Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ո՞վ կարող է կանգնեցնել Մասուդ Բարզանիին

Ո՞վ կարող է կանգնեցնել Մասուդ Բարզանիին
17.09.2017 | 10:06

Որքան քիչ ժամանակ է մնում մինչև սեպտեմբերի 25-ին նշանակված անկախության հանրաքվեն Իրաքյան Քրդստանում և վիճելի տարածքներում, այնքան պարզ է դառնում` Էրբիլին կանգնեցնելը շատ դժվար է, եթե ոչ անհնար: Քրդական կազմավորման ղեկավարությունը անտեսեց Իրաքի խորհրդարանի` հանրաքվեից հրաժարվելու պահանջը: Թեպետ պատգամավորները նախազգուշացրին «Իրաքի միասնականության սպառնալիքի մասին» և հանձնարարեցին վարչապետ Հեյդար ալ Աբադիին հանրաքվեն բեկանելու միջոցներ ձեռնարկել, Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարեց, որ «Քրդստանի ժողովուրդը չի ընդունում Իրաքի խորհրդարանի հրամանները, որը անտեսում է քրդերի ձայնը»: Այսպես ուրվագծվեց առաջին և գուցե գլխավոր ինտրիգը Բաղդադ-Էրբիլ հարաբերություններում: Երկրորդը Արևմուտք-Էրբիլ դիմակայությունն է: Նախկինում ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան ու ՄԱԿ-ը Բարզանիին ներկայացնում էին ինչ-որ «այլընտրանք» հանրաքվեի անցկացմանը` փորձելով հետաձգել քվեարկությունը: «Այլընտրանքի» մանրամասները չեն բացահայտվում: Ընդհանուր գծերով, եթե դատենք քրդական տեղեկատվական կայքերի հրապարակումներով, ամեն ինչ հանգում է երկու դրույթի: Առաջին` Բաղդադի ու Էրբիլի երկխոսության վերականգնում նոր պայմաններով: Երկրորդ` հանրաքվեի հետաձգում:

Բարզանին այդ առաջարկները հետևյալ կերպ մեկնաբանեց. «Ոչ մի այլընտրանք, որ կարող է փոխարինել անկախության հանրաքվեին, Քրդստանին չի առաջարկվել»: Նա նաև պատասխանեց ԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիայում ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Բրետ Մակգերկին, որ ասել էր. «Հանրաքվեն միջազգային լեգիտիմություն չունի»: Բարզանին հայտարարեց. «Հանրաքվեի լեգիտիմությունը բխում է Քրդստանի մարդկանցից, այլ ոչ թե դրսից»: Կա և երրորդ ինտրիգը` Էրբիլ-Անկարա-Թեհրան: Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը տեղեկացրեց, որ Անկարան մշակել է «արձագանքման ծրագիր, եթե Իրաքան Քրդստանում հանրաքվեում ընդունվի անկախանալու որոշում»: Առայժմ հայտնի չէ` ի՞նչ ծրագիր է մշակվել, թեպետ Թուրքիան ակնարկում է, որ կհայտնվեն «ավելի մեծ դժվարություններ տարածաշրջանում, որտեղ առանց այդ էլ շատ խնդիրներ կան»: Բինալի Յիլդիրիմն ընդգծեց, որ «Բարզանիի որոշումը, որ հրաժարվեց հանրաքվեն բեկանել, շատ վատն է, հայտնի է մեր զգայունակությունը Իրաքի տարածքային ամբողջականությունը պահպանելու հարցում, որի հետ մենք ունենք 350 կիլոմետր սահման: Մենք կհայտարարենք գործողությունների ծրագրի մասին այդ հարցով Ազգային անվտանգության խորհրդի և կառավարության նիստից հետո, սեպտեմբերի 22-ին»: Թեհրանը համանման դիրքորոշում ունի, թեպետ դեռ չի կոնկրետացրել: Բոլոր դեպքերում Թուրքիային ու Իրանին միավորում են ռեալ տագնապները, որ «քրդական փոթորիկը» իրենց էլ կհասնի, քանի որ երկու երկրների տարածքներում էլ ապրում են մեծ թվով քրդեր:


Առանձնահատուկ դիրքորոշում ունի Իսրայելը: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իսրայելը «աջակցում է քրդական ժողովրդի` սեփական պետականություն ձեռք բերելու օրինական ջանքերը»: Առավել կոնկրետ արտահայտվեց Իսրայելի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Յաիր Գոլանը. «Ես չեմ կարող ուրվագծել ճշգրիտ սահմանները, չեմ կարող ասել` ինչպե՞ս համատեղել ու, ընդհանրապես, հնարավո՞ր է համատեղել Իրանի, Իրաքի, Սիրիայի, Թուրքիայի քրդերին: Գուցե դա տեղի ունենա ոչ մեր դարաշրջանում: Չգիտեմ: Բայց հաշվի առնելով արևելքում Իրանին և անկայունությունը տարածաշրջանում, հաստատուն, կայուն, ամբողջական կազմավորում` քրդական կազմավորում այդ ճահճուտում վատ գաղափար չէ»:


Բայց ինչու՞ Էրբիլը հենց հիմա որոշեց անկախության հանրաքվե անցկացնել: Նախ` ունի ուժեղ զինված ուժեր, որ ԻՊ-ի դեմ պայքարում մարտական կոփվածք են անցել: Երկրորդ` ամրապնդել է տնտեսական բազան` Հյուսիսային Իրաքում գտնվող էներգետիկ հանքավայրերի վերահսկողության շնորհիվ, քրդերը հիմա ձգտում են ամրապնդվել Քիրկուկում: Ճիշտ է, մատակարարումները ուղղվում են Թուրքիա, որ կարող է փակել քրդերի եկամուտների այդ կարևոր ալիքը: Հնարավոր է` Էրբիլը հույս ունի, որ Արևմուտքը ինչ-որ կերպ կչեզոքացնի թուրքական գործոնը: Երրորդ` Իսրայելի մեծ համալսարաններից մեկի` Բար-Իլանիի անվան համալսարանի կապի ամբիոնի դասախոսի կարծիքով` Իրաքյան Քրդստանը զգում է Բաղդադի, Անկարայի ու Թեհրանի թուլությունը, որ «չեն հանդգնի հարձակվել», նույնիսկ եթե գիտակցում են, որ, Իրաքի վարչապետ Նուր ալ Մալիքի խոսքով` «ևս մեկ Իսրայել կարող է հայտնվել» Մերձավոր Արևելքում: Բայց «հասկանու՞մ են քրդերը, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ իրենց քայլերը ոչ միայն Իրաքի, այլև ամբողջ մերձավորարևելյան տարածաշրջանի համար,- հարց է տալիս իսրայելցի հայտնի քաղաքագետ ու հրապարակախոս Ավիգդոր Էսկինը:- Իրաքի օրինակով կարող են ոգևորվել քրդերը Թուրքիայում, Իրանում, Սիրիայում: Հենց քրդերի ակտիվությունը ժամանակին ստիպեց Թուրքիային ռազմական գործողություններ սկսել Սիրիայի տարածքում: Այնտեղ նույնպես հանգիստ չէ: Քրդերը 2016-ի մարտին հայտարարեցին իրենց ինքնավար շրջանը ստեղծելու մասին, իսկ հիմա պատրաստվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Քչերը գիտեն, որ Իրանի ներսում արդեն ռազմական գործողությունների են դիմում իրենց սեփական քուրդ ապստամբները: Իրանի զինվորականները հիմա զբաղված են քրդերի հետ բախումներով իրենց սեփական տարածքում և կարող են չցանկանալ կոնֆլիկտի գոտու ընդլայնում: Ինչ-որ ակտիվ գործողությունների կդիմի և Թուրքիան»: Այսինքն` խնդիրը բաց է դրվում` Իրաքյան Քրդստանի անկախություն ստանալու դեպքում, ինչպես կարծում է Ավիգդոր Էսկինը, «կարող է ծագել Սիրիայի դաշնային պետություն դառնալու, Թուրքիայի ու Իրանի բաժանման հարցը»: Ի՞նչ պիտի անի այս ամենի հետ Էրբիլը: Այսօր անգամ Վաշինգտոնն է նախազգուշացնում ինքնավարության քրդերին` հանրաքվեի անցկացումը «վիճելի տարածքներում հատկապես սադրիչ ու ապակայունացնող է»: Իսկ այդ ժամանակ կարող է պատերազմ սկսվել Բաղդադի ու Էրբիլի միջև: Ինչ էլ լինի` գրում է Քուվեյթի Al Rai Kuwait-ը, «երբ տարածաշրջանի վերաձևավորման գործընթացը անդառնալի դառնա, քրդերը Իրաքում ստիպված կլինեն պահպանել սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնելու ժամկետը»: Հետո կսկսվի հոգնեցուցիչ ու բազմամյա քաղաքական-դիվանագիտական պայքարը, որի ելքը դեռ չի երևում: Չի բացառվում, որ կձևավորվի նոր տեսակի կոալիցիա` Թուրքիա-Իրան-Սիրիա, որ հանդես կգա Իրաքյան Քրդստանի դեմ: Մի խոսքով` իրավիճակը Մերձավոր Արևելքում հերթական անգամ փոխում է իր բնութագիրը:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Իսկ նկատե՞լ եք, որ Իրաքյան Քրդստանի ինքնավարության ու հարակից քրդաբնակ տարածքներում առաջիկա հանրաքվեի մասին որևէ տեսակետ չի հայտնել Ռուսաստանը` ոչ նախագահի, ոչ վարչապետի, ոչ ԱԳՆ-ի մակարդակով: Չի կարող այդ տարածքը Ռուսաստանին չհետաքրքրել, առավել ևս որ հանրաքվեին հաջորդող իրադարձությունները կարող են իսկապես Մերձավոր Արևելքում նոր պատերազմ սկսել: Բաղդադի ու Էրբիլի միջև: Անկարայի ու Էրբիլի միջև: Թեհրանի ու Էրբիլի միջև: Եվ Ռուսաստանը վաղ թե ուշ պետք է իր դիրքորոշումը հայտնի: Ակնհայտ է, որ Մոսկվան լուռ խրախուսում է Էրբիլին, այլապես «Ռոսնեֆտը» բազմամիլիոնանոց գազային պայմանագիր չէր կնքի Էրբիլի հետ` պայթյունավտանգ տարածաշրջանում, երբ դեռ նույնիսկ փաստ չէ, որ Էրբիլը կկարողանա հաստատվել Քիրկուկում ու Հյուսիսային Իրաքի նավթաշատ տարածքներում: Քրդական հարցը նոր չի ծագել և ինչ-որ լուծում պիտի ստանա: Բայց անկախությունը հռչակել և անկախանալ շատ տարբեր երևույթներ են` թույլ կտա՞ն Էրբիլին անկախանալ իրականում, թե՞ հիմա էլ Մերձավոր Արևելքում գերտերությունների հակասությունները կտեղափոխվեն Սիրիայից Իրաք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1593

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ