Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ստությամբ խոսեց մարդը մարդու հետ, սրտերը հաղորդակցվեցին նենգ շրթունքներով

Ստությամբ խոսեց մարդը մարդու հետ,  սրտերը հաղորդակցվեցին նենգ  շրթունքներով
15.09.2017 | 09:32

«Յուրաքանչյուրդ ձեր ընկերոջից զգու՛յշ եղեք և հույս մի՛ դրեք ձեր եղբայրների վրա, որովհետև ամեն եղբայր խաբելով խաբում է, և ամեն բարեկամ ընթանում է նենգությամբ: Յուրաքանչյուրն այպանում է իր բարեկամին, ճշմարտություն չեն խոսում. նրանց լեզուն սովորեց սուտ խոսել: Նրանք զրկանքներ են պարգևել և չեն դադարել կուտակելուց վաշխ վաշխի վրա և նենգություն նենգության վրա. նրանք չկամեցան ճանաչել ինձ,- ասում է Տերը» (Երեմիա 9. 4-14):


Սուտը մարդկային կյանքի և մարդկության պատմության անբաժան ուղեկիցն է ծննդից մինչև մահ, Ադամից մինչև ժամանակների վախճանը: Սուտը, կեղծիքը, դավաճանությունը, թիկունքից հարվածը ի զորու են տապալելու ոչ միայն հզոր մարդկանց, այլև հզոր տերություններ: Սուտը դառնում է նրանց կենսակերպը, ովքեր իրենք ունկնդրում և հավատալ են սկսում ստի հոր՝ սատանայի նենգ ֆշշոցին. «Չեք մեռնի, այլ կբացվեն ձեր աչքերը»: Չարը իր սողոսկուն մարմնով մտնում է ականջից և հասնում մինչև սիրտը, ստրկացնում այն ու ապականում իր թույնով, որ կոչվում է սուտ: Սուտը այսօր ներկա է մարդկային կյանքի ամեն մի հանգրվանում, մարդկային հասարակության ու կենցաղի յուրաքանչյուր բնագավառում: Մարդկանց մեջ ավելի ու ավելի դժվար է նշմարել այն նախասկզբնական շունչը, որով նա կենսավորվեց որպես մարդ՝ բանական ու հոգևոր էակ, և իրականում մերօրյա մարդուն սահմանելու համար այլ եզրեր են պետք, որովհետև մարդը մի դեպքում մարդ է, մեկ այլ դեպքում՝ մտածող մարմին, մեկ այլ դեպքում՝ անհեռանկար ու աննպատակ գոյություն պահպանող մի անմիտ արարած: Գոյապահպանության պարզունակ բնազդի հիմքում է ընկած սուտը, որովհետև մարդը, ընտանիքը, ազգը, մարդկությունը հեռացել են կյանքի իրական աղբյուրից՝ Աստծուց և նրա ճշմարտությունից: Հիսուսից առաջ նույն վիճակն էր, և դա հասկանալի է. մարդիկ պաշտում էին իրենց կուռքերին, որոնք իրենց իսկ ախտերի ու մոլությունների կրողն էին, քանզի ստեղծված էին մեղսալից մարդու պատկերացումների համաձայն: Իսկ ինչու այսօր, Քրիստոսին երկու հազար տարիներ ի վեր ճանաչող աշխարհում նույն վիճակն է, ինչ նախքան Քրիստոսը: Մարդիկ ճանաչում են ճշմարտությունը, բայց նախընտրում են սուտը, որովհետև մարդիկ հավատում են տեսանելի և շոշափելի բաներին, իսկ իրենց աստվածակերպ հոգուն և Աստծուն չեն հավատում. հոգին չեն զգում, Աստծուն չեն տեսնում, խղճին էլ չեն լսում:

Փոխարենը տեսանելի է աշխարհը, շոշափելի՝ փողը, լսելի՝ գովասանքները: Մտավոր կամ անմիտ, բայց ոչ հոգևոր մարդիկ իրենց սոսկ գոյությամբ միայն սնում ու պարարտացնում են սեփական մարմինը, սեփական փառասիրությունը, սեփական... դատապարտությունը: Մարդու մեջ մարդկայինի աղճատումն արժանի է պատժի: Արժանի են պատժի ոչ միայն անհատներ, այլև ազգեր ու ժողովուրդներ: Աստծուն ճանաչող ու չճանաչող ժողովուրդներ՝ որպես բարի կամ չար պտուղ տվող ծառեր, համաձայն այն խոսքի, թե. «Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրվում և կրակն է գցվում», և «Ես եմ որթատունկը, իսկ իմ Հայրը մշակն է: Ամեն ճյուղ, որ ինձ վրա է հաստատված և պտուղ չի տալիս, կտրում է, իսկ որ պտուղ է տալիս, էտում է, որ առավել պտղաբեր լինի» (Մատթ. 7.17-19,Հովհ.1. 2):
«Դրա համար էլ այսպես է ասում Աստված՝ Զորությունների Տերը. Ահավասիկ ես կրակով պիտի հալեմ նրանց և պիտի փորձեմ նրանց, որովհետև չարությունների պատճառով ուրիշ ինչպե՞ս վարվեմ իմ ժողովրդի հետ: Նրանց նենգավոր լեզուները խոցոտող նետ են: Նրանց բերանի խոսքերը իրենց ընկերոջ հետ խաղաղության մասին են խոսում, իսկ նրանք իրենց սրտում թշնամություն ունեն» (Երեմիա 9.15-16):


Զարմանալի է ու զավեշտալի. մարդիկ սիրում են ստել ու խաբել, նույնիսկ դա համարում են անհրաժեշտություն, իսկ այ խաբվել կամ խաբված լինել ոչ մի կերպ ու ոչ մի պարագայում չեն հանդուրժում: Բայց չէ որ պատվիրանները բոլորի համար են. «սուտ մի՛ վկայիրը» ոչ միայն ուղղված է դատարանում՝ վկայություն տվողներին, որ չխաբեն դատավորներին կամ ուրիշներին, որ մեզ չխաբեն, այլև յուրաքանչյուր մարդու, և ոչ ոք իրավասու չէ զանց առնելու աստվածային օրենքն ու պատվիրանները: «Մի՞թե սրանց համար չեմ պատժելու նրանց,- ասում է Տերը,- կամ այդպիսի ազգից ես վրեժխնդիր չե՞մ լինելու: ...Քանի որ դրանք թողեցին իմ օրենքը, որ դրել էի նրանց աչքի առաջ, և ականջ չդրեցին իմ ձայնին, հետևեցին իրենց չար սրտերի հաճույքներին ու այն կուռքերին, որոնց հետևել սովորեցրին իրենց հայրերը, դրա համար էլ այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ահավասիկ այդ ժողովրդին կերակրելու եմ վտանգով և խմեցնելու եմ դառնության ջուր: Դրանց ցրելու եմ այն ազգերի մեջ, որոնց չէին ճանաչում ո՛չ իրենց հայրերը և ո՛չ էլ իրենք: Դրանց վրա սուր եմ արձակելու, մինչև որ սրով կոտորեմ դրանց,- ասում է Զորությունների Տերը» (Երեմիա 9.4-11): Ստի ահավորությունը այն չէ, որ մարդիկ իրենց նմանին են խաբում, այլ որ փորձում ու հանդգնում են Աստծուն խաբել: Ո՛վ մարդ Աստծո, հիշի՛ր՝ ստի դեմ ակնկալիր ո՛չ թե հաջողություն, այլ ոչնչացնող սու՛ր, որ մի օր անպայման կհասնի քեզ:


Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 1717

Մեկնաբանություններ