Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՈՒկրաինայից հետո խաղաղապահները կարող են հայտնվել Լեռնային Ղարաբաղում

ՈՒկրաինայից հետո խաղաղապահները կարող են հայտնվել Լեռնային Ղարաբաղում
16.09.2017 | 09:36

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դոնբասում խաղաղապահ առաքելություն տեղակայելու առաջարկը անսպասելի աջակցություն գտավ ՈՒկրաինայում: ՄԱԿ-ում ՈՒկրաինայի մշտական ներկայացուցիչը հայտարարեց, որ Կիևը պատրաստ է աշխատել ԱԽ բանաձևի վրա ռուսական նախագծով` երկրի արևելք խաղաղապահներ ուղարկելու մասին: Արձագանքեց և ԱՄՆ-ը: Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Խիզեր Նաուերտը հայտարարեց, որ նախ` այդ առաջարկը «գաղափար է, որ հաստատ արժի ուսումնասիրել», երկրորդ` այդ քայլը դիտարկվում է «իբրև ուկրաինացի քաղաքացիների պաշտպանության հնարավոր միջոց` անկախ նրանց էթնիկ պատկանելությունից ու ազգությունից», երրորդ` ՄԱԿ-ի ուժերին տրված լայն խաղաղապահ մանդատը թույլ կտա խուսափել «բաժանումներից ՈՒկրաինայի ներսում»:

Հիմա իրադարձությունների հետագա ընթացքի մասին տարատեսակ վարկածներ կան: Ոմանք զգուշանում են, որ խաղաղապահների տեղակայումը Կիևին թույլ կտա մաքրել տարածաշրջանը անցանկալիներից և այլախոհներից: Իբրև օրինակ նշվում են իրադարձությունները չճանաչված Սերբական Կրայինայի Հանրապետությունում իննսունականի կեսերին, երբ ՆԱՏՕ-ի ուժերի ուղղակի մասնակցությամբ (այդ պատճառով էլ` ՄԱԿ-ի խաղաղապահների լիակատար անտարբերության պայմաններում) խորվաթների բանակը ջախջախեց այդ սերբաբնակ տարածքը: Ոմանք կարծում են, որ ՌԴ նախագահը «մտածել է խորամանկ գործողություն` ամբողջ ՈՒկրաինայի վրա պրոյեկտելու համար»: Բայց դա վաղը: Իսկ այսօր խոսքը Դոնբասի կոնֆլիկտի «սառեցման» մասին է, կարգավորման քաղաքական գործընթացին անցնելու, որ կարող է տարիներ ձգվել: Սկսվում են հնարավորությունների ու հետևանքների հաշվարկները մի վիճակի, երբ առաջին անգամ հետխորհրդային տարածքում, ինչպես գրում է ուկրաինացի մի հրապարակախոս, «օտարերկրյա զորքերը պետք է բաժանեն մեր «քաղաքացիական կոնֆլիկտը», դա խոստովանություն է, որ կառավարությունը ի վիճակի չէ կոնֆլիկտը սանձելու»: Վերջապես` ծագում է ուկրաինական նոր փորձի օգտագործման հնարավորությունների հարցը մինչև այժմ չկարգավորված Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի դեպքում, որ պատմականորեն ուկրաինականից հին է: Եթե փակագծից հանենք Մերձդնեստրի խնդիրը, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի և ՈՒկրաինայի քաղաքացիական պատերազմի արանքում 2008-ի կովկասյան պատերազմն էր, որ իր պատմական ու քաղաքական փորձը թողեց: Խաղաղապահ առաքելությունն Աբխազիայում իրականացվում էր ԱՊՀ պետությունների ղեկավարների մանդատի համապատասխան` ՄԱԿ-ի առաքելության հետ սերտ համագործակցությամբ (Աբխազիայում Ռուսաստանի խաղաղապահ գործողության իրականացմանն աջակցում էր ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը): Իսկ Հարավային Օսիայում` միայն երկկողմ համաձայնագրի և ԵԱՀԿ առաքելության հետ սերտ համագործակցության հիման վրա: Միջազգային իրավունքի նորմերով` հարձակումը օրինական մանդատ ունեցող խաղաղապահների վրա հավասարազոր է այն պետության վրա հարձակման, որ նրանց ուղարկել է կոնֆլիկտի գոտի: Այդ դեպքում պետությունն իրավունք ունի պաշտպանել իր խաղաղապահ առաքելություն իրականացնող քաղաքացիներին և կանխել ագրեսիան ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն:


Ռուսաստանի պատասխան ռազմական գործողությունը հարավօսական ուղղությամբ վրացական զորքերի ստորաբաժանման և նրա թիկունքի ինֆրակառույցների դեմ (ռազմաբազաներ, օդակայաններ, ռազմանավեր, զենքի ու զինամթերքի պահեստներ) անհրաժեշտ էր ագրեսորին հնարավորինս արագ խաղաղություն պարտադրելու համար: Սաակաշվիլու նախագահության օրոք Վրաստանում բևեռացվող ազգայնականության պայմաններում աբխազներին ու հարավօսերին երկու սցենար էր սպասվում` նրանց դուրս են մղում իրենց պատմական բնակավայրերից, ավելի շուտ, Ռուսաստան: Կամ` ոչնչացնում են ֆիզիկապես: Ռուսաստանը, ճանաչելով Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, կատարեց, ավելի ճիշտ` ստիպված էր կատարել իր իսկական պատմական առաքելությունը: ՈՒկրաինական ճգնաժամը նույնպես հարուցել է ուկրաինական մերկապարանոց ազգայնականությունը: Հետևանքը` ճգնաժամ երկրի հարավ-արևելյան մասում և Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի հետ: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին, եթե իսկապես Ադրբեջանը ձգտում էր իր վերահսկողության տակ պահել Լեռնային Ղարաբաղը և շարունակում էր այնտեղ բնակվող հայերին համարել իր երկրի քաղաքացիներ, պարզապես պարտավոր էր իր քաղաքականության մեջ հաշվի առնել վրացական ու ուկրաինական տխուր փորձը: Սակայն Ադրբեջանը շարունակում է վարել հայերի համատեղ բնակության հետ անհամատեղելի ազգայնական քաղաքականություն: ՈՒկրաինական փորձից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միայն մեկ դաս է քաղել: «Եթե հայ-ադրբեջանական կոնֆլիկտը կարգավորված լիներ, ՈՒկրաինան, գուցե, հիմա չբախվեր այս կոնֆլիկտին, քանի որ այստեղ նույն սցենարն է` տարածքային ամբողջականության նույնպիսի խախտում, նույն հետևանքը` օկուպացիա, անջատողականություն,- ասում էր Ադրբեջանի նախագահը:- Այս կոնֆլիկտները, կարծես, միմյանց հայելային արտացոլումն են: Այդ պատճառով մենք միջազգային հանրությունից, աշխարհի առաջատար երկրներից սպասում ենք նույնպիսի մոտեցում: Ինչ վերաբերում է մեզ, ի տարբերություն հետխորհրդային տարածքի մյուս կոնֆլիկտների, այս կոնֆլիկտի վերաբերյալ կան ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձևեր: Այն փաստը, որ այդ բանաձևերը կատարված չեն, վկայում է բանաձևերն ընդունած երկրների հարգանքի բացակայությունը իրենց որոշումների նկատմամբ»:


Այդպես հնարվեց մաքուր պատճենում` ուկրաինական ճգնաժամը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հայելային արտացոլումն է: Բաքվում, կարծես, չեն ենթադրում, որ ՈՒկրաինայի հարցով Մինսկում ստորագրված համաձայնագրերը կարող են ներգործել և Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի վրա, և Կիևը համալրել է «ակումբը», որի անդամ են Մոլդովան, Ադրբեջանը, Վրաստանը, որ կորցրել են իրենց նախկին տարածքների մի մասի վերահսկողությունը: Օրինակ, ու՞մ են հիմա հետաքրքրում Բաքվի հայտարարությունները ՈՒկրաինայի, Վրաստանի կամ Մոլդովայի տարածքային ամբողջականության աջակցության մասին, եթե շարունակվում է տարածքային ապաինտեգրման գործընթացը, որ ի վիճակի չեն կանխել իշխանական էլիտաները: Բացի այդ` 2016-ի ապրիլյան պատերազմը վկայեց, որ Ադրբեջանը շեշտը դնում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ուժային տարբերակի վրա, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի գլխավոր խնդիրը իրադարձությունների այդօրինակ զարգացումը թույլ չտալն է: Բայց ուժային լուծման ռեսուրսն արդեն գործնականում սպառված է: Դեռ 2015-ի փետրվարին ՄԽ ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը սկսեց կարևոր սրբագրում անել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման գործընթացում, հայտարարելով, որ «միջազգային խաղաղարար ուժերի տեղակայումը Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման նպատակով միշտ դիտարկվել է իբրև կոնֆլիկտի լուծման մաս»:

Միջազգային խաղաղապահ ուժերի ինստիտուտը Մադրիդյան սկզբունքների մաս է, որ կոնֆլիկտի կարգավորման բանակցային գործընթացի հիմքում են: ՈՒոռլիքը ճշտում էր. «Եթե կամ երբ տարածքները վերադարձվեն, անհրաժեշտ կլինի միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայել` Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու համար: Ի՞նչ խաղաղապահներ պետք է լինեն` ԵԱՀԿ-ի կամ ՄԱԿ-ի, քննարկման առարկա կդառնա»: ԵԱՀԿ Մինսկի խմբում Ջեյմս ՈՒոռլիքին փոխարինած Ռիչարդ Հոգլանդը սկզբունքորեն չէր բացառում իրադարձությունների այդպիսի ընթացքը` առավելագույնս նվազեցնելու համար ուժային տարբերակի կիրառման հնարավորությունը: Տեսականորեն կարելի է ենթադրել, որ եթե ԱՄՆ-ը և Ռուսաստանը պայմանավորվեն ՈՒկրաինայի խաղաղապահների հարցով, ոչինչ չի խանգարում նույնն անել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի դեպքում, որի կարգավորումը լինելու է Մադրիդյան սկզբունքներով: Հաշվի առնելով, որ Ադրբեջանի և Հայաստանի ռազմական կոնֆլիկտով, տարբեր պատճառներով, շահագրգռված չեն գլխավոր արտաքին խաղացողները, բայց նախ և առաջ Մինսկի խմբի համանախագահները, կարող է առաջարկվել միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում կամ թեկուզ ԵԱՀԿ մշտական դիտորդներ ստացիոնար հիմքով, որ արդեն կա ՈՒկրաինայում: Դրա համար պետք է լինի առաջին հերթին Բաքվի ու Երևանի համաձայնությունը: Իսկ վաղ թե ուշ բանակցային գործընթացում պետք է ներգրավվի և Ստեփանակերտը` որքան արագ, այնքան լավ: Օբյեկտիվորեն` դրանում ամենից շատ պետք է շահագրգռված լինի Բաքուն` խուսափելու համար իրավիճակից, երբ դա իրեն կպարտադրվի: Առաջին հերթին` Բաքուն պետք է որոշում կայացնի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, ոչ թե խոսքով, այլ` գործով, իսկ հետո հետևի մշակված «ճանապարհային քարտեզին», որ կարող է արվել ամենատարբեր ձևաչափերով` ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի, բոլորի համար շատ ավելի լավ կլինի, եթե քարտեզի ստեղծումով զբաղվեն Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դիվանագետները:


Հաշվի առնելով առաջընթացը ուկրաինական ճգնաժամի կարգավորման մեջ Նորմանդական քառյակի աջակցությունն ունեցող Մինսկի համաձայնությունների հիման վրա, որ նախատեսում են բանակցային գործընթացին Դոնեցկի ու Լուգանսկի մասնակցությունը, Մինսկի խումբը կփորձի անպայման խաղի մեջ մտցնել Ստեփանակերտին, որ չի հակասում Մադրիդյան սկզբունքներին: Ցանկացած դեպքում Հայաստանին ու Ադրբեջանին կպարտադրեն բարձրագույն մակարդակով ուղղակի շփման մինչև այն պահը, քանի դեռ չեն հասունացել Ղարաբաղի հարցով նոր լուծումներ ընդունելու պայմանները, հավանաբար, նոր աշխարհաքաղաքական իրավիճակում: Բոլորին շատ քիչ ժամանակ է մնացել: Որոշ փորձագետներ կարծում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում կարծիք է ստեղծվում` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր համար «կարմիր գիծ» է համարում ՈՒկրաինան ու Անդրկովկասը: ՈՒկրաինայում այդ գիծն արդեն ուրվագծվում է: Իսկ որտեղո՞վ է անցնելու Անդրկովկասում:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Իրականում շատ մեծ հարց է` ՈՒկրաինայից հետո խաղաղապահներ կհայտնվե՞ն Լեռնային Ղարաբաղում, թե՞ ոչ: Եվ բոլորովին այնպես չէ, որ այդ հարցում ՌԴ-ԱՄՆ համաձայնություն է կայացել: Նախ` ԱՄՆ նախկին համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը ասում էր` «Եթե կամ երբ տարածքները վերադարձվեն, անհրաժեշտ կլինի միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայել` Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու համար: Ի՞նչ խաղաղապահներ պետք է լինեն` ԵԱՀԿ-ի կամ ՄԱԿ-ի, քննարկման առարկա կդառնա»: Եթե կամ երբ: Եվ` հարցը պետք է քննարկվի ԵԱՀԿ-ում կամ ՄԱԿ-ում: Բացահայտորեն` Ռուսաստանը փորձում է ԼՂ հարցի կարգավորման նոր ձևաչափ ստեղծել, որտեղ կոնֆլիկտի կողմերն են ու ինքը, իսկ դա նշանակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դատապարտում, որին չեն կարող համաձայն լինել ոչ ԱՄՆ-ը, որ Ֆրանսիան` հարգելով իրենց պետության հեղինակությունն ու պաշտպանելով իրենց շահերը:Առավել ևս Հայաստանը այդ տարբերակին չի կարող համաձայնել, նույնիսկ Ստեփանակերտի բանակցային սեղան վերադառնալու պայմանով: ՈՒրեմն` ինչու՞ է խաղաղապահների հարցը անվերջ շրջանառվում և հանգում ՌԴ-ի ու ԱՄՆ-ի պայմանավորվածության` շահերի գոտիների բաժանման առումով: Փաստացի` Պուտինը հանձնում է ՈՒկրաինա՞ն, որ ստանա Անդրկովկա՞սը: Ոչ մի «ճանապարհային քարտեզ» չի կարող գործունակ լինել` առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցության, ցանկացած պայմանավորվածություն կենսագործվելու համար պահանջելու է երաշխիքներ ու երաշխավորներ: Միայն Ռուսաստանը բավարար չէ, եթե նույնիսկ Լավրովը շարունակի բողոքել, որ Ռուսաստանին չեն թողնում ԼՂ հարցը իր ցանկացածի պես լուծել:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2694

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ