«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Կոմիտասի մերժված հիմներգը

Կոմիտասի մերժված հիմներգը
24.09.2017 | 01:00

1906 թ. Պողոս Նուբարի գլխավորությամբ Կահիրեում հիմնվեց Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), որի գոյության նախնական շրջանը կայացման տարիներ էին: Առաջին աշխարհամարտից առաջ, երբ ՀԲԸՄ-ն արդեն ուներ բազմաթիվ մասնաճյուղեր, ստանում էր բավականին զգալի ֆինանսանյութական նվիրատվություններ ու կտակներ, Բարեգործականի ղեկավարությունը միտք հղացավ ունենալու հիմներգ կամ, ինչպես ժամանակին գործածում էին` քայլերգ: Այդ գործի պատասխանատվությունն ստանձնեց ընդհանուր քարտուղար, գրող ու հասարակական գործիչ Վահան Մալեզյանը:
1912-ից լույս տեսնող ՀԲԸՄ «Միութիւն» պարբերականում տպագրվեցին Ս. Պարթևյանի, Հ. Սեթյանի, Ներսես եպիսկոպոս Դանիելյանի և այլոց բանաստեղծությունները, որոնք հավակնում էին դառնալու ապագա հիմներգի տեքստ: Դրանք քննության էր առնում նշանավոր բանաստեղծ ու վաճառական, Բարեգործականի նվիրյալ Ռուբեն Որբերյանը, որը, սակայն, ոչ մեկը չհավանեց:


Մրցույթին մասնակցեցին նաև Կ. Պոլսում գտնվող Կոմիտասը և Վ. Մալեզյանն ինքը: Վարդապետն ուղարկեց իր ստեղծագործությունը` «Մեր հայ գաւառն է խավար» բանաստեղծությունն ու նոտագրությունը, իսկ ընդհանուր քարտուղարն ու կոմպոզիտոր, երաժիշտ Հարություն Սինանյանը` «Փառք Միութեան» հիմներգը: Սակայն վերահաս պատերազմը, Ցեղասպանությունը, ազգի մնացորդաց պահպանման հոգսը ՀԲԸՄ-ին ստիպեցին երկար տարիներ հետաձգել հիմներգի մտահղացման իրականացումը:
1930 թ. մարտի համարում, երբ դեռ ողջ էր Պողոս Նուբարը, «Միութիւնը» տպագրեց Կոմիտասի ստեղծագործությունը (թ. 138, էջեր 284-285): Ահա տեքստը և նոտաները.
Մեր հայ գաւառն է խավար,
Տգիտութեան է աւար,
ՈՒսում տարէք,
Որ լոյս վառէք,
ՈՒ յոյս վառէք,
Հայ տգետը վտարէք։

Պանծա՛ դու, Հայ Միութիւն,
Գիւղին տւիր հայ դպրոց,
Սրտի, մտքի կուռ հնոց:
Պանծա՛ դու, Հայ Միութիւն,
Պանծան հայեր բարեգութ.
Հայե՜ր, հայուն՝ դպրո՜ց,
Հայո՛ւ դպրոց։

Մեր հայ երկիրն անապատ,
ՈՒ հայն ընկել պատէ պատ,
Գութան տարէք,
Որ հող վարէք
ՈՒ խոր վարէք,
Հողի կուրծքը պատառէք։

Պանծա՛ դու, Հայ Միութիւն,
Գյուղին տւիր հուր գութան,
Որ գիւղացիք արտ փութան,
Պանծա՛ դու, Հայ Միութիւն,
Պանդուխտ հայեր տուն կուգան,
Մաճկալ, հոտաղ ձայն կուտան՝
Հայե՜ր, հայուն՝ գութան,
Հայու՛ գութան։

Թող գութանը փող դատէ,
Ճըռնչալով հառաչէ,
Թող սայլակը թավալէ,
ՈՒ եզնակը բառաչէ:
Գութան հառաչէ,
Եզնակ բառաչէ։

Թող ուսումը շող կաթէ,
Շեն ու աւան ծավալէ,
Թող համբակը կորանա,
Հայ մըշակը զորանա։
Համբակ կորանա,
Մըշակ զորանա։

Սակայն Վ. Մալեզյանը չհավանեց` գրելով. «Արդար ըլլալու համար, ըսենք թէ, Կոմիտասի գրած եւ ձայնագրած երգը հարկ եղած տուեալները չունէր, որպէսզի կարելի ըլլար զայն իբրեւ Միութեան վերջնական քայլերգ որդեգրել»:
Մեկ տարի անց, արդեն Գալուստ Գյուլբենկյանի նախագահության օրոք, կայացվեց վերջնական որոշում, և «Միութիւնը» գրեց. «Այսուհետեւ ՀԲԸ Միութեան հանդէսներու բացման քայլերգը պիտի ըլլայ «Փառք Միութեան», որ ոգեւորիչ, հաճելի եղանակ մը ունի» (թ. 148, էջ 45): Այսպիսով, ընդունվեց Հ. Սինանյանի և Վ. Մալեզյանի տարբերակը:
Ես համացանցում լսել եմ այդ հիմներգը, և ինձ չի թվում, թե դա «ոգեւորիչ, հաճելի եղանակ մը ունի», սակայն խնդիրն այդ չէ:


Ես երաժշտագետ չեմ, բայց կարծում եմ, որ հայ դասական երաժշտության հիմնադիր հանճարի ցանկացած ստեղծագործություն, այդ թվում` ՀԲԸՄ-ի մերժած ու երբևէ չկատարված հիմներգը, մոռացության չպետք է մատնվի: Դիցուք, շատ կուզենայի, որ այն կատարեր, ասենք, Կոմիտասի անվան ազգային քառյակը` երգչախմբի հետ:
Եթե մենք Կոմիտասի ժառանգությունն էլ չպիտի պահպանենք, ապա…

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5700

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ