ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Երրորդ կողմը՝ մեր թշնամու մասին

Երրորդ կողմը՝  մեր թշնամու մասին
29.09.2017 | 02:03

Տարօրինակ ոչինչ չկա, երբ երկու հակամարտող պետությունների լրատվամիջոցները միմյանց մասին բացառապես բացասաբար են արտահայտվում. չափից դուրս մեծ է փոխադարձ ատելությունը: Սակայն, մյուս կողմից, թշնամուն ավելի լավ ճանաչելու համար պիտի իմանաս նրա բոլոր թույլ և ուժեղ կողմերը: Համենայն դեպս, նորերս Մոսկվայում կայացած «Մոսկվա-Բաքու առանցք» կոնֆերանսում հնչած փորձագիտական շատ կարծիքներ կարող են առնվազն խոհերի ու համեմատությունների տեղիք տալ:


Կոնֆերանսը կազմակերպել էին Ռուսաստանի աշխարհաքաղաքական հետազոտությունների կենտրոնը, որը գլխավորում է ճանաչված փիլիսոփա Ալեքսանդր Դուգինը, և նացիոնալիստական «Իզբորի» ակումբը՝ մեզ արդեն քաջ հայտնի ազերասեր գրող Ալեքսանդր Պրոխանովի առաջնորդությամբ: Միջոցառմանը երկու կողմերից մասնակցում էին աչքի ընկնող քաղաքագետներ, փորձագետներ, վերլուծաբաններ, պատգամավորներ և այլք: Նպատակն էր վերծանել ռուս-ադրբեջանական հարաբերությունների ընթացիկ վիճակը և հեռանկարները, հատուկ ուշադրություն դարձնելով երկու երկրների համագործակցությանը Կովկասյան տարածաշրջանի անվտանգության ամրապնդման գործում:


Այն, ինչ հնչեց կոնֆերանսի ընթացքում Ադրբեջանի հասցեին, պետք է ընդունել որպես ռուսական կողմի փորձագիտական կարծիք, հետևություն, մոտեցում: Իսկ դրանք բավականին դրական են, ու թերևս ճիշտ կլիներ այդ ամենը պարզապես վերարտադրել առանց մեկնաբանությունների, ինչքան էլ դրանք խորթ ու անդուր հնչեն հայի ականջին:
Քավ լիցի, եթե Ադրբեջանին անսպասելիորեն սիրահարված ռուս նացիոնալիստ գրող Պրոխանովը ռուս-ադրբեջանական հարաբերությունները համարի ստրատեգիական եղբայրություն: Կամ ինչպես էր հուզվում կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովը, երբ վերհիշում էր իր «մտերմիկ» հարաբերությունները Հեյդար Ալիևի հետ: Մյուս ելույթ ունեցողները ևս խիստ կարևորում էին ռուս-ադրբեջանական հարաբերությունների նշանակությունը, այդ երկրի ղեկավարության քաղաքականությունը ինչպես երկկողմ առնչությունների, այնպես էլ աշխարհաքաղաքական առումով:


Նախ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասին: Բոլորը գիտեն, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների առանցքային խնդրի՝ ղարաբաղյան հակամարտության առնչությամբ այս անձը բազմիցս հայտարարել է, որ իրենք՝ ադրբեջանցիները, պարտվել են ոչ թե հայկական, այլ ռուսական բանակին, որ Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը գերազանցապես կախված է Կրեմլից և այլն: ՈՒնենալով նման համոզմունքներ, Ալիևը, այնուամենայնիվ, չի փորձել լայն առումով սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ի տարբերություն ռուսատյացությունից բթացած իր երբեմնի գործընկեր Միշիկո Սաակաշվիլու: Ահա և, նշվում էր, որ ունենալով հիանալի կրթություն (ի վերջո ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների հեղինակավոր ինստիտուտը) և քաղաքական հոտառություն, նա կարողացել է լեզու գտնել հարևանների ու ամենատարբեր գործընկերների հետ, կոնստրուկտիվ երկխոսություն հաստատել առաջին հերթին Մոսկվայի հետ: Կոնֆերանսի ընթացքում ընդհանուր առմամբ հաճախ էր ընդգծվում այն միտքը, որ Ալիևը հիանալի է հասկանում փոքր և մեծ պետությունների փոխհարաբերությունների յուրահատկությունը այն իմաստով, որ շատ բան էապես կախված է փոքր պետության ղեկավարի իմաստությունից. նա պիտի փորձի լեզու գտնել մեծի ղեկավարի ու ղեկավարության հետ: Քաղաքականության մեջ, իր ելույթում նշեց Դուգինը, առաջին դեմքերի՝ ազգային լիդերների անձնական հարաբերությունները հսկայական դեր են խաղում, և մեր երկու նախագահները մերձենում են, հետևաբար մերձենում են նաև մեր երկու պետությունները: Եվ նույնքան կարևոր է երկու երկրների ինտելեկտուալ վերնախավերի սերտ համագործակցությունը արդիական նախագծերի վրա համատեղ աշխատելու համար:


Ալիևին վերագրվեց Ադրբեջանի համար այն շահեկան իրողության ձեռքբերումը, որ նա, շարունակելով հոր գործը, իր հավասարակշիռ, ռացիոնալ, հետևողական քաղաքականությամբ Ադրբեջանը չդարձրեց արբանյակ պետություն՝ լիովին կախված այս կամ այն մեծ տերությունից, տարածաշրջանային հարևաններից: Իր համար ապահովելով նաև ոչ բլոկային կարգավիճակ, նա այս պարագան վարպետորեն օգտագործում է տարածաշրջանում ներկայացված երկու ռազմաքաղաքական դաշինքների՝ ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները հաշվեկշռելու նպատակով, ինչը աշխարհաքաղաքական մանևրների լայն հնարավորություններ է ստեղծում համար:


Նշվեց, որ հսկայական են Ադրբեջանի հաջողությունները էկոնոմիկայի զարգացման ասպարեզում, ինչը այդ պետությունը վերածել է իսկական հարավկովկասյան «վագրի»: Կառուցվում են բազմաթիվ խոշոր գործարաններ, արտադրություններ, արմատավորվում են նորագույն տեխնոլոգիաներ, հսկայական քայլերով է զարգանում ռազմարդյունաբերական համալիրը: Վերջին մեկուկես տասնամյակում էական միջոցներ են ներդրվել խոշոր քաղաքների, ճանապարհների ենթակառուցվածքների մեջ: Գրեթե կանգնեցվել է ադրբեջանցիների արտագաղթը, մասնավորապես՝ Ռուսաստան:


Ակնբախ է Ադրբեջանի դերի ու հեղինակության աճը միջազգային ասպարեզում: Ալիևը հաշտարար միջնորդի դեր է ստանձնել Ռուսաստանի և Թուրքիայի հակասական հարաբերությունների կարգավորման բնագավառում, ակտիվ է Մոսկվա-Անկարա-Թեհրան եռանկյան ձևավորման գործում: Ադրբեջանը դարձել է բազմաթիվ քաղաքական, տնտեսական, մշակութային, մարզական բնույթի միջազգային միջոցառումների հարթակ:
Բնական է, որ կոնֆերանսը զգալի ուշադրություն էր նվիրում Ղարաբաղի խնդրին: Ռուսաստանի դիրքորոշումը բավականին «դիվանագիտորեն» ձևակերպեց երկրի խորհրդարանի Վերին պալատի միջազգային գործերի կոմիտեի նախագահի տեղակալ Անդրեյ Կլիմովը. «Մենք, իհարկե, տարբեր հայացքներ ունենք այս կամ այն իրադարձության շուրջ: Սակայն Ռուսաստանը դատավոր ու փաստաբան չէ: Եվ մենք ձգտում ենք, որ երկու երկրներն իրենք գտնեն փոխզիջողական լուծումներ»: Ռուսաստանցի հայտնի իսլամագետ, «Ռուսաստան-իսլամական աշխարհ» ստրատեգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Շամիլ Սուլթանովը մասնավորապես նշեց, որ Մինսկի խումբը գնալով սպառվում է, և, թերևս ճիշտ կլիներ ուժեղացնել վերոնշյալ մերձավորարևելյան եռյակի դերը հակամարտության կարգավորման գործում, ինչքան էլ տարբեր ու հակասական լինեն երեք խաղացողների և Ադրբեջանի ու Հայաստանի շահերը:


Իհարկե, հնարավոր չէր, որ պատվիրակները չխոսեին ադրբեջանական բանակի մասին: Ընդգծվում էր, որ այն տարածաշրջանային ազդեցիկ ուժ է, որ հսկայական միջոցներ են ներդրվում նրա վերազինման, նյութատեխնիկական բազայի արդիականացման մեջ և այլն:
Եվ, անշուշտ, նկատի չունենալով Հայաստանում տարբեր առիթներով բռնկվող հակառուսական կրքերը, կոնֆերանսում հատուկ ուշադրություն հրավիրվեց այն փաստին, որ, չնայած հախուռն իրավիճակներին, հայր և որդի Ալիևները շատ բան արեցին պահպանելու ռուսական համայնքը Ադրբեջանում, չփակեցին ռուսական դպրոցները, չթուլացրին ռուսերենի ու ռուս մշակույթի նշանակությունը իրենց երկրում:


Կոնֆերանսում տարբեր մակարդակների ադրբեջանցի «բանագնացները» ևս իրենց ելույթներում շռայլ էին ադրբեջանա-ռուսական հարաբերությունների գնահատման հարցում, հատուկ ընդգծում էին, որ չնայած ղարաբաղյան խնդրի հարուցած մեծ բարդություններին, Ադրբեջանը հեռու է Ռուսաստանը որպես գերտերություն անտեսելու մտքից:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 5297

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ