ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Համաշխարհայնացման դեմ դրոշ պարզելու ամենաճիշտ ձևը

Համաշխարհայնացման դեմ դրոշ պարզելու ամենաճիշտ ձևը
26.09.2017 | 14:29

Արվեստում նոր խոսք ասելու համար առաջինը ասելիքի կարևորությունն է: Հարություն Խաչատրյանի համար ի սկզբանե սա եղել է սկզբունք: Կարևորությունների շարքում հաջորդը մարդասիրությունն է, քանի որ երկրագունդը դեռևս ուղեծրից դուրս չի թռել միմիայն մարդկության մեծագույն մտածողների շնորհիվ, ովքեր հոգ են տարել մարդուն մարդ պահելու և ապա նրան ավելի մարդացնելու մասին: Տվյալ դեպքում խոսքը մի արվեստագետի մասին է, որն այս երկու բաղադրիչներն իր ստեղծագործություններում ունի որպես ելակետ, նաև գեղագետ լինելով՝ անում է այն, ինչ ուզում է, հաճախ նույնիսկ՝ ինչ խելքին փչի... Այս համարձակությունը բոլորին չէ, որ տրվում է: Եթե «Կոնդ» ֆիլմի երիտասարդ հեղինակը վստահ չլիներ, թե որքան կարևոր է այս ֆիլմով իր ասելիքը, կվհատվեր համատարած մերժումից, որ թշնամանքի էր հասնում, և գուցե մեկընդմիշտ հեռանար կինոյից: Բայց նրա մարտնչող գեղագիտությունը միշտ տեսնում է նպատակը և գնում դեպի այն՝ իր որոնած, գտած ճանապարհով: Գնում է չտրորված ուղիներով, փույթ չէ, թե դրա համար ֆիլմային որքան երկար ժամանակ կպահանջվի: Երբեմն նույնիսկ թվում է՝ հանդիսականի համբերությունն է փորձում իր մանրամասն դիտարկումներով: Բայց սա արվեստի այն տեսակն է, որ վիպային է, և ոստոստող խելահեղ ռիթմերով ժամանակի սրընթացության հետ մրցավազքի ելնելու կարիք չունի:


Հ. Խաչատրյանի և առհասարակ ներկայիս թե՛ գեղարվեստական, և թե՛ փաստագրական ֆիլմերում հետզհետե ավելի հաճախացող վիպական շնչառությունն այսօրվա մարդուն մի պահ տիտիկ անելու, իր մտքի ընթացքը հեղինակի, հեղինակինը՝ իր տեմպին հարմարեցնելու և որոշ կենսականորեն անհրաժեշտ բաների վրա ավելի լրջմիտ սևեռվելու հնարավորություն է տալիս: Իսկ ժամանակակից մարդուն նման վիճակի մեջ դնելու համար նոր գեղագիտություն է հարկավոր: Հ. Խաչատրյանը մի հարցազրույցի ժամանակ ասել է, որ աչքի տեսածը քիչ է վավերագրողի համար, կարևոր է սրտի տեսածը: «Քամին ունայնության» ֆիլմի հերոսը հենց այդպես էլ ասում է. «Աստված ինձ երկու լուսամուտ ա տվել, մեկն էլ սրտի լուսամուտն ա»:
Գեղագետ լինելով՝ Հ. Խաչատրյանը նաև նվիրյալն է իր գաղափարների: Նրա «Փակուղի» ֆիլմով դեռ չի ավարտվում պանդխտության, հեռավոր երկինքներում թևածող «Կռունկի» թեման, թեև վերնագիրը կարծես թե հենց «ավարտ» է նշանակում: Իսկական արվեստագետի համար ավարտները նորի, ավելի կատարյալի սկիզբն են, և ուրեմն, կյանքի հարատևության մասնակից դառնալու հաջողությունը:


«Քամին ունայնության» ֆիլմը, որ առաջինն է եռերգությունից, գաղափարի սկզբնավորման փուլն է: (Ռեժիսորը պատրաստվում է 4-րդ՝ ավարտականը նկարահանելու, գուցե և ոչ ավարտականը. ո՞վ գիտե, թե այս անգամ ուր կտանեն նրան նոր ծնվող գաղափարներն ու մտքերը): Գաղափարը շատ պարզ արտահայտված է ի սկզբանե, երբ Ռուբեն Հախվերդյանը, հազարավոր կիլոմետրեր կտրել-անցնելով, տայգայում իր կեցությունը հաստատած Հայկին հարց ունի տալու. «Ինչի՞ ես եկել էստեղ»: Սա միայն հարցադրում չէ և ոչ էլ դատապարտյալին տրվող արդարացման հնարավորություն: Հայկի համար պատասխանելը հեշտ չէ, ինչպես հեշտ չէ մարդ արարածն իր բազմածալ էությամբ: Ռեժիսորը հոգեբանի, տեղ-տեղ վիրաբույժի համբերությամբ ստանում է այդ էության մեջ մուտք գործելու իրավունքը: Նրա հերոսների լեզուն հետզհետե բացվում է, և վստահությունը հասնում է իր բարձրակետին: Նրանք՝ Նկարիչը, Հայկը («Քամին ունայնության»), Լևոնը («Փակուղի»), ասում են բաներ, որ իրենք իրենց էլ չէին խոստովանի, և հանկարծ հասկանում ենք, որ խոստովանահոր դերում ենք հայտնվել ազգովին: Նրանք խոստովանում ու արդարացումներ են փնտրում ողջ ազգի առաջ: Փախչողները կարծում են, թե կոսմոպոլիտ են, բայց փորձով հասկանում են, որ դրա համար ուրիշ անձնական հատկանիշներ են պետք, կամ էլ մի այլ ազգի ներկայացուցիչ է պետք լինել: Օտար ափերում սեփական կամքով ունայնության քամուն այս հանձնվածներից ոչ մեկը չի մոռանում, որ ինքը ոչ թե մի ինչ-որ ազգից, այլ հայ զարմից է ի ծնե: Նրանք ազատություն սիրող հալածյալներ են, որ որոշ առումով գտել են, ոչ թե միայն համտեսել, այլև գլխովին մտել են «ազատություն» կոչվող այդ երևույթի մեջ և «Սահման» ֆիլմի գոմշուկի պես դեմ են առել փշալարին:


Բայց սա էլ չէ կարևորը: Սա էական է միայն իրենց նման հայերի՝ մեզ համար: Կարևորը սահմանն է, որտեղ կանգ են առել հերոսները: Այստեղ է, որ Ֆաուստի նման հասկանում են իրենց մարդկային հնարավորությունների աննշան լինելը, երբ նույնիսկ արդեն հաղթահարել են բնության և հասարակության սահմանած կարգը: Իրենք իրենց հետ դեմ առ դեմ կանգնում են մերկացած, այսինքն՝ որպես այն, ինչին իրականում կարող էին հասնել, և ոչ թե այն, ինչին կարծում էին, թե հասնելու են:
«Կոնդի» մասին խոսելիս Հ. Խաչատրյանն ասում է, որ նման թաղեր և նման մարդիկ կան աշխարհի բոլոր անկյուններում: Այդ է պատճառներից մեկը, որ աշխարհի շատ երկրներում ընդունվեց, սիրվեց ֆիլմը: Նույնը կարելի է ասել հիշյալ 3 ֆիլմերի հերոսների մասին: Այո, մարդկային այս տեսակները կան բոլոր ազգերի մեջ, բայց հեղինակն իր վիպական պատումները պրոյեկտում է մի նյութի վրա, որին ամենից լավ է տիրապետում: Դա հայ մարդն է, որ հազարավոր տարիներ պետականություն չունենալուց հետո անկախ հայրենիք ունի: Հեղինակին հաջողվում է հերոսների հենց այդ ամենանուրբ լարին դիպչել, որտեղ էլ կտրվում է նրանց փիլիսոփայության թելը: Նրանք բոլորն էլ լավ կամ վատ գիտեն հայ ժողովրդի պատմությունը և մտածում են, որ եթե կա մի բան, որ կաշկանդում է իրենց ազատությունը, դա հայ լինելն է, և եթե կա մի բան, որ կյանքը իմաստալից է դարձնում, թևեր է տալիս, դարձյալ հայ լինելն է: Մի՞թե սա համաշխարհայնացման դեմ դրոշ պարզելու ամենաճիշտ ձևը չէ: Մյուս կողմից՝ շատ ավելի պարզ ու շատ ավելի մեծ մի ճշմարտություն կա Հ. Խաչատրյանի ֆիլմերում՝ գրեթե ավետարանական, որ մարդը դեռ չգիտե, թե ինչ է ազատությունը, և, ուրեմն, վազում է մի բանի հետևից, որի ինչ լինելը ոչ մեկին դեռ հայտնի չէ:


Այս բոլոր իրողությունները, որոնցից ամեն օր լիուլի ճաշակում ենք, երբեք չէինք ուզենա մեկ անգամ էլ էկրանից տեսնել ու լսել, եթե մեզ չուղեկցեր երաժշտության կամ ձայնային մոտիվների հետ մեր մեջ անցնող գեղագիտությունը: «Քամին ունայնության» ֆիլմում տայգայի այդ միապաղաղ հարթությունների վրա երևացող միայնակ տները, որոնց պատերի կամ դռների վրա տեղ-տեղ ինչ-որ գույն է պահպանվել հնուց, ուռկանի մեջ թպրտացող ձկները, հեռավոր օտար երկրում երևակայությանը ազատություն տված՝ մեկը մյուսի հետևից գլուխգործոցներ ստեղծող նկարչի կտավները, Հայկի բեմադրած «Հե՜յ, ով կա այդտեղի» փորձը, արջի հետ նրա հանդիպման տեսարանը, որտեղ նա փայլում է ասացողի իր տաղանդով, կինոխցիկի դիտանկյունները (ռակուրսները), հերոսների հոգեվիճակը ներկայացնող հեռու և մոտիկ պլանները, նրանց շարժման տևողությունը, ձևը դառնում են ֆիլմի հուզականությունն ապահովող հանգամանքներ և հաստատում են Հայկի փիլիսոփայությունը. «Ես ապրում եմ ժամանակի հետ, պատմության հետ...»:
Խոսքի միջոցով 3 ֆիլմերի հերոսների ինքնաբացահայտումներում հմուտ հոգեբանը կկարդա նրանցից յուրաքանչյուրի խառնվածքը, ապրելու դրդապատճառը, անգամ նրանց դիմախաղերի մեջ էթնիկ հոգեբանություն կտեսնի:


Բայց ավարտեմ «Փակուղի» ֆիլմի երկրորդական, գուցե և երրորդական հերոսներից մեկի խոսքով, որ ասում է. «Երբ երկրից գնում եք, շփումները քչանում են, շփման մակերեսը փոքրանում է»: Ֆիզիկայի ինչ-որ օրենք հիշեցնող այս թռուցիկ խոսքը, սակայն, հենց այն է, ինչից պետք է վախենան մեր մոլորակի վրա ապրող մարդիկ և ամուր բռնեն այն թելից, որ ապահովում է բոլորիս միմյանց հետ կապող պատճառը՝ շփման մակերեսը:


Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3646

Մեկնաբանություններ