Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արևմուտքը, ինչպես Երկիր մոլորակը, պարզ հարգանքի է արժանի

Արևմուտքը, ինչպես Երկիր մոլորակը,  պարզ հարգանքի է արժանի
23.09.2017 | 23:40

Սկզբից ևեթ նշեմ, որ որևէ աստիճանի արևմտամետ չեմ, թեև վերջին 5-6 տարիների զգալի մասը, ընտանեկան հանգամանքների բերումով, հյուրընկալվել եմ չքնաղ Ավստրիայում: Այցելել եմ նաև Չեխիա, Գերմանիայի ու Շվեյցարիայի գերազանց ավտոմայրուղիներով հասել Ֆրանսիա, հիացել Սլովենիայի բնապատկերներով ու Խորվաթիայի ծովափնյա հանգստավայրերով: Այսուհանդերձ վերջնակետս մշտապես Հայաստանն է, Երկիր մոլորակի իր 45 հազար քառակուսի կիլոմետր մեծ թե փոքր տարածքով: Թող ներվի ասածիս համար, համեմատաբար ակտիվ քաղաքացու մտահոգությամբ հաճախ եմ փորձում որոշակի փաստագրությամբ անդրադառնալ այդ 45 հազարի հոգսերին ու տնտեսական գործընթացներին, թեև դրանց ահագնացող վիճակը պահանջում է քաղաքական գնահատականներ հնչեցնել:


Թերևս այս կերպ է փորձել վարվել «Ինչու՞ է արևմուտքն այդքան համառորեն ուզում փակել տալ Մեծամորի ատոմակայանը» «Իրատեսի» 05.09.2017-ի համարում տպագրված հոդվածի հեղինակը՝ Սերգեյ Շաքարյանցը: Ասվել ու նշվել է հետևյալը. «Հայաստանը, ըստ էության, վաղուց պատրաստի, արտադրված էլեկտրաէներգիայի արտահանող է, ինչից լիովին օգտվում է բարյացակամ հարևան Իրանը: Հայաստանի ներկա էներգետիկ հզորություններն ու հնարավորությունները կարող են խանգարել միայն Թուրքիային ու Ադրբեջանին և մեկ էլ նրանց հովանավորներին՝ ԱՄՆ-ին և Իսրայելին»: Տարօրինակորեն ոչ մի խոսք այն մասին, որ Հայաստան-Իրան պայմանավորվածության համաձայն ամառային ամիսների մեր արտահանումը համամասնորեն փոխարինվում է ձմեռային շրջանում Իրանից էլեկտրաէներգիայի ներհոսքով, քանզի հատկապես դեկտեմբերի վերջ-հունվարի սկիզբ ժամանակահատվածում ՀՀ էլեկտրաէներգետիկ հզորությունները, որ հոդվածում նշվում են որպես էներգետիկ հզորություններ, ի զորու չեն լիարժեք բավարարելու Հայաստանի էլհոսանքի պահանջարկը, որն ամանորյան օրերին հասնում է մինուս-պլյուս 35 մլն կՎտժամի, որտեղ ԱԷԿ-ի մասնաբաժինը առավելագույնը 6 մլն կՎտժամ է (15-17 տոկոս):
Անշուշտ, թվերի օգնությամբ, որոնք երբևէ քաղաքական ենթատեքստ չեն պարունակում, այլ ընդամենը փաստեր են արձանագրում, կարելի է բազմաթիվ ձևերով հաստատել, որ տվյալ պարագայում Մեծամորի ԱԷԿ-ը Հայաստանի համար էլեկտրաէներգետիկ այն բացարձակ փրկօղակը չէ, որը հարկ է պատեհ-անպատեհ առիթներով որպես միանշանակ լուծում ներկայացնել: ՀՀ-ում մեկ բնակչի հաշվով տարեկան 2000 կՎտժամ էլեկտրաարտադրությունը, որն իրականացվում է ատոմակայանի, ջերմա-ջրային միացյալ էլհզորությունների արդյունքում, նվազագույն ցուցանիշ է երկրում տնտեսական ու համազգային խնդիրների իրականացման առումով, քանզի կայացման շրջանում գտնվող երկրներն ապահովում են 3-5 հազար կՎտժամ, արդեն կայացածները՝ 8-10 հազար կՎտժամ, առանձին դեպքերում՝ 15-17 հազար կՎտժամ արդյունք:


Համանման փաստագրություն, նաև՝ թե ինչու են տարբեր երկրներ փակում իրենց շատ ավելի նորակառույց ու առավել անվտանգ ատոմակայանները, կարելի է անվերջ շարունակել: Սակայն առաջնորդվենք «պարանի երկարը, խոսքի կարճը» սկզբունքով և անդրադառնանք գրիչ վերցնելու բուն առիթին, որն է՝ ՀՀ-ի հանդեպ Արևմուտքի էլեկտրաէներգետիկ պահվածքը, Մեծամորի ԱԷԿ-ը ժամ առաջ փակելու հանրային որոշ շրջանակների դիրքորոշմանը: Խնդրում պարզություն մտցնելու առումով մեզ կօգնի 1977-1989 թվականներին ՀԽՍՀ կառավարությունը ղեկավարած տաղանդավոր գիտնական ու պետական գործիչ Ֆադեյ Սարգսյանը, իր «Կյանքի դասեր» հուշագրությունների միջոցով: Նա հականե-հանվանե, որն է՝ անունները տալով, առանց թաքցնելու գրում է. «Մենք լրջորեն զբաղվում էինք նոր էներգետիկ հզորություններ ստեղծելու հարցերով: Ինչպես հայտնի է, նախատեսված էր ատոմակայանի 2-րդ հերթի շինարարությունը նույնքան կարողությամբ, բայց շահագործման անվտանգությունը բարձրացնելու լուրջ միջոցառումներով: Միաժամանակ պետք է միջոցառումներ ձեռնարկվեին առաջին երկու բլոկների (1-ին հերթի) անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ: Սակայն առաջին անգամ և Կ. Դեմիրճյանի, և իմ մեջ կասկածներ ծագեցին, երբ մենք Ա. Կոսիգինի հետ մտերմաբար զրուցում էինք 2-րդ հերթի շինարարության մասին: Նա ուղղակի հարցրեց. «Իսկ պե՞տք է արդյոք Հայաստանին, հաշվի առնելով նրա աշխարհագրական առանձնահատկությունները, կառուցել ատոմակայանի 2-րդ հերթը նախատեսված տեղում, հին նախագծով»: Եվ խորհուրդ տվեց նորից մտածել ինչպես հարկն է, հետո վճռել»:
Նվազագույնը սթափության ուղղորդող խոսքեր էին ասվել, առանց երկմտելու, ուղիղ ու միանշանակ: Դրանք հնչեցրել էր բարձրագույն պաշտոնյա, որն առավելագույնն էր շահագրգռված անծայրածիր երկրի ցանկացած վայրում էլեկտրաէներգետիկ մոնստր համարվող կայանի տեղադրման հարցում: ԽՍՀՄ էլեկտրաէներգետիկ համակարգը որևէ ձևով չէր տուժի, եթե ԱԷԿ-ը տեղադրվեր ՌԽՖՍՀ հարավային տարածքում, անգամ հարևան հանրապետություններից որևէ մեկում: Նկատենք, որ 1976-80 թվականներին, սառը պատերազմի ամենաեռուն շրջանում կառուցված ջերմամիջուկային վառելիքով կայանը տեղադրված էր Կասպից և Սև ծովերի ծայր հարավային Աստարա և Բաթում բնակավայրերից 400-450 կմ հեռավորությունների վրա: Թե ինչու էր հենց այս կետն ընտրվել, կարելի է պարզից մինչև հեռուն գնացող եզրակացություններ անել, որը թողնենք մի այլ առիթի, հիմա միայն հիշելով Ֆադեյ Սարգսյանի հետևյալ խոսքերը. «Ես չեմ կարող հայկական ատոմակայանի շինարարության տեղի ընտրության ամբողջ մեղքը բարդել այն ժամանակվա ղեկավարների վրա, քանի որ գիտեմ, որ այդ բնագավառի երկրի առաջատար մասնագետները կարողացել էին «ապացուցել» նրանց, որ ատոմային էլեկտրակայանը կատարելապես անվտանգ է, և շինարարության առավել նպատակահարմար տեղը հենց Մեծամորն է»:


Բացարձակապես ակնհայտ է, որ տեղի ընտրությունը պայմանավորված է եղել շինարարության միջոցների խնայողությամբ: Այլապես ինչո՞վ կարելի է բացատրել, որ բոլոր շինությունները կառուցվել էին սեյսմիկայի տեսանկյունից 6 բալի հաշվարկով այն դեպքում, երբ կողքին այն ժամանակ արդեն հայտնի 9-բալանոց ճեղքվածքն էր: Հեղինակը նաև նշում է, որ կայանը կառուցվել էր մինչ 1982 թվականի անվտանգության նորմերի ու կանոնների կիրառումը և ուներ բազմաթիվ շեղումներ դրանցից, ընդ որում՝ շատ լուրջ և գործնականում անուղղելի: Կայանի անվտանգության համակարգերը չունեին եռակի պաշարավորում, իսկ առկա երկու համակարգերը անջատված չէին և գտնվում էին նույն շենքում: Սրանք կայանը հետազոտած մասնագետների և կազմված հանձնաժողովների եզրակացությունների շատ փոքր մասն են, որոնց առավել հետաքրքրասերները կարող են ծանոթանալ արդեն նշված հուշագրքում, որից հերթական մեջբերումն անենք: «Բացահայտվեց տագնապալի մի պատկեր: Մենք հասկացանք, որ չի կարելի սպասել: Ինչպես արդեն ասվել է, 1982 թվականից մշակվել էր կայանի վերակառուցման երկու նախագիծ, բայց երկուսն էլ չընդունվեցին, քանի որ մեկը շատ թանկ էր, իսկ երկրորդը չէր ապահովում անվտանգությունը: Մանրակրկիտ վերլուծություններից հետո մենք եզրակացրինք, որ անհրաժեշտ է պայքարել հայկական ատոմակայանը փակելու համար: Վերջնական արդյունքում մենք այլ տարբերակ չէինք տեսնում»:


Շարունակենք հետևել ՀԽՍՀ բարձրագույն ղեկավարության հետագա գործողություններին: Երևան են հրավիրվում ԽՍՀՄ պետատոմհսկողության ղեկավարները ակադեմիկոս Վ. Սիդորենկոյի ղեկավարությամբ: Ստեղծված տագնապալից վիճակը նրանց հետ քննարկելուց հետո պահանջ է ներկայացվում մեզ մոտ ուղարկելու պաշտոնական իրավասու հանձնաժողով: Ի վերջո պետական հանձնաժողովը հանգում է այն եզրակացության, որ հայկական ատոմակայանը անվտանգության տեսակետից չի համապատասխանում գործող նորմերին ու կանոններին: Հանձնաժողովի ակտը ԽՍՀՄ պետատոմհսկողություն և Հայկական ԽՍՀ նախարարների խորհուրդ է ուղարկվում 1986 թվականի ապրիլի 24-ին, այսինքն՝ Չեռնոբիլի աղետալի վթարից երկու օր առաջ: Ամբողջ երեք տարի պահանջվեց հարցի վերջնական լուծման համար: ԽՄԿԿ քաղբյուրոյի որոշմանը համապատասխան ընդունվել է ԽՍՀՄ նախարարների խորհրդի որոշում՝ 1989 թվականի փետրվարի 22-ից հայկական ատոմային էլեկտրակայանի 1-ին բլոկի և 1989 թվականի մարտի 18-ից 2-րդ բլոկի շահագործումը դադարեցնելու մասին:


Թե ինչու է ջերմամիջուկային վառելիքով աշխատող էլեկտրակայանների հարցում «մոնստր» արտահայտությունն օգտագործվում, որը հայերենում թարգմանվում է «հրեշ» արտահայտությամբ, փորձեմ բացատրել քննարկվող հարցի հետ առնչվող հետևյալ օրինակով: Ֆադեյ Սարգսյանի հուշագրությունից տեղեկանում ենք Մեծամորի ԱԷԿ-ի նշված թերություններից ընդամենը մեկի, գործող հրավտանգ կաբելը պահեստային կաբելի հետ մի խրամուղով անցկացնելու արդյունքում 1982 թվականին բռնկված հրդեհի հետևանքով ծագած վտանգի մասին: «Մենք ինչքա՜ն մոտ էինք մեծ աղետին: Կարելի է ասել՝ հրաշքով փրկվեցինք»:
Ահա և մեզ Մեծամորի ատոմակայանն իր ողջ գրավչությամբ և սարսափներով: Առայժմ պատասխան չունի նաև այն հարցը, թե ինչպես ենք գոյատևելու ընդամենը 400 մեգաՎատտ հզորություն ունեցող այս կայանը փակելու արդյունքում: Հանրությունն ու իշխանությունը բացարձակապես չեն ցանկանում քննարկել, թե ինչ է իրենից ներկայացնում այդ 400 մգՎտ-ը, որը էլեկտրաէներգետիկ փրկօղակ է հռչակվում: Թերևս մի այլ պարագայում այն կարելի է անգամ հզորությունների շարքին չդասել, եթե անշուշտ շարունակենք գործել ՀՀ էլեկտրաէներգետիկ անկախությունը մտահոգիչ չնկատելու սկզբունքով: Թող որ սիրողական մակարդակով, այսուհանդերձ փաստ է, որ ՀՀ վերջին տարիների աղքատիկ բյուջեներից անգամ 1 տոկոս մասհանումների պարագայում, որը 20-25 մլն դոլարային ծախսի սահմաններում է, մենք արդեն կունենայինք կառուցված Մեղրիհէկ 1-ը և 2-ը, թերևս նախադրյալներ ստեղծվեր վերջերս հիշատակված Շնողհէկը սկսելու համար, որն այս պայմաններում առաջիկա 20-25 տարիներին դժվար թե իրականացվի, հուսալի էլեկտրաարտադրության պարագայում գուցե և իրոք գրավիչ կդառնա ՀՀ ներդրումային միջավայրը, և մեկ էլ տեսար կառուցվեցին արևային, քամու, տաք ջրերի հաշվին գործող էլեկտրահզորությունները, ծագեցին գիտական նոր անակնկալներ: Այս կերպ գործելու պարագայում, հենց թեկուզ արևմտյան երկրների փորձը ներդնելով, կարելի էր հազարավոր սոցիալական որակվող բնակարաններ կառուցել, սիրիահայության մասնիկներից բացի նաև շատերին մեզանով անել, արդեն իսկ 4 մլն բնակչությամբ երկիր ունենալ, «Արի տուն» ծրագրին լրջություն հաղորդել: Բայց այս ամենն այսօր երազանք է մի միջավայրում, որտեղ գերիշխում են անձնական ու խմբային շահը, կուտակելու անհագուրդ տենչը: Այս ամենը մի կողմ թողած հիշել արևմտյան արժեքների բացասական ուղղվածությունը պարզապես անհասկանալի է: Հարյուրամյակ առաջ և հատկապես վերջին տասնամյակներին Երկիր մոլորակի արևմտյան դիտարկվող հատվածում ապաստան ստացան մեր հարյուր հազարավոր հայրենակիցները, հարազատ բնօրրանում աղքատի կարգավիճակը հաղթահարելուց հուսալքված հայաստանաբնակների փոքր ու մեծ ջոկատներն ու բանակները: Նրանք այսօր աշխատանք ու տուն ունեն, լիարժեք կրթություն են ստանում, երկրների արժանավոր քաղաքացիներ են, պատիվ ու հարգանք վայելող այրեր, կայացած հայորդիներ: Նրանց բացարձակ մեծամասնության հայացքները Մայր Հայաստանին են ուղղված, որտեղ Արևմուտք ասելիս բացասական շեշտադրումները միայն տարակուսանք են առաջացնում:
Հավելեմ: Վերջին 15-ամյակում Գերմանիայում գործող 19 ատոմակայաններից մնացել է 8-ը, Մեծ Բրիտանիայում՝ 33-ից 15-ը, ԱՄՆ-ում՝ 104-ից 99-ը: Նշվածները արևմտյան երկրներ են, որոնց տնտեսություններն այս ընթացքում կայուն զարգացում են ապրել: «Ինչպե՞ս»-ը ղեկավարող համակարգի խնդիրն է, որը պարզապես կապ չունի էլեկտրաէներգետիկ համակարգը ջերմամիջուկային կայանների շահագործման շրջանակում տեսնելու երևույթի հետ:


Առայժմ ընդամենն այսքանը, ակնկալելով, որ հայոցս ու մեր պետականության շահը առավել փաստարկված ու բովանդակային քննարկում է պահանջում:


Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Հ. Գ. Սույն մտորումը գրվել է մինչ քննարկվող նույնանուն վերնագրով հոդվածի 2-րդ հատվածը տպագրվելը (08.09.2017), որում հեղինակն արդեն «հայ ժողովրդի թշնամի Արևմուտքը» գնահատականն է հնչեցնում: Շրջապատիս հարյուրավոր ներկայացուցիչների հավաստմամբ՝ նվազագույնը տարօրինակ մոտեցում, քանզի միայն Հայոց ցեղասպանությունը որպես թուրքական հանցագործություն ճանաչելու Արևմուտքի դիրքորոշումը այդօրինակ մոտեցման չէ արժանի:

Դիտվել է՝ 2484

Մեկնաբանություններ