Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից կրկին սպառնաց Հայաստանին

Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից կրկին սպառնաց Հայաստանին
21.09.2017 | 10:19

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանում իր ելույթը սկսեց ղարաբաղյան խնդրից՝ սպառնալով վերստին ուժի դիմել, ինչպես մեկ տարի առաջ՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ: «Ադրբեջանը հավատարիմ է խնդրի խաղաղ կարգավորմանը, միևնույն ժամանակ, պաշտպանելու է իր քաղաքացիներին, եթե հայկական կողմի ռազմական սադրանքները շարունակվեն»,- հայտարարեց Ադրբեջանի նախագահը:- Եվ եթե կարիք լինի, մենք կրկին կպատժենք ագրեսորին, ինչպես արեցինք 2016 թվականի ապրիլին»:


Անցած տարվա պատերազմի պատասխանատվությունն ու նախաձեռնությունը դնելով հայկական կողմի վրա՝ Ալիևը միջազգային համայնքին հավաստիացրեց՝ «ադրբեջանական բանակին հաջողվել է ռազմական այդ գործողությունների ժամանակ որոշ տարածքներ ազատագրել Ղարաբաղի հարակից երեք շրջաններում»: Անտեսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շարունակական հորդորները՝ ռազմական հռետորաբանությունից խուսափելու մասին, Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից կրկին սպառնաց՝ հաջորդ հարվածը կարող է առավել ցավագին լինել:
15 րոպե շարունակված ելույթը լի էր հայկական կողմի ու Հայաստանի նախագահի հասցեին մեղադրանքներով՝ բռնապետությունից մինչև ֆաշիզմ: Քննադատության որոշ չափաբաժին էլ հասավ միջազգային համայնքին՝ երկակի չափանիշներ կիրառելու և Հայաստանի նկատմամբ մեղմ քաղաքականություն բանեցնելու համար:


«Առաջատար միջազգային կազմակերպությունները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորս բանաձև են ընդունել՝ պահանջելով անհապաղ դուրս բերել հայկական զորքերը Ադրբեջանի տարածքներից: Հայաստանը արդեն 22 տարի է՝ անտեսում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այդ բանաձևերը, և, ցավոք սրտի, չի պատժվում դրա համար: Որոշ դեպքերում Անվտանգության խորհրդի բանաձևերի իրագործումը օրերի հարց է դառնում, մեր դեպքում՝ արդեն 22 տարի ոչինչ չի փոխվում: Սա անընդունելի է»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:


Չնայած կոռուպցիայի ու մարդու իրավունքների ոտնահարման մասին իրավապաշտպանների ու միջազգային կազմակերպությունների շարունակական ահազանգերին՝ Ալիևը հավաստիացրեց՝ Ադրբեջանը ժամանակակից, կայուն ու ժողովրդավար երկիր է: «Հիմնարար բոլոր իրավունքները մեր երկրում երաշխավորված են, այդ թվում՝ խոսքի ու հավաքների ազատությունը»,- հայտարարեց Ադրբեջանի նախագահը` չանդրադառնալով իր հասցեին հնչող քննադատությանը՝ լրագրողներին ազատազրկելու, ընդդիմախոսներին բռնի ճնշելու, բռնապետական կառավարումն ամրապնդելու վերաբերյալ:

Դիտվել է՝ 548

Մեկնաբանություններ