Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Ընկերությունը չի խանգարում կառավարության աշխատանքը քննադատելուն»

«Ընկերությունը չի խանգարում կառավարության աշխատանքը քննադատելուն»
29.09.2017 | 01:44

«Ծառուկյան» դաշինքի (ԾԴ) անդամներն արդեն չեն խնայում Գագիկ Ծառուկյանի «ընկերոջը»` Կարեն Կարապետյանին: Կառավարության հասցեին քննադատությունների մեծ ալիք է մոտենում: Այս օրերին, երբ ոլորտային ամփոփումներ են, ԾԴ խմբակցության անդամ ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ հետ խոսեցինք կառավարության աշխատանքից:


-Կառավարության աշխատանքից մենք դժգոհ ենք,- ասաց Բագրատյանը:- Մեր դժգոհությունները բազմիցս բարձրաձայնել ենք: Մեկ-երկու ոլորտի (զբոսաշրջություն, սպորտ) հաջողություններից բացի այլ առաջընթաց չունենք: Բոլոր ոլորտներում հետընթաց է: Եթե միայն ներդրումների ապահովման մասով դիտարկենք կառավարության աշխատանքը, ոչ մի շոշափելի արդյունք չկա: Կառավարությունն իր ծրագրերը պետք է հստակ իրականացնի, առանց թվերը կեղծելու: Օրինակ, ներդրումների մեջ հաշվի են առել նաև տրանսֆերտները, սա անթույլատրելի է: Ներդրում ասելով հասկանում ենք ուղիղ ներդրումներ, այլապես բյուջեի ցանկացած ծախս կարող ենք ներդրում համարել: Եվ ամենակարևորը` մենաշնորհների դեմ պայքարի առումով ևս ոչինչ չի արվել: Տնտեսությունն ամբողջովին մոնոպոլացված է, որը աղետալի հետևանքների կհանգեցնի:
-Որպես ընդդիմադիր ուժ, ինչպե՞ս եք պատրաստվում պայքարելու այդ երևույթների դեմ:
-«Ծառուկյան» դաշինքը 15 հրատապ կետերով նախընտրական ծրագիր ունի, որը կարող է կանգնեցնել այս գահավիժումը: Դրանցից մեկ-երկուսի ուղղությամբ կառավարությունը տեսանելի քայլեր է անում, բայց դա գոհացուցիչ չէ: Մենք մեր ծրագրերի շուրջ փորձելու ենք համախմբել բոլոր քաղաքական ուժերին, որքանով դա մեզ կհաջողվի, ժամանակը ցույց կտա, բայց վստահ եմ, որ օր օրի իշխող կուսակցության պատգամավորներն էլ համոզվում են, որ ԾԴ-ի ծրագիրն ավելի իրատեսական է, իսկ ներդրումները` ավելի հիմնավորված: Ծառուկյանն իրական ներդրումների դեռ կեսի մասին է խոսել, բայց ավելի մեծ ներդրումների հնարավորություն կա: Հնարավոր չէ առանց ներդրումների այս իրավիճակը հաղթահարել, տասը տարի է` մեր ՀՆԱ-ն չի աճում:
-Իսկ մեկ տարում հնարավո՞ր է շոշափելի արդյունք արձանագրել, իրավիճակը կտրուկ փոխել:
-Կտրուկ շրջադարձ, իհարկե, չի կարող լինել, բայց եթե այս տարվա համար խոստացած 850 մլն դոլար ներդրումը լիներ, անպայման ՀՆԱ-ի աճ կունենայինք:
-Դուք և խմբակցության Ձեր գործընկերները անխնա քննադատում եք կառավարությանը, մինչդեռ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ կառավարության աշխատանքը չի կարող գնահատել, որովհետև Կարեն Կարապետյանն իր ընկերն է: Եթե ձեր քաղաքական ուժի ղեկավարն ընկերության դիրքերից է «գնահատում» կառավարության գործունեությունը, ինչպե՞ս է պատրաստվում իր ծրագրերը կյանքի կոչելու:
-Պարոն Ծառուկյանը հայտարարեց, որ Կարեն Կարապետյանն իր ընկերն է, բայց բոլոր հանդիպումներում ներկայացնում է և՛ բացթողումները, և՛ խրախուսում հաջողությունները: Այսինքն, նա հստակ շեշտեց, որ իրենց ընկերությունը չի խանգարում կառավարության աշխատանքը քննադատելուն, պարզապես խոսքը մարդկային, անձնական հարաբերությունների մասին է: Մենք ազատ ենք կառավարության ծրագիրը քննարկելու, քննադատելու հարցում, որովհետև դա անձնավորված չէ: Դրա համար նաև ընդգծում ենք, որ այս խնդիրները եկել են նախորդ կառավարություններից, որոնք այս կառավարությունը չի կարող հաղթահարել: Այսինքն, խնդիրները չենք անձնավորում, ամենևին նշանակություն չունի վարչապետի անձը, համակա՛րգը չի կարող խնդիրները լուծել: Այս պահին Կարեն Կարապետյանն է վարչապետը, վաղը Պողոս Պողոսյանը կլինի, բայց խնդիրների լուծումն այդ անձերով չի պայմանավորված: Դրա համար նույնիսկ պատրաստ ենք սպասելու մինչև ապրիլ` հուսալով, որ գոնե դրանից հետո կառավարման համակարգը կփոխվի և կսկսի աշխատել: Մեր օրենքները վատը չեն, պարզապես համակարգն այն չէ, քանի որ կառավարումը կենտրոնաձիգ է, բոլոր նախարարությունները, գերատեսչություններն ամեն ինչ համաձայնեցնում են վերևների հետ, մարդու ստեղծագործ, կամային որակները ամբողջովին անտեսվում են: Այս տրամաբանությունը տեղափոխվել է նաև բիզնես դաշտ. այն գործարարներն են հաջողում, ովքեր հովանավորներ, մենաշնորհ ունեն: Մյուսները չեն կարող նրանց հետ մրցակցել, քանի որ խոցելի են ու թիրախավորված: Հավասար մրցակցային դաշտ գոյություն չունի:
-Դուք եղել եք մարզպետ, այսինքն` այդ համակարգի «մարդ» եք եղել, այս բոլոր խնդիրներն այն ժամանակ չէի՞ք տեսնում:
-Ոչ միայն տեսել եմ, նաև բարձրաձայնել եմ: Այն ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ քննարկել ենք խնդիրները: Դրա համար նա ժամանակ էր խնդրում, ու, ինչպես միշտ, ժամանակն աշխատեց իրենց օգտին:
-Եթե Գագիկ Ծառուկյանն ունի անձնական ջերմ, ընկերական հարաբերություններ Կարեն Կարապետյանի հետ, հանուն ընկերության չի՞ կարող խոստացած 15 մլրդ դոլարի ներդրումը բերել Հայաստան ու տնտեսությունը զարգացնել:
-Օտարերկրացի գործարարները բերում են հետևյալ փաստարկը, որ ներդրումը կարող է լինել անձնավորված: Երաշխավորը կարող է լինել միայն Գագիկ Ծառուկյանը: Հիմա նրանք չեն կարող այդ համոզվածությունն ունենալ, նրանք մտավախություններ, մտահոգություններ ունեն և սպասում են պատեհ առիթի: Բայց Ծառուկյանը ձեռքերը ծալած չի նստել, հիմա էլ Քուվեյթի շեյխի հետ բանակցություններ կան, որ ներդրում անի հանքարդյունաբերության մեջ:


Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 5372

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ