Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ցուցակ հո չէ՞

Ցուցակ հո չէ՞
26.09.2017 | 00:45

Ընդդիմադիրներին համախմբելու կոչ է հնչել կրկին, այս անգամ` բանտից: Նախօրեին անազատության մեջ գտնվող Ժիրայր Սէֆիլյանը մի խումբ անձանց հորդորել է համախմբվել և ստեղծել ազգային դիմադրության ճակատ: Հետաքրքիր է, որ թվարկված գործիչների մեծ մասը տեղյակ չէ, որ Սէֆիլյանն իր հաշվով քաղաքական նպատակներ ունի: Իհարկե, յուրաքանչյուր քաղաքական գործիչ, այն էլ ընդդիմադիր, պետք է իշխանափոխության սեփական մոտեցումն ունենա, սակայն առանց քաղաքական լուրջ հաշվարկների հայտարարություններ անելը ի սկզբանե դատապարտված քայլ է: Հայաստանի ընդդիմադիրներին մշտապես խանգարել է մարտավարության բացակայությունը, «ժողովուրդն ինչպես որոշի» արտահայտությունն արդեն անցել է իր փորձաշրջանը և ապացուցել, որ կենսունակ չէ:


Սակայն ամենահետաքրքիրն այն մարդկանց համախումբն է, որոնք միասին, ըստ Սէֆիլյանի, պետք է ընդդիմադիր ճակատ ու «ազգային-պետական համակարգ» ստեղծեն: Նա մի թիմում է տեսել մարդկանց, ովքեր նախկինում իրար հետ աշխատելու հեռանկար չեն տեսել և բաժանվել են: Օրինակ, Կարեն Անդրեասյանը հեռացավ Վարդան Օսկանյանից և «Համախմբում» կուսակցությունից, քանի որ համաձայն չէր, որ Սեյրան Օհանյանը գլխավորի ՕՐՕ-ի ցուցակը: Իսկ Սէֆիլյանը կարծում է, որ նրանք բոլորը` Կարեն Անդրեասյանը, Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Վարդան Օսկանյանը, կարող են լինել նույն ցուցակում և հաջողություններ արձանագրել: Էլ չենք խոսում այն մասին, որ ընտրություններում այդ քաղաքական ուժերի վարկանիշն այնքան ցածր էր, որ նրանք անգամ անցողիկ շեմը չհաղթահարեցին: Հիմա նրանց «վերակենդանացումը» ի՞նչ կտա հանրությանը:
Ցուցակում ընդգրկված են նաև Սասուն Միքայելյանի և Նիկոլ Փաշինյանի անունները: Սէֆիլյանը հավանաբար մոռանում է, որ Միքայելյանն էլ, Փաշինյանն էլ սեփական ընդդիմադիր պատկերացումներն ունեն, ինչի արդյունքում ձևավորված թիմի հետ էլ բավական հաջող խորհրդարան մտան, հիմա ի՞նչ, առաջարկում է հրաժարվե՞լ իրենց մոտեցումներից և քաղաքական ծրագրերից: Եկել, մարդկանց պատգամավորական անդորրն ես խանգարում, որ ի՞նչ:


Եվ ցուցակի ամենաուշագրավ «զույգը»` Զարուհի Փոստանջյան-Արմեն Մարտիրոսյան: Այս երկու քաղաքական գործիչներն անգամ մեկ կուսակցությունում չկարողացան ընդհանուր հայտարարի գալ. Փոստանջյանն ապստամբեց ու հեռացավ: Հիմա նրանք իրար կողքի պետք է նստեն ու Հայաստանի «դարդերին» դարմա՞ն անեն: Զարուհի Փոստանջյանն էր նաև, որ Սեյրան Օհանյանից և Վարդան Օսկանյանից պահանջում էր Մարտի 1-ի դեպքերի համար կանգնել դատարանի առաջ, հիմա ի՞նչ, նրանց հետ ընդդիմադիր ճակա՞տ ձևավորի: Սա քաղաքական առողջ տրամաբանության մեջ տեղավորվու՞մ է:


ՈՒ այս բոլոր մարդիկ, Ժիրայր Սէֆիլյանի կարծիքով, պետք է ստեղծեն «ժողովրդի վստահության կառավարություն»: Հարց է առաջանում` այդ մարդիկ միմյանց վստահու՞մ են, որ մի հատ էլ վստահության կառավարություն ստեղծեն, ժողովուրդն էլ հավատա նրանց ազնիվ նպատակներին: Դե հիմա ինչպե՞ս չհիշես հայտնի ձևակերպումը. «Սա կարող էր շատ ծիծաղելի լինել, եթե այսքան տխուր չլիներ»։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5364

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ