Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թղթածրարներ` գզրոցներում

Թղթածրարներ` գզրոցներում
22.09.2017 | 01:38

Կապույտ երկինք` բազմածալ ամպերով, հազարամյա ափերը ծեծող Միջերկրականի տաք ու պաղ ջրեր, աշխարհի բոլոր ուղղություններով ձգվող մայրուղիներ, որտեղ գիշեր-ցերեկ չի դադարում երթևեկը` սա Հայաստանը չէ: Բերրի սևահողեր ու անծայրածիր տափաստաններ` շրջապատված խիտ անտառներով` սա Հայաստանը չէ: Գլխապտույտ բարձրությամբ շքեղ շենքերով` բազմամիլիոնանոց քաղաքներ, որտեղ օդը ներծծված է նավթի ու գազի հոտով` սա էլ Հայաստանը չէ: Սահմանների մեջ սեղմված ու նոսրացող, սառը ջրերի ու բարձր ժայռերի հետ հարազատացած, բերդերը քանդած` եկեղեցիներ կառուցած, անսահման հոգնած ու ավելի անսահման` փոփոխությունների սպասող, շագրենի կաշվի պես մեծացող ու փոքրացող տարածք է Հայաստանը, որ ոմանք համարում են երկիր, ոմանք` հայրենիք, ոմանք` պետություն: Թեպետ իրենք էլ երկրի, հայրենիքի, պետության տարբերությունները չգիտեն: Զգում են: Այս տարածքում զգացողությունն ու գիտակցությունը չեն հանդիպում, զուգահեռվում են` կենսական դարձրած անցյալը, անկարևոր` ներկան, անհաստատ` ապագան:


Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովը Երևանում դասական ձեռնարկ էր` ախտորոշելու հայերի մտածողությունը, խնդիրները, վիճակն ու որակը: Ընդամենը` ախտորոշելու, մեր մեծամասնության մեջ հայերս պատրաստ չենք ոչ միասնականության, ոչ վստահության, ոչ պատասխանատվության: Պատրաստ ենք ոգեշունչ ու դատափետող խոսքի, երազելու ու ծրագրելու, խոստանալու ու հեռանալու: Գործելու համար պակասում են խելահեղությունը, տրամաբանությանը դեմ գնալու կամքը, ողջամտությունն ու մանրակենցաղությունը խեղդում են նպատակին հասնելու խենթությունը: Բուժման տարբերակներից ընտրում ենք ամենաանարդյունավետը` ժամանակը կբուժի: Ժամանակը չի բուժում, սառը նշտարով հատում է հնարավորությունները, բայց ոչ մի հիվանդ համաձայն չէ ընդունել իր իրական վիճակը` տրվելով խաբուսիկ ինքնազգացողության պատրանքին: Մենք մոռանում ենք, որ աճում են տնկած ծառերը, ծրագրերի մեջ ապրող ծառերի պտուղները թղթի համ ունեն ու չեն կշտացնում:


Երեք տարի առաջ նույնն էր` Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովում էլ եղան սքանչելի ելույթներ, առաջարկներ, խոստումներ, քննադատություն ու խորհուրդներ: ՈՒ ի՞նչ: Այս տարի համաժողովին ներկա էին Եթովպիայի, Սուդանի, Մալայզիայի ներկայացուցիչները: Առաջին անգամ: 1800 հայեր` 71 երկրից եկել էին Հայաստան` մասնակցելու «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի 3 լիագումար նիստերին, 4 ուղղություններով 16 թեմատիկ նիստերին` Հայաստանի տնտեսության զարգացմանը, տարածաշրջանային մարտահրավերներին և ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը, Հայոց ցեղասպանության հետևանքների վերացմանը և հայապահպանության հիմնախնդիրներին նվիրված: Երկու օր առաջ ավարտված համաժողովում գլխավոր հարցեր դարձան Ղարաբաղը, տնտեսության վիճակը և Հայաստանի ապագա վարչապետի անձը: Պաշտոնական ելույթում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ինչպես միշտ` հանգամանալից, ներկայացրեց սկիզբը, ընթացքը ու վիճակը ղարաբաղյան հակամարտության` շեշտելով, որ հակամարտությունը պիտի հանգուցալուծվի բացառապես խաղաղ բանակցային միջոցներով, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման միջազգային ճանաչման միջոցով, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորմամբ, բանակցային գործընթացում Հայաստանի պատասխանատու, կառուցողական քայլերով, պայմանավորվածությունների անշեղ իրականացմամբ, բանակցային գործընթացին Արցախի լիակատար մասնակցությամբ, Արցախի ու նրա ժողովրդի իրավունքների մասին միջազգային իրազեկվածության բարձրացմամբ: Յուրաքանչյուր կետի ներկայացմանը նախարարը կցում էր Ադրբեջանի քաղաքականության վերլուծությունը, որ ընդհանրության մեջ անհնար է դարձնում ԼՂ հարցի լուծումը:

Դա քննարկման թեմա չդարձավ, հարցերին պատասխանելիս` տարածքների վերադարձի վերաբերյալ նա ասաց. «Խոսքը այն տարածքների մասին, է, որոնք անվտանգության իմաստով սպառնալիք չեն լինի թե Ղարաբաղին, թե ընդհանրապես այս հանգուցալուծմանը»: Փաստացի` նոր ոչինչ: Բայց ալիքը գնաց: Հողերը հանձնելու ալիքը: Այնքան, որ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հետո ստիպված էր բացատրել. «Ոչ ոք ոչ ոքի ոչ մի տարածք չի տալիս: Այն փաթեթը, որը մեզ ներկայացրել էին միջնորդները, դրա երկու տարրի նկատմամբ նախարարը բարձրացրել է պահանջները: Ինչու՞ է դա այդպիսի իրարանցում առաջացրել՝ չեմ հասկանում: Ավելին, երեկ նախարարը նաև ասաց՝ առաջընթաց չի կարող լինել՝ առանց Արցախի մասնակցության: Սա է եղել ասվածը»: Գուցե դիվանագիտական խայծ էր, գուցե Նյու Յորքում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից առաջ պիտի հնչեր` համանախագահների համար: Այս համաժողովում Հայաստանը երկչոտ փորձեր արեց հրապարակավ սփյուռքին ուղղորդել Ղարաբաղ` ցեղասպանության խնդրից առաջ ու հետո: Մինչդեռ վաղուց ժամանակն է, որ սփյուռքը կենտրոնանա ներկայի ու ապագայի վրա` անցյալի լիիրավ պահանջատիրոջ ձայնը պիտի խնդրողի ու բացատրողի չլինի: «Ոչ ոք չի պահանջում Սփյուռքից հրաժարվել Ցեղասպանության ճանաչման հարցից։ Ընդհակառակը՝ խելամիտ չէ կամ-կամ դնել այս երկու հարցերի միջև»,- ասաց Շավարշ Քոչարյանը:


Համաժողովի երկրորդ օրը ելույթ ունեցավ վարչապետ Կարեն Կարապետյանը` ասելով. «Մենք միմյանցից նեղանալու իրավունք չունենք: Պետք չէ վատից կառչել: Եթե նույնիսկ ամեն մեկը չունի մեղքի բաժին, մեզնից ամեն մեկը կարող է մի փոքր ավելին անել: Մեզ առաջադեմ և զարգացած երկիր է պետք, որը աշխարհի բոլոր հայերին ձգող կենտրոն կդառնա: Մենք չպետք է պատրանքներ ունենանք: Անհրաժեշտ է դրանք հաղթահարել և պատկերացնել, թե ինչպիսի վիճակում ենք և ինչ կարող ենք անել: Անհրաժեշտ է միավորել բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն իրենց հայրենիքի և ժողովրդի նկատմամբ»: Հարցուպատասխանից էլ պարզ դարձավ, որ «ԵԱՏՄ-ում մենք ընկերություն ենք անում ոչ ի վնաս այլ հարաբերությունների: ԵԱՏՄ-ն շատ պարզ տնտեսական հարթակ է, ակումբ, որտեղ հինգ երկիր պայմանավորվել են այդ ակումբում աշխատող կանոնների մասին: Եվ այն ցուցանիշները, որոնք մենք հրապարակում ենք՝ արտահանում, ներմուծում, տնտեսական աճ, հենց հանդիսանում են այդ քաղաքականության հետևանք»: Որ Հայաստանը մեծ շուկայի մաս է, իսկ երկրի հիմնական արտադրությունը պատմականորեն հիմնված է այդ շուկաների վրա: «Այնպես չէ, որ մենք շատ առաջարկներ ունենք այլ շուկաներում, բայց այնպես էլ չէ, որ մենք այլ շուկաներին վնաս ենք տալիս»: Որ ներդրողներին ասում են. «Հայաստանում ներդրում կատարելով իրենք մտնում են կամ ԵԱՏՄ 180-միլիոնանոց շուկա, կամ Իրանի 80-միլիոնանոց շուկա, կամ ԵՄ շուկա: Բազմաթիվ եվրոպացիներ կան, ովքեր ուզում են գալ այստեղ, որ ԵԱՏՄ շուկա մտնեն: Ավելին, ԵԱՏՄ-ում լինելու են կառույցներ, որոնք գալու են այստեղ, որ մեր GSP+ համակարգից օգտվելով՝ Եվրոպա մտնեն, Իրանի հարթակն օգտագործեն»: Պարզվեց` «6,.2 տոկոս տնտեսական աճ ենք արել, 12,7 տոկոս արդյունաբերության աճ ենք արել, 22 տոկոս արտահանման աճ ենք արել, 28,5 տոկոս ներմուծման աճ ենք արել։ Բավարա՞ր է դա, որ մենք՝ բոլորս, լավ զգանք մեզ։ Ոչ։ Ավելին, որևիցե երկիր չկա, որ բոլորը բավարարված լինեն, որովհետև յուրաքանչյուր քաղաքացի, իր կյանքի որակը փոխելով, իր պահանջներն էլ է փոխում»:

Եթե ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ վարչապետն ասաց, որ ինքը նախագահին վարչապետ դառնալու համոզողների մեջ չկա, համաժողովում հարցուպատասխանի ժամանակ նրանից կորզեցին «այո»` ուզու՞մ եք վարչապետ մնալ հարցին, համենայն դեպս` քանի դեռ ՀՀԿ պաշտոնական որոշում չկա: Հայաստանի ներքին կյանքը տակնուվրայելու համար այդ «այո»-ն բավարար էր, ՀՀԿ-ն դրվեց ջուրը չտեսած` բոբիկացածի վիճակում ու գնալու է նոր ալիք` «Ո՞վ, եթե ոչ Սերժ Սարգսյանը» սկզբունքով: Բայց պե՞տք է դա նրան: ՀՀԿ-ականների փառաբանությունը հակառակ ազդեցությունն է ունենում թե ներսում, թե դրսում: Իսկ սփյուռքահայե՞րը: Նրանք անփոփոխ նույն հույսերն ու նույն տրտունջներն ունեն` կկարողանան հայրենիքում բիզնես անել, երբ օրենքներն աշխատեն, չլինի կոռուպցիա, արդար դատարաններ լինեն, մենաշնորհներ չլինեն: Այդ պայմաններում ո՞վ չի կարողանա: Միով բանիվ` նրանք կլուսանկարվեն ու կվերադառնան տուն` մինչև Հայաստանում լավագույն ժամանակներ գան: Այդպես եղել է ու կլինի: Համաժողովները սքանչելի են` իրար անծանոթ մարդիկ գալիս են, շփվում են միմյանց հետ, կենաց են բարձրացնում հանուն Հայրենիքի, հարցազրույցներ են տալիս, պատմում են իրենց խնդիրների մասին, 85 միլիոն դրամ արժեցած համաժողովը չլիներ, նրանք կյանքում իրար գուցե չհանդիպեին: Իսկ արդյու՞նքը: Ո՞րն է արդյունքը: Այդքան հանդիպումներից, նիստերից ու քննարկումներից քանի՞ կոնկրետ ծրագիր` կոնկրետ նպատակով ի հայտ եկավ: Սփյուռքահայերին առանձնապես չոգևորեց և Համահայկական խորհրդի ստեղծումը, որի նպատակը «ընդհանուր ուժերի կենտրոնացումը և այդպիսով եղած ռեսուրսների ճիշտ բաշխումն է»` ինչպես ասաց նախագահ Սերժ Սարգսյանը` բացատրելով, որ «ինչ կառույց էլ ստեղծենք, գալու է փոխլրացնելու, զորավիգ լինելու Հայաստանի պետականությանը», «կոչված չի լինելու փոխարինելու կամ մրցակցելու սփյուռքում արդեն գոյություն ունեցող կազմակերպական կառույցներին: Այս գործընթացի նպատակը ոչ թե արդեն ավանդաբար ձևավորված կառույցների փոխարեն նոր կառույց ստեղծելն է, այլ արդեն գոյություն ունեցող կառույցների, սփյուռքի վառ և ճանաչված անհատ ներկայացուցիչների համար ընդհանուր հարթակ ձևավորելը»: Չոգևորեց, թերևս, նաև այն պատճառով, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի «Թղթածրարը» այդպես էլ չկազմվեց, թեև համահայկականորեն էր խոստացվել: 2040-ին 4-միլիոնանոց Հայաստանի հեռանկարն էլ չգայթակղեց, համենայն դեպս` ներգաղթի հաշվին: Նախ պետք է մտածել սոցիալ-տնտեսական իրավիճակը բարելավելու մասին` ապրելու տեղի ու աշխատատեղի` սա էր ընդհանրական պատասխանը։ Ճիշտ պատասխան էր, բայց եթե այդ ամենը լինի, ինչի՞ մասին է խոսքն ընդհանրապես: Եվս քանի՞ տարի Հայաստանը պիտի իր սփյուռքից փող ուզի, իսկ սփյուռքը Հայաստանից` իշխանություն: Որևէ մեկը հաշվե՞լ է, թե 2040-ին քանի՞ միլիոն բնակիչ կունենան Թուրքիան, Ադրբեջանը, Իրանն ու Վրաստանը` 4-միլիոնանոց Հայաստանի կողքին, կլինի՞ ժողովրդագրական հավասարակշռություն տարածաշրջանում: Թե՞ դա 7-րդ համահայկականի «թղթածրարում» է լինելու ու բացվելու է նույնքան հանդիսավոր: ՈՒ` անարդյունք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Վստահության, միասնականության և պատասխանատվության մասին: Սփյուռքի ու Հայաստանի հարաբերություններում երեքն էլ կլինեն, երբ լինեն Հայաստանում: Կա՞ն: Վստահության արտահայտությու՞ն էր 6-րդ անգամ միմյանց անհող ու անհոգի կոչեր ուղղելն ու հրապարակավ միմյանցով հիանալը, հնարավորությունների ու ցանկությունների մասին խոսելը` մինչև հաջորդ համաժողով: Միասնականության արտահայտությու՞ն էր, որ համաժողովին չէր մասնակցում Հայաստանի ընդդիմությունը` ոչ խորհրդարանական, ոչ արտախորհրդարանական: Ի՞նչ աշխարհացունց ելույթներ ու հայտարարություններ էին անելու, որ հրավիրված չէին: Փոխարենը ներկա էր ՀՀԿ-ն ամբողջ կազմով, համաժողովը ՀՀԿ-Սփյուռք, թե՞ Հայաստան-Սփյուռք շրջագիծն ուներ: Պատասխանատվության արտահայտությու՞ն էր, որ համաժողով էր հրավիրվում հենց այն օրը, որ պաշտոնապես, կառավարության որոշմամբ հայտարարվել էր Մեռելոց: Այդպես հարգում ենք հանգուցյալների հիշատա՞կը, թե՞ կառավարության որոշումը: ՈՒ եթե մենք ենք այդպես վերաբերվում մեր որոշումներին, ինչպե՞ս պիտի սփյուռքը վերաբերվի: Պետք չէ՞ր հարգել գոնե քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը, թե՞ վստահության, միասնականության և պատասխանատվության զորահանդեսում զինվորները չեն գլխավորը: Իսկ գեներալները նրանց հիշում են միայն կռվի դաշտում:

Դիտվել է՝ 1049

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ