Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Աշխարհի ակումբային թիմերի առաջնության անցկացման նոր ձևաչափ

Աշխարհի ակումբային  թիմերի առաջնության անցկացման նոր ձևաչափ
15.09.2017 | 12:18

Հետաքրքիր զարգացումներ են սպասվում համաշխարհային ֆուտբոլում: ՖԻՖԱ-ն մտադիր է աշխարհի առաջնությունների նախաշեմին անցկացվող Համադաշնությունների գավաթի խաղարկությունը փոխարինել կառուցվածքային առումով նոր մրցաշարով, որի անհրաժեշտությունը, խոստովանենք, շոշափելիորեն էր զգացվում, որքան էլ, ի դեմս ակումբային թիմերի, աշխարհի չորս ծագերում ունենք վառ ընդգծված խաղարկություններ: Նոր մրցաշարը, որն իրենից ներկայացնելու է և այդպես էլ կոչվելու է՝ աշխարհի ակումբային թիմերի առաջնություն, կպահպանի Համադաշնությունների գավաթի խաղարկության քառամյա ցիկլը: Մրցաշարի մեկնարկը կտրվի 2021 թվին, հյուրընկալող առաջին երկրի իրավունքը վերապահվել է Չինաստանին:


Առաջնությունը կանցկացվի աշխարհի 24 լավագույն ակումբների մասնակցությամբ: Դրանք կբաժանվեն ութ խմբի, յուրաքանչյուր խումբ բաղկացած կլինի երեք թիմից, փլեյ օֆում հանդես գալու իրավունք կստանան միայն առաջին տեղը գրավածները: Սպասվում է, որ գլխավոր եզրափակիչը բաղկացած կլինի նվազագույնը երեք, առավելագույնը՝ հինգ խաղից: Ասել է թե` հաղթող թիմն իր ակտիվում պիտի ունենա երեք հաղթանակ:
Ակումբային մունդիալի ուղեգրերը համաշխարհային ֆեդերացիաների մեջ կբաժանվեն հետևյալ կերպ. Եվրոպական ֆուտբոլի ասոցիացիան ¥ՈՒԵՖԱ¤ կստանա 12, Հարավամերիկյան ֆուտբոլի համադաշնությունը՝ 5, մնացածները ¥Աֆրիկյան, Ասիական, Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկաների, Կարիբյան ավազանի¤՝ երկուական ուղեգիր: Բաց է մնում Օվկիանիայի ներկայացուցչի հարցը, սակայն, ամենայն հավանականությամբ, այն պայքարի մեջ կմտնի համադաշնություններից մեկի ներկայացուցչի հետ մրցափուլից, ու դա ակնհայտորեն լինելու է նախնական փուլում:


Հայտնի է նաև, թե որ թիմերն են ներկայացնելու Եվրոպան: Դրանք են Եվրոպայի վերջին չորս տարիների գլխավոր եզրափակչի մասնակիցները, ինչպես նաև տվյալ պահի համար ՈՒԵՖԱ-ի վարկանիշով լավագույն չորս թիմերը: Այս գաղափարի նյութականացման պատասխանատվությունը դրված է ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, նախկինում խորվաթ հանրահայտ ֆուտբոլիստ Զվոնիմիր Բոբանի վրա: Մրցաշարը նախատեսված է անցկացնել հունիսի երկրորդ կեսին: ՖԻՖԱ-ում համոզված են, որ ֆինանսի առումով մրցաշարն անհամեմատ եկամտաբեր կլինի Համադաշնությունների գավաթի խաղարկությունից, սակայն թե ինչ կարգի գումարի մասին է խոսքը, բնականաբար չի նշվում: Ամենայն հավանականությամբ, այստեղ առաջնորդվում են «Քանի դեռ առյուծին չես մաշկել, մորթին վաճառելու մասին խոսելն ավելորդ է» սկզբունքով:


Երկու կարծիք չի կարող լինել, որ նաև զուտ հետաքրքրության առումով այս մրցաշարը շատ ավելին կլինի ինչպես Համադաշնությունների գավաթի խաղարկությունից, այնպես էլ աշխարհի ակումբային թիմերի գործող ձևաչափով անցկացվող առաջնությունից, որտեղ, ըստ էության, հետաքրքրություն ներկայացնողը եզրափակիչ հանդիպումն է միայն: Սակայն այս ամենի հետ մեկտեղ ծրագրելիք նոր մրցաշարը թե ինչպիսի ընդունելության կարժանանա աշխարհի առաջատար առաջնությունների կազմակերպիչ երկրների կողմից, որոշակի պատասխանելը խիստ դժվար է նրանց ունեցած այս գերբեռնվածության պայմաններում: Բնավ էլ անսպասելի չի լինի, եթե խստագույն քննության առարկա դառնա երեք հաղթանակի արդյունքով ուժեղագույնին որոշելու գաղափարը: Սա, հարկավ, առաջ կբերի ժամանակային ավելի մեծ միջակայքով առաջնությունը անցկացնելու անհրաժեշտություն, իսկ սեփական առաջնությունների անցկացման ժամանակացույցի փոփոխությունների առաջատար ֆուտբոլային գերտերությունները եթե գնան էլ, կգնան մեծագույն դժվարությամբ: Ի վնաս առաջնությանը խոսող էլի փաստարկներ կան, սակայն եկեք այնպես չվարվենք, կարծես թե ամեն ինչ հաստատապես որոշված է, ու մեզ մնում է այդ որոշվածն անխնա գովերգելու կամ «քլնգելու» հաճույքը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1741

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ