Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Դրվագներ կարուսելի ձիուկների կյանքից

Դրվագներ կարուսելի ձիուկների կյանքից
26.09.2017 | 00:23

Ինչո՞վ է մարդկությունը զբաղված իր ամբողջ պատմության ընթացքում: Հազարավոր պատասխաններից միակ անփոփոխն է` կապեր հաստատելով ու խզելով: Միջանձնային ու միջպետական: Տիեզերական: Կապերի հաստատման ու խզման նպատակների, միջոցների, ձևերի, արդյունքների, հետևանքների խաչմերուկում է տեղում դոփել ու նոր ճանապարհներ բացել քաղաքակրթության ողջ պատմությունը` պարբերաբար գտնելով ու կորցնելով Աստծուն ու կոնկրետ մարդուն: Մենք հիմա էլ ապրում ենք կապեր հաստատելու ու խզելու առանցքի վրա` տիեզերական, միջպետական ու միջանձնային մակարդակներում: Մոդելն ունի միլիարդավոր տարբերակներ, հիմքում նույն շարժիչն է` շահը: Իսկ շահն ամենաանորսալի ու անկուշտ գազանիկն է:


Հինգ օր առաջ Հայաստանը նշում էր անկախության տարեդարձը և ստացավ ուղերձների փունջ այլ պետություններից: Ինչու՞ էին Հայաստանին շնորհավորում:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը փոխանցում էր խաղաղության և բարգավաճման սրտանց մաղթանքներ։ «Թող Աստված ուղեկցի և աջակցի ձեր ջանքերին՝ կառուցելու մշտապես ավելի համախմբված և միասնական հասարակություն՝ հույս ներշնչելով երիտասարդ սերունդներին»` ամբողջ սրտով աղոթք էր հղում պոնտիֆիկոսը:
«Շատ ուրախ եմ ձեր Ազգային տոնի առթիվ Ձերդ Գերազանցությանը հղել իմ շնորհավորանքներն ու ջերմ բարեմաղթանքները՝ երջանկություն մաղթելով Հայաստանի ժողովրդին առաջիկա տարում»` Բուկինգհեմյան պալատից գրում էր Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը:


Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ուրախ էր, որ Հայաստանում պահպանվում է քաղաքական կայունությունը, զարգանում է ազգային տնտեսությունը և բարձրանում է բնակչության բարեկեցությունը, մեծ նշանակություն էր տալիս հայ-չինական հարաբերությունների զարգացմանը և պատրաստ էր օգտվել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման հնարավորությունից: Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը իր և համերկրացիների անունից հղում էր սրտագին բարեմաղթանքներ հայ-գերմանական հարաբերությունների հոբելյանական` 25-րդ տարում. «Գերմանիան ողջունում է Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր, համապարփակ գործընկերության համաձայնագրի բանակցությունների ավարտը և հետայսու ևս գործընկերաբար կաջակցի Հայաստանին եվրատլանտյան հանրությանն ինտեգրվելու ճանապարհին»:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վստահեցնում էր, որ Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին ապագայի կարևոր խնդիրները լուծելիս օգնելու համար, հատկապես ուրախ էր Հայաստանի և ԵՄ-ի միջև շրջանակային համաձայնագրի մոտալուտ ստորագրման համար: Հաստատում էր, որ «Ֆրանսիան ամբողջությամբ ստանձնում է Մինսկի խմբի համանախագահի առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար կայուն և բանակցված լուծում գտնելու համար»:


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծում էր, որ երկու երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և բարեկամության, համագործակցության ու փոխադարձ օգնության պայմանագրի ստորագրման 20-ամյակը, բարձր էր գնահատում հաջողությունները երկկողմ կապերի ամբողջ համալիրի զարգացման գործում, «ռուս-հայկական արդյունավետ փոխգործողությունը ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ-ի շրջանակներում», վստահություն էր հայտնում, որ դաշնակցային հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել՝ «ի շահ երկու երկրների` եղբայրական ժողովուրդների, Անդրկովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հունով»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կառավարության և ժողովրդի անունից շնորհավորում էր անկախության հռչակման 26-րդ և դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձերը:

«Մենք պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը Հայաստանին նոր Սահմանադրության իրականացման ու կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու հարցերում»: «Մենք ձգտում ենք ընդլայնել մեր երկրների համար երկուստեք շահավետ առևտրային ու ներդրումային կապերը: Մենք նաև բարձր ենք գնահատում Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղաղապահ գործողություններին և ՆԱՏՕ-ի ու այլ բազմազգ վարժանքներին»,- գրում էր Թրամփը: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը բարձր էր գնահատում առաջընթացը անկախությունից հետո, հպարտ էր նրանով` «ինչ արել ենք միասին»։ «Մենք լի ենք վճռականությամբ՝ Հայաստանում զարգացնել ժողովրդավարությունը, հուսալի և թափանցիկ տնտեսությունը։ Մենք շնորհակալ ենք ձեզ տարածաշրջանային կայունությանը և միջազգային խաղաղարար գործողություններին հավատարիմ մնալու համար։ Մենք բարձր ենք գնահատում ամբողջ աշխարհում խաղաղություն պահպանելու ջանքերը»` գրել էր Ռեքս Թիլերսոնը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը հույս ունի Հայաստանի հետ երկար տարիներ շարունակել բարեկամությունն ու գործընկերությունը։ Հայաստանի նախագահին շնորհավորել էին Ճապոնիայի վարչապետը, Բրազիլիայի, Ավստրիայի, Հնդկաստանի, Սինգապուրի, Ղրղզստանի, Լեհաստանի, Ռումինիայի, Բելառուսի, Խորվաթիայի, Վրաստանի, Իտալիայի, Մեքսիկայի, Բուլղարիայի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Մոլդովայի նախագահները, Սաուդյան Արաբիայի և Մարոկկոյի թագավորները և այլք: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ուղերձում խոստովանում էր, որ «Մենք միշտ չէ, որ առավելագույն արդյունավետությամբ ենք օգտագործել անցած 26 տարիները» և «պիտի փորձենք hետ բերել բաց թողածը»: Հավատով և լավատեսությամբ: Հիմա համադրեք ընդհանրության մեջ ի՞նչ են մաղթում ու ի՞նչ են Հայաստանից ակնկալում: Փաստացի` յուրաքանչյուր պետություն Հայաստանի հետ հարաբերություններում տեսնում է իր շահը և փորձում համադրել երկկողմ շահերը: Արևմուտքը` Հայաստանը տանելով դեպի ԵՄ, Ռուսաստանը` ԵԱՏՄ: Յուրաքանչյուր կողմ նաև թվարկում է` ինչ կտա ի տրիտուր` անվտանգություն, տնտեսություն, զարգացում: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մեզ համար կաղոթի, Մեծ Բրիտանիան պարզապես կշնորհավորի, Չինաստանը պատրաստ է Հայաստանը ներառել Մետաքսի մեծ ճանապարհում, Գերմանիան` գործընկերաբար կաջակցի եվրատլանտյան հանրությանն ինտեգրվելուն, Ֆրանսիան միշտ կլինի մեր կողքին ու ստանձնում է Մինսկի խմբի համանախագահի առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն և բանակցված լուծում գտնելու համար, Ռուսաստանը վստահ է, որ դաշնակցային հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել, ԱՄՆ-ը ձգտում է ընդլայնել առևտրային ու ներդրումային կապերը, լի է վճռականությամբ զարգացնելու ժողովրդավարությունը, հուսալի և թափանցիկ տնտեսությունը, բարձր է գնահատում ամբողջ աշխարհում խաղաղություն պահպանելու ջանքերը: Եթե Հայաստանն անկախ պետություն է, շահերի բազմազանության մեջ պետք է ընտրի իր շահը: Հավատով ու լավատեսությամբ: Կարող է ընտրել առանց հավատի ու հոռետեսորեն` Հայաստանն էլ գտնվում է կապերի հաստատման ու խզման նույն տարածքում, ինչ մնացած աշխարհը և ենթարկվում է խաղի նույն կանոններին` ժամանակի մեջ ունենալով սխալվելու ու սխալներն ուղղելու հնարավորություն: Սա` իրավիճակի լավատեսությունը: Իսկ հոռետեսությունը` մենք ապրում ենք սխալների ժամանակում, մեր սերունդը սխալներն ուղղելու ժամանակի մեջ կարող է ֆիզիկապես չլինել: Պատմությունը հաշվի չի առնում կոնկրետ մարդկանց ճակատագրերը, պատմությունը զբաղվում է մարդկության ճակատագրով:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Միշտ գտնվում է մի հարց, որ դառնում է իրավիճակի հայելի` պետության, իշխանության, հասարակության, անհատների գործունեության իրական ու ցուցադրական դրդապատճառների: Հարցը կարող է ինքնին այնքան կարևոր չլինել, որքան հարցի պատմությունն ու լուծումը: Կարող է ավելի կարևոր լինել, քան բոլոր լուծողները միասին` իրենց արած ու չարած քայլերով: Եղե՞լ է, թե՞ չի եղել ռուսաց լեզվի տարածման ու հանրայնացման առանձին հայեցակարգի վարչապետի հանձնարարական: Թվում է` կարևորության տեսակետից հարյուրերորդական հարց է: Բայց Հայաստանում անկյունաքարային է և անողորմ անկեղծությամբ բացում է պետություն-իշխանություն-հասարակություն հարաբերությունների իրական շերտը: Փաստացի եղել է, ջանադիր կատարվել է, բախվել է դիմադրության, ու հիմա թե՛ վարչապետը, թե՛ նախարարը հերքում են: Ինչու՞: «Ռուսական աշխարհի» տարածականությունն ապահովելը Ռուսաստանի իդեֆիքսն է միշտ: Հայաստանը թույլ օղակ է հայ-ռուսական հարաբերություններում, ռուսները համոզված են, որ ինչ պետք է իրենց, պարտադիր է Հայաստանի համար: Օտար լեզուների ուսուցումը դպրոցներում ու իմացությունը բխում են աշակերտի ու պետության շահերից` հիմնավորման ցանկը երկար ու հայտնի է: Այդ ցանկը հաստատում է լեզուների, բայց ոչ մեկ առանձին լեզվի ուսուցման հայեցակարգի անհրաժեշտությունը: Զավեշտ է, որ Կարեն Կարապետյանը հերքում է հանձնարարականը ու փորձում խուսափել պատասխանատվությունից, որ հարուցեց հասարակական արձագանքը:

Ըստ կրթության և գիտության նախարարության` դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի. «Հայաստանում ռուսերենի ուսուցումը կարևորագույն խնդիրներից է», նպատակը «ռուսաց լեզվի հանրայնացումն» է, «ռուսերենի ուսումնառությունը դպրոցներում սովորողներին և ուսանողներին հնարավորություն կտա ձեռք բերել գիտելիք ու հմտություններ՝ միմյանց հետ արդյունավետ համագործակցելու համար»: Պարզվում է` «Ռուսաց լեզուն անհրաժեշտ է արտադրության, գիտության, կրթության և մշակույթի վերածննդի ու զարգացման, աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական մարտահրավերների դիմագրավման հարցում համաշխարհային հանրության հետ Հայաստանի մասնակցության համար»։ Ի՞նչ աշխարհատնտեսական ու աշխարհաքաղաքական մարտահրավերների է Հայաստանը դիմագրավելու, այն էլ` համաշխարհային հանրության հետ: Սեպտեմբերի 11-ից շրջանառության մեջ դրված ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի գոյությունը սեպտեմբերի 22-ին ժխտող նախարարը հայտարարում է. «Վարչապետի հանձնարարականը եղել է որակական փոփոխություն առաջացնել օտար լեզվի դասավանդման մեթոդիկայում: Ռուսերենը օտա՞ր լեզու է: Եթե մենք մշակել ենք անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի հայեցակարգը, չպիտի՞ մշակենք ռուսերենի հայեցակարգը»: Լևոն Մկրտչյանը ասում է ավելին` «Ռուսերենը Հայաստանում ամենատարածված օտար լեզուն է: ԵԱՏՄ-ին անդամագրվելուց հետո դրա իմացությունն իսկապես կարևոր է: Ինքը նախկին ԱՊՀ և այսօր արդեն ԵԱՏՄ աշխատանքային լեզուն է, մեր բնական գիտությունների բազան գրականության հենքով ամբողջությամբ նստած են այսօր ռուսաց լեզվի վրա, մեր գիտական և ռազմաարդյունաբերական համալիրի, գիտական հաստատությունների մեծ մասի փոխգործակցության դաշտը ռուսերեն է»: Այսինքն` ի սկզբանե պետության գոյության ու զարգացման հիմքում միայն մեկ ուղղություն է, քառորդ դար մենք անշարժ «նստած ենք» այդ հիմքի վրա ու չենք ուզում ոչինչ ավելացնել: Այսինքն` ռուսերենն ունի բնական մենաշնորհ, ինչպես ռուսական գազը ու մնացած ամեն ինչը: Այսինքն` մենք անկախ ենք, բայց կամավոր դառնում ենք կախյալ: Անկախության ցուցափեղկը ապահովելու համար պետք է ասել. «ՀՀ միակ պետական լեզուն հայերենն է և կմնա հայերենը, որովհետև մենք անկախ, սուվերեն երկիր ենք: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է: Մնացած բոլորը, իմ խորին համոզմամբ, կեղծ քաղաքական օրակարգ է»: Հարց` ո՞վ է ապրում կեղծ քաղաքական օրակարգով` իշխանությու՞նն իր բազում դեմքերով, որ ինքնապահպանման կենսական հարց է լուծում` ձեռքի տակ ընկած ամեն ինչ օգտագործելով, թե՞ հասարակությունը, ում սեփական հարցերի լուծումը իշխանությունը հրամցնում է իբրև գործ` հանուն իրենց: Պետությունը մնում է լուսանցքում` մարգինալացնելով թե՛ երկիրը, թե՛ ժողովրդին: Ահա Անկախության օրվա և մնացած օրերի տարբերությունը: Կապերի հաստատման ու խզման կարուսելում ձիուկները չեն որոշում ուր սլանալ, այլ անտեսանելի կարուսելավարը:

Դիտվել է՝ 3158

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ