Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ինչպես փոխել օրակարգը

Ինչպես փոխել օրակարգը
26.09.2017 | 14:05

(Առաջին մասը)

Դեռ կոնֆեդերացիայի մեղրամիսը չվերջացած՝ Ադրբեջանը հարկադրանքի, սադրանքի, խարդավանքի և մնացած բոլոր միջոցները գործի կդնի ամեն ինչ իր շրջանը վերադարձնելու համար՝ աննշան ուշադրություն չդարձնելով մեր կամ «միջազգային հանրության» կողմից սպասվող արձագանքին: Իսկ որ այդ արձագանքը կլինի մեզ վաղուց արդեն նյարդայնացնող անդեմ հայտարարությունների նման, ուղղված երկու կողմերին, այս անգամ արդեն Հայաստանի ու Արցախա-ադրբեջանական կոնֆեդերացիայի տեսքով, նույնպես երկմտել պետք չէ: Լավագույն դեպքում մենք կարժանանանք այդ նույն միջազգային հանրության դժգոհությանը. ձեր պահանջածը կատարեցինք, էլ ի՞նչ եք ուզում, ինչու՞ եք դժգոհում, իսկ մնացած հարցերը թող իրենք՝ կոնֆեդերացիայի անդամները լուծեն իրար միջև:
Եթե մենք ընտրում ենք ամեն գնով խաղաղության հասնելու, Ադրբեջանի հետ հաշտության ճանապարհը, ինչպես, ասենք, ՀԱԿ-ն էր ներկայացնում իր նախընտրական քարոզարշավի ընթացքում, ապա ավելի մեծ հաջողության հասնել չենք կարող, քան ՀԱԿ-ի հաջողությունն էր այդ ընտրություններում: Ավելին, մենք պիտի պատրաստ լինենք նորանոր զիջումների ու նվաստացումների, որոնց առանց երկմտելու կձգտի մեր չբանակցող հարևանը: Այսինքն՝ նա, ով պատրաստ է խաղաղության դրոշ պարզելու նաև նրանց տարածքի վրա, այդ դրոշը պետք է ամուր բռնի երկու ձեռքով, որ չխանգարի հակառակորդին՝ ազատություն տալու իր ձեռքերին: Ավելին պատկերացնել պետք չէ:


Մենք պարտավոր ենք փոխել բանակցային գործընթացի օրակարգը: Ի՞նչ կերպ մենք կարող ենք դա անել և ի՞նչ հարցեր դարձնել դրանում հրատապ:
Ակնհայտ է, որ բանակցային գործընթացի օրակարգի փոփոխության հարցում մենք հույս դնել չենք կարող ՄԽ համանախագահ երկրների դիվանագիտական ձեռներեցության ու հարցի՝ մեզ համար ցանկալի լուծման հասնելու գործում նրանց շահագրգռվածության, ուր մնաց՝ հաստատակամության վրա:


Նույն կերպ անիմաստ է մտածել, թե մի օր Ադրբեջանը ինքնակամ հետ կկանգնի իր այսօրվա սահմանային սանձարձակությունից ու խաղաղության ձեռք կմեկնի մեզ:
Այդ գործի իրականացումը մեր և միայն մեր կողմից է հնարավոր: Մենք պետք է հարկադրենք հակառակորդին գնալու այդ քայլերին կամ պատասխանելու այն ուղերձներին, որոնք կներկայացնենք համանախագահների քննարկմանը: Միայն դիվանագիտական ճանապարհով դա անելու հնարավորություն առայժմ չունենք: Բայց մենք կարող ենք և պետք է հրաժարվենք բանակցային օրակարգի ներկա բովանդակությունից, ինչպես դա անում է Ադրբեջանը: Նրանք կարող են, մենք՝ ո՞չ: Եթե ընդունում ենք Ադրբեջան պետությունից Արցախի առանձնանալու իրավունքը պաշտպանող առաջարկությունը, նշանակում է, որ մենք ընդունում ենք մի փաստ, որ Արցախը Ադրբեջանի մաս է կազմել: Իսկ եթե մեկնակետն այն է, որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, ապա դրա ամբողջականության պահպանման կամ Արցախի ինքնորոշման խնդիրները դուրս են գալիս օրակարգից, և, դրանց շուրջ տեղապտույտի փոխարեն, հարցը կարող է դրվել շիտակ ու առանց ծամածռությունների: Արդյոք Հայաստանը (Արցախի հետ) և Ադրբեջանը ցանկանու՞մ են ապրել խաղաղ, թե՞ ոչ: Եթե այո, ապա ի՞նչ պայմաններով:


Հակառակորդին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու միակ ճանապարհը ավելի ուժեղ և անհամեմատ ծանր ճնշումն է նրա վրա այն ոլորտում և այն մեթոդներով, որտեղ և որոնցում մինչ այժմ նա վարպետորեն կարողանում է իր ազդեցությունն իրականացնել մեզ և համանախագահների վրա: Դա շփման գիծն է: Շփման գիծը, որտեղ մենք մեր պատասխան գործողություններով պետք է վերացնենք հակառակորդի այն հնարավորությունները, որոնցով մեզ պատճառվում են այդ կորուստները: Որո՞նք են այդ հնարավորությունները:
Առաջինը և ամենակարևորը անպատիժ գործելու հնարավորությունն է: Մեր հենակետում կանգնած զինվորին մահացու խոցել և մնալ անպատիժ, կրակել մեր սահմանամերձ բնակավայրի քաղաքացու վրա, դիպուկ կամ վրեպ, և մնալ անպատիժ, ռմբահարել դպրոցը կամ մանկապարտեզը և ... մնալ անպատիժ:


Սա առաջին և ամենամեծ թողտվությունն է մեր, մեր բանակի ղեկավարության կողմից: Գիտենք, որ հակառակորդն իր ամենօրյա խախտումներով վրեժ չի լուծում մեր զինվորներից այդ օրվա ընթացքում իրենց հասցրած վնասների, խլած կյանքերի համար, հատուցման խնդիր չի լուծում: Ընդհակառակը՝ կրակում է, որ մեզ նոր կորուստ պատճառի: Եվ եթե չափը շատ չեն անցնում, մենք ոտքներս գծից դուրս չենք դնում: Իսկ ո՞րն է շատը: Եթե մեր զինվորը վիրավորվել է կամ զոհվել, բայց նրանք չեն շարունակել հրետակոծությունն ու ռմբահարումը, ապա մենք համարում ենք, որ պատասխանելու անհրաժեշտություն չկա, ավելորդ զինամթերք վատնելու, հակառակորդին գրգռելու մարտավարությունն անիմաստ է: Եվ համարում ենք, որ մեր բանակը վերահսկում է իրավիճակը սահմանին:


Ո՞վ է որոշում կորստյան այն չափը, որը կարելի է թույլ տալ: Գերագույն գլխավոր հրամանատա՞րը: Արդյո՞ք նա իր մաշկի վրա, իր հոգու մեջ զգում է այդ զինվորներից յուրաքանչյուրի կորստյան ցավը: Եթե այո և այնպես, ինչպես ինքն էր ներկայացնում, ապա դա մազոխիզմ է: Շարունակել զոհեր տալ և տառապել նրանց համար: Լինել զոհեր տվողի և տառապողի վիճակում՝ շարունակաբար: Եթե դա անձնական խնդիր լիներ, ոչ ոք միջամտելու իրավունք չէր էլ ունենա: Բայց դա միայն ԳԳՀ-ի անձնական կորստյան ու տառապանքի խնդիրը չէ: Նա իրավունք չունի ազգի անունից ընտրելու այդպիսի ճանապարհ երկրի համար:
Հաջորդը մեր հենակետերի, դրանցում մարտական հերթապահություն անցկացնող անձնակազմերի պաշտպանվածությունն է, հենակետերի՝ տեխնիկական միջոցներով համալրումը: Կարո՞ղ ենք պնդել, թե մենք արդեն բավարար չափով համալրել ենք դիրքերի ու զինանձնակազմի զինական ու տեխնիկական ապահովությունը: Իհարկե ոչ: Այս աշխատանքը պատշաճ իրականացնելու համար պետք է ընտրել խնդրի համալիր լուծման ճանապարհը՝ բաց չթողնելով իրապես կարևոր և ոչ մի հանգամանք: Մի տեսակ անհասկանալի զգացողություն է պատում, երբ տեսնում ես հրետանու նշանառությունն ապահովող մի քանի զինվորների միաժամանակյա կամ հաջորդական գործողությունները նույն փողի մոտ: Այդ կադրերը մեզ ծանոթ են դեռևս Երկրորդ աշխարհամարտի մասին պատմող ֆիլմերից: Մի՞թե որևէ առաջընթաց չի գրանցվել առայսօր: Եթե առաջընթաց կա, բայց մենք գնում ենք հին տեխնիկան, ապա ներելի չէ նման խնայողությունը: Իսկ եթե աշխարհում դեռևս կռվում են այդպես կառավարվող հրետանիով, ապա մենք կարող ենք դառնալ առաջինը, որ կփոխի դրանց նկարագիրը: Կամ, ասենք, կառավարվող արկի ուղղորդումը (նշանառությունը, վերանշանառությունը հայացքով, հակառակորդի տանկին, մարտական մեքենային նայող հայացքով), կամ զինվորի, հենակետի պատասխանատուի զենքի, դիտարկող, տեղորոշող սարքի միջոցով հուշումը վտանգի մասին: Այս դեպքում են ասում՝ և այլն, և այլն: Մեր դիրքերի տեխնիկական հագեցվածությունը հակառակորդի որևէ ռազմական նախաձեռնության համար անշրջանցելի խոչընդոտ է: Դա նաև մեր զինվորների ու սպաների կյանքի ապահովության իրական երաշխիք է: Դա նաև բազմաթիվ այլ ծախսերի բացառման միջոցով հսկայական նյութական միջոցների տնտեսման երաշխիք է:


Հաջորդ պայմանը վերաբերում է հենակետերի պաշտպանության, այսպես ասած, ձևաչափին: Այսօր այդ գործառույթն իրականացնողները ժամկետային զինծառայողներն են և պայմանագրային ծառայությունում ներգրավված քաղաքացիները, որոնք որևէ հատուկ պատրաստություն չեն անցել: Այդպիսի պատրաստություն չեն անցել անգամ հենակետի անձնակազմը ղեկավարող սպաները, մինչդեռ անհրաժեշտություն է, որ հատկապես վտանգավոր և առավել կարևորություն ունեցող դիրքերը պաշտպանեն հատուկ նշանակության և հատուկ պատրաստվածության ստորաբաժանումները, որպեսզի հակառակորդի համար դրանք լինեն և մնան անհասանելի: Այն դիրքերը, որոնք պաշտպանում են ժամկետայինները, որոշակի հատվածներով ¥ելնելով տեղանքից, առաջադրանքների իրականացման բարդության աստիճանից) պետք է ունենան այդպիսի մի խմբավորում, որը տեղակայված է բոլոր դիրքերից հավասար հասանելիության վրա և կարող է շատ արագ օգնության հասնել հարձակման ենթարկված հենակետի անձնակազմին ու վիճակը լուծել հօգուտ մեզ:


Մյուս, ոչ պակաս կարևոր հանգամանքը մեր զինվորներին ոչ միայն գործողությունների ազատություն տալն է, երբ հակառակորդը կրակում է մեր դիրքերի վրա, այլև այդպիսի գործողությունների խրախուսումն ու կազմակերպումը ղեկավար սպայական անձնակազմի կողմից, հատկապես, երբ այդ կրակոցները մեր զինվորների կորստյան կամ վիրավորման պատճառ են դառնում: Այդ դեպքում մեր զինվորները պետք է ավերեն մեզ վրա կրակած դիրքը, ոչնչացնեն կենդանի ուժն ու զինտեխնիկան: Այդ կարծիքին է հայկական բանակի լավագույն սպաներից մեկը՝ Արկադի Տեր-Թադևոսյանը: Ավելին, եթե հակառակորդի հենակետը գտնվում է մարտավարական առումով ավելի նպաստավոր դիրքում, ապա այն պետք է գրավել անվերադարձ, առաջ տանելով մեր դիրքերը: Իհարկե, դա լավագույն մարտավարությունն է՝ ի պատասխան:
Հաջորդը՝ հակառակորդի թիկունքում տեղի ունեցող զինտեխնիկայի ու կենդանի ուժի խմբավորումներն ու կենտրոնացումները, բոլոր տեղաշարժերը, որոնք կարող են ակնհայտ սպառնալիք ներկայացնել մեր դիրքերի, դրանց պաշտպանությունն իրականացնող անձնակազմի համար, անհապաղ և առանց տարակարծությունների պետք է պատշաճ կերպով ճնշվեն համապատասխան ստորաբաժանումների կողմից:
Ինչպիսի՞ խնդիրներ կարող ենք առաջացնել հակառակորդի համար և ի՞նչ հավանական արձագանք կունենանք: Հնարավոր տարբերակները:


Նույնպիսի գործողություններ մեր դիրքերի վրա՞: Սրան պետք է պատրաստ լինել, որովհետև սկզբնական շրջանում, քանի դեռ նա իր մաշկի վրա չի զգացել մեր և իր հնարավորությունների տարբերությունը, իր սովորության համաձայն հաշվի չառնելով սեփական կորուստների ծավալները, կփորձի ստացած պատասխանին համարժեք ինչ-որ բան ձեռնարկել: Ինքն էլ կարող է մանրակրկիտ պատրաստվել և հարձակվել մեր համեմատաբար թույլ դիրքի վրա, մնացածը՝ ըստ առաջացող հնարավորությունների: Հակամարտության այսպիսի ձևաչափում ցանկալի ելք ապահովելու համար մենք՝ բանակում և դիրքերում հատկապես, կարող ենք ստեղծել տեխնիկական այնպիսի հագեցվածություն, որպիսին ոչ մի գործընկեր չի տրամադրի Ադրբեջանին:
Կսանձազերծի լայնամասշտաբ պատերա՞զմ: Ոչ: Նախ՝ հակառակորդի հիշողությունն այդքան կարճ չէ՝ ապրիլյան պատերազմի դասերը մոռացած լինելու համար: Երկրորդ՝ պատերազմի հնարավորություն կա, երբ մենք շատ թույլ ենք և թշնամուն թվում ենք հասանելի, իսկ դիրքերում և բանակում ուժերի շոշափելի, տեսանելի տարբերության դեպքում հակառակորդը նման արկածախնդրության չի գնա:


Սահմանային մի քանի միջադեպերում հիմնավորապես ձախողվելուց հետո հակառակորդն այլևս չի համարձակվի գնալ իրավիճակի նոր սրացումների և ոչ էլ նոր պատերազմ սկսելու: Իսկ այդպիսի իրավիճակի ստեղծման, հնարավոր զարգացումների սցենարները պետք է լինեն մեր զինվորական ստորաբաժանումների մասնագիտական պատրաստության մշտական առարկաներն ու դրանց բովանդակությունը: Պարապմունքներում թրծված զինվորի համար այդպիսի իրավիճակներից ելքը շատ ավելի բարենպաստ կարող է լինել:
Այսպիսի ծրագրով աշխատելու դեպքում ինչպիսի՞ խնդիրներ կարող ենք ստեղծել հակառակորդի համար: Նրա կողմից այսօրվա ձևաչափով իրականացվող հրադադարի խախտման, մեր դիրքերի վրա դարանակալ կրակելու մարտավարությունը մեր ներքին կյանքը անհանգիստ պահելու գործառույթից զատ ունի նաև իր ներքին խնդիրները եթե ոչ լուծելու, գոնե կառավարելի պահելու նպատակ: Եթե մենք նրան զրկում ենք լայնամասշտաբ պատերազմական գործողություններ իրականացնելու, հրադադարի ռեժիմը անպատիժ խախտելով մեզ կենդանի ուժի կորուստներ պատճառելու հնարավորությունից, եթե նրան զրկում ենք ներքին կառավարելի հասարակություն ունենալու և միաժամանակ միջազգային հանրությանը ըմբոստ կեցվածքով ներկայանալու հնարավորությունից, ապա այլ կերպ, եթե ոչ խուճապ, բնութագրել այն վիճակը, որ կառաջանա Ադրբեջանում, հնարավոր չէ:
Տրամագծորեն հակառակ նպատակներ ու մարտավարություն կսկսի իրականացնել այդ երկիրը՝ իր տարածքների օկուպացիայի, իր դիրքերի վրա հարձակումների, իր զինուժի կորուստների, հայկական զորքերը սանձահարելու անհրաժեշտության, այդ բոլոր պահանջները միջազգային հանրությանը պարտադրելու մի կամպանիա: Այդպիսի բաներ նրանք կարողանում են անել և մեծ թափով: Միաժամանակ կծեծեն թե Անկարայի, թե Մոսկվայի ու Վաշինգտոնի, ՆԱՏՕ-ի ու Եվրամիության դռները, ներկայացնելով արվածից բազմապատիկ շատ, չխորշելով ոչ մի ձևակերպումից: Այսինքն, այսօրվա քչախոս, շփման, առավել ևս բանակցման հակվածություն չդրսևորող հարևանը կթակի բոլոր դռները՝ փորձելով նրանց միջոցով մեզ պարտադրել ինչ-ինչ բանաձևեր, որոշումներ, սահմանափակումներ, պատժամիջոցներ և նման բաներ:


Այո, եթե մենք պարապ չնստենք, և ինքներս մեր դիվանագիտական ճակատի անբաններին հարկադրենք աշխատել իրենց հացը և իրական լույսի տակ ներկայացնել ոչ միայն կատարվածը, այլև մեր իրավունքներն ու պահանջները, այդ խնդիրների համար էլ կգտնվեն լուծումներ, որոնք նպաստավոր չեն լինի Ադրբեջանի համար: Մենք դիվանագիտական ճակատում պարտավոր ենք ցուցաբերել հաստատակամություն՝ մեր շահերը միջազգային իրավունքի տեսանկյունից լիարժեքորեն ներկայացնելով և դրանք պատվախնդրորեն պաշտպանելով: Սրանք հանգամանքներ են, որոնք քայլ առ քայլ ավելի նպաստավոր հիմքեր կպատրաստեն մեր հետագա պահանջների ներկայացման, դրանց հիմնավորման համար:
Մյուս կողմից՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների այսօրվա պատկերը տրամագծորեն կփոխվի: Մենք կունենանք առնվազն լիակատար խաղաղություն սահմանին և մեր զինվորների անվտանգ ծառայություն, կունենանք բանակցային նոր օրակարգ, որի խնդիրները բոլորովին այլ կլինեն՝ մեր նպատակներին համահունչ, կունենանք հարևան՝ թաղված բազում ներքին խնդիրների մեջ, տնտեսականից մինչև երկրի ամբողջականության պահպանում: Նաև՝ ալիևյան կլանի իշխանության պահպանման համար անշրջանցելի խոչընդոտներ, որոնք ևս կսրեն այդ երկրի ներքին կյանքը դեպի հանգուցալուծում:


Հնարավո՞ր է այս ամենը, իրական արդյունք կարո՞ղ ենք սպասել այսպիսի ռազմավարություն ընտրելու դեպքում, թե՞ սա էլ կոնֆեդերացիայի գաղափարի նման մի փուչիկ է, որ կպայթի առաջին իսկ ուշադիր հայացքից: Ամեն ինչ կախված է մեր գիտակցված հավակնությունների աստիճանից, մեր հետևողականությունից, ես կասեի՝ բծախնդրությունից՝ ներկայացված խնդիրներից յուրաքանչյուրի տեղը ընդհանուր խորապատկերի մեջ տեսնելու և դրա լուծման ճանապարհով հաստատակամորեն առաջ գնալու մեր կարողությունից: Ամեն ինչ կարող է շատ ավելի դյուրին և արագ ստացվել, քան կարծում ենք, եթե աշխատենք ճիշտ և համալիր մտածողությամբ՝ ոչ մի էական «մանրուք» դուրս չթողնելով ուշադրությունից:
Կրկնում եմ՝ ամեն ինչ կախված է միայն մեզնից:


Ալիև կրտսերը, ինչպես և իր հայրը, նկատելիորեն ավելի ռացիոնալ է մտածում և գործում, քան մեր իշխանությունները: Այդ բանի ապացույցը նրա ընտրած ռազմավարությունն է և հետևողականությունը ամեն հարցում: Քանի դեռ մենք թույլ ենք և չենք կարողանում խելամիտ գործողությունների ծրագիր կազմել ու իրականացնելն, երբեք չենք տեսնի նրա նահանջը իր գործողությունների պլանից: Միայն երբ մենք ավելի ուժեղ կլինենք այնտեղ, որտեղ նա այժմ ցուցադրում է իր առավելությունները, այն ժամանակ, ինչպես և իր հայրն արեց, նա կդիմի ամեն միջոցի՝ մեր առաջխաղացումը կանգնեցնելու համար, և եթե համոզվի մեր վճռականության մեջ, շատ արագ, առանց ավելորդ հապաղման ու ձևականությունների կներգրավի բոլոր հնարավոր կառույցներն ու անհատներին, որոնք կարող են ազդեցություն բանեցնել մեզ վրա, որ բանը բանից չանցնի:
Իսկ այդպիսի հեռանկար կարող է առաջանալ անգամ հաշտության պայմանագրի տեսքով և այնպիսի պայմաններով, որոնց մասին մենք այժմ երազել էլ չենք կարող: Եվ դրան նույնպես պատրաստ պետք է լինել:


Վահրամ ԲԱՅԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2764

Մեկնաբանություններ