Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ցավից ծնված բանաստեղծը

Ցավից ծնված բանաստեղծը
24.09.2017 | 01:03

Այս վերնագիրը եկավ ու անցավ մտքովս, երբ կամեցա անդրադառնալ Վահագն Դավթյան բանաստեղծի ու գործչի ծննդյան 95-¬ամյակին։ Եվ քանի որ նրան մոտիկից տեսա և ճանաչեցի գործի մեջ էլ, «Հայրենիքի ձայն» թերթի խմբագրությունում աշխատելիս, մտովի հասա այն օրերին, կարծես հեռվից շատ ավելի հստակ տեսա երևելի խմբագիր Վահագն Դավթյանին։ Հիրավի, կատարյալ էր որպես մտավորական, որպես արվեստագետ, որպես մարդ և խմբագիր։ Հանրաճանաչ էր, բայց զգալ չէր տալիս. մեր մեջ էր, մեզնից մեկն էր, մեր գործընկերն էր։ Չէր թելադրում, այսպես ասած, ղեկավար չէր խաղում։ Մեզ հետ չէր վարվում այնպես, ինչպես չէր ուզի, որ այլք վարվեին իր հետ։ Մեզնից ամեն մեկը գործում էր հայրենիք Հայաստանին անմնացորդ նվիրվելու ու ծառայելու գիտակցությամբ։ Աշխարհը՝ իր աշխարհական բարքերով, խորթ էր մեզ։ Խմբագրությունում սիրո, համերաշխության ու հնազանդության մթնոլորտ էր։ Ոչ մեկը չէր փնտրում իրենը… Ոչ մեկը նման չէր մյուսին, տարբեր մարդիկ էինք, մեզ միավորողը մեր առջև դրված գործը, որ առաքելություն էր, միասնաբար կատարելն էր։


Ժամանակի կրակոց-փամփուշտները, որ անցնում էին Վահագն Դավթյան անհատականության, Վահագն Դավթյան զավակ-զինվորի, Վահագն Դավթյան մտավորականի ու խմբագրի, Վահագն Դավթյան մարդու ու մտածողի սրտի միջով, մենք չէինք տեսնում, բայց զգում էինք։ Այդ մասին ոչ ինքն էր խոսում և ոչ էլ մենք։ Մեր ընթացքը դեպի առաջ էր, մեր խոսելն ապագայում էր լինելու։ Գիտեինք, որ ցեղասպանության, այսպես ասած, ժառանգական ցավը իր արյան մեջ կրող անձ է։


Ինչը տպագրելու էր և ինչը` չէ, նրան հայտնի էր, և մեզ էլ հայտնի էր։ Թերթում հայտնված ամեն մի խոսքը ազգաշահ էր։ Անշուշտ, մեր ճամփին էլ փշալարեր էին, բայց մենք ամենայն զգուշությամբ անցնում էինք։ Այո, Վահագն Դավթյան խմբագրին չէին թելադրում, Համո Սահյանի ասած, «գրել է այն, ինչ ինքն է ուզել… Երբեք հաշվի չի նստել ժամանակի հոսանքների և ժամանակավոր տրամադրությունների հետ»։ Որպես մտավորական, գործիչ, փոխզիջման գնացող չէր, աշխարհքն էլ իրեն տային, հայրենիքի մի թիզ հողը և հայրենի երկնքի մի կտորը չէր զիջի։ Ահա թե ինչու նրա առջև պայմաններ չէին դնում։ Չէին կարող ասել` դու այսպես արա, մենք էլ` այնպես։ Նա սիրում էր իր տառապանքը, սրբության աստիճանի սիրում։ Նրա տառապանքն էլ սեր էր։ Աշխատանք փնտրող չէր, մինչդեռ աշխատանքը նրան շարունակ փնտրում էր։ Երբ բացվելու էր սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի խոսնակ «Հայրենիքի ձայնը», միջին և վերին օղակներում, առանց երկմտանքի, նպատակահարմար էին գտել խմբագիր նշանակել Վահագն Դավթյանին։ Նա էլ ինքն իրեն հարմար գտել և համաձայնել էր, սակայն, Հայաստանի կոմկուսի կենտկոմի առջև պայման դնելով` վստահել, չմիջամտել աշխատանքներին, մասնավորապես` չխառնվել կադրերի ընտրությանը։ Այստեղ էլ, կադրեր ընտրելիս էլ, առաջնորդվելու էր ըստ անձի աստվածային շնորհի և ըստ ազգային նկարագրի։


Արդ, անդրադառնալով բանաստեղծի ու խմբագրի ծննդյան 95-ամյակին, մտածում էլ եմ, կարծես մոռացության են մատնվում հոգևոր արժեքները։ Ինչու՞։ Որովհետև կռիվը առավել նյութականի համար է, քան հոգևորի։ Մարդկության սիրտը (կարող էի ասել` մարդու սիրտը) գնալով կարծրանում է։ Ո՞վ է ուշադրություն դարձնելու կորչող բանին, ասենք, այն խոսքին, որ բանաստեղծի սրտից է. «Ես` քարեղեն մոլուցք, ձյունահողմի գանգատ, // Ծաղկաթերթի թախիծ ու մամուռի արցունք»։ «Ով որ գնում է դեպի սկիզբը, գնում է միայն քամիների հետ ու թռչունների»։ Այս բաներն ասես մոռացության են մատնվում, ինչպես, օրինակ, նամակագրությունը։ Այն որ զգացմունքինն էր, զգացմանը, այն որ սրտինն էր, միտք է դառնում` պաշտոնական գրության տեսքով։ Ավելի պարզ ասած` սիրտը սրտին կարծես խորթանում է։ Բայց, անշուշտ, վերադարձ լինելու է։ Այդ է վկայում նաև Վահագն Դավթյան բանաստեղծի մարգարեական հոգին։ Նա ինքն էլ բարձունքից բարձունք, հանգրվանից հանգրվան ընթանալով, մեծ համբավ ունենալով հանդերձ, պաշտոնավարելիս, առաջացած տարիքում, ինքն իր մեջ` իր ներսի մարդով, իր ճամփան գնում էր, գնում էր իր մանկության վայրերը, «մանկության ծվենների» հետքերով։ Գնում էր մաքրվելու, զորանալու, գնում էր, որպեսզի կորուսյալ աշխարհի լույսը բերի։ Եվ բերում էր։ Ասացի` կորուսյալ աշխարհի, բայց իրականում դա իր հոգու աշխարհի լույսն էր։ Այդ լույսը ինքն էր։ Լույսն իր մեջ էր և ինքը լույսի մեջ։ Իսկ լույսը մոտիկից ու հեռվից տեսանելի է։ Լույսը տեսավ նաև բանաստեղծի մերձավորը` Համո Սահյան հրաշալին. «Այդ աշխարհը, որ լույսով է թաթախված ոտից գլուխ, և որտեղ լույսի արարողությունը կերպ է ապրելու, երբեք ստվերի մեջ չի մնացել և չէր կարող մնալ (և չի մնացել) անշահախնդիր քննադատության և կորովամիտ ընթերցողի տեսադաշտից»։ Հիրավի, մեծերը մեկմեկու տեսնում են։ Նարեկացին տեսավ Մեծերի Մեծին` Աստծուն, դառնալով դեպի Տերը տանող ճանապարհ։ Սայաթ¬Նովան զգաց և խոսեց¬երգեց Աստծո խոսքը։ Նույն կերպ վարվեց Ջիվանին։ Միևնույն ճանապարհին յուրովի հայտնվեց Վահան Տերյանը։ Հովհաննես Թումանյանն ուղղակի բռնեց Աստծո տան ճանապարհը, բաղձալով ապրել այնտեղ, Աստծո ներկայության մեջ։ Չարենցի ասած, նետի ուժգնությունից առավել կարևոր է դիպուկությունը։ Խոսքի դիպուկ լինելը հատուկ է Վահագն Դավթյանին։ Այն, որ խոցում էին իրեն, նա բացատրում է նրանով, որ բանաստեղծի սիրտը «Լույսով է հունցել երկնային Տերը»։ Իսկ այս աշխարհը խավար հոգիներինն է։ Ինչ խոսք, լուսավոր անձեր էլ կան, լուսավոր հոգիներ, որ չեն թողնում բարին մոռացության մատնվի. արվեստի դուստր Սիլվա Յուզբաշյանը և բարեպաշտ զավակ Գրիգոր Ջանիկյանը հոգ տարան և կազմեցին Վահագն Դավթյանին ամբողջացնող մի հուշամատյան, որտեղ խոսում են բանաստեղծին սիրող-ճանաչողները։


Հիրավի, գրողին բնութագրելիս, նախ` պիտի պարզել նյութը, որին նա դիմել¬անդրադարձել է և ապա տեսնել, թե ինչ սիրով ու սրտով է մոտեցել։ Վահագն Դավթյանի նյութը հայրենիքն էր` ազգայինով ու ազգի ճակատագրով։ Արտահայտչամիջոցը հայոց լեզուն էր, որին լսում և հնազանդվում էր։ Գիտեր մտքի տիեզերականի մեջ մտնել և արտահայտել անխաթար։ Վկայեմ, միտքս շարունակելով վկայեմ, մեջբերեմ Էդուարդաս Մեժելայտիսի խոսքը. «Ինձ թվում է, թե Վահագն Դավթյանն իր բանաստեղծություններն այնպես նրբորեն ու հմտորեն է քանդակում, ինչպես հայ հին վարպետներն էին քանդակում խաչքարը»։ Իսկ ի՞նչ է խաչքարը։ Վրաց բանաստեղծ Մորիս Փոցխիշվիլին ասում էր, որ խաչքարը կրում է մահը (մահին) կյանքով հաղթելու խորհուրդը։ Դավթյանն էլ գրում է. «Ես չեմ մահանա, մահն ինձ չի տանջի… // Վտիտ մարմինն իմ // Կմխա այսպես // ՈՒ մոմի նման դանդաղ կհանգչի…»։ Այդպես էլ եղավ. բանաստեղծին տանջողը մահը չէր, մարդկային բիրտ բարքերն էին, որ պատճառում էին անասելի ցավեր։ Ահավասիկ, նա էլ ուզեց իր մարմնի մեջ, իր հետ, այս աշխարհքից այն աշխարհք տանել այդ ցավ-տանջանքը. «Երբ ես հեռանամ, կտանեմ ինձ հետ միայն ցավն իմ կույր…»։ Իսկ թողնելու-կտակելու էր այն, «որ խիղճ է արդար ու սիրտ է մաքուր»։ Բաղձանք էլ ունի.


Եվ իմ տունը հին, իմ տունը խլված…
Երբ արդարության
Ձեռքը բաց անի ճամփաներն այն փակ,
ախ, եղեք բարի,
Գնացեք, գտեք մամռած թախիծը
դարավոր այդ տան
ՈՒ սիրտս դրեք սեմի քարին…

Բայց քանի կար, քանի այս աշխարհում էր, տանջանքը կրելու էր սիրով, որովհետև գիտեր, որ այդ տանջանքի համար էլ ծնվել է։ Այդ տանջանքի մեջ հայրենիքն էր, ավելի պարզ ասած, իր մեջ տանջվողը իր հայրենիքն էր։ Աստծո շնորհը կրել և գործի դնելը, անշուշտ, աննկատ չէր մնալու. բանաստեղծի սիրտը թիրախ դառնալու էր, սակայն, հայացքը հայրենիքից հեռու չէր պահելու. «Քո սերն է, որ ինձ միշտ այրել է ու տանջել»։ Սա ճշմարտություն է, որ հնչում է որպես խոստովանանք։
Միայն մենք չէ, այլք էլ ճշմարիտ տառապյալին տեսնում են. վերջերս էր, Թբիլիսիում թարգմանաբար լույս տեսավ Դավթյանի «Ռեքվիեմը»։ Թարգմանության համահեղինակ, բանաստեղծուհի Մաղվալա Գոնաշվիլին, որ նախագահում է Վրաստանի գրողների միությունը, «Ռեքվիեմ»-ի առաջաբանում գրում է. «Տիցիան Տաբիձեն ասում էր. «Ազգի ոգին բարբառում¬խոսում է գրականության մեջ»։ Եվ ի՞նչ կարող է անել քսաներորդ դարի երկրորդ կեսի հայ գրականության երևելի ներկայացուցիչ Վահագն Դավթյանը, երբ նրա մտատեսիլներին հանգիստ չեն տալիս 1915 թվականին Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ողբերգական օրերը, երբ անընդհատ ու անընդմեջ նրա հոգուն հարվածում է Դեր Զորի չարանենգ քամին, երբ «մանկան ոսկորից սարքած սրնգի» հեծեծանքը ուրվականի պես կրնկակոխ հետևում է նրան…


Ի՞նչ կարող է անել նա, ի՞նչ անի… Եթե ոչ այդ ցավերը մի հրաշալի ու անզուգական պոեմ-ռեքվիեմ դարձնի ու «խաչքար դառնա մարմնի խաչով»։ ՈՒ հետո այդ ցավը ճանապարհ անցնի երկրեերկիր, ու խաղաղության կողմնակիցներն աշխարհի մասնակցեն այդ ցավին…»։ Խնդրեմ, վրաց մտավորականի այս խոսքի մեջ թե՛ ընդունումն է Հայոց ցեղասպանության և թե գնահատանքը հայ բանաստեղծի։
Ռոմիկ Սարդարյանը Վահագն Դավթյանին վերաբերող մի հուշազրույց ունի, որ վերնագրել է «Ոսկյա հատման օրենքով»։ Այն, որպես հարցազրույց, տպագրվել է «Նոր դար» համահայկական հանդեսում (3-4, 2002 թ.)։ Դավթյանն ասում է. «Կորուստների մի ծանր բեռով ես մտա կյանքի ու գրականության մեջ։ Կորցրել էի մարդու համար թերևս ամենանվիրական արժեքը` ծննդավայրս, Եփրատի վտակներից մեկի` Ոսկեգետակի վրա ծվարած Արաբկիր սքանչելի գյուղաքաղաքը»։


Վահագն Դավթյան մարդու ու բանաստեղծի ցավն անցողիկ չէ։ Ինքը` որպես մարմին, փոխվելու է. «Եվ այս քարոտ հողում ես կփոխվեմ քարի»։ Մինչդեռ ցավը, ինչպես հայրենիքն ու հայրենիքի սերը, հավիտենական կյանք ունենալու է.
Բայց երբ կանաչ-կանաչ մամուռն իջնի վրաս,
Իջնի ինչպես քնքշանք, ինչպես սիրո երազ,
ՈՒ երբ մաղի անձրևն իր թախիծը թավիշ,
Ես իմ քարե խորքում կհեկեկամ ցավից…

Ի դեպ, Վահագն Դավթյանի հայրական տունը նույնպես Արաբկիրի շրջանում էր, Երևանում։ Բանաստեղծի հայրը` Արմենակը, հացի և գինու սեղան բացող, հաց տվող էր։ Իսկ որդին` Վահագնը, նույն շռայլությամբ հանդես էր գալիս գրական աշխարհում` համոզված լինելով. «Գրականությունն այն բնագավառն է, ուր ոչ մեկը ոչ մեկի տեղը չի խլում»։ «Ապրեցինք խաղաղ համակեցությամբ ու գրական բարեկամությամբ»։ Բարեկամությունը բարեկամություն, կարևորը. «…Շիկացած, անմիջական, մարդու հոգևոր ուժերը շարժման մեջ դնող հայրենաբառ ու հայրենահամ խոսք պիտի ասել»։ Երկու կարծիք լինել չի կարող, Վահագն Դավթյանն այդ խոսքն ասել է թե՛ բանաստեղծությամբ, թե՛ Խորհրդային Հայաստանի գրողների միության նախագահը լինելիս, թե՛ «Գրական թերթը», «Հայրենիքի ձայն» թերթը և թե սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի հայաբարբառ ամսագիրը խմբագրելիս։ Իսկ սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահի տեղակալ եղած ժամանակ հոգևոր մի կամուրջ էր նա` սփյուռքը հայրենիք Հայաստանին կապող։ Գրողը միայն գրելով չէ, կերպարներ կերտելով չէ։ Գրողին ամբողջացնողը նրա կենսագրությունն է, կենսակերպը։


Վազողի ընկնելը բնական է, օրինաչափ, ինչպես որ, ասենք, թռչողի, շատ բարձր թռչողի թևն արյունելը։ Արյուն կամ արցունք միևնույնն են։ Ցավոք, ականատեսն եմ եղել Վահագն Դավթյան հայրենախոսի արցունքի։ 1967-ին էր, օգոստոս ամսի սկզբին, լույս էր տեսել թերթի 105¬րդ համարը, 106-ը լույս էր տեսնելու օգոստոսի 2¬ին, լույս տեսավ, բայց ոչ Վահագն Դավթյանի ստորագրությամբ։ Երբ նա եկավ Հայաստանի կոմկուսի կենտկոմից, սիրտը մահու չափ տրտմած էր. գործից ազատել էին։ Եվ երբ հայտնեց լուրը, և երբ փաթաթվեց Հովհաննես Մելքոնյանին, որ թերթի պատասխանատու քարտուղարն էր, պարզապես լացեց։ Ո՞վ կմտածեր, որ Վահագն Դավթյանի նման անհատականությունը, նրա նման լուրջն ու լռակյացը, կարող էր նաև լաց լինել։ Այդ լացն էլ հայրենիքի սիրուց էր, հայրենիքին ծառայելու ծարավից։ «Հայրենիքի ձայնը» լավագույն միջոցն էր ազգայինը ազգին և աշխարհին հասցնելու։ Այնպես որ, «Հայրենիքի ձայն» թերթի վերստին ծնունդը վերընձյուղումն է նաև Վահագն Դավթյան հոգևոր անձի ու գործի։ Եվ այն, որ ընդհատվել էր 1967¬ի օգոստոսի 2-ին (խոսքը Վահագն Դավթյանի ազատմանն է վերաբերում), 2017¬ի օգոստոսի 2¬ին ընթացքի մեջ դրվեց` «Հայրենիքի ձայնը» վերընծայումով, ծննդի վերհուշով և Վահագն Դավթյան հավիտենական խմբագրի հիշատակումով։ Այն ժամանակ «Հայրենիքի ձայն»¬ի մշակույթի բաժնի վարիչն էի, և Վահագն Դավթյանը, Ջիվանու բառերով ասած, ինձ, որպես «գյուղական ծիլ», սատար էր կանգնում, ասպարեզ տալիս, որ վերուստ տրված շնորհներս արտահայտություն գտնեն, դրսևորվեն։ Այն օրերին դեռևս տունկ էի, իսկ երբ ժամանակի լցվելը եկավ, համահայկական գրողների նորաստեղծ միության ղեկավարները` նախագահ Աբգար Ափինյանը, քարտուղարներ Սամվել Պողոսյանը, Ժան Վարդանը ինձ ծառ տեսան, պտղաբեր ծառ և առաջարկեցին գլխավոր խմբագիրը լինել նորամանուկ «Հայրենիքի ձայնի»։

Եվ եղա։ Ինձ բարձրացնելու համար չեմ ասում սա։ Մարդու աչքին բարձրանալ չեմ ուզում, չեմ էլ ուզում առանձնանալ։ Ես սա ասում¬նշում եմ, որ ճամփա ելած ամեն երիտասարդ քաջալերվի և իմանա, որ համբերությունը կյանք է։ Իսկ քաջալերող, անկասկած, գտնվելու է. ազգը շարունակ ծնել է, ծնում է և ծնելու է Վահագն Դավթյան հոգևոր հայրեր, որ նեցուկներ են։ Ինչ խոսք, քաջալերողը միայն մարմնով ողջը չէ, քաջալերողը հոգին է, ոգին, որ ոչ մահ է ճանաչում, ոչ ժամանակ և ոչ էլ տարածություն։ Ինչու՞։ Որովհետև Աստծո տված է, Աստծուց է ու Աստծունը։


Աշխատանքի անցնելով գրողների մեկ այլ միության թերթում, չկարծեն, թե ես` Հարություն Հովնաթանս, թողել եմ Հայաստանի գրողների միությունը կամ էլ ընդդեմ գնացել, ոչ, բնավ ոչ. պարզապես ազգանվեր գործ է, որ կատարելու եմ։ Բացի այդ, կարևորը անդամը, անդամագրվելը չէ, կարևորը քո նպաստն է, որ բերելու ես ազգի վերաշինմանը։ Կարևորը քո հայացքն է. ու՞ր ես նայում, ի՞նչ ես տեսնում և ինչպիսի՞ որոշում ես հանում։ Խեղճ մարդը ինչ-որ բանի, բան-միության անդամ դառնալու հետ հույսեր կապելու է. այդ բանը դարձիր, ինքդ կայացիր և ոչ թե անդամության ձգտիր։ Անդամն իշխանություն չունի, մինչդեռ գրողն ունի իշխանություն, որ դարձյալ Աստծուց է։ Բան պիտի փոխվի մեր մտածողության մեջ. ասենք, 2016¬ի ապրիլյան քառօրյա պատերազմում հակառակորդի մեծ կորուստները, որ այդքան շեշտվում են. մխիթարություն չէ և ոչ էլ հայ ազգը ոգևորելու միջոց։ Այլոց (թեկուզ թշնամիների) ողբերգությանը հանգիստ նայելը միանգամայն անհարիր է մեր ազգային բնույթին ու բնավորությանը։ Մի՞թե հակառակորդի զինվորները ջահելներ չէին, չունեին հայր, մայր, սիրած էակ, հարազատներ։ Իհարկե ունեին։ Նրանք իրենց կամքով չէին եկել ու խրամատ մտել։ Զոհվող զինվորը հայ է, թե թուրք, քրիստոնյա մարդը մեծ տարբերություն չի դնելու։ Արդար կռիվը զինվոր մարդուն մահվան բերանը գցողի դեմ է և ոչ թե մահվան բերանն ընկնողի։ Եվ ինչպես Վահագն Դավթյանի, այնպես էլ ամեն մի հայ մտավորականի առաքելությունը մեր ազգային, ասել է` աստվածային, բնությունը պահելն է։ Կպահե՞նք, Աստված մեզ տեր կկանգնի, մեզ հետ կլինի, չե՞նք պահի, կդառնանք ու հանիրավի երգելով կմեղադրենք. «ՈՒ՞ր էիր, Աստված…»։


Կարծում եմ` տեղին է հիշատակել Երեմիա մարգարեի խոսքը. «Ի՞նչ է տրտնջում ապրող մարդը՝ մարդը իր մեղքի մեջ»: «Քննենք մեր ճանապարհները եւ փորձենք, եւ ետ դառնանք Տիրոջը»:«Բարձրացնենք մեր սրտերը մեր ձեռքերի հետ դէպի երկնքում լինող Աստուածը»:
Ի դեպ, Վահագն Դավթյան բանաստեղծին մամուլում վերջին անգամ անդրադարձել եմ 15 տարի առաջ, 80-ամյակի առիթով: Տարիներն աշխատել են բանաստեղծի օգտին. նա այսօր մեր մեջ դարձյալ ծագում է որպես լույս, այսօր էլ շարունակում է կատարել մարդուն կորստյան ճամփից դուրս բերելու աստվածային առաքելությունը: Այսօր էլ նա սերունդներին հայտնում է տառապանքի քաղցրությունն ու վեհությունը.
Եվ գիտես նաև,
Որ շնչում ես դու
Մաքուր՝ որպես խիղճ,
Ցավոտ՝ որպես խիղճ,
Թեթև՝ որպես խիղճ,
Ծանր՝ որպես խիղճ:

Խոսքս ավարտեմ Մեժելայտիսով. «Ես չգիտեմ՝ ինչպիսին կլիներ մեր աշխարհը, եթե չլինեին այդպիսի այրվող սրտեր»: Հիրավի, բոլորանվեր այրվող սիրտ էր Վահագն Դավթյան անհատականությունը, նրա այրումը, ինչպես ինքը նկատել է, նման է աստվածաշնչյան Անկեզ մորենու անսպառ այրմանը:


Հարություն ՀՈՎՆԱԹԱՆ
«Հայրենիքի ձայն» թերթի խմբագիր

Դիտվել է՝ 2762

Մեկնաբանություններ