Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իրանը հերքել է Էրդողանին և չի՞ երկյուղում քրդական հանրաքվեից

Իրանը հերքել է Էրդողանին և չի՞ երկյուղում քրդական հանրաքվեից
22.09.2017 | 05:08

Մերձավոր Արևելքում քրդական ցեղերի բնակության վայրերում ընթացիկ իրադրության մասին իրազեկող լրատվական ժապավենները գալիս են հավաստելու, որ տարածաշրջանը մոտենում է ամբողջությամբ վերցրած Քրդական հարցի հաշվարկի ինչ-որ նոր կետի: Եթե նայելու լինենք Իրաքի հարևան Սիրիայում տիրող իրավիճակին, կտեսնենք, որ ԱՄՆ-ը լայնածավալ օգնություն է ցուցաբերում սիրիացի քրդերին, մինչդեռ սիրիացի քրդերն իրենք հակված են չգերագնահատելու ամերիկյան օգնության նշանակությունը և չեն խզում կապերը Սիրիայում գործող ո՛չ ռուս, ո՛չ էլ իրանցի զինվորականների հետ: Սիրիական բանակն ու շիա աշխարհազորայինները արդեն մտել են Ռաքքայի նահանգ, թեև, կարծես, ԱՄՆ-ի խնամակալության տակ գտնվող քրդերը առանց էական հաջողության շարունակում են գրոհել Ռաքքա քաղաքը: Աքերբաթ քաղաքի ազատագրումից հետո սիրիական բանակն ու շիաները ապաշրջափակել են Դեյր-էզ-Զորը և ընդհուպ կմոտենան, առնվազն, թուրքերի զավթած Էլ-Բաբ քաղաքին:


Բաշիկա (2016 թ. նոյեմբեր) և Մոսուլ քաղաքների ազատագրումից (նաև՝ թուրք զինվորականներից), ինչպես նաև Թալլ-Աֆարի գրավումից հետո, որտեղից կարելի է դուրս գալ Սիրիայի սահման, Իրաքի հյուսիսում տիրող իրավիճակը է՛լ ավելի քիչ հասկանալի է դարձել, այդ թվում՝ քրդերի հանրաքվեի առումով: Իսկ օրերս Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) ղեկավարության հետ հանդիպման ժամանակ Իրաքյան Քրդստանի պարագլուխ Մասուդ Բարզանին կտրականապես հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարվել սեպտեմբերի 25-ի հանրաքվեից: Որովհետև, եթե Բաշիկայում ու Մոսուլում շիաները և Թուրքիայում ու Արևմուտքում «ահաբեկչական կազմակերպություն» համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) անդամ քրդերը ամենաակտիվ մասնակցությունն էին ցուցաբերում մարտերին, ապա Թալլ-Աֆարում, եթե հավատալու լինենք Բաղդադին, շիաները մեկուսացվել էին պատերազմական գործողություններից: Բայց, այսպես թե այնպես, Իրաքի հյուսիսում գերիշխող ուժ էր դարձել իրաքյան բանակի, շիական «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» աշխարհազորի և PKK-ի քրդական «փեշմերգայի» խառնազորը: Այս բոլոր ուժերը հազիվ թե կարելի լինի համարել Բարզանիի քրդական վարչախմբի բարեկամներ: Եթե նկատի առնենք, որ «Ալ-Հաշդ աշ-Շաաբի»-ի շարքերում կռվում են նաև Հյուսիսային Իրաքի եզդի ու քրիստոնյա աշխարհազորայինները, ապա Բարզանիի մարդկանց կողմից անկախության հանրաքվեի անցկացման հեռանկարը այսօր ավելի քան անորոշ ու մշուշոտ տեսք ունի: Ոչ ոք չի մոռացել, որ «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ մարտերի շուրջ 2014-2016 թթ. իրադարձությունների ժամանակ և՛ եզդիները, և՛ Բարզանիի մրցակիցները Իրաքյան Քրդստանի ղեկավարությանը մեղադրում էին դավաճանության, եզդիների ցեղասպանության և անգամ «Իսլամական պետության» պարագլուխների հետ դավադիր համաձայնության մեջ:


Այժմ Քրդական հարցի նկատմամբ հետաքրքրությանը և քրդերի շուրջ տարածաշրջանում իրադարձությունների զարգացմանը նոր ազդակ է հաղորդել Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունը, որ նա արեց Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բրիգադային գեներալ Մոհամմադ Հոսեյն Բագերիի հետ օգոստոսի 17-ին Անկարայում կայացած բանակցություններից հետո: Հիշեցնեմ, որ Էրդողանը տեղի լրագրողների հետ զրուցելիս ակնարկեց, որ Բագերին, այլ հարցերի շարքում, քննության առավ նաև Քրդական հարցը, ինչպես նաև հայտարարեց «ահաբեկչական խմբերի» դեմ երկու երկրների համատեղ ռազմական գործողության հնարավորության մասին. «Ահաբեկչական խմբերի դեմ Իրանի հետ հնարավոր ռազմական գործողությունը միշտ եղել է օրակարգում: Գլխավոր շտաբների (Թուրքիայի և Իրանի-խմբ.) երկու ղեկավարները քննարկել են, թե ինչպես կարելի է դա իրագործել: Ես էլ եմ դա քննարկել լայն ընդգրկմամբ»: Թուրքական լրատվամիջոցներն այն ժամանակ անմիջապես ձայնակցեցին Էրդողանին և, ամենայն հավանականությամբ, Թուրքիայի իշխանությունների կողմից վերահսկելի արտահոսք սարքեցին. պնդվում էր, թե թուրքական կողմն առաջարկել է քննության առնել Իրաքի Սինջարի շրջանում ու Ղանդիլի լեռներում PKK-ի մարտիկների դեմ Թուրքիայի և Իրանի նման գործողության հնարավորությունը: Թեև հենց Էրդողանի խոսքում, ինչպես տեսնում ենք, առկա է միայն «ահաբեկչական խմբեր» ձևակերպումը, առանց ճշտելու, թե հատկապես որ: Ավելին, թուրքական աղբյուրներից մեկն ակնարկել է, որ թուրքերը համոզում էին նաև համատեղ գործողություններ իրականացնել Սիրիայի քրդական «ժողովրդավարական միության կուսակցության» (PYD) և նրա ոչ կանոնավոր զինված կազմավորումների, ինչպես նաև PJAK կուսակցության դեմ (թուրքական «Daily Sabah», 21 օգոստոսի): Իսկ դա վկայում է այն մասին, որ Անկարան բրիգադային գեներալ Բագերիի միջոցով պարզապես Իրանի օգնությունն է խնդրել, իր քայլը հիմնավորելով նրանով, որ քրդական ցանկացած անկախություն սպառնալիք է ոչ միայն Թուրքիայի, այլև Իրանի անվտանգության համար:


Սակայն Իրանում, բացառությամբ «Tasnim» գործակալության, որը որոշ փորձագետներ գնահատում են որպես Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) մոտ կանգնած, լրատվամիջոցներն առանձնապես չտարածվեցին Անկարայում բրիգադային գեներալ Բագերիի եռօրյա հանդիպումների ու բանակցությունների առնչությամբ: Իսկ «Tasnim»-ը հաստատեց Թուրքիայից տարածված հաղորդագրությունները Անկարայում «ահաբեկչական խմբերի» դեմ համատեղ ռազմական գործողության հարցի քննարկման մասին: Ավելին, այդ լրատվամիջոցը հաստատեց նաև այն խոսակցությունները, թե իբր քննարկվել է հենց PKK-ի և սիրիական PYD-ի դեմ համատեղ գործողությունների հարցը: Առաջին հայացքից, կարծես, կասկածներ չկան. չէ՞ որ ոչ այնքան վաղուց՝ մայիսի 27-ին, իրանական լրատվամիջոցները հաղորդում էին քրդական PJAK («Քրդստանի ազատ կյանքի կուսակցություն», ԱՄՆ-ի ու Իսրայելի խնամակալության տակ գտնվող խմբավորում, գործում է Թուրքիայում այն բանից հետո, երբ արտաքսվեց Իրաքից- խմբ.) կազմակերպության զինյալների դեմ մղված մարտերի մասին, որոնք փորձում էին Իրանի տարածք թափանցել հենց Թուրքիայից: Այդ ժամանակ էր, որ Իրանի սահմանապահ զորքերը՝ ԻՀՊԿ-ն, շոշափելի կորուստներ կրեցին: Եվ հենց այդ ժամանակ էլ բրիգադային գեներալ Քասեմ Ռըզային Թուրքիային նախազգուշացրեց, որ Իրանի հետ սահմանում անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է գործնական միջոցներ ձեռնարկել, որպեսզի այլևս անփութություն թույլ չտրվի Իրանի հետ սահմանում անվտանգության ապահովման գործում և կանխվեն հանցագործների կողմից սահմանի խախտումները. «Մենք, իհարկե, ջախջախիչ պատասխան կտանք այդ քայլերին... Մենք Թուրքիային պատասխանատու ենք համարում, և այդ երկիրը պետք է հաշվի առնի այս հանգամանքը»: Բրիգադային գեներալ Ռըզայիի հայտարարությունից էլ հենց սկսվեց այն բանի գիտակցումը, որ Թեհրանը և Անկարան միանգամայն տարբեր մոտեցում ունեն Քրդական հարցի հանդեպ, որովհետև, օրինակ, թուրքական աղբյուրները PJAK կուսակցությունն էլ են անվանում Քրդական աշխատավորական կուսակցության «մասնաճյուղ»: Հաշվի առնելով այս հանգամանքը, ստացվում է, որ Էրդողանը, եթե նա իրոք բրիգադային գեներալ Բագերիին կոչ է արել համատեղ գործողություններ իրականացնել ընդդեմ PKK-ի քրդերի, փորձել է արդարանալ մայիսի 27-ին իրանա-թուրքական սահմանագլխին տեղի ունեցած իրադարձությունների ու Իրանի հյուսիսարևմտյան սահմաններում տեղ գտած ահաբեկչական միջադեպերի համար:


Այն, որ Իրանը, ինչպես և Թուրքիան, բացասական վերաբերմունք ունեն Բարզանիի հանրաքվեի նախաձեռնության նկատմամբ, լայնորեն հայտնի է: Բայց առայժմ չի երևում, թե ինչպես է հատկապես նույն Թուրքիան խանգարելու իրաքցի քրդերի նախաձեռնությանը: Իրանի պարագայում ավելի բարդ է. Թեհրանը, ըստ էության, կարող է խառնել Բարզանիի կլանի խաղաղթղթերը, հաշվի առնելով նրա կապը Էրբիլի քաղաքական ընդդիմախոսների հետ, ինչպես նաև Իրաքի հյուսիսում շիական «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» աշխարհազորի ջոկատների զանգվածային ներկայությունը: Հարցն այն է, թե կցանկանա՞, արդյոք, Իրանը խանգարել: Համեմատենք Թեհրանից և Անկարայից վերջերս հնչած երկու հայտարարությունները: Առաջին դեպքում Իրանի զինված ուժերի շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Մասուդ Ջազեյրին օգոստոսի 25-ին ընդգծել է, որ սեպտեմբերի 25-ին նախատեսված հանրաքվեն «համապատասխանում է տարածաշրջանային երկրները բաժան-բաժան անելու ԱՄՆ-ի քաղաքականությանը», հավելելով, որ Իրանը որոշակիորեն դեմ է դրան: Երկու օր հետո Թուրքիայի փոխվարչապետ Աբդուլատիֆ Շեները թուրքական «Halk TV» հեռուստաալիքով ունեցած ելույթում հայտարարեց, որ «Իսլամի դրոշ բարձրացրած որոշ տարածաշրջանային պետություններ մասնակից են եղել Սիրիայի ու Իրաքի դեմ ուղղված դավադրությանը» և գործել են ի շահ «տարածքային սիոնիստական կազմավորման»: Նկատի առնելով, որ հիմա հենց Իսրայելն է աջակցություն ցուցաբերում (իսկ Շեները բացահայտորեն խոսել է հենց Իսրայելի մասին) Իրաքյան Քրդստանի անկախությանը, դժվար չէ նկատել, որ գեներալ-մայոր Ջազեյրիի և թուրք քաղգործիչ Շեների հայտարարությունները ասես «ձեն ձենի տված» լրացնում են միմյանց: Դրանք մեզ վերադարձնում են դեռ 2014-ի ամռանը Իրանի ԱԳՆ-ի արած այն հայտարարություններին, թե «Թեհրանը բոլոր ջանքերը կգործադրի ձախողելու Սիրիայից ու Իրաքից տարածքներ պոկելու ԱՄՆ-ի և Իսրայելի պլանը»: Բայց չէ՞ որ քրդական անկախությունը, տվյալ դեպքում Հյուսիսային Իրաքում, Իրաքի տրոհում է, որ կա:


Այսպիսով, եթե հպանցիկ հայացք նետենք տիրող իրադրությանը, ապա կտեսնենք, որ «ահաբեկչական խմբերի» դեմ համատեղ ռազմական գործողությունների հնարավորության վերաբերյալ Էրդողանի ակնարկը, ինչպես նաև այն, որ բրիգադային գեներալ Բագերին առհասարակ նման հարց է քննարկել, միանգամայն հնարավոր են: Բայց այդ դեպքում արդեն այնքան էլ հասկանալի չէ իրանական ԻՀՊԿ-ի բացահայտ դեմարշը, որի մասին օգոստոսի 22-ին հաղորդեցին իրանական երկու լրատվամիջոցներ՝ ISNA կիսապաշտոնական գործակալությունը, որը համարվում է իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի խոսափող, և «Tehran Times» պաշտոնաթերթը: Հենց սրանով է իրանական կողմը ժամանակ առ ժամանակ կազմակերպում «տեղեկության արտահոսք» և տարածում այն, ինչ չէին ցանկանա բարձրաձայնել իրանական պետության առաջին դեմքերն անձամբ: Եվ գլխավոր խնդիրն այն է, որ ԻՀՊԿ-ի հայտարարությունը լիովին հերքում է ոչ միայն թուրքական լրատվամիջոցների պնդումները, այլև Էրդողանի ակնարկները: ԻՀՊԿ-ն կտրականապես հերքել է Իրանի սահմաններից դուրս Քրդական աշխատավորական կուսակցության դեմ Թուրքիայի հետ համատեղ ռազմական գործողության հնարավորությունը և հայտարարել, որ ինքն առհասարակ չունի Իրանի սահմաններից դուրս որևէ գործողություն ձեռնարկելու պլան: Այդուամենայնիվ, ԻՀՊԿ-ն կշարունակի պայքարել բոլոր այն մարդկանց ու խմբերի դեմ, որոնք կձգտեն երկիր թափանցել ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար, ասվում է հայտարարության մեջ: Եվ այսպես, Իրանը Մերձավոր Արևելքում քրդական ցեղախմբերի դեմ ուղղակի առճակատման, չի բացառվում նաև պատերազմի մեջ ներքաշելու Էրդողանի վարչակազմի «փորձնական քայլը» ապարդյուն անցավ: Երբ հանդես է գալիս Իրանի ԻՀՊԿ-ն, կարելի է անսխալ պնդել, որ հայտարարությունն անում է այաթոլլահ Խամենեին: Թուրքերին Իրանի Գերագույն առաջնորդի ուղերձի իմաստն այն է, որ Իրանը հեռու է մնում Սիրիայում և Իրաքում քրդերի դեմ Թուրքիայի ամեն տեսակի ռազմական գործողություններից: Հնարավոր է՝ նաև Թուրքիայում, թեև եթե հիշենք սույն թվի մայիսի 27-ի միջադեպը, ինչպես նաև բրիգադային գեներալ Ք. Ռըզայիի սպառնալիքը, Իրանը չի հրաժարվի Թուրքիայից ներխուժող ահաբեկիչներին ակտիվորեն դիմակայելու հաճույքից, թեկուզ և հենց Թուրքիայի տարածքում: Այաթոլլահ Խամենեիի և ԻՀՊԿ-ի հրամանատարության տեսակետը, այսպիսով, արմատապես փոխում է իրավիճակը ամբողջ Քրդական հարցում, միաժամանակ հաստատելով այն բազմաթիվ պնդումները, որ 2012-2017 թթ. ընթացքում Իրանը Հյուսիսային Իրաքում միանգամայն վստահ է զգացել և զգում իրեն, հենվելով նաև Բարզանիի կլանից դժգոհ տեղացի քրդերի, իսկ հիմա նաև շիական «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» աշխարհազորի վրա: Չէ՞ որ Մոսուլի ազատագրումից հետո առայժմ ոչ ոք չի պահանջում աշխարհազորայիններին դուրս բերել այդ քաղաքից, ասենք, դա սկզբունքորեն հնարավոր էլ չէ, որովհետև շիա (ինչպես և եզդի, քրիստոնյա) աշխարհազորայիններին իրաքյան կանոնավոր բանակի զորամիավորումների պաշտոնական կարգավիճակ է տրվել: Այս ամենի վերջակետը դնում է «Tasnim» գործակալությանը Թուրքիայում Իրանի նախկին դեսպան Ֆեյրոզ Դոուլեթոբադիի տված հարցազրույցը. Անկարան ավելի կոշտ դիրքորոշում ունի Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեի առնչությամբ, քան նույնիսկ Բաղդադի իրաքյան կենտրոնական (շիական) կառավարությունը. «Թուրքական իշխանությունների գլխավոր անհանգստությունը Թուրքիայի արևելքի ու հարավ-արևելքի քրդաբնակ նահանգներում ապաինտեգրացիոն գործընթացների հնարավոր մեկնարկն է՝ Իրաքում քրդերի հանրաքվեից հետո»: ՈՒ ստացվում է, որ Իրանը, ինչպես և Իրաքի շիաներն այնքան էլ չեն երկյուղում սեպտեմբերի 25-ից:

Հետևաբար, կամ Թեհրանն արդեն մի շարք միջոցներ է նախապատրաստել իրաքյան քրդերի հանրաքվեի հետևանքները նվազագույնի հասցնելու ուղղությամբ, կամ էլ վստահ է, որ ամեն ինչ կընթանա հենց Իրանի վերահսկողությամբ և ոչ թե ԱՄՆ-ի ու Իսրայելի:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1454

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ