Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Ակտիվացել է ազատ մրցակցությունը»

«Ակտիվացել է ազատ մրցակցությունը»
30.09.2017 | 13:44

Սեպտեմբերը աշխույժ ամիս է ոչ միայն կրթության, գյուղատնտեսության, այլև ֆինանսական ոլորտում։ Այս օրերին ֆինանսների նախարարությունն աշխատում է երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի` 2018-ի պետբյուջեի նախագծի վրա, իսկ ԱԺ-ում քննարկումների ժամանակ ամենաքննարկվող հարցերից մեկը, բնականաբար, լինելու է արտաքին պարտքը։ Վերջին 10 տարում կարելի է ասել միակ բանը, որ աճ է արձանագրել, արտաքին պարտքն է։ Ցավալի է, բայց փաստ է։ Այս տարվանից սկսած տնտեսությունը նկատելի աճ կունենա՞, որը կթեթևացնի այդ պարտքի բեռը, թե՞ ԿԲ-ն մեկ անգամ ևս կվերաձևակերպի այն` վտանգավոր շեմից խուսափելու նպատակով։ Ի վերջո, որքան էլ պարտքը վերաձևակերպվի, դրանից այն չի նվազելու, իսկ տնտեսության անկման լրջագույն պատճառներից մեկն էլ այն չէ՞, որ ներգրավված օտարերկրյա վարկերը արդյունավետ չօգտագործվեցին։ Այս և մի քանի այլ հարցերի շուրջ զրուցեցինք ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ՀԱԿՈԲ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ հետ։


-Կառավարության ներկայիս գործունեությունը հիմնականում ուղղված է արտաքին պարտքի կրճատմանը և տնտեսական աճի ապահովմանը,- ասաց պատգամավորը։- Պետական պարտքի մակարդակի վերահսկումը, ինչպես նաև դրա աստիճանական մարումը կառավարության ներկայացրած 2017-2022 թվականների ծրագրի նպատակներից են: Անհրաժեշտ է նաև նշել, որ առավել վտանգավոր է ոչ թե պարտքի ձևավորումը, այլ դրա ոչ նպատակային օգտագործումը։ ԱԺ նոր կանոնակարգով մեզ տրված իրավունքների և լայն հնարավորությունների շրջանակներում ես և իմ գործընկերները կփորձենք հնարավորինս աջակցել մակրոտնտեսական ցուցանիշների կայունության ապահովման կառավարության ծրագրերին, ինչի արդյունքում էլ հնարավոր կլինի բարելավել պետական պարտքի մակարդակը:
-Նորություն չէ, որ տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրսևորումներից մեկն էլ մենաշնորհային համակարգն է։ Իսկապե՞ս այդ դաշտում խաղի կանոնները փոխվել են։ Եթե այո` ինչպե՞ս։
-Ցանկացած երկրի տնտեսության զարգացման գործում կարևոր է առողջ մրցակցության ձևավորումը։ Տարեսկզբից ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշը գրանցել է դրական արդյունք, այսինքն` կառավարության գործողությունները հիմնականում ուղղված են եղել տնտեսության զարգացման համար կարևոր ոլորտների օժանդակությանը, որի արդյունքում էլ ակտիվացել է ազատ մրցակցությունը։ Մենք պետք է ապահովենք փոքր և միջին բիզնեսի զարգացման համար բարենպաստ պայմաններ և աջակցենք դրա զարգացմանը, ինչը կհանգեցնի առողջ մրցակցության մեծացմանը։ Զարգացման լայն հնարավորություններ եմ տեսնում նաև գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում:
-Պարոն Բեգլարյան, ինչու՞ գործադիրից որոշեցիք տեղափոխվել օրենսդիր կառույց, և ինչու՞ ընտրեցիք այս և ոչ թե տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, ինչը Ձեզ ավելի մոտ է թե՛ որպես տնտեսագետի, թե՛ որպես գործարարի։
-Կյանքի որոշակի փուլեր անցնելով՝ արտադրական ոլորտում աշխատանքից մինչև գործադիր մարմին, համախմբելով ստացած գիտելիքներն ու փորձը, ինչպես նաև ժողովրդին ավելի մոտ գտնվելու ցանկությունը հիմք դարձան այս ուղին ընտրելու։ Պատգամավոր դառնալու որոշումը եղել է ինչպես իմ, այնպես էլ հանրապետական կուսակցության որոշումը, քանի որ 2000 թվականից ակտիվ մասնակցություն եմ ունեցել կուսակցության տարբեր ծրագրերի։ Իսկ հանձնաժողովի ընտրության առնչությամբ կարող եմ նշել, որ ինչպես տնտեսական, այնպես էլ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներում քննարկվող հարցերն ունեն էական ազդեցություն պետության կառավարման գործում, և յուրաքանչյուր հիմնավորված որոշման ընդունմամբ հնարավոր կլինի ապահովել տնտեսության զարգացումը։ Չնայած այն հանգամանքին, որ ընդգրկված եմ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի կազմում, ակտիվորեն հետևելու եմ բոլոր հանձնաժողովներում քննարկվող հարցերին և արտահայտելու եմ իմ դիրքորոշումը դրանց վերաբերյալ։


Զրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 5561

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ