2017 | 11:20

Դեռ ի սկզբանե, մինչև քրեական գործի հարուցումը պարզ էր, որ «Նաիրիտ-1» գործարանում ս. թ. օգոստոսի 28-ին տեղի ունեցած պայթյունն ու դրան հաջորդած հրդեհը հանցանքի հետևանք են (հանցավոր գործողության կամ հանցավոր անգործության, անփութության): Սա միանշանակ է` անկախ նրանից, թե քրեական գործը կոռուպցիայի պատճառով հետագայում կկարճվի՞, թե՞ կհասնի իր տրամաբանական ավարտին:
Սկզբից ևեթ պարզ և անվիճելի էր նաև, որ «Նաիրիտ-1» գործարանում պայթյունն ու հրդեհը, օրինակ, ո՛չ կայծակի պատճառով են առաջացել, ո՛չ երկրաշարժի պատճառով էթինոլ լաքի պահեստարանի կամ բաքի սեղմվելու, մի խոսքով, ֆորսմաժորային իրավիճակի մասին խոսք չի կարող լինել:

«ՆԱԻՐԻՏ-1» ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆՆ ՈՒ ՀՐԴԵՀԸ` ՀԱՆՑԱՆՔԻ ՀԵՏԵՎԱՆՔ


Գործողությամբ արտահայտված հանցանքի վերաբերյալ արդեն հրապարակայնորեն իր կարծիքն է արտահայտել Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը (Սլովակիա), ըստ որի, «Նաիրիտ-1» գործարանում կատարվածը հնարավոր է` միտումնավորության արտահայտություն է: Ըստ բազմաթիվ ԶԼՄ-ների հրապարակումների, միտումներից մեկը կարող է լինել «Նաիրիտը» վերագործարկելու նպատակով արտերկրից ներդրումներ կատարելու առաջիկա հնարավոր գործարքի կանխումը, խափանումը: Ինչպես հայտնի է, վերջերս արտերկրից խոշոր ներդրող էր հայտնվել, խոսքը «Եվրամիություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի մասին է, որը որոշակի հետաքրքրություն էր ցուցաբերում «Նաիրիտի» նկատմամբ: Օգոստոսի սկզբին հիշյալ հոլդինգի ներկայացուցիչները հանդիպել էին ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ, քննարկել «Նաիրիտում» ներդրումներ կատարելու, գործարանը վերագործարկելու հեռանկարը:
«Հանցակազմն ակնհայտ է,- Առաջին լրատվականի հետ հարցազրույցում ասել է Աշոտ Գրիգորյանը, իսկ քիչ հետո ավելացրել,- ես միայն հայտարարում եմ, որ կատարվածը հանցագործություն է»։
Եթե էթինոլ լաքի պահեստարանի պայթյունն ինչ-որ մեկի կամ ոմանց ձեռքի գործն է, ապա հնարավոր է, որ միտումը եղել է գործարանի կամ ընկերության բաժնետոմսերի մի մասի առքուվաճառքի խափանմամբ տվյալ գործարքից առաջ սպասվող ու «Նաիրիտում» առկա իրավիճակը պարզելու նպատակ ունեցող աուդիտի կանխումը, քանի որ այն կարող է ի հայտ բերել լուրջ հափշտակություններ կամ այլ չարաշահումներ, մեքենայություններ. մեզ հետ զրույցում այս կարծիքն արտահայտեց ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը:
Կա պայթյունի, հրդեհի դիտավորյալ կազմակերպված լինելու վերաբերյալ նաև մեկ այլ բացատրություն, սակայն այս մասին` հետագայում, երբ հայտնի կդառնան գործարանում էթինոլ լաքի պահպանման որոշ մանրամասներ:


Ինչ վերաբերում է իշխանական որոշ օղակների կողմից առաջ մղվող այն վարկածին, թե էթինոլ լաքն ինքնաբռնկման հատկություն ունի և շոգի, բարձր ջերմաստիճանի պարագայում կարող էր ինքնաբռնկվել, հանգեցնել պայթյունի, ապա նկատենք, որ օգոստոսի 28-ին Երևանում, պաշտոնական տեղեկության համաձայն, ջերմաստիճանը եղել է 34-36 աստիճան, մինչդեռ օգոստոսի առաջին տասնօրյակում մայրաքաղաքում ջերմաստիճանը, պաշտոնական տեղեկության համաձայն, ավելի բարձր էր: Օրինակ, օգոստոսի 7-ին Երևանի ցածրադիր գոտում («Նաիրիտ-1» գործարանը հենց այդ գոտում է գտնվում) ջերմաստիճանը հասել է 41,8 աստիճանի, իսկ հուլիսի 25-ին Արարատյան դաշտում նույնիսկ ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել` 42,6 աստիճան: Հետևաբար, եթե էթինոլ լաքի պահեստարանի պայթյունի պատճառը բարձր ջերմաստիճանն ու էթինոլ լաքի ինքնաբռնկման հատկությունն է եղել, ապա այն հուլիսի 25-ից մինչև օգոստոսի առաջին տասնօրյակի վերջ ինչու՞ չի ինքնաբռնկվել։


Ըստ «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, կենսաբանական գիտությունների թեկնածու Կարինե Դանիելյանի, ինքն ուսումնասիրել է գիտական գրականությունը և տեղեկացել, որ այդ տիպի լաքերը մեծ մասամբ 32 աստիճանից բարձր ջերմության դեպքում սկսում են ինքնաբռնկվել: Հետևաբար հնարավոր է, որ, ի տարբերություն հուլիսի 25-ից մինչև օգոստոսի առաջին տասնօրյակի վերջին ժամանակահատվածի, «Նաիրիտ-1» գործարանի պահեստարանում եղած էթինոլ լաքը օգոստոսի 28-ին ու դրա նախօրեին պարզապես չի հովացվել:


Այնուամենայնիվ, եթե ընդունենք, որ էթինոլ լաքի պահեստարանի պայթելու պատճառը բարձր ջերմաստիճանը և տվյալ նյութի ինքնաբռնկման հատկությունն են եղել, ապա դա բնավ չի հերքում այն, որ կատարվածը հանցավոր անգործության կամ անփութության հետևանք է: «Նաիրիտ-1»-ի ղեկավարությունը, շատ լավ իմանալով բարձր ջերմաստիճանի և էթինոլ լաքի ինքնաբռնկման հատկության մասին, պարտավոր էր ժամանակին հրշեջ մեքենաների միջոցով կամ այլ կերպ կազմակերպել էթինոլ լաք պարունակող պահեստարանների հովացումը, որպեսզի թույլ չտար ջերմաստիճանի այնքան բարձրացում, որ տեղի ունենար ինքնաբռնկում ու պայթյուն:
Անդրադառնալով տարիներ առաջ «Նաիրիտում» տեղի ունեցած պայթյունին ու հրդեհին, Աշոտ Գրիգորյանը հիշյալ հարցազրույցում ասել է. «Ես տեղյակ եմ, որ կաշառքով գործը փակվեց, այն ժամանակ Վահան Մելքոնյանն էր «Նաիրիտի» ղեկավարը, Տիգրան Սարգսյանի եղբայրն էր այնտեղ, ու այդպես կարողացան կոռուպցիայի միջոցով գործը փակել։ Հիմա էլ դրա արդյունքում անտերության պատճառով հրդեհ եղավ։ Իշխանությունների համար ամենաձեռնտու վարկածն այն է, որ պատահաբար է վառվել. լավ, ընդունենք՝ այդպես է, իսկ ինչու՞ եք անտերության մատնել այդ կարևորագույն օբյեկտը։ Համարյա նույն բանն է, որ ատոմակայանն անտերության մատնեք, ամբողջ ժողովուրդը կվարակվի, կմահանա։ «Նաիրիտը» նույն կարգի ռազմավարական օբյեկտ է, ինչպե՞ս կարելի է անտերության մատնել։ Հանցակազմն ակնհայտ է, հիմա նույնպես փակելու են աչքերը ու ոչ էլ հետաքննելու են՝ արդյոք հատու՞կ արվեց, որ հոլդինգին վախեցնեն, որ մենք ձեռք քաշենք վերագործարկելու մեր ցանկությունից»։


Այստեղ մի ճշտում կատարենք. տվյալ քրեական գործը չի փակվել, այլ խնդիր է, որ հիմնական մեղավորներն այն ժամանակ ՀՀ գլխավոր դատախազության կողմից պաշտոնապես չեն բացահայտվել ու քրեական պատասխանատվության չեն կանչվել: Կաշառքո՞վ է դա արվել, թե՞ ոչ, չգիտենք, բայց կասկած չունենք, որ դա արվել է կոռուպցիայի միջոցով կամ կոռուպցիայի արդյունքում: Այնպես որ, այս առումով միանգամայն հիմնավոր է Աշոտ Գրիգորյանի մտահոգությունը, որ իրավապահները (տվյալ պարագայում՝ ՀՀ քննչական կոմիտեն) այս դեպքում ևս փակելու են իրենց աչքերը, մենք էլ ենք մտահոգ, որ այս դեպքում ևս հիմնական մեղավորները ջրի երես չեն հանվելու:
Զուտ բարեբախտություն է, որ «Նաիրիտ-1»-ում օգոստոսի 28-ին տեղի ունեցած պայթյունի ու հրդեհի պատճառով զոհ, վիրավոր չունեցանք, որևէ մեկն այրվածքներ չստացավ, ինչն անխուսափելի կլիներ, եթե պայթյունի ու նրան հաջորդած հրդեհի պահին հիշյալ քիմիական նյութի պահեստարանի մոտ մարդ լիներ: Եվ զուտ հրշեջների անձնվեր կամ նույնիսկ անձնազոհ աշխատանքի շնորհիվ է, որ հրդեհն ավելի մեծ տարածում և աղետալի հետևանքներ չունեցավ:

ԱԻՆ-Ը ՉՈՒՆԵՐ ՈՐԵՎԷ ՀԻՄՔ` ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ, ՈՐ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՎՏԱՆԳ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ»


Հրդեհի խոշոր լինելու մասին են խոսում թեկուզ այն փաստերը, որ ահազանգը ստանալուց հետո հրդեհի բարդության թիվ 3 կանչով դեպքի վայր է մեկնել ինը մարտական հաշվարկ, հետագայում ներգրավվել են լրացուցիչ ուժեր, իսկ ժամը 13-ի կողմ բռնկված հրդեհի գորշ ու թանձր ծուխը, որն ավելի քան 20 կիլոմետրից էլ տեսանելի էր, «Նաիրիտի» տարածքից մինչև երեկո դեռ բարձրանում էր: Ավելին` քիմիական նյութերի այրումից առաջացած տհաճ և մարդկանց առողջության համար, ամենայն հավանականությամբ, վնասակար ծուխը զգալի էր նույնիսկ մոտ 15 կիլոմետրից (Հարավ-արևմտյան թաղամասից, նույնիսկ Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններից և մայրաքաղաքի այլ վայրերից), էլ չենք ասում, թե այն ինչ չափով էր զգալի Էրեբունի համայնքում:
Մասնագետները, ելնելով «Նաիրիտ»-1» գործարանի տարածքում այրվող քիմիական նյութի քանակից և քիմիական հատկություններից, նույնիսկ նշում էին, որ հրդեհի մարումը տևական ժամանակ է պահանջելու, ինչպես նրանց կարծիքը գործարանի տարածքից հանրությանը փոխանցեց ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, դեռ 1-2 օր կամ մի քանի օր պահանջվելու է, որ հրշեջներին հաջողվի հրդեհը հանգցնել: Այնուամենայնիվ, հրշեջներին կամ, ինչպես այժմ կոչում են նրանց, փրկարար ծառայողներին, հաջողվեց ոչ միայն կանխել կրակի հետագա տարածումը, այլև հրդեհն ավելի վաղ հանգցնել:


ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) կայքում օգոստոսի 28-ին, ժամը 18:57-ին հրապարակված պաշտոնական տեղեկության համաձայն` «Նախնական տվյալներով հրդեհի վայրում այրվում է էթինոլ (լաք) նյութը. դեպքի վայրից հաղորդում են, որ բնակչությանը վտանգ չի սպառնում»: Լավ է` չհայտարարեցին, թե կարելի է նարգիլեի մի երկար խողովակ ճարել ու քաշել հրդեհից առաջացող գորշ ծուխը:
Թե ո՞վ, ովքե՞ր կամ պետական ո՞ր մարմինն է դեպքի վայրից հաղորդում, որ «բնակչությանը վտանգ չի սպառնում», ԱԻՆ-ի տեղեկության մեջ նշված չէ, հղումն անանուն աղբյուրի վրա է, սակայն այս խայտառակ տեղեկությունը մեկ անգամ ևս վկայում է, որ երկրում իրենց համար հաստատված անպատժելիության, անպատասխանատվության մթնոլորտում ՀՀ նախարարություններն ու գերատեսչությունները, չնչին բացառությամբ, գնալով ավելի խայտառակ գործելակերպ են դրսևորում ու հանդես գալիս անհեթեթ, անպատասխանատու և նույնիսկ հանցավոր հայտարարություններով:


Հասկանալի է ԱԻՆ-ի նպատակը` վերոնշյալ տեղեկության հրապարակմամբ կանխել բնակչության շրջանում խուճապի առաջացումը, սակայն հակառակ ծայրահեղության տուրք տալ էլ չի կարելի, դա երբեք չի կարելի անել հիմնազուրկ, իրականությանը չհամապատասխանող կամ կեղծ տեղեկության հրապարակմամբ:
Հիմա փաստարկենք, թե ԱԻՆ-ն ինչու իրավունք չուներ հայտարարելու, թե «բնակչությանը վտանգ չի սպառնում»:
Նախ, ինչպես ավելի վաղ նկատել էր այս խնդրի վերաբերյալ արտահայտված հեղինակներից մեկը, նույնիսկ խորովածի ծուխն անվտանգ չէ, մոտ 200 խմ և ավելի քան 200 տոննա (էթինոլ լաքը ջրից ծանր է) քիմիական նյութի այրումից ինչպե՞ս կարող էին վտանգավոր արտանետումներ չլինել:
Հիշյալ հրդեհից առաջացած ծուխը չէր կարող թունավոր չլինել, ահա թե այդ կապակցությամբ ինչ է ասել քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Առնոս Հովհաննիսյանը. «Ցանկացած հրդեհից մուր է առաջանում ու լցվում մարդկանց թոքերը և մնում է այնտեղ հավիտյան: Տվյալ դեպքում այդ մուրը, այսինքն` այն սև ծուխը, որ կախվել էր մարդկանց վրա, պարունակում էր ամենատարբեր ազդեցություն թողնող հայտնի և անհայտ թունավոր նյութեր, որոնք ամեն մարդու վրա տարբեր ժամանակահատվածում տարբեր ձևերով են ազդելու: Եթե այսքան բանը առողջապահության փոխնախարարը չգիտի, նրան պետք է անմիջապես հեռացնել աշխատանքից, իսկ եթե գիտի ու ասում է, որ վտանգ չկա, ապա նա հանցագործ է…»:


Երկրորդ. բացի վերը նշվածից, քիմիկոսներին հայտնի է նաև, որ այրմանը զուգընթաց թերայրման պատճառով առաջանում է շմոլ գազ, որը խիստ թունավոր է:
Երրորդ. եթե նույնիսկ համարենք, որ էթինոլ լաքի այրումից առաջացած ծուխը թունավոր կամ վտանգավոր չէ, ԱԻՆ-ը այս հրապարակումից առաջ ունե՞ր հավաստի տեղեկություն առ այն, որ այրվող քիմիական նյութը միայն էթինոլ լաքն է: Հենց ԱԻՆ-ի այդ նույն հրապարակումից ակնհայտ է, որ նախարարությունը սկզբում չի ունեցել այդպիսի հավաստի տեղեկություն, քանի որ ԱԻՆ-ի պաշտոնական տեղեկության մեջ նշված է. «Նախնական տվյալներով հրդեհի վայրում այրվում է էթինոլ (լաք) նյութը…»:


Նույն տեղեկության վերջում իրականությանն անտեղյակ կամ այն թաքցնելով ու կիսաճշմարտությունը ներկայացնելով, ԱԻՆ-ը հանրությանը հայտնել է. «Պարզվել է, որ «Նաիրիտ 1»-ի տարածքում՝ 4 երկաթբետոնյա տարայում (յուրաքանչյուրը՝ մոտ 100 խմ) այրվում է էթինոլ (լաք) տեսակի քիմիական նյութ՝ ընդհանուր մոտ 200 խմ: Հրդեհաշիջմանը մասնակցում է 109 փրկարար ծառայող»:
Իրականում էթինոլ լաքից բացի այրվել են նաև այլ նյութեր կամ նյութ, ինչի վկայությունը տեսնում ենք ԱԻՆ-ի կայքում նախորդ լրատվությունից 1 օր հետո (29.08.2017թ., ժամը 17:20-ին) հրապարակված պաշտոնական լուրի մեջ. «Հրդեհի հետևանքով այրվել են պահեստարաններում պահեստավորված նյութերը»… ՈՒշադրություն դարձրեք, որ «նյութ» բառը հոգնակի թվով է գործածված: Այդ նյութերի այրումից առաջացած ծու՞խն էլ էր անվտանգ… Փաստն այն է, որ ԱԻՆ-ը չի ունեցել և չունի այլ նյութի կամ նյութերի այրման արգասիքների անվտանգ լինելու վերաբերյալ որևէ եզրակացություն:
Չորրորդ. մթնոլորտում ի՞նչ նյութերի պարունակությունն է ուսումնասիրվել «Նաիրիտ-1» գործարանում բռնկված հրդեհի պարագայում: Ի պատասխան մեր այս հարցի, «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում վերջերս հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության պետ Գագիկ Մանուչարյանն ասաց. «Ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի, գետնամերձ օզոնի, մեկ էլ` փոշու»:


«Դա բավարար չէ, որ բնակչությանը հայտարարեին, թե անվտանգ է, անվնաս է, մարդիկ էլ, երեխաների հետ, դուրս գային փողոց»,- ասաց Կարինե Դանիելյանը:
Մենք, անշուշտ, լիովին համամիտ ենք տիկին Դանիելյանի հետ, քանի որ հիշյալ հրդեհի արդյունքում կարող էին առաջանալ մարդու առողջության համար վտանգավոր ու վնասակար, նույնիսկ կյանքի համար վտանգավոր քիմիական մի շարք նյութեր` ինչպես անօրգանական, այնպես էլ օրգանական, որոնց պարունակությունը մթնոլորտում «Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը կամ որևէ այլ կազմակերպություն չի ստուգել:
Ըստ պարոն Մանուչարյանի, ստուգել ու ստուգում են այն, ինչի հնարավորությունն ունեն: Վերջինիս տեղեկացմամբ, ոչ օրգանական նյութերից պետք է ստուգվեին նաև մրի և նման այլ նյութերի պարունակություններն ու բաղադրությունները, սակայն դրա հնարավորությունն էլ չեն ունեցել: Կարծում ենք, պետք է ստուգվեին նաև քաղցկեղածին ու մարդու առողջության համար խիստ վտանգավոր դիօքսինի և մի շարք այլ նյութերի պարունակությունները մթնոլորտում, ինչը նույնպես չի արվել:


«Մենք օրգանական միացությունները չենք ստուգում, որովհետև գազագեներատորային լաբորատորիայի հնարավորություն չունենք ուղղակի, համապատասխան գազաանալիզատորներ չունենք,- ասաց ՀՀ բնապահպանության նախարարության հիշյալ վարչության պետը:- Կարծում ենք, որ պետք է ամբողջությամբ կատարվեն նմուշառումները և այդ ուսումնասիրությունները, բայց մենք կատարում ենք այն, ինչ մեր հնարավորության սահմաններում է, ինչ մենք ունենք, դրանով էլ կատարում ենք: Շատ ճիշտ կլիներ, որ որոշվեր, բայց, ցավոք, չունենք»:
Իսկ բնապահպանության նախարարության նշված ՊՈԱԿ-ն ինչու՞ մինչև այժմ ձեռք չի բերել այդ անհրաժեշտ սարքավորումները, չէ՞ որ ՀՀ անկախության հռչակումից անցել է ավելի քան 25 տարի, ՀՀ բնապահպանության նախարարությունը թանկարժեք ավտոմեքենաներ և եթե չասենք անիմաստ, ապա նվազ կարևոր այլ գույք ձեռք բերելու փոխարեն ինչու՞ չի հոգացել անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման մասին… Այս հարցն առայժմ անպատասխան է մնում:


«Այն նյութերը, որոնց մասին պարոն Մանուչարյանը նշեց, այն նյութերն են, որոնց պարունակությունը մթնոլորտում ստուգելու հնարավորություն նախարարությունն ունի, նախարարության հնարավորությունը դա է, բայց այնտեղ հնարավոր է, որ նաև այլ նյութեր են առաջացել, հրդեհվածը թափոնների պահեստ է և, ըստ այդմ, կարող էին շատ ավելի լայն տիրույթի նյութեր առաջանալ,- ասաց Կարինե Դանիելյանը:- Կարծում եմ` ճիշտ կլիներ նաև ակադեմիական ինստիտուտների, համալսարանների լաբորատորիաներից հրավիրել մասնագետների, նրանց լաբորատոր կարողություններն օգտագործել, որպեսզի շատ ավելի լայն տիրույթով կատարվեին ուսումնասիրությունները»:
Վերը նշվածի պարագայում ԱԻՆ-ի այն հայտարարությունը, թե «բնակչությանը վտանգ չի սպառնում», ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության այն հայտարարությունը, թե ««Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհի պատճառով այրվող նյութն առողջության համար վտանգ չի ներկայացնում», եթե ոչ իրավական, ապա բարոյական տեսանկյունից հանցագործություն է ՀՀ բնակչության, մասնավորապես՝ երևանցիների նկատմամբ:

«ՆԱԻՐԻՏԻ» ՀՐԴԵՀԻ ԽԱՅՏԱՌԱԿ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ


«Սեփական երկրի քաղաքացիների հանդեպ ավելի անտարբեր ու անպատասխանատու վերաբերմունք հնարավոր չէ պատկերացնել,- «Որքա՞ն եք գաղտնի պահելու, որ «Նաիրիտի» ծխից քաղաքացիներ են թունավորվել» վերտառությամբ իր ֆեյսբուքյան գրառման մեջ գրել է Լիլիթ Վանեցյանը:- Մի քանի օր առաջ էր «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունը, երբ մեր ԱԻՆ-ի և առողջապահության նախարարության շատ գրագետ աշխատակիցները մեկը մյուսին հերթ չտալով հայտարարեցին, որ ծուխն ԱՆՎՏԱՆԳ է և քաղաքացիներին վտանգ չի սպառնում:
Եվ ահա ԱՆՎՏԱՆԳ ծխից ընդամենը 2-3 օր անց «Նաիրիտին» մոտ գտնվող բնակելի տարածքների բնակիչները թունավորված են: Նշաններն են՝ ջերմություն, թուլություն, ցածր զարկերակային ճնշում ու սրտխառնոց:
Շտապօգնություն ենք կանչում, գալիս են, չգիտեն` ի՞նչ անեն, ի՞նչ հիվանդության նշաններ են, չափում են սրտի աշխատանքը, ճնշումը ու բոլորին նույն նշանակումն են անում՝ ռեգիդրոլ:
Իսկ ռեգիդրոլը, եթե գիտեք, նշանակում են ՏՈՔՍԻԿՈԻՆՖԵԿՑԻԱՆԵՐԻ ժամանակ, որպեսզի ջրազրկում չառաջանա: Այսինքն` բժիշկներն արդեն գիտեն, որ այդ տարածքում մարդկանց մոտ համատարած թունավորում է:


Մեր տուն եկած բժիշկն ասաց, որ այս տարածքում վերջին երկու օրերի ընթացքում կրկնակի ավելացել են շտապօգնության կանչերը, ու բոլորը նույն նշաններով:
Դե հիմա, հարգելի պատասխանատու մարմիններ, ասեք տեսնենք` այդ անվտանգ ծխից ինչպե՞ս այսպես եղավ, թե՞ այնքան համարձակություն չունեք, որ խոստովանեք ձեր սխալը: Գոնե հիմա հայտարարությամբ հանդես եկեք, որ մարդիկ չվախենան, իմանան ինչ անեն»:
ՀՀ բնապահպանության նախարարության կայքում օգոստոսի 29-ին «2017-ի օգոստոսի 28-29-ն ընկած ժամանակահատվածում Շենգավիթ, Էրեբունի համայնքներում մթնոլորտային օդի որակը» վերտառությամբ հրապարակված պաշտոնական տեղեկության համաձայն, «Տարածքի մերձակայքում տեղադրված 6 պասիվ նմուշառիչների տվյալների համաձայն ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան 4 դիտակետում գերազանցել է ՍԹԿ-ն 1,2-1,7 անգամ» (նմուշառումը կատարվել է օգոստոսի 28-ի ժամը 15:00-ից մինչև օգոստոսի 29-ի ժամը 10:00-ը): Մեզնից թերևս բոլորն էլ գիտեն, թե այսպիսի դեպքերում պաշտոնական տեղեկությունն իրենից ինչ է ներկայացնում։


Նույն նախարարության կայքում նույն օրը ««Նաիրիտ» գործարանի հարակից տարածքների օդի մոնիտորինգի արդյունքում արձանագրված գերազանցումները մարդու առողջության համար անմիջական վտանգ չեն ներկայացնում» վերտառությամբ տեղեկության համաձայն, «ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից 2017 թ. օգոստոսի 28-ի ժամը 14:30-15:00-ի սահմաններում «Նաիրիտ» գործարանի հարակից տարածքներում իրականացվել են մթնոլորտային օդի աղտոտվածության նմուշառումներ: Մթնոլորտային օդում ակտիվ նմուշառմամբ որոշված գետնամերձ օզոնի և ազոտի երկօքսիդի պարունակությունները դիտվել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների (ՍԹԿ) տիրույթներում, ծծմբի երկօքսիդը գերազանցել է ՍԹԿ-ն 1,6, ընդհանուր փոշին՝ 3,6 անգամ: Տարածքի մերձակայքում տեղադրված 6 պասիվ նմուշառիչների տվյալների համաձայն ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան 5 դիտակետում գերազանցել է ՍԹԿ-ն 1,1-4,8 անգամ: Բոլոր 6 դիտակետերում ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է ՍԹԿ-ն 2,1-6,0 անգամ»:
Այս տեղեկության հեղինակները ՀՀ բնապահպանության և առողջապահության նախարարություններն են: Այն պարագայում, երբ օդում առկա են եղել, ի դեպ, ոչ թե ՍԹԿ-ից (սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից), այլ ՍԹԽ-ից (սահմանային թույլատրելի խտությունից) վերոնշյալ գերազանցումները (1 խմ օդում ազոտի երկօքսիդի ՍԹԽ-ն 0,04 մգ է, ծծմբի երկօքսիդինը` 0,05 մգ), նշված նախարարություններն ինչու՞ են հայտարարել, թե «Նաիրիտ» գործարանի հարակից տարածքների օդի մոնիտորինգի արդյունքում արձանագրված գերազանցումները մարդու առողջության համար անմիջական վտանգ չեն ներկայացնում»: Այս կապակցությամբ հիշյալ նախարարությունների պատճառաբանությունը գտնում ենք հենց նույն տեղեկության մեջ. «ՀՀ կառավարության 2008 թ. հոկտեմբերի 16-ի N1186 որոշման համաձայն վտանգավոր է համարվում մթնոլորտի աղտոտվածության այն մակարդակը, որի դեպքում ՍԹԿ-ն երկու օրից ավելի գերազանցում է 20-29 անգամ, 8 ժամից ավելի՝ 30-49 անգամ կամ 2 ժամից պակաս՝ 50 անգամ և ավելի, այսինքն, արձանագրված կոնցենտրացիաները բազմակի ցածր են, քան վտանգավորության նվազագույն շեմը: Հետևաբար, արձանագրված գերազանցումները մարդու առողջության համար անմիջական վտանգ չեն ներկայացնում»:


Վերոնշյալ նախարարություններն այսպիսով տվյալ իրավիճակի հետ կապ չունեցող որոշումն արհեստականորեն կապել են հիշյալ հրդեհի ժամանակ կատարված նմուշառման արդյունքների հետ, հասարակությանը մատուցել իրենց այն անհիմն եզրակացությունը, թե «արձանագրված գերազանցումները մարդու առողջության համար անմիջական վտանգ չեն ներկայացնում»: Նախ, այս կամ այն քիմիական նյութի սահմանային թույլատրելի խտությունները հենց այնպես չեն որոշված, դրանք սահմանային են կոչված, որովհետև դրանց գերազանցումները վտանգավոր են մարդու առողջության համար և անթույլատրելի են:
Երկրորդ. ՀՀ կառավարության 16.10.2008 թ. թիվ 1186-Ն որոշումը բնավ այն մասին չէ, թե ՍԹԽ-ին ազոտի և ծծմբի երկօքսիդների գերազանցումները մարդու առողջության համար անմիջական վտանգ չեն ներկայացնում, և վտանգավոր է համարվում մթնոլորտի աղտոտվածության այն մակարդակը, որի դեպքում ՍԹԽ-ն երկու օրից ավելի գերազանցում է 20-29 անգամ, 8 ժամից ավելի՝ 30-49 անգամ կամ 2 ժամից պակաս՝ 50 անգամ և ավելի: Կառավարության հիշյալ որոշումը պարզապես մթնոլորտի գերնորմատիվային աղտոտվածության, կլիմայի փոփոխության և օզոնային շերտի վիճակի հետ կապված վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների կանխատեսման, ազդարարման և արձագանքման կարգը հաստատելու մասին է:


«Այս թվերն ինձ խիստ անհանգստացնում են, որովհետև դրանք ընկալվում են` դե ոչինչ, վտանգ չկա, վնաս չկա,- ասաց Կարինե Դանիելյանը:- Ես շատ զարմացած եմ, որ առողջապահության նախարարությունը միայն երեկոյան հայտարարեց, որ լավ կլինի մարդիկ փողոցից դուրս գան, լուսամուտները փակեն, դռները փակեն… Ինձ թվում է, դա միանգամից պետք էր անել: Եթե այնտեղ մանկապարտեզ կա, երեխաներին պետք էր հանել, տեղափոխել: Ճիշտ կլինի, որ եթե նույնիսկ այդքան վտանգավոր չլինի, բայց մենք շատ ավելի զգույշ վերաբերվենք բնակչության առողջությանը»:
Ավելին. «Նաիրիտ» գործարանի հարակից տարածքների օդի մոնիտորինգի արդյունքում արձանագրված գերազանցումները մարդու առողջության համար անմիջական վտանգ չեն ներկայացնում» վերտառությամբ տեղեկությամբ ՀՀ բնապահպանության և առողջապահության նախարարությունները, փաստորեն, մոլորության մեջ են գցել հանրությանը՝ նրանց մեջ այն տպավորությունը ստեղծելով, թե վտանգ չկա, քանի որ չեն տեղեկացրել, որ տվյալ մոնիտորինգն իրականացվել է մթնոլորտում բազմաթիվ հնարավոր նյութերից ընդամենը ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի, գետնամերձ օզոնի և փոշու պարունակությունները ստուգելու համար, իսկ մնացածների մասով իրավիճակը մնում է անհայտ:


ՀՀ առողջապահության նախարարության կայքում «Նաիրիտ-1»-ում բռնկված հրդեհի առնչությամբ օգոստոսի 28-ին հրապարակված «Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվող նյութն առողջության համար վտանգ չի ներկայացնում» վերտառությամբ պաշտոնական տեղեկությունը նույնպես իրականությանը չհամապատասխանող, հիմնազուրկ կամ կեղծ է: Նշված տեղեկությամբ նախարարությունը, ինչպես ասում են նման դեպքերում, մեկ նալին խփեց, մեկ՝ մեխին: Նախարարությունը` մի կողմից վկայակոչելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի տվյալները, հայտարարեց, թե այրվող էթինոլ նյութը բնակչության առողջության համար վտանգ չի ներկայացնում, մյուս կողմից, ամենայն հավանականությամբ, իրեն ապահովագրելու համար հորդորեց բնակչությանը. «Հրդեհին մոտ գտնվող և այն տարածքներում, որտեղ զգալի են դրա հետևանքով առաջացած արգասիքները (փոշի, անսովոր հոտ, ծուխ), փակել բնակարանների դռները և պատուհանները։


Նույն տարածքներում խուսափել երկար ժամանակ դրսում մնալուց։ Այս հորդորն առաջին հերթին վերաբերում է երեխաներին, ծերերին և շնչառական հիվանդություններ (հատկապես` ասթմա, բրոնխիտ) ունեցողներին»։
Ավելին. փորձելով բնակչությանը հանգստացնել, այդ նպատակով իր հաղորդագրության մեջ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի տվյալները վկայակոչելով ու հայտնելով, որ «ժամը 17-ից հետո սպասվում է քամի հյուսիս-արևելքից դեպի հարավ-արևմուտք», ՀՀ առողջապահության նախարարությունը դրանից անմիջապես հետո հավելեց՝ «ինչը նշանակում է, որ ծուխն Արարատյան դաշտավայրով կգնա դեպի Թուրքիայի տարածք»՝ ստեղծելով այն տպավորությունը, թե այդ տեղեկությունն էլ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնինն է, ծուխը կամ դրանում պարունակվող նյութերն էլ իբր չեն նստելու Երևանի և Արարատյան դաշտավայրի վրա: Դրանից հետո ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը մի քանի ԶԼՄ-ների հայտնեց և իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Ի պատասխան բազմաթիվ մասնավոր հարցումների` հայտնում եմ, որ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը չի կանխատեսել և պաշտոնապես հայտարարել, թե «Նաիրիտի» ծուխը կտեղաշարժվի Թուրքիա:


Օդերևութաբանական կանխատեսումները տեղադրվում են ԱԻՆ կայքում և իմ ֆեյսբուքյան էջում։ Իսկ եթե որևէ մեկը փորձել է մեր կանխատեսումները «թարգմանել» կամ այդ կերպ մեկնաբանել, ապա հիդրոմետ ծառայությունը դրա հետ կապ չունի»: Կարդալով սա, ՀՀ առողջապահության նախարարությունն իր կայքում հրապարակված հիշյալ տեղեկությունից հեռացրեց հրդեհի ծխի Արարատյան դաշտավայրով դեպի Թուրքիայի տարածք ճանապարհ ընկնելու սիրուն պատմությունը:
Այս ամենից հետո դժվար չէ հասկանալ, թե արտակարգ իրավիճակում ինչպես են գործել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (փրկարար ծառայողներին նկատի չունենք, նրանք միայն պատվի ու խրախուսանքի են արժանի), ՀՀ բնապահպանության և առողջապահության նախարարությունները: Դժվար չէ եզրակացնել նաև, որ հիշյալ նախարարություններում մի շարք պաշտոնյաներ իրենց տեղում ու դերում չեն: Նրանք պետք է պաշտոնանկ արվեն, ոմանք էլ, կարծում ենք, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, սակայն համակարգային ու քաղաքական կոռուպցիայով հիմնովին ախտահարված այս երկրում, անկեղծ ասած, դրա հույսը չունենք:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5832

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ