Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սիրտը` կյանքի համար

Սիրտը` կյանքի համար
29.09.2017 | 01:18

Այսօր սրտի համաշխարհային օրն է` World Heart Day: Առաջին անգամ նշվել է 1999-ին` Սրտի համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ: Նրան աջակցեցին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Սկզբում Սրտի օրը նշվում էր սեպտեմբերի վերջին կիրակի օրը, 2011-ից ամրագրվեց սեպտեմբերի 29-ը: Նպատակն է` բարձրացնել հասարակական գիտակցությունը վտանգի առաջ, որ բերում են սրտանոթային հիվանդությունները: Սրտի համաշխարհային օրվա նշանաբանն է` «Սիրտը կյանքի համար է»: Թեպետ իրականում սիրտը մահվան մունետիկն է` սրտի կանգն է վկայում մարդու մահը: Խնդիրը ժամանակի ու իրավիճակի ընկալումն է: Ժամանակի ու իրավիճակի ընկալման տարուբերումների մեջ անցնում է կյանքը` սրտի առաջին ու վերջին զարկի միջև:
Անցնող շաբաթում երկու իրադարձություն առանձնացավ` արտաքին ու ներքին: Եթե կիրակին թողնենք անցած շաբաթին, երբ Գերմանիան Բունդեսթագ ընտրեց ու «Մայրիկ Մերկելին» տվեց չորրորդ անգամ կանցլեր լինելու հնարավորություն և շոկի մատնեց ինքն իրեն` Երկրորդ համաշխարհայինից հետո առաջին անգամ խորհրդարան բերելով ազգայնականներին: Գերմանիան փակեց եվրոպական ընտրական մեծ ցիկլը` Հին աշխարհը դիմացավ պոպուլիզմի ու ազգայնականության եվրասկեպտիցիզմի գրոհին, բայց և ընտրություններում համոզվեց` պիտի փոխվի: Աշխարհի նորությունների առաջին գծում Իրաքյան Քրդստանն էր` իր անկախության հանրաքվեով: Բոլոր կողմերից Էրբիլին ասում էին «Ոչ», իսկ քրդերը ասացին «Այո»։


Մասուդ Բարզանին հանրաքվեի հաջորդ օրը հայտարարեց. «Քրդստանի հզոր ժողովուրդը, քվեարկելով անկախության օգտին, թույլ չտվեց, որ կոտրեն իր կամքը, կանխեց նոր հարձակումներն ու կոտորածները: Մենք նոր փուլ ենք մուտք գործել, դա հաղթանակ է ողջ Քրդստանի համար»: Գուցե զարմանալի է, բայց հանրաքվեից ամենազայրացածը ոչ թե մասնատվող Իրաքը, այլ Թուրքիան է: Էրդողանը Բարզանիին անվանեց «դավաճան» և խոստացավ քաղցի մատնել երկիրը: Բազում հրապարակումներ եղան տարածաշրջանում ձևավորվող նոր առանցքների մասին, որոնց մեկնակետը դառնում է անկախ Քրդստանը: Դեռ հանրաքվեից առաջ Իրաքի հետ սահմանին Թուրքիան սկսեց զորավարժություններ: Անկարան քննարկում էր` պատերա՞զմ սկսել Էրբիլի դեմ, թե՞ մշակել պատժամիջոցների ու քայլերի փաթեթ` համագործակցելով Բաղդադի ու Թեհրանի հետ: Թուրքիայում հիշեցին ամերիկացի գնդապետ Պետերսի հին քարտեզը, որտեղ ուրվագծված են Մեծ Մերձավոր Արևելքի ենթադրվող բաժանման սահմանները: Թուրք փորձագետները հիշում էին` ինչպես 1926-ին Թուրքիան Անկարայում համաձայնագիր ստորագրեց Իրաքի ու Մեծ Բրիտանիայի հետ, որով որոշվեց ներկա թուրք-իրաքյան սահմանը` «Բրյուսելյան գիծը»: Եթե 1926-ի պայմանագիրը լուծարվում է, կարո՞ղ է Թուրքիան վերականգնել Մոսուլի ու Քիրկուկի վրա իրավունքները: Շեշտվում էր, որ այդ խնդիրը պետք է դառնա Էրբիլի ճանաչման գլխավոր պայման: Բայց դա միանգամից խզում է Բաղդադ-Անկարա կապը` Բաղդադը նույնպես Քիրկուկի կարիքն ունի, որտեղ կենտրոնացած է նավթի ու գազի պաշարների կեսը: Կարո՞ղ է Անկարան օկուպացնել Իրաքյան Քրդստանի մի մասը, երբ երկրի ներսում ակտիվ գործում է Քրդստանի աշխատավորական կուսակցությունը: Մերձավոր Արևելքում «Մեծ Քրդստանի» ստեղծումը` Թուրքիայի, Իրանի, Սիրիայի քրդաբնակ տարածքների միավորումով իդեֆի՞քս է, թե՞ ռեալ հնարավորություն: Այսօր Մասուդ Բարզանին այդ խնդիրը չունի: Նա շատ լավ գիտի իր հնարավորությունները ներսում ու դրսում, այդ թվում` քրդական միջկլանային հարաբերությունները, որ միավորում չեն նախատեսում։ Նրան հիմա պետք է խաղաղություն և ամրապնդվելու ժամանակ: Գուցե տարօրինակ թվա, բայց այս օրերին նույնիսկ ասվեց, որ անկախության հանրաքվեն դեռ չի նշանակում անկախության հռչակում: Բարզանին այնքան փորձառու է, որ քաղաքական անկախության հռչակումը տարբերի տնտեսական անկախության հնարավորությունից: Չխանգարելով Էրդողանին ռազմական գործողություններ ձեռնարկել ՔԱԿ-ի դեմ Իրաքի հյուսիսում` նա փաստացի թուլացրել է ընդդիմախոսների դիրքերը:

Հակառակ Բաղդադի` Անկարան (ինչպես և Մոսկվան) Էրբիլի հետ էներգետիկ համագործակցություն է հաստատել` նպաստելով նրա դիրքերի ամրապնդմանը: Թուրքիան Իրաքյան Քրդստանի համար մնում է արտաքին շուկա էներգառեսուրսների միակ ելքը: Եթե Անկարան վճռի Հյուսիսային Իրաք ներխուժել, ձեռքի տակ պետք է ունենա իր գործողություններն արդարացնող փաստարկների համոզիչ փաթեթ: Հրապարակային քաղաքականության մակարդակում միայն Իսրայելն էր կողմ հանրաքվեին ու Իրաքյան Քրդստանի անկախությանը, բայց քրդերը չէին գնա այդ քայլին, եթե չունենային ստվերային պայմանավորվածություններ ու գաղտնի համաձայնություն պետության հետագա գոյության համար: Հանրաքվեի առիթով սերտացան Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի ու Իրաքի կապերը: Իրանի Գլխավոր շտաբի պետը 38 տարվա մեջ առաջին անգամ եկավ Անկարա: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն անակնկալ գնաց Բաղդադ: Իրաքի Գլխավոր շտաբի պետ Օսման ալ Հանիմին էր Անկարայում: Պուտինը մեկնեց Անկարա։ Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը կմեկնի Իրան: Աքարից հետո Թեհրան կգնա նախագահ Էրդողանը: Հոկտեմբերի 4-ի այցի օրակարգում նույն հարցերն են: Չի բացառվում, որ Թուրքիա-Ռուսաստան-Իրան առանցքում փորձելու է հարմար տեղավորվել Ադրբեջանը: Որոշ ժամանակ առաջ արդեն փորձարկվել է Ռուսաստան-Իրան-Ադրբեջան ձևաչափը, որ չգործեց, իսկ հիմա շահերը կմիավորեն: Թուրքիայի ու Ռուսաստանի հետ խնդիրներ չեն ծագի, Թեհրանին Բաքուն պետք է` հաշվի առնելով Իրանի քրդաբնակ ու ադրբեջանաբնակ շրջաններում հնարավոր անջատողական շարժումները: Փաստացի` Անկարան ու Թեհրանը, Քրդստանի անկախությանը դեմ լինելով, տարբեր վարքագիծ են դրսևորում` եթե Անկարան հայտարարում է շրջափակման ու պատժամիջոցների մարտավարություն, Թեհրանը կտրուկ շարժումներ չի անում` սպասելով, թե ինչ կանի Էրբիլը: Գուցե նաև այն պատճառով, որ բացի Իրաքյան Քրդստանից` Թեհրանն ունի Թրամփի խնդիր` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նրա հայտարարությունից հետո, որ Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը «վնասաբեր է ԱՄՆ-ի համար» և Թեհրանը շարունակում է «ապակառուցողական և խաղաղությունը խարխլող վարքագիծը»: Ճիշտ է, ինչպես Հասան Ռոհանին նշեց` «Գլխավոր ասամբլեայում ԱՄՆ-ը մնացել էր մենակ ու դարձել ամենամեկուսացած երկիրը», վեցնյակի մյուս երկրները, որ 2015-ի ամռանը ստորագրել են Վիեննայի փաստաթղթերը, հրաժարվեցին Վաշինգտոնին աջակցել, բայց Թրամփը մնում է գլխացավանք: Ռուսները ևս փորձում են վաբանկ գնալ տարածաշրջանում: Նրանց փաստարկն է, որ սիրիական ուղղությամբ արդեն գործում է Ռուսաստան-Թուրքիա-Իրան առանցքը, հիմա կարող է հայտնվել Թուրքիա-Սիրիա-Իրան ալյանսը քրդական ուղղությամբ: Եվ հենց Ռուսաստանը, ոչ թե ԱՄՆ-ն է շանս ստանում խաղաղապահի դեր խաղալ Իրանի, Թուրքիայի ու քրդերի, սուննի արաբական պետությունների և շիական առանցքի միջև: Իսկ հետո Մոսկվան կարող է կոմպրոմիսի հասնել Իսրայելի ու Թեհրանի միջև` Թրամփին չի հաջողվում Մերձավոր Արևելքում լցնել Բարաք Օբամայի վարչակարգի թողած վակուումը: ԱՄՆ-ի պետդեպարտամենտը, իհարկե, դատապարտեց քրդերի հանրաքվեն, բայց դա այն դատապարտումը չէր, որից Բարզանին պիտի մտածեր իրերը հավաքելու մասին: Հարևան պետություններից` նախ և առաջ Թուրքիայից, հնչող սպառնալիքների մասին Մասուդ Բարզանին ասաց. «Պատժամիջոցների կիրառման սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն եկեք երկխոսություն սկսենք, լավ հարևաններ լինենք: Հարգանքով վերաբերվեք Քրդստանի ժողովրդի կամքին: Ինչպե՞ս կարող է միլիոնավոր մարդկանց կարծիքը ոչլեգիտիմ լինել»: Իսկ Հայաստա՞նը ինչպես է վերաբերվում այն պետության ստեղծմանը, որտեղ հայերենը պետական չորս լեզուներից մեկն է լինելու: «Ողջունում ենք Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը՝ որպես ՄԱԿ֊ի կանոնադրությամբ և մի շարք միջազգային հիմնարար փաստաթղթերով ամրագրված ժողովուրդների ինքնորոշման և իրենց զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու իրավունքի իրացման ակտ»,- հայտարարեց ԼՂ ԱԳՆ-ն: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Մենք ակնկալում ենք, որ Իրաքի Հանրապետության իշխանությունները և Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային իշխանությունները կխուսափեն լարվածությունից և հնարավորություններ կգտնեն լուծելու հարցերը»: Այդքանը: Չէ՞ որ վճռական ոչինչ դեռ չի ասել Սերգեյ Լավրովը:


Չորեքշաբթի օրը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկեց ու մերժեց «Ելքի» նախաձեռնությունը: Փաստորեն, նրանք գիտեն (բոլոր տվյալները պաշտոնական են), որ ԵԱՏՄ անդամակցության 3 տարում ՀՆԱ-ն դոլարային հաշվարկով կրճատվել է 8 %-ով, զբաղվածության մակարդակը՝ 13 %-ով, միջազգային պահուստները` 40 %-ով, պետական պարտքն աճել է 10 %-ով, ներդրումների զուտ հոսքերը 2014-ին կազմել են 167,4 մլրդ դրամ, 2016-ին` 81 միլիարդ դրամ։ ԵԱՏՄ անդամակցության հետևանքով առաջնային անհրաժեշտության և լայն սպառման 900 անուն ապրանք ՀՀ-ում անխուսափելիորեն թանկանալու է, բայց հավատում են, որ դա է ճիշտը: Սկանդալ ու սենսացիա կլիներ, եթե ՀՀԿ+ՀՅԴ+ԲՀԿ եռամիասնությունն ընթացք տար նախաձեռնությանը: Ոչ միայն սկանդալ ու սենսացիա, այլև ոտնձգություն դարավոր բարեկամության, հավերժական համագործակցության հանդեպ, որ որպես չգրված օրենք է գործում ու գործում է միակողմանի: Փաստացի` եռամիասնությանը հնարավորություն տրվեց նվիրումի ու սիրո նոր խոսքեր ուղղել առ Հյուսիս, որը, հարկավ, կգնահատվի: Կամ` պատասխանն է իրենց հանդեպ ցուցաբերված ջերմ ու անշահախնդիր հոգատարության: Իրականում, մերժված «Ելքը» քննարկումից շահած դուրս եկավ: Ոչ այն պատճառով, որ ԱԺ քառօրյայում հարցը հրատապ ընթացակարգով օրակարգ կմտնի ու ժամուկես կքննարկվի` մեկնաբանությունների ու վերլուծությունների ալիք տալով: «Ելքը» հայելի դրեց կոալիցիայի ու պաշտոնապես ընդդիմություն ԲՀԿ-ի առաջ և նրանց անձնվեր «հայրենասիրության» մեջ երևակվեցին հին ու նոր վախերը, կապերն ու կախյալությունը: Հայելի, որ ցույց տվեց` Հայաստանի Հանրապետությունը չի կարող անկախ պետություն լինել, երբ անկախ չէ իշխանությունը: Հայելին «Ելքին» պետք չէր, հասարակությանն է պետք` իր ընտրությունը գնահատելու համար: Ինչքա՞ն է տևելու փաստերը լոլիկով ծածկելը, որի արտահանման ծավալները նույնպես կրճատվել են: Մինչև հաջորդ ընտրություններ: Ռուսաստանում, թե Հայաստանում` մեկ է։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Նույնիսկ ՀՀԿ+ՀՅԴ+ԲՀԿ-ն չեն կարող չընդունել` ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո հայկական կողմը ղարաբաղյան կոնֆլիկտի գոտում հրադադարից հետո առաջին անգամ տարածք կորցրեց, և քառօրյա պատերազմի օրերին ԵԱՏՄ անդամ Ղազախստանն ու Բելառուսը ոչ թե Հայաստանի, այլ ԵԱՏՄ չանդամ Ադրբեջանի կողքին էին, իսկ Ռուսաստանը շարունակում է սպառազինել Ադրբեջանին: Հիմա նաև` Թուրքիային: Բիզնես: Միայն բիզնես: Այո, ԵԱՏՄ-ն դուռ է, բայց դեպի աշխարհի այն մասը, որտեղ որևէ փոփոխություն հակացուցված է, որտեղ դարասկզբից խոսում են տնտեսության դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության մասին և շարունակելու են խոսել մինչև դարավերջ: Իրենց դարավերջը: Այսօր Սրտի համաշխարհային օրն է, որի նշանաբանն է` «Սիրտը կյանքի համար է»: Իսկ ինչի՞ համար է կյանքը: Հարցը զուտ քաղաքական է:

Դիտվել է՝ 3514

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ