Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Եվ Սերժ Սարգսյանն ասաց...

Եվ Սերժ Սարգսյանն ասաց...
22.09.2017 | 04:02

Մինչ Երևանում շարունակվում էր Հայաստան-Սփյուռք համաժողովը, նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում ելույթ էր ունենում: Հինգերորդ անգամ: Եվ ստիպված էր խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին` 30 տարվա կտրվածքով, արձանագրելով, որ քառօրյա պատերազմն ապացուցեց` Ադրբեջանը շարունակում է հետապնդել Արցախի ժողովրդին բնաջնջելու նպատակ:

Գաղտնիք չկար, բայց գերկարևոր էր ՄԱԿ-ի ամբիոնից, տեր ու տիկին Ալիևների ներկայությամբ հնչեցնել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների, հայատյացությունը պետական քաղաքականություն դարձնելու, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման կենսական նշանակության մասին` որպես ողջ աշխարհի հայության միասնական տեսակետ: «Բոլորը պետք է գիտակցեն, որ այժմ Ադրբեջանը ժողովրդավարական ուղիով զարգացող Արցախի համար պարզապես միջնադարյան հետամնացության խորհրդանիշ է: Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար: Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել, ուստի արդար չեն այդ պետական շրջանակին Արցախը բռնակցելու ձգտումները»` գործնականում սա նշանակում էր վերջ մադրիդյան ձախողված սկզբունքներին, Ալիևի սուբստանտիվ երազանքին, Լավրովի պլանին: «Կարգավորման ինչ տարբերակի էլ հանգենք, միևնույն է, Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ և վայելել ավելի քիչ ազատություն, քան այսօր ունի: Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատ կամարտահայտությամբ որոշելու իրավունքը, իսկ արցախահայության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի բոլոր հնարավոր միջազգային և ներքին մեխանիզմներով»:
Արցախը` Արցախ, Սերժ Սարգսյանի ելույթի կենտրոնում Անկարան էր: Նախ` ՀՀ նախագահը անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին և երախտագիտություն հայտնեց այն երկրներին, որ ճանաչել կամ վերահաստատել են դիրքորոշումը, ապա կրկնեց, որ ցեղասպանության ճանաչումը երբեք նախապայման չի դարձել Հայաստանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունները կանոնակարգելու համար: Հիշեցնելով, որ 2009-ի հոկտեմբերին կնքված Ցյուրիխյան արձանագրությունները չեն վավերացվել, նա հայտարարեց, որ Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ կարող է առհավետ պատանդ վերցնել փաստաթղթերը և վավերացնել միայն իրեն հարմար առիթով, «Դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ» և 2018-ի գարուն է մտնելու առանց այդ «սին արձանագրությունների»: Փաստորեն, 2018-ի գարունը փակելու է ֆուտբոլային դիվանագիտությունը` գոլեր չարձանագրած:


Հազիվ թե Անկարան, որ անգամ Կ. Պոլսի հայոց պատրիարքի ընտրությանը կանաչ լույս չի վառում, Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ու սահմանը բացելու բուռն ցանկություն ունենա մինչև գարուն:
Ճիշտ նույն կերպ` Սերժ Սարգսյանը կարող էր հայտարարել, որ Հայաստանը միակողմանի վավերացնում է արձանագրությունները, ու թող Անկարան պատասխան տա: Այս անգամ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան չէր քանդվի` ՀՅԴ-ն չափազանց է խրվել իշխանության մեջ, որ ըմբոստանա: Սերժ Սարգսյանը հայ-թուրքականով լուծեց իր իշխանության միջազգային լեգիտիմացման խնդիրը 2009-ին: 2018-ին ևս նույն խնդիրը կարող է լինել, համենայն դեպս` ֆուտբոլը հավերժական խաղ է:
Իսկ մնացածը ավանդական փոխլրացման քաղաքականությունն էր` ԵԱՏՄ ակտիվ անդամ Հայաստանը ծրագրում է նոյեմբերին ԵՄ-ի հետ ստորագրել համաձայնագիր համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին:


Կար երկրորդ անակնկալը` Հայաստանը պատրաստակամ է մասնակցել Սիրիայում ՄԱԿ-ի հովանու և համապատասխան մանդատի ներքո խաղաղարար ջանքեր ձեռնարկելու հնարավոր քննարկմանը, այսինքն` Հայաստանը գեղեցիկ հեռացավ Ռուսաստանի ղեկավարած կոալիցիայի խաղաղարար առաքելությունից, որի անդամ է Թուրքիան, անվտանգության ու խաղաղության պահպանողի իր դերը տեսնելով ՄԱԿ-ի մանդատով: Ներքին քաղաքականության լեզվով թարգմանած` Սերժ Սարգսյանը մնում է քաղաքականության մեջ ամենաբարձր պաշտոնով, և դա անդրօվկիանոսյան պատասխան էր Հայաստան-Սփյուռք համաժողովում վարչապետ Կարեն Կարապետյանի լիբանանյան «Այո»-ին: Աշուն է, իսկ գետերում գարնանային հալոցքաջրեր են հայտնվում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի ամբիոնից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատասխանեց ՀՀ նախագահին: Նա ևս սկսեց ղարաբաղյան խնդրից՝ սպառնալով վերստին ուժի դիմել, «Եթե կարիք լինի, մենք կրկին կպատժենք ագրեսորին, ինչպես արեցինք 2016-ի ապրիլին»` ապրիլյան պատերազմի պատասխանատվությունն ու նախաձեռնությունը դնելով հայկական կողմի վրա, սպառնալով` հաջորդ հարվածը կարող է առավել ցավագին լինել: Փաստացի` ՄԱԿ-ի ամբիոնից ի լուր աշխարհի պետությունների ղեկավարների` Ադրբեջանի նախագահը հրապարակավ ստանձնեց ագրեսորի ու պատերազմի հրձիգի պատասխանատվությունը: Թող հիմա համեմատեն ու գնահատեն նրանք, որ Ալիևի մեղադրանքով` երկակի չափանիշներ են կիրառում ու Հայաստանի նկատմամբ մեղմ քաղաքականություն վարում «արդեն 22 տարի»: Իսկ Հայաստանը «անտեսում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այդ բանաձևերը, և, ցավոք սրտի, չի պատժվում:»: «Ադրբեջանը ժամանակակից, կայուն ու ժողովրդավար երկիր է: Հիմնարար բոլոր իրավունքները մեր երկրում երաշխավորված են, այդ թվում՝ խոսքի ու հավաքների ազատությունը»` ստեց Իլհամ Ալիևը: Նրա հետ լիովին համաձայն էր երևի միայն Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Հարց` ինչի՞ մասին են խոսելու Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներն այսուհետ: Ի՞նչ են նրանց ասելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ի՞նչ են հայտարարելու հանդիպումից հետո:

Դիտվել է՝ 3011

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ