Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Մեր բանակը կապահովենք անարատ մսով, կաթով, կարագով և պանրով»

«Մեր բանակը կապահովենք անարատ մսով, կաթով, կարագով և պանրով»
22.09.2017 | 03:29

Եվ կրկին ճանապարհվեցի Գավառ, հասկանալու համար` արդյո՞ք «Բարեկամություն» ԲԲԸ-ում տեղաշարժ կա, չէ՞ որ «Իրատեսի» 2017-ի հուլիսի 25-ի համարում հիմնարար նյութ էր հրապարակվել` «Բարեկամություն» ԲԲԸ-ն բարեկամաբար բացել է դռները» վերնագրով։ Անկեղծ ասած, այցը ՀՀ կառավարության վերջին նախաձեռնության լույսի ներքո իրականացավ. գյուղատնտեսական ոլորտի խորհրդատվական ծառայությունների իրականացման համար «ՀՀ բյուջեի մասին» օրենքով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է 360 մլն 361 հազար դրամ։ Իսկ «Բարեկամություն» ԲԲԸ-ն, որն առաջատար ձեռնարկություն էր տարածաշրջանում և գյուղատնտեսական գործիքներով լիացնում էր Հայաստանը (խորհրդային տարիներին էլ արտադրանքն արտահանում էր Վրաստան և Ադրբեջան), 2014-ից գրեթե պարապուրդի է մատնված։ Ինչպես խոստովանում է ընկերության հիմնադիր և նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վասիլ Հակոբյանը, մինչև 2014-ն իրենց արտադրանքը սպառվել է, սակայն վերջին 2-3 տարիներին մնում է պահեստում։ ՀՀ կառավարությունը, վարկային պարտավորություններ ստանձնելով, գյուղտեխնիկա է ձեռք բերում Բելառուսից, Չինաստանից և Ճապոնիայից, որոնք անորակ են և արագ դուրս են գալիս շարքից։ Այնինչ տիար Վասիլի գլանիչ-հարթող մեքենան, որը 2-3 անգամ մեծացնում է հողամշակման արտադրողականությունը, մինչ օրս գյուտի կարգավիճակում է։ Մի խոսքով, հասկանալի էր մտադրությունս` գուցե գյուղնախարարության խորհրդատվությա՞մբ է սայլը տեղից շարժվելու։ Մտադրությունս կյանքի կոչեցի` զրուցելով ՎԱՍԻԼ ՀԱԿՈԲՅԱՆԻ և նրա գործընկեր, «Իրատեսի» հեղինակ, տեխնիկական գիտությունների թեկնածու ՍՏՅՈՊԱ ԽՈՅԵՑՅԱՆԻ հետ։

«ՎԱՐԿԱՎՈՐՄԱՄԲ ԱՅՍՕՐ ԱՆՀՆԱՐ Է ԹԵԿՈՒԶ ՄԵԿ ՔԱՅԼ ԱՌԱՋ ԳՆԱԼ»


-Հարգարժան պարոն Հակոբյան, խնդրում եմ ծանոթանաք «Լուսանցք» շաբաթաթերթում հրապարակված «Մեր սովետական գյուղտեխնիկան» նյութին, որում թերթի խմբագիր Արմենուհի Մելքոնյանը զրուցել է ՀՀ գյուղնախարար Իգնատի Առաքելյանի հետ։ Ձեզ եմ ներկայացնում նախարարի պատասխանից մի փոքրիկ հատված. «Գյուղտեխնիկան կմատակարարվի ԵԱՏՄ անդամ և այլ երկրներում գյուղատնտեսական տեխնիկա արտադրող հայտնի ընկերություններից, որը հնարավորություն կտա նաև առաջիկայում Հայաստանում ձևավորել գյուղատնտեսական տեխնիկայի սպասարկման կենտրոններ»։ Ձեր կենտրոնը ՀԽՍՀ-ում գործող 37 կենտրոններից միակն է, որ պահպանվել է և պատրաստ է սպասարկելու ողջ հանրապետությանը։ Բայց գուցե ՀՀ կառավարությունում և ՀՀ գյուղնախարարությունում ծանոթ չե՞ն մեր նախորդ հրապարակումներին և տիար Խոյեցյանի հիմնավոր առաջարկություններին։ Վերստին ծանոթացնենք։
-Վարկավորմամբ այսօր անհնար է թեկուզ մեկ քայլ առաջ գնալ։ Եթե մենք վարկ վերցնենք, նշանակում է` մեկ տարի անց ստիպված կլինենք առհասարակ լուծարվել, քանի որ վարկով ձեռք բերած անորակ տեխնիկան ստիպված կլինենք մաս-մաս վաճառել։ Այնինչ մեր արտադրած գյուղտեխնիկան բոլոր չափորոշիչներով գերազանցում է չինական տեխնիկային, ավելի որակով է, ավելի էժան, շատ ավելի դիմացկուն և հարմարեցված է Հայաստանի քարքարոտ հողերը մշակելուն։ Ինչու՞ են Չինաստանից գյուղտեխնիկա ներկրում, ո՞րն է տրամաբանությունը, կարո՞ղ ես ինձ ասել։
-Անհնար է, քանզի մեր տնտեսական քաղաքականության մեջ գործում է հակատրամաբանությունը։ Հետաքրքիր է, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը երբևէ այցելե՞լ է «Բարեկամություն» ԲԲԸ։
-Երբե՛ք։
-Պարոն Խոյեցյան, ներկայացրեք Ձեր մոտեցումները։
-Ինչ խոսք, շեշտը պետք է դրվի տեղական արտադրանքի վրա։ Եթե ունենք գյուղտեխնիկա արտադրող կազմակերպություն, ինչու՞ ենք գյուղտեխնիկա ներկրում ԵԱՏՄ-ից և Չինաստանից։

«ՅՈԹ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՑ ԺԱՄԱՆԵՑԻՆ ԵՎ ԶԱՐՄԱՑԱՆ»


-Գիտե՞ք, ինձ շարունակ թվում է, որ այսօր կա երկու ՀՀ` իրականը, որտեղ մենք ենք ապրում, և թվացյալ Հայաստանը, որտեղ ապրում-բարգավաճում է հայկական քաղաքական և տնտեսական վերնախավը։ Մեր ապրած Հայաստանն ուղղակի ճռռում է վարկային լծի տակ, նրանց Հայաստանում վարկային «ատկատների» խրախճանք է։ Գուցե ՀՀ գյուղնախարարության ներկայացուցիչներին և այլ պատասխանատուների ուղղակի հրավիրենք Գավա՞ռ, թող տեղում ծանոթանան իրական Հայաստանին։
-Հիանալի միտք է։ Թող հենց այստեղ, մեր մասնակցությամբ քննարկումներ ընթանան, և պարզ դառնա` «Բարեկամություն» ԲԲԸ-ն, իր այս աննախադեպ հնարավորություններով, պե՞տք է 3-րդ հանրապետությանը, թե՞ ոչ։
-Պարոն Հակոբյան, երկրի կառավարությունը շուրջ 800 հազար դոլար է հատկացրել գյուղնախարարությանը` գյուղոլորտում խորհրդատվական ծառայություններ իրականացնելու նպատակով. ինքներդ ի՞նչ խորհրդի կարիք ունեք։
-Յոթ դոկտոր, պրոֆեսոր Լոս Անջելեսի համալսարանից 1993-ին ժամանեցին Հայաստան։ Այն օրերի վարչապետ Հրանտ Բագրատյանն այդ մարդկանց ուղարկեց Գավառ։ Եկան, ծանոթացան մեր աշխատանքներին և զարմացած ասացին` ինչու՞ է ձեր կառավարությունը մեզ այստեղ ուղարկել, մենք ձեզ սովորեցնելու ոչինչ չունենք, դեռ մի բան էլ ինքներս ենք սովորում։
-Ի՞նչ կավելացնեք, պարոն Խոյեցյան։
-Առանձնապես ոչինչ։ ՈՒղղակի հիշեցնեմ, որ անցած քառորդ դարում հանրապետությանը միլիոնավոր դոլարների «խորհուրդներ» են տվել, արդյունքը, սակայն, այնքան չնչին է, որ դրա մասին խոսելն անգամ ավելորդ է։ Խորհուրդ կտա Հակոբյան Վասիլը, երբ գյուղացին կայցելի նրան, կհամոզվի, որ, համագործակցելով «Բարեկամություն» ԲԲԸ-ի հետ, կշահի էականորեն։
-Ես հիշեցի «Մենավոր ընկուզենին» ֆիլմից մի խորհրդանշական դրվագ, երբ շրջկոմի երիտասարդ քարտուղարին ծանոթացնում են գյուղի միակ մենատնտեսի հետ, որը, իջեցնելով անդրավարտիքը, մերկ հետույքով նստում է հողի վրա և հողի ջերմությամբ ճշտում գարնանացանի ժամանակը։
-Ձեր բերած ինքնատիպ օրինակը ճշտում է մի պարզ բան` հայ գյուղացին չունի խորհրդի կարիք։
-Պարոն Հակոբյան, հայկական բանակին ի՞նչ սննդամթերք կարող եք մատակարարել։
-Այս մասին ասել եմ մեր նախորդ զրույցի ժամանակ. եթե ինձ 2-4 տոկոսով վարկ տրամադրվի, ձեռք կբերեմ 100 գլուխ երինջ, լիարժեք կգործի մեր ընկերությունը, և մեր բանակին մշտապես կմատակարարենք ալպիական գոտիների անարատ միսը, կաթը, պանիրը։ Եվ կունենանք շուրջ երկու հազար կայուն աշխատատեղ։
-Գործի մեկնարկային փուլում որքա՞ն գումար է անհրաժեշտ։
-Մոտ 60 մլն դրամ։ Մեր պայմաններն աննախադեպ են, ունենք կերի կայուն բազա, գտնվում ենք Սևանի չնաշխարհիկ ափին, մեր ընկերությունում իմ և Ստյոպա Խոյեցյանի ստեղծած գյուղատնտեսական մեքենաներն են, նպաստավոր վարկի դեպքում ուղղակի սարեր շուռ կտանք։


«ՄԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է»


-Պարոն Խոյեցյան, տարիներ առաջ կառավարությունը մեծ խմբաքանակով երինջներ ներկրեց հանրապետություն, դրանց ճակատագիրը Ձեզ հայտնի՞ է։
-2007-2015-ին Եվրոպայից ներկրեցին 2000 գլուխ բարձր մթերատվությամբ աչքի ընկնող երինջներ, որոնք պետք է 20 լիտր կաթ տային մեկ օրում։ Բայց քանի որ ապահովված չէր կերային բազան, չկային համապատասխան անասնագոմեր, 2000 երինջից 800-ը սատկեցին։ Մնացած գլխաքանակը վաճառվեց գյուղացիներին, մեկ երինջը` 3000 եվրոյով։ Ըստ նախնական հաշվարկների` այդ առաջնակարգ երինջները պետք է 5 տարի անց վերաճեին առաջնակարգ կովերի, որոնք պետք է ուղղակի լիացնեին հայ անասնապահ-գյուղաբնակներին մսով և կաթով, գյուղացիներն էլ պետք է փակեին 3000-ական եվրո վարկային պարտքը և ապրեին երջանիկ կյանքով` դառնալով այդ անասունների սեփականատերը։ Բայց շատերը չկարողացան մարել պարտքը և հայտնվեցին դատարանում։
-Պարոն Հակոբյան, ի՞նչ կհուշեք մեր իշխանություններին և կառավարությանը Ձեր հսկայական փորձի բարձունքից։
-Հարգելի՛ իշխանություններ և կառավարություն, երկրից արտագաղթում է հայ մարդը ոչ թե մշտական աշխատանքի բացակայության, այլ իր հանդեպ դրսևորվող կայուն արհամարհանքի պատճառով։ Հայ գյուղացին այսօր կյանքի լուսանցքում է։ Թռչունը, որ թռչուն է, ցրտերն ընկնելուն պես չվում է տաք երկրներ, տաքերն ընկնելուն պես վերադառնում է հայրենի եզերք, իր բույնն է շինում, «և՛ շինում է, և՛ երգում»։ Մեր տարածաշրջանի շատ բնակիչներ են «չվում» տաք երկրներ` իրենց ընտանիքի ապրուստն ապահովելու նպատակով ու չեն վերադառնում։ Գյուղաբնակ շատ շնորհալի պատանիներ և աղջիկներ անկարող են կրթություն ստանալ, որովհետև անզոր են, չեն կարող ուսման վարձը վճարել, հիվանդ երեխաները մնում են Աստծո հույսին. շատ այլ խնդիրներ կան, որոնք կլուծվեն, երբ իշխանություններն ու կառավարությունը ոչ թե հայտարարագրերով, այլ գործերով սատարեն աշխատանքի ունակ հարյուր հազարավոր մարդկանց։ Մեկ այլ խնդրի ևս անդրադառնանք. տեսեք, Գեղարքունիքը, Շիրակը և բարձրադիր մյուս մարզերը ջեռուցվում են տարվա ընթացքում 6-7 ամիս, բայց մի՞թե հնարավոր չէ որոշակի սակագնային զեղչեր սահմանել գազի և էլեկտրաէներգիայի համար։
-Հնարավոր է, եթե սակագին սահմանողներն իրենք ապրեն ցրտաշունչ վայրում և ապրեն մարդավայել, այսինքն` ժողովրդի կյանքով։ Սակայն վերջին հարցով վերջնագրենք իրավիճակը` ինչպե՞ս դուրս գալ այս փակուղուց։
-Մեր ընկերությունը մի ամբողջական համակարգ է, պատրաստ է լիարժեք գործունեության։ Նպաստավոր վարկ տրամադրելուց բացի, թող ճանաչեն մեր գյուտը, տան համապատասխան լիցենզիա և առաջարկեն գյուղացիներին, որ մեր համայնքի 5000 հա հողերից անմշակ 4500-ը միավորեն մեր ընկերության հետ։ Առանց միավորման անհնար է զարգացնել գյուղատնտեսությունը։ Ի դեպ, միավորման գաղափարը կարմիր թելի պես անցնում է մեր կառավարության բոլոր հայտարարություններում։ Այնինչ հողատերերն անգամ սեփական հողի տեղն այսօր չեն հիշում, կոմբայններն ու տրակտորները ժանգոտում են մեխանիզատորների բակերում` բաց երկնքի տակ, քանի որ կոմբայնավարներն ու տրակտորիստները վաղուց են արտագաղթել։
Կրկնում եմ, «Բարեկամություն» ԲԲԸ-ն պատրաստ է հյուրընկալելու ՀՀ կառավարությանը` վարչապետի գլխավորությամբ։ Մենք պատրաստ ենք լայն և հեռանկարային համագործակցության ինչպես պետության, այնպես էլ մասնավոր ներդրողների հետ։
Համեցե՛ք, դռները բաց սպասում ենք։

Հարցազրույցը`
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 4577

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ