Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ո՞վ է պատասխանատու երկրի ու պետականության, ազգի ու պատմության առջև

Ո՞վ է պատասխանատու երկրի ու պետականության, ազգի ու պատմության առջև
30.09.2017 | 13:32

Մեր ժամանակների ճանաչված արձակագիր Հրանտ Մաթևոսյանը 1999 թ. նոյեմբերին գրած իր մի փոքրիկ՝ «Մեր փրկիչն էլ, թշնամին էլ մեր մեջ են» հոդվածում որպես վերջաբան եզրակացրել է. «Հիմա արդեն, վերջապես, կարողացանք տեսնել, որ մեր աղետների և ժամանակակիցն ենք, և գործուն մասնակիցը, և մենք մեզ սիրելի չենք» («Չորրորդ իշխանություն», 29.12.2010): Անշուշտ, Մաթևոսյանը իրավացի է նման եզրակացություն անելու համար: Սակայն միաժամանակ ուզում եմ ընդգծել այն, որ դարեր շարունակ այս գիտակցմանը բազմիցս բարձրաձայնած կամ ցածրաձայնած մեր այլ երևելիների մտահոգություններին ու ահազանգերին ինչ-որ չափով հասու լինելն անգամ մեզ դաս ու խրատ չէ, որպեսզի մենք՝ ազգովին ու պետականորեն, ձեռնամուխ լինենք աշխարհասփյուռ ու տարաբևեռ, երկփեղկված ու անմիաբան մեր ժողովրդին մի ընդհանուր հայկական միջավայրում թե՛ գործելու և թե՛ պայքարելու ծրագրեր մշակելուն:

1600 տարուց ավելի ժամանակաշրջանում մեր ազգային մտքի տիտաններն ու երևելիները ժամանակ առ ժամանակ կոչնակել են երկրի ու պետականության, ազգի ու լեզվի տագնապներն ու ճակատագրական կործանումների վտանգները: Սակայն դարեր շարունակ էլ՝ տարված լինելով մեր ներքին պայքարներով, զանց ենք առել և այսօր էլ զանց ենք առնում զգոնության կոչերը և գործնականում ոչ մի հետևություն չենք անում: Քանզի ամեն մի հայ մարդ ՝ իրեն զգալով Տիգրան Մեծ կամ Արշակ Բ արքա, ջանացել և ջանում է տեր դառնալ երկրին, յուրացնել ազգային կարողությունները, ի ցույց դնել իր անձն ու իշխանությունը: Այնպես որ Մաթևոսյանի վերոնշյալ եզրահանգումն այնքան էլ նորություն չէ, և ամենքս էլ այս կամ այն չափով «գործուն մասնակցություն» ունենք մեր երկրի այսօրինակ իրավիճակի գործում: Սակայն օրինական հարցադրում է առաջանում, ի վերջո մինչև ու՞ր կարող են հասնել այսպիսի հարմարվողականությունն ու ազգային նինջը, անտարբերությունն ու անկարողությունը... Ի վերջո այսպիսի իրավիճակների համար ո՞վ է պատասխանատու երկրի ու պետականության, ազգի ու պատմության առջև:


Այս հարցերի պատասխաններին ինչ-որ չափով հասու լինելու համար, ըստ իս, նախ և առաջ պետք է դիմենք մեր անցյալի անցուդարձերին ու պատմական փաստերին: Բացի այդ էլ, մատենագիր Եղիշեի խոսքերով՝ «անցյալի մասին հիշողությունը դիտաշտարակ է, որից լավ երևում է ապագան»: Մի հիշեցում ևս. ընթերցողը պիտի նկատի ունենա, որ անցյալը քրքրելու կամ էլ մեր ժողովրդի բազմաթիվ դրական հատկանիշներն անտեսելու համար չէ, որ անդրադառնում եմ այս հարցերին: Խնդիրն այն է, որ մեզանում դարեր շարունակ բույն են դրել երկու իրարամերժ երևույթներ՝ հայը ծնում է թե՛ հանճարներ ու իրական հայրենասերներ, թե՛ այդ ամենը ժամանակ առ ժամանակ տապալող դահիճներ ու դավաճաններ: Քանզի մեզ համար ազգային հիվանդություն են դարձել ուրիշներին ապավինելու սինդրոմը, մեր խնդիրներն ամեն անգամ ի տես դնելը, օգնություն աղերսելու երևույթները: Այնպես որ, վերոնշյալ գաղափարները, հայ ժողովրդի բնավորության, վարքագծի ու հոգեբանության նախանշանները, իմ կարծիքով, նախանշվել են դեռևս 5-րդ դարում՝ քերթողահայր, տիեզերահռչակ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունում», մասնավորապես այդ կոթողային աշխատանքի երկրորդ գրքի 68-րդ՝ «Ողբք վասն բառնալոյ թագաւորութեանն Հայոց յազգէն Արշակունեաց, եւ եպիսկոպոսապետութեանն յազգէ սրբոյն Գրիգորի» գլխում: Եվ ահա, դարեր շարունակ, ով այս կամ այն չափով առնչվել է հայ ժողովրդի պատմության, բանասիրության ու ազգագրության, արվեստի ու մշակույթի հետ, անպայմանորեն խորհել ու մտահոգվել է պատմահոր Ողբի ասելիք-փիլիսոփայությամբ: Այնպես որ՝ եկեք մեկ անգամ էլ Ողբի երկրորդ մասը ուշադրությամբ ընթերցենք ու խորհենք.
«Վարդապետները [ուսուցիչները]՝ տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ Աստված է բնակվում, և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը:
Կրոնավորները՝ կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվամոլ, քան թե աստվածասեր:
Վիճակավորները՝ հպարտ, դատեր սիրող, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող:
Աշակերտները՝ սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած՝ աստվածաբան են:


Ժողովրդականները՝ ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասակար, ժառանգությունից փախչող:
Զինվորականները՝ անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, ելուզակ, ավազակներին համաբարո:
Իշխանները՝ ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, աշխարհ ավերող, աղտեղասեր, ստրուկներին համախոհ:
Դատավորները՝ տմարդի, սուտ, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, անհաստատ, հակառակող:
Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած:
... Որովհետև (մեզ) տիրեցին խստասիրտ ու չար թագավորներ, որոնք ծանր, դժվարակիրթ բեռներ են բարձում, անտանելի հրամաններ են տալիս: Կառավարիչները կարգ չեն պահպանում, անողորմ են, սիրելիները դավաճանված են, թշնամիները զորացած. Հավատը ծախսվում է այստեղ ունայն կյանքի համար: Ասպատակություններ են գալիս անհատնում, շատ տեղերի վրա, տները գերվում են, ստացվածքները հափշտակվում, գլխավոր մարդիկ կապվում են, հայտնի անձեր բանտարկվում են, դեպի օտարություն են աքսորվում ազնվականները, անթիվ նեղություններ են կրում ռամիկները, առնվում են քաղաքներ, քանդվում են ամրոցներ, ավերվում են ավաններ, հրդեհվում են շինություններ, անվերջ սովեր և հիվանդություններ և բազմատեսակ համաճարակներ:
Աստվածապաշտությունը մոռացված է, [և կա] դժոխքի ակնկալություն»:


Ընդգծեմ, որ հայագիտության մեջ հայ և օտար հայագետների ջանքերով 19-րդ դ. սկզբներից ի վեր, հսկայածավալ հայալեզու և օտարալեզու գիր ու գրականություն են ստեղծվել ոչ միայն Խորենացու պատմության ու նրա ինքնության, ժամանակի ու պատմագրական արժանիքների, այլև նրա Ողբի վերաբերյալ: Խնդիրներ, որոնք բազմաթիվ ու բազմազան քննությունների ու մեկնաբանությունների առարկա են դարձել: Նախ՝ նկատի ունենանք, որ հայագիտության մեջ Խորենացու «Պատմություն հայոցի» Մ. Աբեղյանի ու Ս. Հարությունյանի 1919 թ. հրատարակությունից հետո վերստին հայագիտության երկու հսկաների՝ Մանուկ Աբեղյանի ու Ստեփան Մալխասյանցի երկարամյա աշխատանքների շնորհիվ՝ մանրամասն ծանոթագրություններով, առաջաբանով ու անհրաժեշտ ուսումնասիրություններով 1983 թ. հրատարակվեց պատմության քննական բնագիրը: Այդ հրատարակությամբ մեծանուն գիտնականները հերքեցին գիտության մեջ մինչ այդ եղած և տարածում գտած կարծիքներն ու տեսակետները:


Անշուշտ, այս հոդվածի թույլատրելի սահմաններում անհնար է անդրադառնալ մեծածավալ, երբեմն էլ իրարամերժ ու տարատեսակ բոլոր կարծիքներին ու մեկնաբանություններին: Մանավանդ որ անցած դարերը կարծես թե դեռևս չեն կարողացել այս խնդիրը վերջակետել: Այնուամենայնիվ, այդ բազմազան ու բազմաթիվ կարծիք-մեկնաբանություններից հարկ է անդրադառնալ մի քանիսին: Օրինակ, հայագիտության ակնառու դեմքերից Ներսես Ակինյանը, հետևելով գերմանացի հայագետ Ա. Գուդշմիտի՝ «Բրիտանական հանրագիտարանում» հայտնած սխալ կարծիքին, նույնիսկ պնդում է, որ Ողբը 5-րդ դ. գործ չէ և չի էլ պատկանում Մ. Խորենացուն: Նա առավելապես հակված է, որ այն 8-րդ դ. պատմիչ Ղևոնդի Պատմության վերջին մասն է (Ն. Ակինյան, Մովսես Խորենացու Ողբը Ղևոնդ Երեցի պատմության վերջաբան է, «Հանդէս ամսօրյա», 1930, թիվ 1-2): Այս տեսակետը, որն անընդունելի է, կրկնել են նաև եվրոպական այլ հայագետներ (Օ. Կարիեր, Յ. Հյուբշման, Ռ. Թոմսոն և այլք), որոնք Խորենացու ապրած ժամանակաշրջանը նույնիսկ, կամայականորեն, տեղաշարժում են մինչև 8-9-րդ դդ. և նրան կեղծագիր վանական համարում: Այս տեսակետի կողմնակից են եղել նաև Գր. Խալաթյանը, Հ. Մանանդյանը:


Այնուամենայնիվ, հայագետների մի ստվար մասը հաստատապես համոզված է, որ Ողբը իրապես պատկանում է Խորենացու գրչին: Օրինակ, Ստ. Մալխասյանցը անդրադառնալով Ողբին և մասնավորապես նրա երկրորդ մասին, ընդգծել է. «Ողբի այս վերջին մասը կարդացողը չպետք է գրվածը բառացի ընդունի, իբրև թե հայ ժողովրդի բոլոր դասակարգերը ապականված են եղել ամեն տեսակի մոլություններով, և Հայոց աշխարհը լցված է եղել ամենակերպ տարերային աղետներով ու չարիքներով... Ողբի գրության ընթացքում, երբ հեղինակն այնպես սուր կերպով զգացել է հայ ժողովրդի անիշխանությունը և անկախությունից զրկվելը, մեծ՝ անփոխարինելի ուսուցիչների կորուստը և իր կրած անձնական զրկանքները, նա համակվել է խոր, անսփոփ վշտով, ընկել է հուսահատության մեջ, և այս զգացմունքների ազդեցության տակ խտացրել իրական պակասություններն ու չարիքները, մասնավորն ընդհանրացնելով, պատահականին տարերային բնույթ տալով: Նկարագրված բացասական երևույթները ոչ այնքան իրականության պատկերներ են, որքան անկեղծ հայրենասեր հեղինակի վշտահար հոգու» (Մ. Խորենացի, Հայոց պատմություն, Եր., 1981, էջ 396):


Երրորդ կարծիք՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գ. Սարգսյանը, քննության առնելով Ողբի վերաբերյալ առկա տեսակետները, հանդես է եկել Ողբի նոր մեկնաբանությամբ, նշելով, որ «մենք Ողբի երկրորդ մասը պիտի դիտենք ոչ թե որպես նկարագրություն, այլ նախատեսում, կանխազգուշացում: Այդ դեպքում ամեն ինչ իր տեղն է ընկնում: Խորենացին իրապես ազդված և ցնցված է այդ, Լ. Զեքիյանի բառերով ասած, «կրկնակի վերջով», որը նրան նաև որպես «բացարձակ վերջ», մշտնջենական, անդառնալի վերջ էր ներկայանում, անշուշտ կարող էր նախատեսել ողբի սարսափները, և այս արդեն ամենևին չի հակասում նրա «Պատմությանը»:
Այսպիսով, բացատրությունը հետևյալն է: Ողբի այդ երկրորդ մասը, որն սկսվում է «Վարդապետք տխմարք» բառերով և շարունակվում մինչև գրքի վերջը, ոչ այլ ինչ է, եթե ոչ մարգարեություն, գուշակություն, և ոչ կոնկրետ իրավիճակի նկարագրություն, ինչպես որ այն ընկալվել և ընկալվում է» (Գ. Սարգսյան, Մովսես Խորենացու «Ողբը» նոր մեկնաբանությամբ, «ՊԲՀ», րիվ 1, 1997, էջ 120):


Այստեղ, հարցման ու պատասխանի կարգով, նշենք, որ ընդունելի կարելի է համարել թե՛ Ստ. Մալխասյանցի և թե՛ Գ. Սարգսյանի մեկնաբանությունները: Նախ այն, որ մարդ կարող է զայրույթի պահին, Մալխասյանցի բնորոշմամբ «ընկնել հուսահատության մեջ»: Հանգամանք, որը շատ մարդկային է և զուտ հայկական երևույթ չէ: Այն բոլոր ժողովուրդներին, մասնավորապես մտավորական խավին բնորոշ հատկանիշ է, որից զուրկ չէր կարող լինել նաև Խորենացին: Մանավանդ որ Ալեքսանդրիայից՝ ուսանողների հետ վերադառնալուց հետո հայրենիքում Խորենացին տգետ հոգևորականության կողմից ենթարկվել է բազմաթիվ հալածանքների ու ծաղրանքների, ծանակումների:


Ղազար Փարպեցի պատմիչը, որը Խորենացու ժամանակակիցն էր, իր հանրահայտ Թղթում այդ մասին շատ հստակորեն ընդգծել է, որ «Երանելի Մովսես փիլիսոփոսը, որ քանի կենդանի էր՝ հրեշտակի նման կյանք ուներ, չէ՞ որ հայոց այդ աբեղայական խումբը նրան տեղից տեղ հալածեց, չէ՞ որ այն լուսավորչեն և նրա տգիտահալած գրքերն իրենց անգիտությամբ կոչում էին փաթաղի կես (աղճատված, աղավաղված) և ուրիշ շատ բաներով էլ նրան վշտացնելուց հետո՝ ուրիշներից ամաչելով խաբեական եպիսկոպոսությունը նրան տվին իբրև մահադեղ և սրբի ձայնը խեղդեցին... Նա իր կյանքը անչափ անհանգիստ աշխատությունների և գիշեր-ցերեկ հայոց աշխարհը լուսավորող վաստակի վրա դրեց: Նրա ոսկորները գերեզմանից հանել տվին և գետը թափեցին: Հրեշտականման այն Տերին նույն այդ անհանգիստ հալածանքներով մահու հասցրին և դեռ հիմա էլ անհագ քինախնդրությամբ մեռածի հետ են կռիվ տալիս» (Ղ. Փարպեցի, Հայոց պատմություն, Թուղթ Վահան Մամիկոնյանին, Ե., 1982, էջ 483-485»):
Խորենացին, ինչպես վկայում են պատմական աղբյուրները, հալածվել է հունաբան լեզվի և շուրջ 30 տարի քաղկեդոնիկ ուղղության հետևորդ լինելու համար և միայն մոտ 60 տարեկանում է ձեռնադրվել եպիսկոպոս: Ապա 470-ական թվականներին Սահակ Բագրատունի իշխանի խնդրանքով ձեռնամուխ է եղել «Պատմություն հայոց» կոթողային աշխատանքի շարադրմանը, որն էլ ավարտել է 482-ից առաջ: Այնպես որ, եթե Ողբի թլվատություններն ու քննադատությունները համեմատենք մեր այսօրվա գաղջ իրականության բազում քննադատական դիրքորոշումների հետ, որոնց ստորև կծանոթանանք, ապա Խորենացու գրածը շատ անմեղ կթվա:
(շարունակելի)

Արգամ ԱՅՎԱԶՅԱՆ
Հայագետ-նախիջևանագետ,
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Դիտվել է՝ 1656

Մեկնաբանություններ