Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Այս չորս պետությունները չեն ցանկանում, որ տարածաշրջանի որևէ հատվածում քրդական անկախ պետություն ստեղծվի»

«Այս չորս պետությունները չեն ցանկանում, որ տարածաշրջանի որևէ հատվածում քրդական անկախ պետություն ստեղծվի»
29.09.2017 | 01:39

Իրաքյան քրդերի անկախության հանրաքվեի դրական արդյունքը դեռ չի նշանակում, թե քրդերը կարող են վաղը ևեթ ստանալ այդ անկախությունը, քանի որ, նախ, գերտերություններից պետք է ստանալ դրա «թույլտվությունը», ինչն առայժմ դժվար է պատկերացնել: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ազգությամբ քուրդ ԿՆՅԱԶ ՀԱՍԱՆՈՎԻՆ մի քանի հարց ուղղեցինք թեմայի շուրջ:

-Ի՞նչ գործընթացներ են հետևելու անկախության հանրաքվեին:
-Հանրաքվե անցկացնելը դեռ չի նշանակում անկախանալ: 93 %-ով կողմ քվեարկելը ցույց տվեց աշխարհին, որ քրդերը միասնական և միահամուռ ցանկանում են անկախանալ: Սակայն հարևան պետությունները` Թուրքիան, Իրանը, Սիրիան և Իրաքի կառավարությունը դեմ են այս գործընթացին: Իրանի խորհրդարանն անգամ հայտարարեց, որ այդ քվեարկությունն անօրինական է: Սրանից հետո պետք է Իրաքի իշխանությունների հետ նստեն, քննարկեն այն տարածքների հարցը, որոնք վիճելի են և պետք է անկախ Քրդստանի մաս կազմեն: Այդպիսի տարածքներից է նավթային հզոր քաղաք Քիրկուկը, որի բնակչության մեծամասնությունը քուրդ է, բայց Սադամ Հուսեյնի ժամանակ այնտեղի քրդերին ստիպողաբար հանեցին և բնակեցրին արաբներին, թուրքմեններին: Նրանք հենց այսօրվա մասին էին մտածում, որ քրդերն այնտեղից դուրս գան և անկախության հարցի դեպքում Քիրկուկը չմնա նրանց ձեռքում: Կան այլ վիճելի հարցեր, որոնք եթե հստակեցվեն, պետք է նաև միջազգային հանրությունը, գերտերություններն իրենց կարծիքը հայտնեն, իմա` ովքեր կընդունեն այդ անկախությունը: Ընթացքը ցույց կտա, թե այս գործընթացները որքան կտևեն` ամիսնե՞ր, տարինե՞ր:
-Հիմնական հարցը, որ տրվում է այս օրերին, այն է, թե ո՞րն է լինելու քրդերի տարածքը, այսինքն՝ ո՞րն է նրանց հայրենիքը:
-Քրդերը բաժանված են չորս մասի, մի մասը Իրաքում է, մյուսը` Թուրքիայում, Իրանում, Սիրիայում: Բայց եթե ամբողջացնենք այդ շրջանները, դա մեկ ընդհանուր տարածք է: Սիրիայում քրդերը իսլամիստների հետ կռվում են, հաղթանակներ տանում, Թուրքիայի քսան միլիոն քրդերը ևս պայքարում են թուրքական իշխանությունների դեմ, իսկ թուրքերը ցեղասպանություն են իրականացնում քրդերի հանդեպ, պայթեցնում են նրանց քաղաքները` ցանկանալով քշել նրանց այնտեղից և բնակեցնել թուրքերին: Սա ցույց է տալիս, որ այս չորս պետությունները, որտեղ քրդեր են ապրում, չեն ցանկանում, որ տարածաշրջանի որևէ հատվածում քրդական անկախ պետություն ստեղծվի:
-Որովհետև այդ պետությունների տարածքում պետք է դա լինի, այսինքն` խիստ տրամաբանական է նրանց վերաբերմունքը:
-Այդ պետություններում միլիոնավոր քրդեր կան, որոնք, հնարավոր է, անջատողական քաղաքականություն որդեգրեն: Դրա համար, եթե Իրանը, Սիրիան, Թուրքիան, Իրաքը նույնիսկ թշնամական հարաբերությունների մեջ են, քրդերի հարցում միասնական են դառնում ու քրդական պետության ստեղծման դեմ են դուրս գալիս:
-Հայաստանյան վերլուծաբանները պնդում են, որ քրդերի անկախացումը և՛ սպառնալիք կարող է լինել, և՛ դրական ինչ-ինչ ազդեցություն ունենալ: Դուք ի՞նչ եք կարծում:
-Որպես ՀՀ քաղաքացի, ես որևէ վտանգ չեմ տեսնում: Նախ՝ Իրաքյան Քրդստանի տարածքը շատ հեռու է Հայաստանից, սահմանակից չէ, հետո էլ, ես չեմ կարող Հայաստանի իշխանությունների անունից գնահատել այդ իրադարձությունը: Բայց դեռ անկախության ճանաչմանը հասնելու համար ճանապարհ կա, երբ գա ժամանակը, Հայաստանն իր դիրքորոշումը կհայտնի: Այսօր թուրքերն արդեն իրաքյան զորքերի հետ զորավարժություններ են անցկացնում: Բարդ իրավիճակ է, և ոչ ոք չի կարող ստույգ ասել, թե ինչ կլինի:
-Թուրքիայի ղեկավարն ամեն օր սպառնալիքների տարափ է տեղում: Էրդողանը սպառնացել է, թե մի գիշեր իրենք հանկարծակի կմտնեն Իրաքյան Քրդստան. սա ցեղասպանության անթաքույց հայտարարություն չէ՞:
-Թուրքիան հիմա էլ իր տարածքի քուրդ քաղաքացիներին ցեղասպանության է ենթարկում: Հազարավոր մարդկանց ոչնչացնում է, տեղահանում: Սա արդեն ցեղասպանություն է իր ժողովրդի նկատմամբ: Կարող է նաև հարձակվել Իրաքյան Քրդստանի վրա ու վնասներ հասցնել: Բայց ցեղասպանության ենթարկվում են այն ազգերը, որոնք պետություն չունեն: Եթե 1915-ին հայերն ունենային հզոր, անկախ պետություն, ցեղասպանության չէին ենթարկվի: Պետությունը պետության դեմ կպայքարի, վնասներ կկրի, բայց ցեղասպանության չի ենթարկվի: Այդպիսի վիճակում են նաև քրդերը:


Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 3709

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ