«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ի՞նչ չեք արել, որ պարտավոր էիք անել

Ի՞նչ չեք արել, որ պարտավոր էիք անել
26.09.2017 | 14:26

Այո՛, ի՞նչ եք արել, որ չպետք է անեիք, ի՞նչ չեք արել, որ պարտավոր էիք անել սկզբունքով յուրաքանչյուր պետական-քաղաքական, ռազմական, տնտեսական գործիչ, մտավորական, ազնիվ քաղաքացի պետք է տա ինքն իր գնահատականը և եթե հարկ է` մեղքերի թողություն ակնկալի: Իհարկե, չպետք է, որպես մեղքերի քավության նոխազ, հպարտորեն ժողովրդի աչքը մտցնել հայրենիքի հանդեպ մեծ ծառայությունները, քանզի փառք ու պատիվ, որ արժանի ծառայություններ ես մատուցել, պարտավոր էիր, հակառակ պարագայում անիմաստ էր աշխարհ գալդ որպես ժողովրդի զավակ:


Այս սկզբունքով եմ կառուցել հոդվածը և մի շարք հարցադրումներ ունեմ ՀՀ երեք նախագահներին, տասից ավելի վարչապետներին, քաղաքապետերին, քաղաքական-հասարակական գործիչներին, մտավորականներին և բոլոր ազնիվ, հայրենասեր քաղաքացիներին, ովքեր քաջություն կունենան խորասուզվելու իրենց հոգու և սրտի խորքը և գոնե իրենց համար պատասխանելու հարցադրումներին, թերևս նաև ժողովրդին ներկայանալու արած-չարածով:
Մեր երկրի, ժողովրդի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր ազնիվ, հայրենասեր քաղաքացի լիովին գիտակցում է, թե այսօր Հայաստանը, Արցախը ռազմաքաղաքական, տնտեսական, բարոյահոգեբանական, ժողովրդագրական ինչ անկանխատեսելի խնդիրների առջև են կանգնած: Խորապես անհանգստացած Հայաստան, Արցախ հայրենիքների վտանգված ապագայով, մի շարք հարցադրումներ ունեմ անկախացած հայրենիքի երեք նախագահներին, տասից ավելի վարչապետներին, ովքեր երկչոտ, հաճախ անպատասխանատու քաղաքականությամբ խորհրդային Հայաստանից փոխանցված գիտատեխնիկական, ռազմական վիթխարի արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, գիտությունը, մշակույթը իջեցրին նվազագույն մակարդակի, մի շարք դեպքերում պարզապես ոչնչացրին` հայրենիքը խաղալիք դարձնելով թուրք բարբարոսների, նաև ոխերիմ բարեկամների ձեռքին:


Պարոնա՛յք նախագահներ, վարչապետներ, ձեռքներդ դրեք ձեր խղճին և ժողովրդի դատին ներկայացրեք, թե անցած 25 տարիներին ինչ եք արել, որ չպետք է անեիք, և ինչ չեք արել, որ պարտավոր էիք անել: Իհարկե, հարցադրումներ ունեմ նաև այն քաղաքագետներին, տնտեսագետներին, զինվորական գործիչներին, ազնիվ ընդդիմադիր քաղաքական, հասարակական գործիչներին, ովքեր զանազան ռադիո-հեռուստաալիքներով փայլուն, խելացի ճառեր են ասում, դատողություններ անում, բայց պարզապես չեզոք դիրքերից, անարդյունավետ, առանց համապատասխան արձագանք ակնկալելու, փոխանակ հանդես գալու առավել քան ընդդիմադիր` հանուն հայրենիքի, որը անգթորեն թալանվեց, աղքատացավ, արդյունքում` 1,5 մլն հայրենակիցներ արտագաղթեցին` ստեղծելով ժողովրդագրական մեծագույն ողբերգություն` անկանխատեսելի հետևանքներով...
Ահա հարցադրումները, որոնց մի մասը թերևս հնչում է հետին թվով, բայց որոնք էլ հենց ստեղծել են մեր հայրենիքի այսօրվա անմխիթար վիճակը և ապագայի անկանխատեսելի հեռանկարները:


1. Խորհրդային նախկին հանրապետությունների շարքում գիտատեխնիկական, ռազմական արդյունաբերությամբ, գյուղատնտեսությամբ, պարենային բավարարվածությամբ, գիտությամբ, մշակույթով առաջնակարգ տեղ զբաղեցրած Հայաստանը անկախության հենց առաջին տարիներին դարձավ պարզապես ավերակ, աղքատ մի տարածք, ամեն ինչ վերածվեց մետաղի ջարդոնի և վաճառքի հանվեց` ստեղծելով կապիտալի օլիգարխիկ մի համակարգ, որի տերերը պարզապես աչքի չէին ընկնում իրենց մտավոր ու բարոյական արժանիքներով: Վաուչերային խարդախ, անհեռատես, կործանարար սեփականաշնորհմամբ երկրի ողջ հարստությունը դարձավ առ ոչինչ: Թերևս շատ բան ավելի մխիթարական կլիներ, եթե յուրաքանչյուր հեռացող նախագահից հետո Ազգային ժողովը անաչառ քաղաքական գնահատական տար տվյալ նախագահի ողջ գործունեությանը: Նման պարագայում հաջորդ նախագահը կսթափվեր և, թերևս, ավելի արդյունավետ կղեկավարեր երկիրը:


2. Ինչու՞ 1994 թ. մայիսին հայ զինվորի ու զորավարի ռազմական փառապանծ հաղթանակը ամրագրվեց Բիշքեկի դիվանագիտական պարտությամբ` հաշտության վերջնական պայմանագիր կնքելու փոխարեն կնքվեց անհեռանկարային, մինչև օրս էլ Հայաստանն ու Արցախը ծանրագույն վիճակի մեջ դնող զինադադար: Արդյունքում` թուրք բորենիները ժամանակ շահեցին, նավթի վաճառքով զինվեցին արդիական զինատեսակներով, իսկ Հայաստանը աղքատացավ, սնանկացավ, հայաթափ եղավ, խաղալիք դարձավ անհասկանալի բարեկամների, հայատյաց, մարդատյաց ալիևների, ԵԱՀԿ Մինսկի անդեմ խմբի ձեռքին: Ողբերգական կլիներ հեռանկարը, եթե սթափ մտածող որոշ հայրենասեր քաղաքագետներ, զորավարներ ականջալուր լինեին իշխանությունների երկչոտ, թուլամորթ, պատեհապաշտ հորդորներին և 1992 թ. ամռանը հայկական զինուժը դուրս բերեին Շուշիից ու Լաչինից, ինչպես համառորեն պնդում էր առաջին նախագահը:


3. Ինչու՞ ժողովրդավարությունը վարընթաց ապրեց 1996 թ. կեղծված ընտրություններից հետո` խորհրդանիշ դառնալով հետագա 20 տարիների ամեն գնով կեղծված նախագահական և խորհրդարանական ընտրությունների համար:


4. Ինչու՞ անկախացած, այսպես ասած, ժողովրդավարական երկրում շուրջ տասը տարի իշխեց սանձարձակ տեռորը, սպանվեցին տասնյակ անմեղ պետական, քաղաքական, ռազմական, հասարակական գործիչներ, և ոչ մեկը չպատժվեց, չբացահայտվեցին տեր-սահակյանական և այլ հայրենադավ բանդաների իրական հովանավորները, որոնք մինչ օրս էլ սրբերի շարքին են դասվում:


5. Ինչու՞ 1999 թ. հոկտեմբերի 27-ին այնպես դաժանորեն գլխատվեց երկիրը, և ոչ ոք հրաժարական չտվեց (բացի ներքին գործերի նախարար Սուրեն Աբրահամյանից), ոչ ոք չպատժվեց, և իբրև անմեղ սրբեր շարունակեցին հանդես գալ որպես արժանապատիվ նախագահներ, վարչապետներ, ԱԱԾ-ի պետեր:


6. Ինչու՞ 2008 թ. մարտի 1-ի անմեղ զոհերի համար պատասխան չտվեցին թե առաջին, թե 2-րդ նախագահները, վարչապետը և մյուս բարձրաստիճան զինվորական, դատական պաշտոնյաները: Առաջին նախագահը հպարտորեն հնչեցնում էր` թող ոչ մի զոհ չպահանջվի, ինձնից բացի. բայց ինքը հրահրեց այդ ողբերգությունը և ձևացավ անմեղ:


7. Մեկ անգամ հնչեցրել եմ, նորից եմ հնչեցնում` ինչո՞ւ 25 տարի, 17 տարի, 8 տարի չսթափվեցինք, մինչև արյունարբու թրքությունը նավթի վաճառքով զինվեց անկանխատեսելի բարեկամների ու թշնամիների զենքերով, և 2016 թ. ապրիլին եղավ այն ողբերգությունը, ինչ եղավ. փոխանակ արժանապատիվ վճռականությամբ վերջնական կործանիչ հակահարված տալու բաշիբոզուկներին, ոխերիմ բարեկամների թելադրանքով զիջեցինք որոշ տարածք` տալով հարյուրից ավելի զոհ, և հանկարծ հասկացանք, որ թշնամին ու բարեկամը անկանխատեսելի են, ուրեմն հայրենիքի սահմանները պետք է ամրապնդել: Ինչո՞ւ այդքան տասնամյակներ չենք գիտակցում այդ ամենը, և բոլորիս խղճին ծանրացավ այդքան երիտասարդների մահը: Դե, ինչպես գիտակցեինք, երբ սահմանները, սահմանամերձ գյուղերը ամրապնդելու փոխարեն դղյակներ ու պալատներ էին կառուցվում։ Իսկ գյումրեցին, վանաձորցին տուն չունեն, գյուղացին խմելու, ոռոգելու ջուր չունի։ Մինչդեռ, կրկնում եմ, դղյակներ ենք կառուցում։ Ջիվանին կասեր` խելքի աշեցեք: Դարերով բերդերի ու ամրությունների փոխարեն սեփական պալատներ կառուցելով` մեր հայրենիքը մաս-մաս հանձնեցինք թշնամիներին։


Այսօր մեր հայրենիք Հայաստանի, Արցախի ապագան վտանգված է, քանզի անկանխատեսելի են թշնամիները, բարեկամները, աշխարհը, ցավոք, նաև մեր ռազմաքաղաքական, դիվանագիտական, տնտեսական առաջնությունները, որովհետև առաջնորդվում ենք ոչ թե համապետական, համազգային, համաժողովրդական, այլ զուտ անձնական, կարիերիստական, պատեհապաշտական, ամեն գնով սեփական իշխանությունը, դիրքերը պահպանելու շահերով:
Անկախությունից ի վեր չենք կարողանում երկրում հաստատել դատաիրավական, սոցիալական արդարություն, դպրոցներում, բուհերում, հասարակական, քաղաքական կառույցներում, համայնքներում, պարզապես ամենուր չի քարոզվում, չի դաստիարակվում հայրենապաշտություն, որ հայ մարդը ի վերջո հասկանա` կուշտ ու կուռ ուտելուց առաջ գոյություն ունի սրբազան հայրենիք, որի համար հայորդիները, հայ դուստրերը զոհում են ամենաթանկը` կյանքը: Իսկ այս 20-25 տարիների ընթացքում 1,5 մլն հայրենակիցներ, հայրենիքը վտանգի մեջ թողած, լքեցին երկիրը` օտարության մեջ մի քիչ ավելի վաստակելու, մի քիչ ավելի լավ, հարմարավետ ապրելու, կուշտ ուտելու: Մեծն Չարենցը «Պատմության քառուղիներում» ցավագնորեն հնչեցնում է ոչպետականամետ, ոչազգապահպան, ստրկական, զուտ ֆիզիկապես մի կերպ գոյատևելու անարժանապատիվ դարավոր ապրելակերպի ողջ ողբերգականությունը` «նախիրն արածելիս կայծակնահար եղավ»: Եթե Չարենցը նկատի ուներ մեր ժողովրդի ողբերգական ֆիզիկական կայծակնահար լինելը, ապա մեր օրերում հայրենիքը լքած 1,5 միլիոնը մի քանի տասնամյակում կայծակնահար կլինի հոգեպես ու բարոյապես, չի լինի հայախոս, հայանուն, չի էլ գիտակցի, որ հայ է եղել. այսօր աշխարհասփյուռ 11 մլն հայությունից 4 միլիոնը հայախոս չէ, այսինքն` հայ չէ... ՈՒրեմն այս փոքրիկ հայրենիքը փրկելու համար հարկ է ամենուր նժդեհական հայրենապաշտություն ներարկել` հայաշխարհի յուրաքանչուր անկյունում, յուրաքանչյուր թիզ հողի, լճի, գետի, բնակավայրի, բնական հարստության նկատմամբ անսահման սեր, նվիրվածություն` չերկնչելով ոմանց հայրենադավ բարբաջանք-բառապաշարից` ֆաշիզմ, ռասիզմ: ՈՒրեմն, հայ ուսուցիչ, քո ձեռքերում է հայության ճակատագիրը: Ժամանակին շատ ճշմարիտ գնահատական է հնչեցրել Բիսմարկը` «1871 թ. գերմանա-ֆրանսիական պատերազմում հաղթեց պրուսացի ուսուցիչը»: Ցավոք, այսօր էլ շարունակվում է արտագաղթը...
Անհեռատես, անպատիժ քայլեր են արվում նաև տնտեսական ոլորտներում. այսպես, այսօր էլ վատնվում է սերունդների ազգային մեծագույն հարստությունը` խոչընդոտելով Սևանա լճի մակարդակի շարունակական անհետաձգելի բարձրացմանը, լիճ, որի ջուրը ժամանակին ոսկուց էլ թանկ է լինելու: Ինչու՞ է այսպես. որովհետև տարիներ շարունակ Արարատյան դաշտի արտեզյան ջրերը անխղճորեն ծախսվել են, այսպես կոչված, ձկնաբուծության համար, ասես ծովային երկիր ենք. արդյունքում` արտեզյան ջրերի մակարդակը իջավ 15-18 մետրով, այն դեպքում, երբ նախկինում այն ինքնահոս ժայթքում էր ոռոգման համար: Իսկ ժողովուրդը սնվում է ձկնաբույր բանջարեղենով. իշխանավորներին դա երբեք չի հետաքրքրել, քանզի նրանց անձնական բանջարանոցներն ու այգիները խմելու ջրով են ոռոգվում: Իհարկե, բնապահպանության նախարարը չպատժվեց, այլ դարձավ մարզպետ:


Կամ անպատասխանատվությամբ թույլատրեցին Սևանա լճի մերձափնյա տարածքներում, ում խելքը փչեց, ժողովրդից կողոպտված փողերով դղյակներ կանգնեցնել։ Այսօր էլ խոչընդոտելով լճի մակարդակի հնարավոր բարձրացմանը, իրենց պալատների կենցաղային կեղտաջրերը լցնում են լիճը` մեծապես վատթարացնելով Սևանի բնապահպանական վիճակը:
Ցավոք, մեր իշխանությունները համաժողովրդական, համազգային հարստությունը, հնարավորությունները շարունակաբար սխալ են ուղղորդել: Օրինակ, երբեք չեն մտահոգվել մայրաքաղաքի բնապահպանական շահերի, բնակչության համար բնական առողջ միջավայր ստեղծելու խնդիրներով: Նրանք մշտապես պաշտպանել են ագահ եսամոլների շահերը, որոնք անխնա թալանել, կողոպտել են ժողովրդի սեփականությունը: Պարոնա՛յք, ինչու՞ թույլ տվեցիք, որ մեծահարուստները անխնա ոչնչացնեն Մայր Հայաստանի հուշարձանի շրջակա հրաշալի անտառաշերտը, որը մայրաքաղաքը պաշտպանում էր փոշուց, կեղտից, թթվածին մատակարարում։ Հազարավոր հատված ծառերի տեղում պալատներ կառուցեցին` ոտնահարելով մայրաքաղաքի բնակչության շահերը:


Սամվել Ալեքսանյանը Նոր Նորքի շուկայի տեղում հերթական հսկայական մոլն է կառուցում. դե իհարկե, Ալեքսանյանի համար դա շահավետ է` իր կողմից վերահսկելի, անտեսանելի ստվերային շահույթներ: Մինչդեռ եթե կառուցվեր մի խոշոր արտադրական ձեռնարկություն, որում աշխատեին հարյուրավոր քաղաքացիներ, կկդրսևորեին իրենց մտքի և ձեռքի հմտությունը, կվաստակեին արժանապատիվ աշխատավարձ, հասանելիք արձակուրդ։ Իսկ առևտրամոլ այդ մոլերում գործազուրկ ուսուցիչները, ինժեներները, մտավորականները սպասելու են, թե ահա կգա մեկը, կգնի մի շալվար, մի շրջազգեստ, մի կոշիկ, և տանջահար քաղաքացին 3-4 հազար դրամ տուն կտանի` անիծելով իր մոլային բախտը, իշխանությունների սոցիալ-տնտեսական, դատաիրավական անճարակ քաղաքականությունը: Առևտրական այդ մոլերը ոչ թե նպաստում են տեղական տնտեսության, այլ օտարերկրյա, և, որ շատ ցավալի է, թուրքական տնտեսության զարգացմանը: (Տեղին է հիշել` Մահաթմա Գանդին հայրենասիրաբար հագնում էր տեղական` հնդկական հագուստ, կոչ անելով հայրենակիցներին` մերժել բրիտանական արտադրանքը և գնել միայն տեղականը` նպաստելով հայրենական տնտեսության զարգացմանը): Երկրի բնակչության զգալի մասը զբաղված է առևտրի, սպասարկման ոլորտներում` 12-ժամյա տանջալից աշխատանքով, իսկ բնական հարստությունները անխնա շահագործում ու թալանում են օտարերկրյա ընկերությունները: Դրա աններելի վկայություններից մեկն է պեռլիտի գործարանի և հանքերի հանձնումը ամերիկյան ընկերությանը` ընդամենը 1,2 մլն դոլար չնչին գումարով, որի պայմանագրի ժամկետը արդեն լրանում է և կարելի է հետ վերցնել: Ինչպես մասնագետն է վկայում` պեռլիտից կարելի է թողարկել 150 արտադրատեսակ, հատկապես ջերմամեկուսիչ, ձայնամեկուսիչ սարքեր, որոնք լայն կիրառություն ունեն տիեզերագնացության, ռադիո-հեռուստատեխնիկայի, բարձր տեխնոլոգիայի, մետալուրգիական արդյունաբերության ասպարեզներում: Նույնը կարելի է ասել հայկական հանրահայտ բազալտի ձուլման, վերամշակման և լայն կիրառության, ինչպես նաև բնական շատ այլ հարստությունների անճարակ վատնման մասին: Պարոն իշխանավորներ, դուք երբևիցե ուշադրության արժանացրե՞լ եք Քարակերտի քարաձուլման գործարանի բաժնետեր Սուրեն Գևորգյանի հզոր փաստարկները, թե՞ ձեզ հետաքրքրում են միայն մոլային առևտուրն ու սպասարկումը:
Զարմանալին այն է, որ իշխող, այսպես կոչված, էլիտան իրեն բոլորովին մեղավոր չի զգում ժողովրդի սոցիալ-տնտեսական ծանր վիճակի, ժողովրդագրական շարունակվող աղետի, սողացող, հուսահատեցնող, շարունակ զոհեր խլող պատերազմի համար:
Հայաստանի, Արցախի, աշխարհով մեկ սփռված հայրենակիցներիս կոչ եմ անում` ձեր օրագրերում գրառեք` հայրենիքի հանդեպ ինչ եք արել, որ չպետք է անեիք, հայրենիքի համար ինչ չեք արել, որ պարտավոր էիք անել, և խորասուզվելով ձեր ազնիվ հոգիների ու սրտերի խորքը, այսուհետև պարտավորվեք հայրենապաշտորեն ծառայել համայն հայությանը, հատկապես Հայաստան-Արցախ հայրենիքին` փորձելով քավել ձեր մանր ու խոշոր մեղքերը, եթե ունեք...


Աբրահամ ԾԱՏՈՒՐՅԱՆ

Դիտվել է՝ 6611

Մեկնաբանություններ