Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Աստված ինքն է պատրաստ ծառայելու մարդուն

Աստված ինքն է պատրաստ ծառայելու մարդուն
15.09.2017 | 09:05

Սուրբ գիրքն ասում է, որ աշխարհը գնում է դեպի կործանում (հոգևոր տեսանկյուն), աշխարհն ասում է՝ գնում է դեպի խաղաղություն և ապահովություն (հոգևորի և բարոյականի անտեսում):


Աշխարհը հավաստիացնում է, որ մարդկությունը գնում է դեպի խաղաղ ու ապահով ապագա: Այդ մասին վկայում է նաև Սբ գիրքը՝ բացահայտելով աշխարհի խաբեությունը. «Երբ ասեն՝ ահա խաղաղություն է և ապահովություն, կգա, կհասնի նրանց վախճանը» (Ա Թես. 5.3):
Ինչ է ասում աշխարհը. աղքատությունը կվերանա, այնինչ Տերը ասում է. «Աղքատներին միշտ կունենաք ձեր կողքին» (Մատթ. 26. 11): Կդադարեն պատերազմները, այնինչ Տերը վկայում է. «Ազգ ազգի դեմ կելնի և թագավորություն՝ թագավորության դեմ» (Մատթ. 24.27): Կվերանան հանցագործությունները և ահաբեկչությունները, իսկ Գիրքը վկայում է. «Հայրերը կսպանեն որդիներին, որդիները կելնեն հայրերի դեմ և կսպանեն նրանց» (Մարկ. 13.12): Սակայն աշխարհը ոչ մի խոսք չի ասում այն մասին, որ մարդկությունը կդառնա ավելի բարի, բարոյական, հանդուրժող, աստվածավախ: Եթե աշխարհում պիտի վերանան պատերազմները, ապա միայն այն պատճառով, որ դրանք այլևս չեն հրահրվի, մի բան, որ հնարավոր է յուրաքանչյուր պահի, ուղղակի ձեռնտու չէ. պատերազմների դադարեցումը շահույթ չի ապահովի: Եթե անգամ աշխարհում պիտի հաղթահարվի աղքատությունը, ապա միայն մարդկության աղքատ բնակչության թվաքանակի կտրուկ նվազեցման ճանապարհով (դրան ուղղված միջոցները մի խումբ մարդկանց խղճի և երևակայության վրա են): Եթե անգամ պիտի վերանան հանցագործությունները և ահաբեկչությունները, ապա միայն այն բանի շնորհիվ, որ հանցագործներն ու ահաբեկիչները այլևս չեն խրախուսվի, որովհետև դա այլևս ձեռնտու չի լինի ոմանց: Սակայն այլ են Աստծո տված խաղաղությունը, հարստությունը և ապահովությունը: Աստծո խաղաղությունը ինչ-որ արտաքին բան չէ, այլ ներքին բովանդակության հեղաշրջում՝ վատից լավ, չարից բարի, փոփոխականից հաստատուն, անցողիկից հավիտենական. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս. թող ձեր սրտերը չխռովվեն, և չվախենաք» (Հովհ.14.27):

Նա տալիս է ոչ միայն իր խաղաղությունը, այլև մեզ հետ հավասարապես կիսում է իր հաղթանակը. «Այստեղ, աշխարհում նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեցեք, որովհետև Ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16.33): Աստծո հարստությունը ապականացու ոսկի կամ արծաթ չէ, այլ ներքին մի նվաճում է. Հիսուս անունով Սիրո նվաճումը, որով պիտի հարստանանք, Սեր, որը հաճույք չէ փափուկ անկողնում, այլ ինքնազոհության բովով անցած անխառն ոսկի, որը ունի և կարող է մեզ տալ Միակը, որ կանչում է ամեն մի ադամորդու և հորդորում. «Ա՛ռ, գնիր ինձնից կրակի բովով անցած ոսկի, որ հարստանաս» (Հայտն. 3.18): Աստծո ապահովությունը սոցիալական չէ, այլ բարոյական: Եվ Հիսուսն իր հետևորդների համար աղաչում է Հորը. «ոչ թե նրա համար, որ նրանց վերացնես աշխարհից, այլ որպեսզի նրանց պահես չարից», և հավաստիացնում. «Այս է կամքը իմ Հոր, որ ինձ ուղարկեց. բոլոր նրանք, ում Հայրն ինձ տվել է, նրանցից ոչ մեկին չկորցնեմ, այլ վերջին օրը Հարություն առնել տամ նրանց» (Հովհ. 17.15, 6.39):


Սատանան կարող է վազվզել ձեր շուրջը և խնդրել իրեն մի փոքրիկ ծառայություն մատուցել, այնինչ Աստված ինքն է պատրաստ ծառայելու մարդուն: Նա պատրաստ է ծառայելու, բայց և շնորհում է ազատություն չարի իշխանությունից, քանզի իսկապես ազատ է նա, ով պատրաստ է իր նմանի համար զրկվելու ամեն ինչից, անգամ սեփական կյանքից, որովհետև կապված չէ ժամանակավորին ու անցավորին և իր մերձավորներին ու շրջապատին նայում է հավիտենության ոսպնյակով: Նա Տիրոջ նման կարող է նկատել. «Ահա գալիս է աշխարհի իշխանը և Ինձ վրա ոչ մի իշխանություն չունի» (Հովհ. 14.30): Աշխարհը, իր վարդապետությամբ իբր թե ջատագովելով մարդու ազատությունն ու իրավունքները, իր անթիվ-անհամար իզմերով բանտում է խեղճ մարդկային հոգին: Աշխարհի թշվառության ու վերջավորության և աշխարհի բարգավաճման մասին երկու տարաբևեռ գաղափարների բախման հիմքում բարու և չարի տիեզերական պայքարն է, հավիտենական հակամարտությունը: Այդ պայքարում կողմերն այնքան հետևողական են, որ Սուրբ գիրքը զգուշացնում է. «Շնացողնե՛ր, չգիտե՞ք, որ սերը այս աշխարհի հանդեպ թշնամություն է Աստծո դեմ, քանի որ, ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի կանի» (Հակ. 4.4): Բարեկամություն անել աշխարհի հետ կամ սիրել աշխարհը, տարվել նրա մատուցած խաբեպատիր գաղափարներով, նշանակում է շեղվել սրբության ճանապարհից, անցնել թշնամու կողմը, զինվել ճշմարտության դեմ: Այսօր հեռուստացույցը դեպի աշխարհ բացվող մի պատուհան է, որից այն կողմ աշխարհում ամեն բան լավ է. չարերը պատժվում են, աղքատությունը հաղթահարվում է, աղետի գոտին վերականգնվում է, տնտեսությունը աճում է, ազգամիջյան բախումները դադարում են, տոտալիտար ռեժիմները փլուզվում են ժողովրդավարության մուրճով, միջազգային դատարանները պաշտպանում են անհատի իրավունքները, երեխաները հուսալիորեն պաշտպանված են իրենց ծնողներից, իսկ մնացած մանրուքներին կարելի է վերաբերվել հումորով: Աշխարհը մարդու ձեռքն է տալիս բազմապիսի «խաղալիքներ», «քաղցրավենիք», «փուչիկներ», որպեսզի շեղի մարդու ուշադրությունը հանապազօրյա հացի փնտրտուքների մասին ավելորդ մտահոգություններից: Մեկ ճշմարտության դեմ աշխարհը բազում կեղծիքներ է հակադրում, պատրում ու հմայում. դա նրան հաջողվում է մեկ բանի շնորհիվ` մարդկային սնափառության։ «Անշուշտ, իմ կարծիքը ավելի ճիշտ է»,- համոզված է գրեթե յուրաքանչյուր մարդ, արդյունքում Եկեղեցին՝ երբեմնի ընդհանրական և առաքելական, տրոհվեց այսօր մեզ հայտնի եկեղեցիների, բացառությամբ բողոքականի. այն զուրկ է առաքելականությունից, քանզի ինքնակամ բաժանվել է ընդհանրականությունից: Եվ քանի որ ճշմարտությունը մեկն է, այսօր աշխարհում խրախուսվող բազմակարծությունը, որ չգիտես ինչու կոչվում է խղճի ազատություն, ուղղակի իդեալական միջոց է՝ որպես այլընտրանք միակ ճշմարտությանը: Խիղճը ինքնակա մի էություն չէ, այն իրականում կողմնորոշման լայն հնարավորություն չի կարող ընձեռել, քանի որ այն Միակ ճշմարիտ Աստծո կողմից է հաստատվել՝ որպես հուշարար-քարտուղար՝ մարդուն իր մարդկային նկարագրի սահմաններում պահելու նպատակով: Իրականում ամեն բան շատ լուրջ է ոչ այն պատճառով, որ ամեն բան շատ իրական է, այլ որովհետև կյանքը մեկ անգամ է շնորհվում՝ որպես խայծ հավիտենությունը որսալու համար, և այս կյանքը իր բուն նպատակով չօգտագործող մարդը նման է այն ձկնորսին, ով իր ձեռքի տակ եղած որդերը ոչ թե որպես խայծ, այլ որպես սեփական որկորը հագեցնելու միջոց է համարում, այդպիսին տուն կվերադառնա ձեռնունայն և սնանկ լավագույն ապագայի հույսերից։


Երեցկին
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Դիտվել է՝ 2122

Մեկնաբանություններ