Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայաստան-Սփյուռք համաժողովի լույսն ու ստվերը

Հայաստան-Սփյուռք համաժողովի  լույսն ու ստվերը
29.09.2017 | 07:41

Օրերս կայացած «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովին որոշ քաղաքական շրջանակներ ու լրատվամիջոցներ ի սկզբանե, չգիտես ինչու, որոշեցին վերագրել բացառիկ, աննախադեպ նշանակություն։ Այդ բացառիկությունը, թերևս, ավելի շատ ներիշխանական սպասվող փոփոխությունների համատեքստում էր. բոլորն աշխատում էին համաժողովում հնչող ելույթներում գտնել քաղաքական առաջիկա զարգացումների վերաբերյալ որոշակի ենթատեքստեր։ Փորձագետները շեշտում էին, թե գործող իշխանության տարբեր թևեր փորձում էին Սփյուռքի ներուժը ներքաշել ներքաղաքական խաղերի մեջ և, ի դեմս Սփյուռքի կառույցների կամ գործիչների, ունենալ առնվազն սեփական լրացուցիչ հենարան։

Սփյուռքյան կառույցների և գործիչների հետ կապերի սերտացման շահագրգռությունը, ըստ փորձագետների, առաջին հերթին ակնհայտ էր նախագահ Սերժ Սարգսյանի մոտ։ Ակնկալվում էր, որ վերջինս, լինելով ստեղծվելիք համահայկական խորհրդի ղեկավար, սփյուռքում տնտեսական, ֆինանսական լծակներ ունեցողների միջոցով որոշակի առավելություններ կունենա քաղաքական հակառակորդների նկատմամբ և ավելի ամուր դիրքեր արտաքին իր քաղաքական բեմերում։ Ի դեպ, փորձագիտական հանրության ներկայացուցիչներից շատերը նաև այս նպատակով են բացատրում Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերությունը Հայ հեղափոխական դաշնակցության հետ. Սերժ Սարգսյանը ժամանակին թարմացրեց կոալիցիոն համաձայնագիրը դաշնակցության հետ սփյուռքի կառույցների լոյալությունն ու վերահսկելիությունը որոշակիորեն ապահովելու նպատակով։
Ինչ խոսք, այս ամենը գուցե ունի ճշմարտության հատիկ, սակայն գործընթացները Հայաստան-Սփյուռք համաժողովում, այնուամենայնիվ մի փոքր այլ, գուցե և անսպասելի շրջադարձ ունեցան, և ՀՀ բարձրագույն ղեկավարության համար գուցե ոչ այնքան ցանկալի սցենար ուրվագծվեց։ Միջոցառման առանցքը դարձան ոչ միայն կամ ոչ այնքան համահայկական խորհրդի ղեկավար հանդիսացող ՀՀ նախագահը, այլև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն իր բոցաշունչ ելույթով և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Համաժողովի մեկնարկին Արամ Ա կաթողիկոսի բավականին բաց ելույթը անկեղծ էր և ակնհայտորեն արտահայտում էր սփյուռքի մի զգալի հատվածի վերաբերմունքն առ ՀՀ իշխանություններ։ Եթե ՀՀ պետական և հոգևոր իշխանության ներկայացուցիչների ելույթներն ընդունվում էին ծույլ ծափահարություններով, ապա Արամ Առաջինի սրտաբուխ ճառն արժանացավ երկարատև հոտնկայս ծափողջույնների։ Արամ կաթողիկոսը, փաստորեն, ուղղակիորեն հակադարձեց ՀՀ իշխանություններին և նշեց, որ այլևս բավ է Սփյուռքը դիտարկել որպես հնարավոր ներդրողների, զբոսաշրջիկների կամ լոբբինգով զբաղվողների հարթակ։ Այս ելույթը ազդակ էր, որ հեռավոր երկրներում ապրող մեր հայրենակիցները վստահություն չեն տածում ՀՀ իշխանությունների նկատմամբ, և դեռևս վաղ է հուսալ ու խոսել Հայաստան-Սփյուռք գործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու մասին։ Նախորդ համաժողովների լացակումած, կեղծ հայրենասիրական հռետորաբանությամբ ելույթներն այս անգամ, կարծես, չկային, փոխարենը ելույթներում շատ հստակ հնչում էր ՀՀ իշխանությունների նկատմամբ վստահության պակասը, ուստի այս մթնոլորտում ակնկալել Սփյուռքի աջակցությունը կամ գոնե լոյալությունն աշխարհաքաղաքական զարգացումներում և ինչ-որ չափով նաև Արցախի հարցում միամտություն կլիներ։


Ի դեպ, այս ամենը հուշում է, որ Սփյուռքը, ի հեճուկս տարածված ու տասնամյակներով արմատավորված կարծիքի, դուրս է եկել նաև ՀՅԴ ազդեցության տիրույթից։ Ավանդաբար համարվում էր, որ տարբեր երկրներում կուռ կառույցներ ունեցող, հարյուրմիքանիամյա կենսագրությամբ դաշնակցությունը մեծ ազդեցություն ունի Սփյուռքում և Կիլիկիո կաթողիկոսարանում, մինչդեռ Հայաստանում տեղի ունեցածը, թերևս, հզոր ապտակ էր ինչպես ՀՀ իշխանություններին, այնպես էլ հենց նույն դաշնակցությանը և առաջին հերթին նրա հայաստանյան կառույցին։ Կարելի է արձանագրել, որ սա հետևանք էր նաև ՀՅԴ հայաստանյան մարմնի և սփյուռքյան կառույցների՝ տարեցտարի խորացող հակասությունների։


Հայաստան-Սփյուռք համաժողովում արձանագրվեց ուշագրավ մեկ փաստ ևս. պատվիրակները բավականին մեղմ ընդունեցին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ տարածքներ վերադարձնելու մասին խոսքերը։ Ըստ էության, միայն Արցախի ներկայացուցիչներն էին կտրուկ արձագանքում Նալբանդյանի շուրթերով հնչեցված հայաստանյան թեզին։ Այս պատկերը մոտավորապես ուրվագծեց այն փաստը, որ Սփյուռքն առանձնապես մեծ դիմադրություն չի ցուցաբերի մադրիդյան սկզբունքներից բխող, փոխզիջումների դեպքում։ Փաստորեն, անընդհատ խոսելով փոխզիջումների մասին՝ թե Սփյուռքում, թե Հայաստանում ընտելացել են այդ մտքին, ի դեպ, դրան նպաստում են նաև միջազգային շահագրգիռ կառույցների և ՀՀ իշխանությունների գործադրած քաղաքական տեխնոլոգիաները։ Իսկ արցախյան կողմի կոշտ դիմադրությունը, ըստ փորձագետների, պայմանավորված է Հայաստանի հետ ունեցած պայմանավորվածություններով, ինչը ՀՀ-ին բանակցային գործընթացներում մանևրելու հնարավորություն է տալիս, և հայկական կողմը, իրեն ոչ ձեռնտու զարգացումների դեպքում, կարող է վկայակոչել արցախյան ժողովրդի անհամաձայնությունը։


Այսուհանդերձ, Հայաստան-Սփյուռք համաժողովի թիվ մեկ թեման, թերևս, առնչվում էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին։ Վարչապետը և նրա թիմը կարողացան արդյունավետորեն օգտագործել համահայկական այս հարթակը՝ մյուս գլխավոր հերոսներին ստվերելու համար։
Վստահաբար կարելի է ասել, որ ՀՀ իշխանությունների որոշ խմբավորումների հետ առկա հակասությունների ֆոնին Կարեն Կարապետյանը որոշակիորեն տարանջատվեց իշխանական համակարգից՝ չընկալվելով որպես վերջինիս բաղկացուցիչ։ Ինչպես հայաստանյան հանրությունը, այնպես էլ Սփյուռքը որոշակի լավատեսական ակնկալիքներ ունեն կառավարության ղեկավարից։ Եվ այդ լավատեսական ակնկալիքները կարող են որոշակի համագործակցության հիմք դառնալ ՀՀ իշխանություններին մերժող սփյուռքի համար։
Կարեն Կարապետյանը իր ելույթով, հարցերին կարճառոտ ու կտրուկ պատասխաններով կարողացավ նոր քաղաքական իրավիճակ ստեղծել։ Ի վերջո, ամբողջ լրատվական և փորձագիտական դաշտը խոստովանեց, որ 2018 թվականից հետո սպասվող քաղաքական զարգացումներն այնքան էլ միանշանակ չեն, ինչպես ընկալվում էր մինչև համաժողովը։
Կարեն Կարապետյանը շատ հստակ արձանագրեց, որ ապագա վարչապետի շուրջ Գալուստ Սահակյանի, Էդուարդ Շարմազանովի և այլ ՀՀԿ-ականների ելույթներն ու «մասնավոր կարծիքները» առ ոչինչ են և չեն կարող արտահայտել ՀՀԿ պաշտոնական տեսակետը, և որ ինքը շատ ավելի մեծ ուժային կշիռ ունի իշխող կուսակցությունում, քան մինչ այժմ շատերը պատկերացնում էին։


ՈՒշագրավ է, որ համաժողովում Կարեն Կարապետյանի՝ ապագա վարչապետի շուրջ հստակ պատասխաններից հետո «կարկառուն» ՀՀԿ-ականները կուլիսներում խոստովանում էին, որ իրենց այլևս արգելված է որևէ դիրքորոշում կամ կարծիք հայտնել 2018 թվականից հետո վարչապետի թեկնածուի մասին։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 7117

Մեկնաբանություններ