Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Տոնի մեկնարկը տրված է

Տոնի մեկնարկը  տրված է
15.09.2017 | 12:15

Երեքշաբթի մեկնարկեցին Չեմպիոնների լիգայի «Մրցաշրջան 2017-2018»-ի խմբային խաղերը: Այս փուլում դրանք ըստ խմբերի ներկայացնելու անհրաժեշտությունը չենք տեսնում, քանի որ ամեն ինչ նոր-նոր է սկսվում, և ողնաշարվելու, տեսքի գալու դեռ շատ բան կա: Սակայն բոլոր դեպքերում նշենք, որ վիճակահանության կամոք խմբեր կան, որոնք իրենց նախնական տեսքի մեջ իսկ ահ ու սարսափ են, ու որտեղ երրորդ տեղում հայտնված թիմը խոր ափսոսանքի զգացման տեղիք է տալու, քանզի հարկադրված լքելու է Չեմպիոնների լիգայի խաղարկությունը՝ տեղափոխվելով կարգով ավելի ցածր Եվրոպայի լիգա: Մերկապարանոց չլինելու համար նշենք այդ խմբերը. C խումբ՝ «Չելսի», Մադրիդի «Աթլետիկո», «Ռոմա», H խումբ՝ Մադրիդի «Ռեալ», Դորտմունդի «Բորուսիա», «Տոտենհեմ» (բնականաբար հիշատակել ենք ուժեղագույններին):

«Բավարիայի» հետ հյուրերի խաղն ի սկզբանե անհաջող դասավորվեց: Արդեն 11-րդ րոպեին Կումսի վերջին հույսի խախտումը ոչ միայն մյունխենցիներին առաջ անցնելու հնարավորություն տվեց (Լևանդովսկին անվրեպ իրացրեց տասնմեկմետրանոցը), այլև խաղի մնացած 79 րոպեն «Անդերլեխտի» համար կրակ ու պատժի վերածեց՝ 10 հոգով «Բավարիայի» դեմ դիմակայությունը ցանկալի ելքի առումով անհնարինի վերածելով, թեպետ անգամ հավասար թվակազմի դեպքում դժվար էր հավատալ, որ «Անդերլեխտն» ունակ էր լուրջ դիմադրության: Առանց ավելորդ ապշոպի մյունխենցիները ևս երկու գոլ հեղինակեցին, ու ավարտվեց բելգիացիների մղձավանջը:


3:0 հաշիվը գրանցվեց առաջատար ակումբներից ևս երեքի մրցակցությունում: «Բարսելոնը» Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանի փլեյօֆյան դիմակայությունների մուռը հանեց «Յուվենտուսից», ու դրանում ծանրակշիռ էր Մեսիի ներդրումը, ով վերջապես գրավեց մինչ այժմ իր համար անխոցելի Բուֆոնի դարպասը: Ընդ որում՝ երկու անգամ: Այս նույն հաշիվը գրանցվեց և մրցումային երկրորդ օրը, Մադրիդի «Ռեալ»-ԱՊՕԵԼ դիմակայությունում: Այստեղ էլ է դուբլ գրանցվել, ու դրա հեղինակը համաշխարհային ֆուտբոլի մյուս մեծանուն ֆուտբոլիստն է՝ Քրիշտիանու Ռոնալդուն, որը եվրագավաթներում խփեց իր 107-րդ գոլը: Դառնալով մրցումային առաջին օրվան՝ երրորդ 3:0-ի հեղինակը հյուրընկալելիս «Բազելի» վրայով անցած «Մանչեստր Յունայթեդն» էր:


Ի տարբերություն համաշխարհային ֆուտբոլի վերը հիշատակված ակումբների 3:0 հաշվի նկատմամբ ունեցած կայուն նախասիրության, կարգով նրանց մոտեցող երեք ակումբների դիմակայությունում գրանցվեց շատ ավելի խոշոր հաշիվ: Ընդ որում, խաղ խաղի վրա, մեկ գոլով ավելի: Այսպես՝ «Ֆեյենորդին» հյուր գնացած «Մանչեստր Սիթին» հոլանդացիների հարցը լուծեց չորս անպատասխան գնդակի առավելությամբ: Հյուրընկալվելիս «Պարի Սեն Ժերմենը» «տաքսի» արեց «Սելտիկին», իսկ «Չելսին» ադրբեջանական «Ղարաբաղին» հարկադրեց գնդակը վեց անգամ հանել դարպասից:
«Մանչեստր Սիթի»-«Չելսի»-«Պարի Սեն Ժերմեն» եռյակից վերապահում անելով վերջինիս՝ նշենք, որ նրա կազմում իր գոլերի հաշվարկը բացեց նաև «Մոնակոյից» տեղափոխված Կիլիամ Մբապեն: Դժվար է ասել՝ մրցաշրջանի ավարտով փարիզյան ակումբը կունենա՞ ամենահզոր հարձակման գիծը, բայց որ ներկա պահի դրությամբ այն ամենաթանկն է աշխարհում, անառարկելի փաստ է:


Վերին աստիճանի լարված էր «Տոտենհեմ»-Դորտմունդի «Բորուսիա» մրցակցությունը, որտեղ շատ ավելի հաջողակ եղավ Մոուրիսիո Պոչետինոյի գլխավորած անգլիական ակումբը գնդակների 3:1 տպավորիչ հարաբերությունով:
Բացառիկ սուր մրցակցություն էր «Լիվերպուլ»-«Սևիլիա» դիմակայությունում, ու անակնկալ մատուցողն իսպանական ակումբն էր, որը նախ բացեց հանդիպման գոլերի հաշիվը, ապա եզրափակեց: Ճիշտ է, արդյունքում գրանցվեց մարտական ոչ-ոքի, սակայն հանդիպումն այս ավելի շուտ ու ավելի շատ կորցրած հնարավորությունների խաղ էր լիվերպուլցիների համար, ովքեր ունեին միանգամից մի քանի խաղի գոլ խփելու հնարավորություն:
Մարտական ոչ-ոքիներ են գրանցվել «Լայպցիգ»-«Մոնակո» (գերմանացիների խոցմանը մոնեգասկներն իսկույն են արձագանքել), «Մարիբոր»-«Սպարտակ» (երկուսում էլ գրանցվել է 1:1 հաշիվը), «Ռոմա»-«Աթլետիկո» դիմակայություններում (վերջինում արձանագրվել է գոլազուրկ ոչ-ոքի):


Նույն 2:1 հաշիվն է լուսատախտակներին եղել «Բենֆիկա»-ԲԿՄԱ, «Շախտյոր»-«Նապոլի» մրցակցություններում: Առաջինում առավել հաջողակ են եղել ռուսները, երկրորդում՝ ուկրաինացիները: Ինչ վերաբերում է «Օլիմպիակոս»-«Սպորտինգ» դիմակայությանը, հանդիպումը 3:0 հաշվով վստահաբար շահող «Սպորտինգը» խաղավարտին քիչ էր մնում դառնար տխուր սենսացիայի հեղինակ: Հավելյալ ժամանակահատվածում «Օլիմպիակոսը» երկու գոլ հեղինակեց, սակայն դա խաղի մեջ բեկում մտցնելու համար բնականաբար բավարար չեղավ: 3:1 հաշիվն է գրանցվել «Բեշիկթաշ»-«Պորտու» մրցավեճում:
Ընդհանուր գծերով այսքանը Չեմպիոնների լիգայի խմբայինների առաջին տուրի մասին, որը գեղեցիկ ավանդույթի ուժով ֆուտբոլասերի համար խոստանում է լինել մեծ ֆուտբոլի տոն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1660

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ