Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նյու Յորք, Նյու Յորք

Նյու Յորք, Նյու Յորք
26.09.2017 | 00:39

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ելույթներից հետո սկսվեց Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների ուղղակի փուլը. Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, հետո` միմյանց հետ:


ՀՀ ԱԳՆ-ն հաղորդեց, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի շուրջ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդեց, որ նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, և շուրջ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբեր հայեցակետեր: Հետո իմացանք, որ հոկտեմբերին համանախագահները կգան տարածաշրջան, որ նախապատրաստվում է նախագահների հանդիպում: Համանախագահները ևս հայտարարություն արեցին, արձանագրելով, որ իրենց «խորհրդակցությունների հիմնական նպատակը հակամարտության գոտում այժմ տիրող իրավիճակը քննարկելն էր, բանակցային գործընթացն ակտիվացնելու ճանապարհները գտնելը և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում նախապատրաստելը: Համանախագահներն ակնկալում են, որ այդ հանդիպումը կնպաստի կողմերի միջև վստահության աճին, և նրանք քաղաքական կամք կդրսևորեն՝ խնդրի առանցքային հարցերի փոխզիջումային լուծումներ գտնելու համար: Նախարարները պատրաստակամություն հայտնեցին աշխատել համանախագահների հետ՝ մոտ ապագայում արդյունավետ հանդիպում կազմակերպելու համար»:


Եղավ ևս մեկ տեղեկություն` ադրբեջանական լրատվամիջոցները գրեցին, որ Բաքուն համաձայնել է ընդունել համանախագահների որոշ առաջարկներ` «առարկայական» բանակցությունները վերականգնելու համար: «Առարկայական», որպես կանոն, Բաքուն անվանում է սուբստանտիվ բանակցությունները, որոնց տակ հասկանում է հայկական զորքերի դուրսբերում «օկուպացված» տարածքներից, հետո միայն մնացած հարցերի քննարկում: Ի՞նչ են քննարկել երկու ժամ Էլմար Մամեդյարովն ու համանախագահները իբրև «ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբեր հայեցակետեր»: Նշանակու՞մ է, որ բացի մադրիդյան սկզբունքներից բանակցային սեղանին այլ տարբերակներ կան: Փոխե՞լ է Բաքուն «առարկայական» բանակցության իր պատկերացրած բովանդակությունը` ընդունելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: «Ի՞նչ օրակարգով են հանդիպելու երկու նախագահները» հարցից բացի կա ոչ պակաս կարևոր հարց` որտե՞ղ են հանդիպելու: Փաստացի` հանդիպման վայրը կարող է նաև օրակարգի որոշարկման հիմք դառնալ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հրապարակավ հայտարարում են, որ տարաձայնություններ չունեն կարգավորման սկզբունքների շուրջ, բայց ակնհայտ է, որ Փարիզում հանդիպումը տարբեր է լինելու Մոսկվայում կամ Սանկտ Պետերբուրգում հանդիպումից, ինչպես` Վաշինգտոնում: Կա նաև «չեզոք տարածքի» տարբերակը` երկիր, որ չեն ներկայացնում ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ոչ ԵԱՀԿ-ն: Հոկտեմբերին, երբ համանախագահները գան տարածաշրջան, այս և այլ հարցերի պատասխանները պիտի պարզեն կամ բերեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Ի՞նչ «ճամպրուկով» է Հայաստանը գնալու բանակցությունների, եթե երկու նախագահներն իսկապես հանդիպեն: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՞, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի՞, թե՞ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի, որ չգիտի այնպիսի տարածքներ, որոնք չեն վտանգում Արցախի անվտանգությունը, հակառակ` «Մեզ դեռևս նոր և ավելի լավ տարածքներ են պետք, որը կերաշխավորի Արցախի անվտանգությունը»: Իսկ ընդհանրապես` երբ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարում էր երկակի ստանդարտների մասին ու արձանագրում, որ միջազգային հանրությունն արդեն 22 տարի Հայաստանին չի ստիպում «կատարել ՄԱԿ-ի բանաձևերը», նշանակում էր, որ տարածքների հարցն աշխարհին չի հետաքրքրում: Ավելին` երբ Ալիևը ապրիլյան պատերազմի սկիզբը վերագրում է հայկական կողմին ու հայտարարում, որ նորից «կպատժի» Հայաստանին, հրապարակավ ինքն իրեն հռչակում էր ագրեսոր: Իսկ երբ երկու օրից ԱՄՆ-ի նախագահն ու պետքարտուղարը Հայաստանի անկախությունը շնորհավորելիս շեշտում են տարածաշրջանային անվտանգության գործում Հայաստանի դերը, պատասխանում են հարցին, թե ո՞վ է ագրեսորը, և ու՞մ նկատմամբ պիտի պատժամիջոցներ սահմանվեն: ՈՒրեմն` ո՞րն է լինելու բանակցությունների օրակարգը: Փաստացի` ապրիլյան պատերազմից ու Բաքվի հետպատերազմյան քաղաքականությունից բխում է, որ բովանդակային բանակցություններն անհնար են` միմյանցից կտրականապես տարբեր օրակարգերի պատճառով: Բանակցությունների միակ նպատակը կարող է լինել բախումների կանխումը, որ պատերազմի վերաճելու ներուժ ունեն: Դատելով կոնֆլիկտի կողմերի հայտարարություններից` գործող ընկալումներով «զիջումը» բացառվում է, «փոխզիջումը» հնարավոր չէ: Փաստացի` որևէ կողմ պատրաստ չէ ոչինչ «կորցնելու»` ոչ տարածք, ոչ կարգավիճակ, շահերի անհամատեղելիությունը անգործունակ է դարձրել Մադրիդյան սկզբունքները: Վաղուց: Առավել ևս` ապրիլյան պատերազմից հետո, որ մի քանի օրում ապացուցեց` չկա նաև ռազմական լուծման տարբերակ:


Եվ, այնուամենայնիվ, ստեղծվել է շրջադարձային պահ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են շարունակել տարածաշրջանային այցերը, ԱԳ նախարարների ու նախագահների հանդիպումներ կազմակերպելու ջանքերը: Հայկական կողմը կարող է շարունակել պարբերաբար հակասական հայտարարություններով բուռն գործընթացի տպավորություն ստեղծելը: Եվ միայն Ադրբեջանը` ելնելով երկրի ներքին անկայուն իրավիճակից` սոցիալական բունտերից, միջազգային շարունակական կոռուպցիոն սկանդալներից ու պարբերաբար հնչող պատժամիջոցների սպառնալիքներից, աշխարհաքաղաքական փոփոխություններից, երբ Թուրքիան դադարել է Բաքու-Արևմուտք կամուրջ լինելուց և սեփական խնդիրներով է զբաղվելու, Մերձավոր Արևելքում պետությունների տրոհումից ու սահմանների վերաձևավորումից, պիտի կամ ընտրի ԼՂ կոնֆլիկտի հարցում նույն քաղաքականությունը շարունակելու արկածախնդրությունը` անկանխատեսելի ու վտանգավոր հետևանքներով, կամ աստիճանաբար հրաժարվի ռազմական հռետորաբանությունից ու ոչ թե խոսքով, այլ գործով փորձի հարցի լուծումը տեսնել բանակցային ճանապարհով: Կոնֆլիկտոլոգիան կայացած գիտություն է, նրա ուսումնասիրությունը շատ կօգնի Իլհամ Ալիևին քայլ-քայլ ինքն իրեն դուրս բերել թակարդից, որտեղ հայտնվել է իր կամքով` սպառազինությունների մարաթոնյան վազքին ու հայատյացության արնոտ դեգերումներին նվիրելով նավթադոլարներն ու կյանքի լավագույն տարիները: Նավթի գինն ընկել է, տարիներն անցնում են` մտածել է պետք սեփական ու երկրի ճակատագրի մասին: Առավել ևս, որ իր աշխարհը իր պատկերացրածը չէ` ոչ ՄԱԿ-ի բանաձևերն են կատարվում, ոչ տարածքային ամբողջականությունն է գերակայում, երկիր առ երկիր հաղթում է ազգերի ինքնորոշման իրավունքը: Տրենդը փոխվել է, Իլհամ Ալիևը պարտավոր է պահը հասկանալ` չկորցնելու ունեցածը չունեցածի համար իմաստազրկվող գործընթացներում:

Դիտվել է՝ 4422

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ