Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչպես փոխել օրակարգը

Ինչպես փոխել օրակարգը
23.09.2017 | 23:31

(Առաջին մասը)

Որո՞նք են մեր թույլ կողմերը: Մեր ամենակարևոր թերությունը թույլ իշխանություններն են: Թույլ ասելով պետք է հասկանալ պետության, ազգի շահին անտեղյակ, երկրի զարգացման հնարավորություններին ու պահանջներին անհամապատասխան, առաջընթացի վերաբերյալ պատկերացումների բացակայությամբ, համազգային նպատակների խեղաթյուրմամբ իշխանություններ: Այլ առումներով այսօրվա իշխանություններն ուժեղ են: Որպես քրեաօլիգարխիկ կառույց, այն արդեն երկար տարիներ ուզուրպացրել է երկրի իշխանությունը, ոչ մի կուսակցության ու անհատի մոտ չի թողնում այն ճանապարհներին, որոնք կարող են բերել իշխանության: Այդ կառույցի գերնպատակը ինքնավերարտադրությունն է, նյութական, ֆինանսական շրջանառության վերահսկողությունը: Այլ կերպ՝ սեփական շահերի սպասարկումը: Հանուն դրա իշխանությունները գնացին մի քայլի, որն ավելի թուլացրեց առանց այդ էլ թույլ պետական ապարատը: Կիսապատերազմական վիճակում գտնվող երկրում անգամ նախագահական կառավարման թուլությունը իր բազում արտահայտություններն է գտնում մեր երկրի անվտանգության համակարգի վրա, առանց այդ էլ սակավ պաշտպանական հզորություններն ու միջոցները օպերատիվ և նպատակային տնօրինելու խնդրում: Այդ անդրադարձը ավելի նկատելի ու ցավալի է դառնալու խորհրդարանական կառավարմանն անցնելուց հետո: Մեր կառավարման հաստատությունների թափթփվածությամբ, դժվարաշարժությամբ, պետականի մեջ միշտ սեփականը փնտրելու ուղղվածությամբ, պետական ռեսուրսները իշխանությունների նպատակներին ծառայեցնելու արմատավորված մոտեցմամբ պայմանավորված, խորհրդարանական կառավարման ընթացքում նորանոր խնդիրներ են առաջանալու երկրի անվտանգության ապահովման գործում: Սա մեր ամենաէական թույլ կողմն է: Երկրորդ կարևոր խնդիրը մեր իշխանությունների անվճռականությունն է և, որպես դրա ուղղակի հետևանք, դիվանագիտական կորպուսի անգործունակությունը, որի պատճառով մենք ոչ միայն մեր իրական հաղթանակների հետևանք հանդիսացող արդյունքները չենք քաղում, այլև կորցնում ենք կոնկրետ ձեռքբերումները, արժեզրկում դրանք: Այս ոլորտում մենք պարտվում ենք հակառակորդին միշտ և ամենուրեք: Թե՛ արցախյան խնդրի բանակցային գործընթացում, թե՛ առանձին երկրների հետ մեր հարաբերությունները մեզ համար շահեկան կառուցելու հարցում, թե՛ միջազգային տարբեր կառույցներում մեր նպատակներն առաջ տանելու գործում: Մեր թույլ կողմերից էականը մեր թույլ տնտեսությունն է, որը երկրի ու ժողովրդի կյանքի բոլոր բնագավառների վրա խոր և սպառնալիորեն ծանր ազդեցություն է թողնում (դրանց վերաբերյալ ես իմ կարծիքը հայտնել եմ «Իրատեսի» էջերում):


Մեր թույլ կողմերից մյուսն էլ Հայաստանի ու Արցախի բաժան լինելն է: Մենք մի քանի անգամ բաց ենք թողել այս անբնական վիճակը շտկելու հնարավորությունը: Դրանցից վերջինը ապրիլյան պատերազմի ավարտից հետո ստեղծված իրավիճակն էր: Առանձին Արցախի Հանրապետություն պահելով մենք արհեստականորեն մեծացնում ենք Ադրբեջանի հավակնությունները մեր տարածքների նկատմամբ: Միասնական լինելով մենք փակում ենք այժմ շրջանառվող բազմաթիվ հարցերի ճանապարհը:
Բանակային իրականության մեջ մեր թույլ, անընդունելի կողմերից են ցածր կարգապահությունը, օրինականության պակասը, ամրացած ոչ կանոնադրական հարաբերությունները, որոնք նույնպես պատճառ են դառնում մեր զինվորների կորստյան:
Հաջորդը մեր բանակը զենք-զինամթերքով ապահովելու, բանակային ենթակառուցվածքները տեխնիկապես հագեցնելու հսկայական բացերն են, պաշտպանական դիրքերում ծառայության անվտանգությունն ապահովող տեխնիկական միջոցների եթե ոչ բացակայությունը, ապա աղետալի սղությունը, անհրաժեշտության դեպքում սանձազերծ հակառակորդին պահանջվող հակահարվածը տալու համար մեր զենքի անհամապատասխանությունը թե՛ որակապես, թե՛ բարոյապես: Մեր ուժեղ կողմը մեր զինվորի նվիրվածությունն է իր ընտանիքին, նրա ոգին, անկոտրում կամքն ու իր գործը անմնացորդ անելու կարողությունը: Ասել է թե՝ մեր ուժեղ կողմը մեր ընտանիքն է, որի պահպանման ու ամրապնդման համար պետք է գործի ողջ պետական կառույցը: Մեր ուժեղ կողմն է զինվորական գործին լավագույնս տիրապետելու մեր զինվորների ու սպաների կարողությունը:


Որո՞նք են հակառակորդի թույլ և ուժեղ կողմերը:
Հակառակորդի թույլ կողմն այն է, որ նրա երկրի ազգաբնակչությունը միատարր չէ: Այդ երկրի այժմյան տարածքում ապրում են բազմաթիվ տեղաբնիկ ազգեր, որոնք պետական կառավարման համակարգից հնարավորինս հեռու են պահվում: Միաժամանակ նրանք զրկված են իրենց ազգը ներկայացնելու, որպես ոչ ադրբեջանցիներ իրենց ազգայինը ներկայացնելու և զարգացնելու հնարավորությունից: Իրենց նկատմամբ գործող խտրական վերաբերմունքին ի պատասխան որոշ՝ թվաքանակով մեծ ազգություններ ինքնավարության հասնելու փորձեր են արել, բայց այդ փորձերը ճնշվել են, և դրանց ղեկավարներն ու կազմակերպիչները բռնությունների են ենթարկվել:
Այսինքն, այսպիսի պատկեր է. մի ոչ տեղաբնիկ ազգ եկել է այդ տարածք, զբաղեցրել տեղաբնիկ էթնոսների կենսական տարածքները, յուրացրել նրանց պատմությունն ու մշակույթը կամ էլ պարզապես ոչնչացրել և այսօր այդ ազգություններին իրավունք չի տալիս ոչ միայն քաղաքական ինքնավարության, այլև՝ մշակութային: Ի լրումն այդ ամենի՝ նրանց պարտադրում է ներկայանալ որպես ադրբեջանցիներ և պաշտպանել իրենց վրա բռնություն բանեցնող իշխանությանը: Այդ երևույթն առկա է և՛ քաղաքացիական հասարակության մեջ, և՛ բանակում: Դա նշանակում է, որ այդ բազմազգ հանրությունը մի սահմանների մեջ մնում է միայն բռնության ու պարտադրանքի միջոցով: Առաջին իսկ հնարավորության դեպքում նրանք իրենց տարածքներով ու իշխանությամբ կբաժանվեն իշխող ազգի պետական կառույցից: Ադրբեջանցի զինվորը ծառայում է ոչ հանուն հայրենիքի, պատերազմի ժամանակ էլ նրա կռիվը իր տունը, ընտանիքը վտանգից պաշտպանելու համար չէ: Սա հակառակորդի բանակի և հասարակության ամենախոցելի տեղն է և ողջ պետական կառույցի ամրության ու ամբողջականության համար ամենամեծ սպառնալիքը:


Հակառակորդի ուժեղ կողմը նրա հետևողականությունն է ինչպես արտաքին քաղաքական ու ոչ քաղաքական ուղիներով իր նպատակներն առաջ տանելու, այնպես էլ մեզ հետ հարաբերության մեջ իր ընտրած տակտիկայից չհրաժարվելու հարցում: Բոլոր ճակատներում Ադրբեջանը մոբիլիզացնում է իր կարողությունները և հաջողեցնում մեզ համար աննպաստ իրավիճակներ ստեղծել ամեն հնարավոր առիթով:
Արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման ի՞նչ հանգրվանում ենք այսօր: Մենք, միջնորդների մասնակցությամբ և նրանց ուղղորդմամբ, բանակցում ենք Ադրբեջանի հետ այն մասին, թե ինչ կերպ կարող ենք բավարարել նրանց պահանջները՝ թևաթափ չմնալով: Այն գործելաոճը, որ դրսևորում են մեր պատկան մարմինները, խնդրի հանգուցալուծման չտանող ճանապարհն է: Արդեն բավականին երկար ժամանակ մենք ականատեսն ենք բանակցային գործընթացի ոչ միայն դադարին, այլև հետընթացին: Փաստացի ադրբեջանական կողմը հրաժարվում է նստել բանակցային սեղանի շուրջը և քննարկել այն առաջարկությունները, որոնք մինչ այժմ ներկայացվել են կողմերին: Այդ առաջարկությունների ֆորմատն արդեն նպաստում է անհամաձայնությանը: Մի տեքստի մեջ ներառված են իրար բացառող դրույթներ՝ ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականության իրավունք, որոնք միջազգային իրավունքի տեսանկյունից համարժեք իրավական ուժ ունեն, և դրանցից ոչ մեկին առաջնային դեր վերապահել չի կարելի: Իհարկե, մենք գերադասելի ենք համարում ազգերի ինքնորոշման, նրանց՝ պետության ամբողջականության իրավունքը: Ոչ մի կողմը զիջել չի ցանկանում (խնդրի այսպիսի մեկնաբանմանը մեր համաձայնությունն արդեն մեծ և անհասկանալի զիջում է), և հաստատված երերուն ստատուս քվոն պահպանվում է:


Որո՞նք են ստատուս քվոյի «հմայքները»: Բանակցային գործընթացում ոչ մի առաջընթաց չկա և հնարավոր էլ չէ: Սահմանին, ինչպես մինչ այդ էր, շարունակվում են հրադադարի պահպանման պայմանավորվածության խախտումները, որոնք պատճառ են դառնում մեր զինվորների կորստյան: Պատերազմ չէ, բայց մենք զինվոր ենք կորցնում, տարվա կտրվածքով՝ այնքան, որքան չենք կորցնում տարվա կտրվածքով հնարավոր մի քանի օրվա, անգամ պաշտպանական պատերազմի ընթացքում: Ոչ մի նշանակություն չունի, թե մենք քանի զինվորի ու սպայի կորուստ ենք պատճառում նրանց՝ իրենց մարտավարությամբ: Ադրբեջանական կողմի համար ցավ չկա իր զինվորի կորստյան համար տարբեր, հիմնավոր պատճառներով, և դրանից չեն պակասում մեր զինվորների կորստյան պատճառները: Այսինքն՝ մենք մեր գործողություններով չենք վերացնում հակառակորդի այն հնարավորությունները, որոնցով մեզ պատճառվում են այդ կորուստները:


Ադրբեջանը համաձայնեց վերսկսել բանակցությունները միայն ապրիլյան պատերազմից հետո, և երբ նրա համար պարզ դարձավ, որ հայկական կողմը ոչ մի նոր պահանջ, հայանպաստ որևէ փոփոխություն (ելնելով Ադրբեջանի կողմից պատերազմը սանձազերծելու և իր իսկ կողմից հաշտություն խնդրելու փաստից) չի ձգտում մտցնել միջնորդների և բանակցությունների օրակարգ, հանգստացավ ու վերադարձավ իր հին գործելաոճին՝ արհամարհանք այդ պրոցեսի նկատմամբ և լկտի ու անկառավարելի պահվածք շփման գծում՝ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի հետ: Հակառակորդը միակողմանիորեն ընտրում և շարունակաբար կիրառում է սահմանային հենակետերի կայազորներին կորուստներ պատճառելու մարտավարությունը, հնարավորության դեպքում դրանք ուղեկցելով դիվերսիոն ներթափանցման փորձերով, ավելի անհանգիստ և անկանխատեսելի դարձնելով ծառայության ընթացքը: Հենակետի անձնակազմի անդամներին մշտապես սպառնալիքի տակ պահելու հակառակորդի գործողությունները չեն կարող գցել դիրքերում կանգնած մեր սպաների ու զինվորների մարտական ոգին, ավելին, դրանք մշտապես ամուր են պահում թշնամուն արժանի հակահարված տալու հաստատակամությունը: Բայց դրանք նույնքան վատ են անդրադառնում երկրի բնակչության բարոյահոգեբանական վիճակի վրա: Կասեք՝ ինչու՞, չէ՞ որ մենք ապրում ենք չհայտարարված պատերազմի պայմաններում, և նման իրավիճակը պետք է որ ընդունվեր ավելի քան բնական: Բայց դա այն դեպքում, երբ ամեն ինչ արվում է բանակն այդ վիճակին պատրաստ և համապատասխան քայլերի ընդունակ պահելու համար: Պետք է ընդունենք, որ մեր դիրքերը իրապես պաշտպանված ու հուսալի դարձնելու համար հսկայական աշխատանք ու միջոցներ պետք է ներդնել, որի մասին երկար տարիներ միայն խոսել են իշխանությունները, իսկ փաստացի արվածը անճանաչելիորեն հեռու է ներկայացվածից: ՈՒ՜ր մնաց համեմատությունը պահանջվածի հետ:


Կարող ենք եզրակացնել, որ այս ճանապարհից չշեղվելու դեպքում մենք որևէ առաջընթաց ակնկալելու ոչ միայն շանս, այլև իրավունք չունենք: Այդ իրավիճակը մեկ անգամ արդեն դարձել է կարճատև պատերազմի պատճառ, որի ընթացքում, թեկուզ և ձախողելով հակառակորդի նպատակները, մենք տվել ենք զոհեր և կորցրել տարածք: Ակնհայտ առճակատման չնմանվող մնացած ժամանակահատվածում մենք ունեցել ենք բազմաթիվ զոհեր զինծառայողների և անգամ խաղաղ բնակչության շրջանում՝ ՀՀ և Արցախի քաղաքացիներից: Չի բացառվում, որ ամեն անգամ, հենց որ Ադրբեջանը կկարծի, թե կարողանալու է պատերազմի միջոցով հարցը լուծել իր օգտին, նոր կարճատև կամ ավելի մասշտաբային գրոհներ կձեռնարկի: Եվ ամեն անգամ հարցը կա, թե մենք ինչ ձևով և միջոցներով պիտի կարողանանք փակել դրա ճանապարհը:


Հարկ է անդրադառնալ մամուլում ներկայացված մեկ մասնավոր կարծիքի, որտեղ առաջարկվում է արցախյան խնդրի լուծման տարբերակ՝ արցախա-ադրբեջանական կոնֆեդերատիվ ապագայի տարբերակը: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում համառոտ: Մենք՝ որպես փոխզիջում (մեր կողմից հասանելիքը միջազգային հանրությանը ներկայացնելու համար) համաձայնում ենք, որ ներկայիս Արցախը և Ադրբեջանը կազմեն մեկ միասնական պետություն կոնֆեդերացիայի սկզբունքով: Այդ պետության ղեկավար մարմինը ըստ էության կարող է երկրի համար էական խնդրի վերաբերյալ որոշում կայացնել միայն անդամ երկրների համաձայնության դեպքում, կամ որ նույնն է՝ անդամ երկիրը միշտ կարող է բեկանել իր համար ոչ նպաստավոր որևէ օրինագիծ կամ ծրագիր և այլն: Պետք է հասկանալ, որ գաղափարը ներկայացնողի կողմից համոզմունք է հայտնվում, որ Արցախի շահերը չեն ոտնահարվի այդ միավորման իշխանությունների կողմից, դրանք օրենքով սահմանված լինելու պատճառով:
Մեր կողմից այս տարբերակն առաջարկելու և խնդրի հանգուցալուծմանն ընդառաջ գնալու քայլով, ըստ հեղինակի, մենք ոչ միայն կհրապուրենք Ադրբեջանին՝ հետ կանգնելու իր այսօրվա քաղաքականությունից, այլև կհամոզենք, որպես փոխադարձ զիջում, կոնֆեդերացիայի մեջ մտնող Արցախին տալ բուն արցախյան այն տարածքները, որոնք ընկած են Ադրբեջանի ներկայիս պետության վերահսկողության տակ գտնվող սահմաններից ներս:
Գաղափարը զարգացվում է մինչև Հայաստան-Նախիջևան կոնֆեդերացիայի ստեղծումը և մի բան էլ այն կողմ: Պատասխանը, թե այդ դեպքում ինչ ենք զիջելու մեր կողմից, չկա: Ինչ ենք զիջելու հայ-թուրքական կոնֆեդերացիայի ստեղծման նախաշեմին: Իսկ թե ինչ կզիջեն Ադրբեջանն ու Թուրքիան այս դեպքում, նույնպես անհասկանալի է: Միգուցե Արարա՞տը և էլի՛ ինչ-որ բան:


Իրականում Ադրբեջանը կարող է և համաձայնել կոնֆեդերացիայի ստեղծման մեր առաջարկին, բայց սեփական նպատակներով և տրամաբանությամբ: Ի՞նչ եք կարծում՝ ո՞վ է լինելու կոնֆեդերացիայում ընդգրկված Արցախի անվտանգության երաշխավորը: Միջազգային հանրությու՞նը, որն այսօր իրեն նեղություն չի տալիս Ադրբեջանի սահմանային գործողություններն իրենց անունով կոչելու, որ հանկարծ Ադրբեջանը իրենց առջև նորանոր խնդիրներ չդնի ու դրանց կատարման հանձնառություն չպահանջի: Չկա՞ այդպիսի մտավախություն: Մեր անատամ, անողնաշար արտաքին քաղաքականության տեսանկյունից, իհարկե, չկա, բայց Ադրբեջանի պարագայում նույնը չես կարող պնդել: Հայաստանի հետ մոտալուտ կոնֆեդերացիա կազմելու խոստման դիմաց միգուցե Թուրքիա՞ն դառնա Արցախի անվտանգության երաշխավորը:
Այդպիսի կոնֆեդերացիայի մեջ թողնելով Արցախը, մենք փաստացի հրաժարվում ենք նրանից, կամ ավելի հստակ ասած՝ տանուլ տալիս այն, ինչը ձեռք է բերվել արյամբ: Եվ արյան ենք մատնում Արցախի ժողովրդին: Այլ տարբերակ լինել չի կարող: Այդպիսի քայլով մենք կտրում ենք Արցախը Հայաստանից: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ կոնֆեդերացիայում կյանքը խաղաղ է լինելու, և Ադրբեջանը չի հրահրելու նորանոր կոնֆլիկտներ, որոնք կվերաճեն առճակատման: Հայաստանը ոչ միայն զրկված կլինի այդ առճակատման ընթացքում Արցախը պաշտպանելու հնարավորությունից, այլև դրան նախորդած շրջանում զենք-զինամթերքով ապահովելու, ՀՀ-ում բանակ զորակոչված մեր զինվորներին Արցախի ՊԲ-ում ծառայության ուղարկելու հնարավորությունից:
Կամ ինչպե՞ս է հնարավոր պատկերացնել կոնֆեդերացիայի բյուջեի տնօրինումը, դրա ծախսային մասերի համաձայնեցումը՝ ելնելով թե՛ կենսագործունեության պարզ պահանջներից, թե՛ պաշտպանունակության ամրապնդման հրամայականից: Ադրբեջանը իր նավթադոլարներից համամասնորեն բավարար միջոցներ կտրամադրի՞ Արցախին, որ Արցախը պահպանի ու զինի իր բանակը:
Ո՞վ կպատասխանի այս հարցերին:
(շարունակելի)


Վահրամ ԲԱՅԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 4777

Մեկնաբանություններ