Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իսկ ու՞ր էր վարչապետը

Իսկ ու՞ր էր վարչապետը
19.09.2017 | 10:45

Երեկ Մարզահամերգային համալիրում Հայաստան-Սփյուռք հերթական համաժողովն էր: Համահայկական: Վեցերորդ: «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով: Առաջին անգամ համաժողովին մասնակցում են Եթովպիայի, Սուդանի, Մալայզիայի ներկայացուցիչները: 1800 հայ` 71 երկրից: ԱՄՆ-ից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Իրանից, Ռուսաստանից, Վրաստանից, Թուրքիայից և Արցախից: Ներկա էին ՀՀ և ԱՀ նախագահները, Ամենայն հայոց կաթողիկոսն ու Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը: ՀՀԿ-ն իր ամբողջ կազմով: Համաժողովը շարունակվում է: 3 լիագումար նիստերից բացի` 4 ուղղություններով նախատեսված են 16 թեմատիկ նիստեր, որ վերաբերում են Հայաստանի տնտեսության զարգացմանը (ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն), տարածաշրջանային մարտահրավերներին և ազգային անվտանգության օրակարգին, արտաքին քաղաքականության օրակարգին, Հայոց ցեղասպանության հետևանքների վերացմանը և հայապահպանության հիմնախնդիրներին:
Համաժողովի մեխն էլ համահայկական խորհուրդ ստեղծելու գաղափարն է:


Եղան, իհարկե, հոգեցունց ելույթներ, լացացնող ու խոստումնալից: Օրինակ, Արամ Առաջինը խորապես հուզեց, այնքան, որ չհասկացվեց` ի՞նչ էր ուզում ասել իր հնչեղ ձայնով: ՈՒ ասա՞ց: Ի՞նչ: «Ավելի քան 25 տարիների մեր փորձառության լույսի տակ, փոխադարձ վստահությունն ու պատասխանատվությունը, ավելի ճիշտ է ասել՝ հավաքական պատասխանատվությունը, գեղեցիկ լոզունգից անդին՝ կյանքի պետք է վերածվի՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում դերերի հստակեցումով, առաջնահերթությունների ճշտումով ու գործակցությանը նոր որակ տալով»: Այո՞, նո՞ր, թե՞ մի քսան տարի առաջ պիտի արվեր: Կաթողիկո՞ս պիտի լինես, որ ասես. «Եկեք լինենք իրապաշտ ու անկեղծ։ Հայաստանը պարպվում է, իսկ Սփյուռքը՝ մաշվում։ Այս վտանգալից իրականության դիմաց պատահական նախաձեռնությունները չեն կարող մեր տագնապները լուծել և վերքերը դարմանել»: Ո՞վ չգիտեր, որ «Անհրաժեշտ է Հայաստան-Սփյուռք գործակցությունը դուրս բերել պատահական տնտեսական ներդրումների ու տուրիստական այցելությունների շրջագծից և դարձնել մեր ազգային քաղաքականության կարևոր հիմքերից մեկը»:


Ո՞վ չգիտեր, որ «Եթե Հայաստանի տնտեսության զարգացումը ընթանա համրաքայլ, և փտածության առաջն առնելը դառնա դժվար, և մյուս կողմից՝ եթե ժողովրդի կենսամակարդակը չդառնա գոհացուցիչ, արտագաղթը նույն թափով կարող է շարունակվել, և աղքատությունը դառնալ աղբյուր ամեն տեսակի ընկերային ու բարոյական չարիքների»: Լավ, ինչքան կարելի է այդ լոլոները լսել ու արցունքակալվել, որ ի՞նչ: Կարծես ծարավին ասեն` ծարա՞վ ես, ջուր խմիր: Իսկ ծարավն անապատում է, ջուրն էլ վերջացել է վաղուց: ՈՒ եթե վեհաժողովի խորագրի մեջ կա նաև «պատասխանատվություն» բառը, ու՞մ է վերաբերում: Ելույթ ունեցողը իր խոսքի բովանդակության համար պատասխանատու չէ՞: Բայց Արամ Առաջինը միակը չէր: Դժբախտաբար` ոչ էլ վերջինն է լինելու: ՈՒ ընդհանրապես` ի՞նչ ունի Հայաստանը սփյուռքին ասելու: Գործնականում` ոչինչ: «Թղթածրարը» դատարկ է: Որովհետև այն, ինչ ասվում է, ասվել է վաղուց ու ասվում է անընդհատ, ու` ի՞նչ: Ի՞նչ ունի սփյուռքը Հայաստանին ասելու` նույնը: Արդեն քանի տարի համաժողովները վերածվել են հայրենասիրական թեմայով զբոսաշրջության: Գալիս են, լավ են անում, ճիշտ են անում, հանդիպում են իրար, ծանոթանում են, խոսում են իրենց խնդիրներից, հայրենիքի սիրուց ու ապագայից, բողոքում են, բացահայտում են, խոստանում են, հուսահատվում ու հուսավառվում են: Հետո՞: Վերադառնում են իրենց գործին` հայրենիքին մեջ քանի մը հարցազրույց տված, քանի մը լուսանկար ըրած, քանի մը, քանի մը… Արդյունքը ո՞րն է: Հայաստան-Սփյուռք միասնականության ցուցադրու՞մը: Երբ պետք է, այդ միասնականությունը կա` առանց ցուցադրության ու առանց քաղաքական ծեքծեքումների: Գործնականում` Հայաստանի Հանրապետությունը միայն մեկ անգամ է իր սփյուռքի առաջ խնդիր դրել` կոնկրետ ու պարզ, երաշխիքներով, որ տնկած ծառը ջրվելու է ու բերք է տալու, պտուղն էլ լինելու է իսկապես միասնական, վստահությունն էլ չի ազդարարվելու, գործելու է: Բայց դա անցյալ դարում ու անգամ անցյալ հազարամյակում էր` 1999-ին: Երբ կիսաքնած դահլիճում վարչապետ Վազգեն Սարգսյանը սկսեց խոսել, բոլորն արթնացան, անհարմար աթոռների մեջ փլված մեջքներն ուղղվեցին-ուղղվեցին, հետո լարի պես ձգվեցին ու առանց պայմանավորվածության, առանց իրար նայելու, մեկ էլ սկսեցին ոտքի կանգնել իրար հետևից: Անհասկանալի-անբացատրելի, համարյա տեսանելի միասնականություն էր ստեղծվում բառ առ բառ, խոսողը Վազգենը չէր, ծրագիր ներկայացնողը վարչապետը չէր, իրենք էին ու իրենց խոսքն էր տարածվում դահլիճի կամարների տակ, որից դուրս ու ներս Հայրենիքն էր, որ սիրում էր իրենց ու… Հարցեր չկային, գործ անելու ցանկություն, իմաստ ու նպատակ կար: Վազգեն Սարգսյանը գնացել էր արդեն, իսկ փայլուն աչքերով հայերը նայում էին իրար ու նրան էին տեսնում: ՈՒ այդ օրը քանի հարցազրույց վերցրի, առաջին բառերը կրկնում էին իրար` «Վարչապետն ըսավ…»:

Ես անկեղծորեն չէի հասկանում, թե ի՞նչ «ըսավ», որ 21-րդ դարը մե՞րն է լինելու, լավ, ո՞վ չգիտի, որ 20-րդ դարն ավարտվեց, 21-րդն է սկսվելու: Մե՞րն է լինելու, իսկ ու՞մը չի լինելու: Որ «ըսել-չըսելու» ժամանակը չէ՞: Ո՞վ չգիտեր: Սպասել-չսպասե՞լ: «Ինչի՞ն սպասել: Հայաստանի տնտեսության վերջնական կանգառի՞ն… Հայաստանի հայաթափմա՞նը, թե՞ մինչև աղանդավորներն առաքելականներիցս մեծ թիվ կկազմեն… Ինչու՞ չըսել… Կան հարցեր, որ Հայաստանը պիտի Սփյուռքին ըսե, կան հարցեր, որ Սփյուռքը պիտի առանց կաշկանդվելու Հայաստանին ըսե: Եվ որպեսզի ըսել-չըսելը համակարգվի, համազգային վստահության որևէ մարմին անպայման պիտի ծնվի: Եվ որքան շուտ, այնքան լավ: Երբ մենք միասին ենք, պիտի զգուշանանք միայն մեր ցանկություններից, քանզի նրանք իրականանում են: Սարդարապատից սկսած մինչև Արցախի հերոսամարտը մեզ օրինակ, Գորիս-Լաչին մայրուղին, 907 բանաձևի էպոպեան մեզ օրինակ: Ցավոք, շատ ավելի շատ են հակառակ օրինակները: Խոստացա էմոցիոնալ չլինել ու չստացվեց: Եվ չի ստացվելու, քանի դեռ ձեր խոնարհ ծառան բարգավաճ երկրի վարչապետ չէ, քանի դեռ հայ ժողովուրդը չի ապրում իր տառապանքին ու տաղանդին արժանի կյանքով: Հուսով եմ, որ 2001-ին, երբ 1700-ամյակի կապակցությամբ մենք նորից կհավաքվենք, իրավիճակն անհամեմատ շատ ավելի լավ կլինի: Սա մեր շանսն է, մենք համատեղ և գեղեցիկ պիտի շուռ տանք պատմության 20-րդ էջը: Ես լավատես եմ»:


Իսկ հիմա համեմատեք երեկ հնչած ելույթների հետ ու ասեք` քանի՞ խնդիր է լուծված ու ի՞նչ է փոխվել: Որ հանկարծ հանգել են «համահայկական խորհուրդ ստեղծելու գաղափարի՞ն»: Ասել է թե` համազգային վստահության այն մարմինը, որի մասին ասում էր Վազգեն Սարգսյա՞նը: 1999-ի սեպտեմբերի 23-ին: Բայց նա ասում էր` պիտի ծնվի, ոչ թե ստեղծվի: Իսկ թե ինչ տարբերություն կա ծնվելու ու ստեղծվելու միջև, ամբողջ 21-րդ դարը ձեզ օրինակ, երբ միայն ստեղծում ու ստեղծում ենք, բայց ոչինչ չի ծնվում: Եզրակացությունները թողնում եմ ձեզ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ ու՞ր էր երեկ ՀՀ վարչապետը: Չէի՞ն հրավիրել: Թե՞ Ռուսաստանի պատվիրակության մեջ «ներդրողների ակումբից» մարդ չկար` չէր եկել: Թե՞ ասելիք չուներ համահայկականին: Պարզապես: ՈՒ` ընդհանրապես: Իսկ գուցե նա լավատես չէ ու զբաղված էր Հայաստանում ռուսերենի ուսուցման հայեցակարգն անձամբ մշակելով: Հետո ինչ` Լևոն Մկրտչյանին է հանձնարարված, ո՞ր մի ՀՀԿ-ականն է կարևոր գործը վստահում ՀՅԴ-ականին:

Դիտվել է՝ 2811

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ