Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թուրքիան և Ադրբեջանը Նախիջևանից «ինչ-որ բան» են նախապատրաստում իրենց հարևանների դեմ

Թուրքիան և Ադրբեջանը Նախիջևանից «ինչ-որ բան» են  նախապատրաստում իրենց հարևանների դեմ
30.09.2017 | 13:28

(Առաջին մասը)

Դեռ այս տարվա մայիսին Բաքուն ու Անկարան ցույց տվեցին, որ տարածաշրջանային հարցերում կտրուկ վերադարձել են իրենց «ճշմարտության պահին», որոնց մասին անցած դարի 90-ական թվականների վերջերին մի երկու անգամ «կմկմացել էր» նույնիսկ Հեյդար Ալիևը, և ինչի մասին 2001-2004 թթ. գրեթե ամեն օր տագնապով գրվում և խոսվում էր Հայաստանում: Մենք սա հիշեցնում ենք, նպատակ ունենալով ցույց տալ, որ Նախիջևանում թուրքական ռազմաբազայի տեղակայման հարցը նոր բան չէ. դա ամենևին էլ ինչ-որ հայտնություն չէ, դա Բաքվի ու Անկարայի հին մարտավարությունն է: Դեռ 2010 թ. ամռանը REGNUM լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը պնդում էր, թե «Թուրքիայի համար Ադրբեջանի, հատկապես նրա անբաժանելի մասի՝ Նախիջևանի, անվտանգությունը շատ մեծ նշանակություն ունի», իսկ «թուրքական ռազմական ներկայությունը ադրբեջանական բանակի՝ Նախիջևանում տեղակայված կորպուսին կազատեր բացառապես պաշտպանական գործառույթներից»: Միաժամանակ նա ավելացնում է, թե «Թուրքիան Կիպրոսի օրինակով, Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության գործողությունների օրինակով արդեն ցույց է տվել. երբ խոսվում է անվտանգության մասին, ապա թուրքական քաղաքական ու զինվորական ղեկավարությունը ի վիճակի է ընդունելու ինքնուրույն որոշումներ», իսկ «Իրանի նկատմամբ սրված իրավիճակի կապակցությամբ ԱՄՆ-ը, հնարավոր է, անգամ կողջունի Նախիջևանում Թուրքիայի ռազմական ներկայությունը»:

Ինչպես տեսնում ենք, այն, ինչ լռության է մատնում Էրդողանը, հատկապես երբ շփվում է Ռուսաստանի և Իրանի պաշտոնակիցներ Վլադիմիր Պուտինի և Հասան Ռոհանիի հետ, հեշտորեն ու հաճույքով պատմում են ադրբեջանցի վերլուծաբան փորձագետները: Մենք կարծում ենք, որ դա ևս մեկ, թեկուզ և անուղղակի ապացույց է այն բանի, որ Թուրքիայի ցանկացած նախաձեռնություն, լինի Անդրկովկասում, թե մեկ այլ վայրում, համապատասխանում է ԱՄՆ-ի շահերին ու «պատվերներին» կամ էլ պարզապես շարունակությունն է մոլորակի ռազմավարական առումով կարևոր տարածաշրջաններից ու երկրներից Ռուսաստանն ու Իրանը «դուրս մղելու» ամերիկյան քաղաքականության: Եվ, վերջապես, չորրորդ. պնդում են, թե «Կարսի համաձայնագիրը Թուրքիային իրավունք է տալիս ռազմաբազա պահելու Նախճվանում»: Այլ կերպ ասած, Բաքուն ու Թուրքիան ձգտում են 1921 թ. Կարսի համաձայնագիրը վերածել տարածաշրջանային լուրջ գործոնի:


Սակայն, ինչպես գրեթե միշտ, թուրքերն ու ադրբեջանցիները ստում են, ավելի ճիշտ՝ ամեն ինչ չէ, որ ասում են: Բանն այն է, որ որպես Նախիջևանի կարգավիճակի երաշխավոր հանդես է գալիս ոչ միայն Թուրքիան, այլև «Խորհրդային Ռուսաստանը», որը թեև չկա, սակայն կա նրա իրավահաջորդը՝ ի դեմս Ռուսաստանի Դաշնության: Այլ հարց է, թե ինչու է լռում Մոսկվան կամ երբ իր իրավունքների մասին կհիշի «Խորհրդային Ռուսաստանի» իրավահաջորդը: Իսկ ըստ Կարսի պայմանագրի 5-րդ հոդվածի` ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան իրավունք չունեն երկկողմ կարգով լուծելու ինքնավարությունում թուրքական ռազմաբազայի տեղակայման հարցը: Իսկ եթե նման բան արվի, ապա ուժը կկորցնի նաև Կարսի պայմանագրի 4-րդ հոդվածը, որն ամրագրում է ներկա Թուրքիայի արևելյան սահմանները: Ընդ որում՝ 2-րդ հոդվածը վերապահում է. «Սույն պայմանագրում Թուրքիա հասկացության տակ հասկացվում են այն տարածքները, որոնք մտցված են 1920 թ. (1336 թ.) հունվարի 28-ի թուրքական Ազգային ուխտի մեջ, որը Կ. Պոլսում մշակել և հռչակել է Դեպուտատների օսմանյան պալատը և հաղորդել մամուլին ու բոլոր պետություններին»: Տարօրինակն այն է, որ, ի տարբերություն 2001-2010 թթ., իրավիճակը Թուրքիայում, նաև ամբողջ Մերձավոր Արևելքում արմատապես փոխվել է: Ադրբեջանցի քաղաքագետ Թոֆիկ Աբասովը, մեկնաբանելով սահմանադրական փոփոխությունների առթիվ Թուրքիայում կայացած հանրաքվեի արդյունքները, երբ բոլոր քրդաբնակ հարավարևելյան վիլայեթները (Հայաստանին սահմանակից) դեմ հանդես եկան, հայտարարել է, որ, «սուր սյուժեով թուրքական վեպը նոր է սկսվում, և դեռ շատ կա հասնելու կուլմինացիային»: ԱՄՆ-ը թիկունք է կանգնում քրդերին, ենթադրաբար, Իսրայելի և բուն Ամերիկայի հրեական շրջանակների ճնշմամբ: Երբ մայիսին Անկարան օդային հարվածներ հասցրեց Սիրիայի և Իրաքի հյուսիսի քրդական դիրքերին, ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները Թուրքիային մեղադրեց Իսլամական պետության (ԻՊ) դեմ պայքարում Վաշինգտոնի ու գլոբալ կոալիցիայի հետ գործողությունները պատշաճ կերպով չհամակարգելու մեջ: Իրադարձությունների նման ընթացքի պայմաններում վաղ թե ուշ Թուրքիայի նախագահ Էրդողանը ստիպված կլինի լուծելու նաև «իր» քրդերի խնդիրը:
Մենք հիմա չենք ուզում խորանալ և խոսել այն մասին, թե ինչ է «Քրդական խնդիրը» և ինչու են առհասարակ տարբեր քրդալեզու ցեղերը, որոնք նույն հաջողությամբ կարող են կոչվել նաև իրանալեզու, հենց այնպես համարվում քրդեր:

Մինչդեռ իրականում Թուրքիայի հարավային, արևելյան և հարավարևելյան վիլայեթների հսկայական տարածքներում, ինչպես նաև Սիրիայում, Իրաքում և Իրանում ապրում են նաև միմյանց նույնիսկ չհասկացող քոչվոր ու կիսաքոչվոր ցեղեր, որոնց միայն պայմանականորեն կարելի է ընդհանրացված անվանել «քրդեր»: Սակայն դրանից խնդրի էությունը քիչ է փոխվում. խոսքը տարածաշրջանի ոչ թե մեկ, այլ մի քանի տարալեզու իրանախոս ցեղերից բաղկացած խմբի վրա ազդեցության մասին է: Այս դասավորություններում նույն Արցախն ու Նախիջևանը միայն պատրվակ են, որովհետև Քրդական հարցում ճգնաժամի խորացումը վաղ թե ուշ կհանգեցնի մի կողմից` Թուրքիայի, ԱՄՆ-ի և Իսրայելի, մյուս կողմից՝ Ռուսաստանի և Իրանի ընդհարման: Օրինակ, մոսկվացի վերլուծաբաններից մեկը՝ Ս. Տարասովը, այդ առթիվ 2017 թ. մայիսին գրել է, որ, իբր, այս ամենը կարող է հանգեցնել նաև 1921 թ. Կարսի (համապատասխանաբար նաև Մոսկվայի - խմբ.) պայմանագրի «փլուզմանը» և որ «քրդերին կարող են սկսել շրջափակել հյուսիսում՝ Նախիջևանում ռազմական բազա ստեղծելու միջոցով» կամ «Թուրքիայից փախած քրդերին կսկսեն բնակեցնել Բաքվի վերահսկողության տակ չգտնվող շրջաններում, այդպիսով բուֆերային գոտի ստեղծելով Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև»:


Այդ փորձագետը կա՛մ ձևացնում է, կա՛մ իրոք ոչինչ չգիտի այն մասին, որ դեռ 2004-07 թթ. ոմն բաքվեցի լրագրող-փորձագետ Էյնուլլա Ֆաթուլլաև Իլհամ Ալիևին բացահայտորեն մեղադրել էր այն բանում, որ ալիևյան կլանի հետ դավ նյութած Թուրքիան տարիներ շարունակ նպատակասլաց կերպով վերաբնակեցնում է քրդերին Իրաքից և բուն Թուրքիայից... հենց Նախիջևանում և ԼՂՀ-ի ու Ադրբեջանի հակամարտության գոտում: Իսկ Նախիջևանում տիրող իրադրության մասին տեղեկատվական հոսքը շրջափակելու համար կլանը ինքնավարության կառավարման ղեկը հանձնել է քուրդ Վասիֆ Թալիբովին: Լրագրող Ֆաթուլլաևին այն ժամանակ ազատազրկեցին ութ տարով՝ «պետական դավաճանության» մեղադրանքով, իսկ նրա «Իրական Ադրբեջան» էլեկտրոնային պարբերականը փակվեց: Այսպես թե այնպես, Նախիջևանում պաշտոնական թուրքական ռազմաբազայի տեղակայման հնարավորության հարցին տարածաշրջանի շահագրգիռ ուժերը, սկսած հենց Բաքվից, մոտեցել են մի քանի անգամ, ու բնավ ոչ 2017-ից կամ նույնիսկ 2010-ից, այլ շատ ավելի շուտ: Հիշեցնենք, թե ինչու: Բանն այն է, որ 2001 թ. ապրիլին Քի-Վեսթում տեղի ունեցան ԱՄՆ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների (Ջորջ Բուշ-կրտսերի նախագահության առաջին շրջանում) և արցախյան խնդրի կարգավորման գծով Ռուսաստանի ու Ֆրանսիայի ներկայացուցիչների հանդիպումները, և կարծես ինչ-որ նախնական պայմանավորվածություններ ձեռք բերվեցին: ՈՒստի, թեև 2001 թ. հունիսին Հեյդար Ալիևը հրաժարվեց այդ պայմանավորվածություններից, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու Հայաստանը միառժամանակ սպասում էին: Մենք նաև վարկած ունենք, թե ինչու այն ժամանակ Ադրբեջանը հրաժարվեց Քի-Վեսթի արդյունքներից. Ռուսաստանը ներկայացնող (բացի ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահից) ՌԴ արտաքին հետախուզական ծառայության նախկին տնօրեն, բանակի գեներալ Վյաչեսլավ Տրուբնիկովն առաջարկել էր, իսկ Ֆրանսիայի ներկայացուցիչը պաշտպանել էր նրան, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ինչպես նաև Հայաստանն ու Ադրբեջանը, անպայման իրազեկեն Իրանին կարգավորման շրջանակներում տեղի ունեցող բոլոր փոփոխությունների և նախաձեռնությունների մասին և նույնիսկ Թեհրանի հետ համաձայնեցնեն այդ հարցերը, որպեսզի վնաս չպատճառվի Իրանի շահերին, հաշվի առնելով Իրանի հետ Արցախի ու Նախիջևանի սահմանակից լինելու հանգամանքը: Սա ձեռնտու չէր Թուրքիային, որը և «ճնշում էր գործադրել» Հեյդար Ալիևի վրա, և նա, Քի-Վեսթից վերադառնալով Բաքու, հրաժարվեց ձեռք բերված պայմանավորվածություններից:


Սակայն մայիսյան զորավարժությունները, պարզվում է, սոսկ նախապատրաստություն էին է՛լ ավելի սպառնալից ու լուրջ իրադարձությունների: 2017 թ. հունիսի 12-ին (որոշ աղբյուրներ նշում են, թե իրականում զորավարժություններն սկսվել են հունիսի 10-ին - խմբ.) Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը Նախիջևանի տարածքում սկսեցին համատեղ մարտավարական զորավարժությունները, որոնք տևեցին մինչև հունիսի 16-ը: Զորավարժությունների նպատակն էր «փորձի փոխանակմամբ զարգացնել ռազմական գործողությունների համակարգումը և համատեղ գործողությունների խորացման միջոցով հասնել երկու երկրների զինվորական ստորաբաժանումների փոխգործակցության»՝ այն ժամանակ հաղորդեց Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Համատեղ զորախաղերին մասնակցում էին մինչև 5000 զինծառայող և ավելի քան 250 միավոր ռազմական ու հատուկ տեխնիկա: «Համատեղ մարտավարական զորավարժությունների սցենարի համաձայն, հերթական փուլում Թուրքիայի համազորային առանձին բանակի, ուժային տարբեր կառույցների և զինված ուժերի ստորաբաժանումները «տագնապ» ազդանշանով ոտքի հանվեցին և առաջ մղվեցին կենտրոնացման շրջաններ»,- ասվում էր Բաքվի գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրությունում:

Ինքնավարությունում անցկացված զորավարժություններում օգտագործվեցին ադրբեջանական բանակի սպառազինությունում եղած ամենաարդիական զինատեսակները, ներառյալ Ձ-80 և Ձ-90 տանկեր, «Կոկորդիլոս» մարտական ուղղաթիռներ (Ми-24), Ми-35Ծ փոխադրական-մարտական ուղղաթիռներ, զենիթահրթիռային համալիրներ, նորագույն БМП-ներ և БТР-ներ, էլեկտրոնային հետախուզության, բանակային հակաօդային պաշտպանության միջոցներ և այլն: Եվս մեկ կարևոր նրբություն. 2017 թ. հունիսի սկզբին Ադրբեջանը Նախիջևանում ստեղծեց հատուկ նշանակության նոր ստորաբաժանում և տեղաբաշխեց հակաօդային պաշտպանության նոր համակարգեր, ինչպես նաև հրթիռներ ու հրետանի, այդ թվում «Սմերչ» և Т-300 «Կասիրգա» հրթիռային համալիրներ:


Հետևելով Նախիջևանում կայացած այդ զորավարժություններին, նույնիսկ ադրբեջանցիներն էին ասում, որ «ՆԻՄ-ում այս ծավալի համատեղ զորավարժություններ առաջին անգամ են անցկացվում», իսկ հետևություններում սահմանափակվում էին միայն այն բանի արձանագրմամբ, իբր, «դա խոսում է ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության խորացման մասին»: Սակայն նման հետևությունը, կարելի է ասել, հետևություն չէ: Չէ՞ որ, ինչպես 2017 թ. հունիսի 13-ին հայտարարել է բաքվեցի ռազմական փորձագետ, Ադրբեջանի ՊՆ տեղեկատվական-վերլուծական վարչության պետի նախկին տեղակալ Ազադ Իսազադեն, Նախիջևանի Ինքնավար Մարզում ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններն «անցկացվում են կանոնավորապես», և դա ճշմարտություն է. Ադրբեջանն ու Թուրքիան ՆԻՄ-ում զորավարժություններ են անցկացրել 2015 թ. մայիսին և 2013 թ. հուլիսին: Այսինքն, պարբերաբար՝ երկու տարին մեկ: Իսազադեի ասելով, այդ զորավարժությունները կապված են ՆԻՄ-ի առանձնահատուկ աշխարհագրական դիրքի հետ. այն Ադրբեջանից կտրված, Հայաստանին, Իրանին և Թուրքիային սահմանակից մի առանձնատարածք է, ամենաերկար սահմանն ունի Հայաստանի հետ, որը պատերազմի մեջ է Ադրբեջանի հետ: «Այս իրավիճակում, ՆԻՄ-ի անվտանգությունն ապահովելու համար, կարևոր է համագործակցությունը Թուրքիայի՝ Ադրբեջանի բնական պատմական դաշնակցի հետ»,- նշել է փորձագետը: Ներկայումս անցկացվող զորավարժությունները պլանային են, դրանք ռազմաճակատում տիրող իրավիճակի հետ անմիջական կապ չունեն, նշել է Ազադ Իսազադեն. «Ամեն դեպքում, այդ զորավարժությունները Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության խորացման, երկու երկրների զինվորականների փոխգործակցության ուժեղացման և օպերատիվ համատեղելիության ցուցանիշ են»: «Բայց առհասարակ, ադրբեջանական բանակի ցանկացած զորավարժություն այս կամ այն չափով առնչություն ունի ղարաբաղյան հակամարտության հետ: Նույնիսկ խողովակաշարերի պաշտպանության նպատակով անցկացվող Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան համատեղ զորավարժությունները միջնորդավորված կարգով կապված են ղարաբաղյան հակամարտության հետ, քանի որ այդ զորավարժություններում փորձարկվում են դիվերսիաներից խողովակաշարերի պաշտպանության միջոցառումները: Ադրբեջանական խողովակաշարերին սպառնացող հնարավոր վտանգը բխում է Հայաստանից»,- հունիսին ավելացրել է Իսազադեն:
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 6244

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ