Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Աստված շատ ավելի է սիրում մեզ ու հոգում մեր մասին, քան կարող ենք ինքներս անել

Աստված շատ ավելի է սիրում մեզ ու հոգում մեր մասին, քան կարող ենք ինքներս անել
23.09.2017 | 00:03

Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի. չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՝ մամոնային (Մատթ. 6.24)։

Մարդու Որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու... Թագավորների Թագավորը և տերերի Տերը եկավ՝ ծառայելու անարգ մարդուն, որն իր հերթին իր կրքերի խղճուկ ստրուկն էր: Նա հիրավի մեծագույն ծառայությունը մատուցեց մարդուն. ազատեց նրան ստրկությունից:
Աշխարհում ապրող ամեն մարդ իրականում, կամա, թե ակամա, ծառայություն մատուցող էակ է (չնայած, ոմանց համոզմամբ, կան տերեր և ծառաներ)։ Կարևորը այն է, թե ում կամ ինչի ենք ծառայում։


Ասորեստանում գերության մեջ գտնվող Հուդայի բնակիչների վերաբերյալ կարդում ենք. «Թեպետ Տիրոջից վախենում էին, բայց իրենց կուռքերին էլ էին ծառայում» (Դ Թագ. 17.41)։ Ոչինչ չի փոխվել պատմությունից։ Այսօր էլ քիչ չէ թիվը այն մարդկանց, որոնք թեև հայտարարում են, թե վախենում են Աստծուց, սակայն երբեք էլ չեն քաշվում կռապաշտ կյանքով ապրելուց։ Ինչ սիրում ենք, ինչին կապված են մեր սիրտն ու հոգին, դա է, որ մեզ համար կուռք է դառնում։
Մարդիկ այնքա՛ն անձնասեր են, որ փորձում են իրենց մեկ ձեռքում ունենալ Աստծուն, իսկ մյուսում՝ դրամ։ Այդպիսի մարդիկ կամավորապես մոռանում են մեր Տիրոջ խոսքը. «Մարդ չի կարող երկու տիրոջ ծառայել»։ Հետաքրքրական է, որ Քրիստոսը «տեր» բացատրությունն է գործածում նյութեղեն աշխարհի համար, իսկ ավելի նեղ առումով՝ դրամի համար։
Դրամը ստրկացնում է հոգիները բոլոր նրանց, ովքեր պաշտամունք են մատուցում իրեն։ Այն բռնակալ և դաժան տեր է։ Չկա՛ ազատություն դրամասեր մարդկանց համար։ Չկա՛ հանգիստ և խաղաղություն նրանց համար։ Դրամը անագորույն բռնապետ է, որ մեզ հեռացնում է մեր գթառատ Փրկչից։ Դրամասեր մարդու համար դրամը արգելք է՝ սիրելու և վստահելու Աստծուն։ Ինչո՞վ է դրամը մարդուն հեռացնում Աստծուց։ Հեռացնում է նրանով, որ փոխանակ իր վստահությունը Աստծո վրա դնելու, մարդը դնում է դրամի վրա։ Դրամը կարծես գալիս է Աստծուն փոխարինելու։ Պողոս առաքյալի, ինչպես նաև Հակոբոս առաքյալի մտածողության մեջ տեսնում ենք, որ դրամը կուռք է նկատվում։ Դրամասիրությունն ու ագահությունը կռապաշտություն են նկատվում, որովհետև դրամը սիրող մարդու համար դրամը մի տեսակ կուռք է դառնում, կուռք, որի սիրահարն է դառնում, նրա ծառան ու հպատակը և նրան ընդունում է իբրև տեր։ Դրամը կարող է մեզ տիրող և իշխող դարձնել աշխարհում, բայց նաև ինքը կարող է տիրապետություն և իշխանություն հաստատել մեր ներաշխարհի վրա։ Այլ խոսքով, դրամը մեզ վերածում է իշխված իշխողների, տիրապետված տիրապետողների։ Սակայն եթե մարդը թույլ է տալիս դրամին տիրապետություն հաստատել իր էության ու ներաշխարհի վրա, որտեղի՞ց նա կարող է վստահություն ունենալ առ այն, թե ինքը իշխան է ու տեր արտաքին աշխարհում, ավելի ճիշտ՝ այլոց վրա: Այդ վստահությունը գալիս է անգիտությունից. «դրամատերերը» չգիտեն, որ իրենք իրականում ծառաներ են: Եվ Տերը իր մի խոսքով բացահայտում է ճշմարտությունը. մարդը միշտ ծառայողի դերում է և ծառայում է կամ Աստծուն, որը տեղ է փնտրում մարդու սրտում, կամ սատանային, որը ծպտված է աշխարհի հաճույքներով ու շահույթներով սքողված որոգայթներում:


Դրամ ունենալը սխալ բան չէ։ Սխալը դրամից բաժանվել չկարենալն է։ Սողոմոն իմաստունը իր «Առակներում» ներկայացնում է մի աղոթք, որ որպես ողջախոհ մարդ վերառաքում է Բարձրյալին. «Հարստություն և աղքատություն մի տուր ինձ, այլ ինձ համար կշռիր արժանին, որ բավական է. չլինի թե հարստանամ և ուրանամ քեզ ու ասեմ. - Ո՞վ է ինձ տեսնում», կամ աղքատանամ ու բան գողանամ և երդում ուտեմ իմ Աստծու անունով» (Առակ. 30; 9): Երբ կա մի բան կամ մեկը, որից չենք կարողանում բաժանվել, նշանակում է` դարձել ենք այդ բանի կամ մեկի ստրուկը, անկախ նրանից, թե դա ինչ է կամ ով է: Մարդիկ, որպես կանոն, իրենց դրամասիրությունը հիմնավորում են որոշակի նպատակների հասնելու և որոշակի իրեր ձեռք բերելու անհրաժեշտությամբ: Սակայն իրականում շատ քչերին է հաջողվում դիմակայել միշտ անհրաժեշտից ավելին ունենալու գայթակղությանը: Մարդու չափավորության զգացումը պայմանավորված չէ նրա հարուստ կամ աղքատ կարգավիճակով: Դա առաքինություն է, որին պետք է ձգտել ու հասնել: Մարդը հարստանում կամ աղքատանում է տարբեր պատճառներով և տարբեր կերպ: Քրիստոնեության արշալույսին նորադարձ շատ մեծահարուստներ վաճառում էին իրենց ունեցվածքը և ստացված հասույթը հանձնում առաքյալների տնօրինությանը, կամ եկեղեցուն էին նվիրաբերում իրենց հողերն ու ագարակները, այսինքն՝ դառնում էին կամավոր աղքատներ: Բայց այդպես վարվում էին ոչ բոլորը: Նույնպես և ոչ բոլոր աղքատներն են, որ գիշերը կարողանում են փակել իրենց աչքերը, առանց առավոտյան հարուստ արթնանալու երազանքի:


Ընդհանրապես, մեծ առաքինություն է բավարարվել ու գոհանալ ունեցածով, հավատալ այն պարզ ճշմարտությանը, որ Աստված շատ ավելի է սիրում մեզ ու հոգում մեր մասին, քան կարող ենք ինքներս անել: Մարդը կարող է արդարացնել իր կապվածությունը դրամին կամ իր հարազատներին, կամ իր դիրքին ու կյանքին անհրաժեշտությամբ կամ հոգատարությամբ, բայց ոչ երբեք անշահախնդիր սիրով. դա անկեղծ չի լինի, որովհետև մարդը գերազանցապես սուբյեկտիվ է, միշտ ունի իր պատկերացումները, դրդապատճառները և, անպայմանորեն, հետապնդում է իր շահը, նույնիսկ մարդու ամենաանշահախնդիր տեսակը՝ ծնողը: Միայն մեր Ազատարարին ծառայելով՝ կարող ենք ազատվել օտարից և ինքնօտարումից և դառնալ ինքներս մեր տերը։


Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 1860

Մեկնաբանություններ