USD483.75
EUR568.65
RUB8.21
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

«Ես երկու հիվանդություն ունեմ. առաջինը Հայաստանն է, երկրորդը՝ կինոն»

«Ես երկու հիվանդություն  ունեմ. առաջինը Հայաստանն է, երկրորդը՝ կինոն»
30.09.2017 | 13:54

«Իրատեսի» հյուրն է կինոռեժիսոր ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:

«ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՊՐՈՊԱԳԱՆԴԵԼՈՒ ԱՐԺԱՆԻ ԿԻՆՈ»


-Պարոն Խաչատրյան, վերջերս զարմացրիք այն մարդկանց, ովքեր Ձեզ լավ ճանաչում են. հրաժարվեցիք «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրենի լիազորություններից և Հայաստանի կինոակադեմիայի նախագահի պաշտոնից: Փառատոնը թողնելը, կարծում եմ, զոհաբերություն է: Կարելի՞ է այդպես ասել:
-Չէ՛, դա չի կարելի զոհաբերություն կոչել: Ես կինոյով հիվանդացել եմ 12-13 տարեկանից, երբ իմ ուստա Հրաչի հետ լեռնային գյուղերում կինո էինք ցուցադրում: Ֆիլմերի՝ իմ կարծիքով անհաջող հատվածները ես կտրում-հանում էի ժապավեններից: Դեռ այդ ժամանակ հասկացա, որ ինձ համար արտահայտվելու ամենահեշտ ձևը կինոն է: Իմ լեզուն շատ վատ է պտտվում, հատկապես այն տարիներին: Ես կակազում էի (հետագայում դա անցավ, իհարկե), և ես հասկացա, որ իմ լեզուն կինոլեզուն է: Իմ բոլոր անհանգստությունները, իմ բոլոր պատմությունները կինոյի միջոցով են արտահայտվել ու արտահայտվում: Կինոյով եմ փոխանցում և՛ իմ վիրավորանքները, որ ունեցել եմ՝ սկսած մանկությունից, և՛ իմ պատգամները: Իմ կարծիքով` կինոն ամենակարևոր գործիքն է աշխարհում, և ես մեծ անհանգստություն ունեմ կինոյի համար:
-Այդ անհանգստությու՞նն է մղում Ձեզ Ձեր թեկնածությունն առաջադրելու Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահի թափուր պաշտոնի համար:
-Այդ անհանգստությունն ինձ առաջին հերթին մղում է կինո նկարելու: Նկարել կինո այն բոլոր խնդիրների մասին, որ ունեն այսօր հայ ազգը, Հայաստանը: Մեծագույն անհանգստություն ունեմ այն պատճառով, որ Հայաստանում այսօր կործանված է կինեմատոգրաֆը: Մեր ունեցած կինոն լավ չպրոպագանդվեց աշխարհում այսքան տարիների ընթացքում: Այնինչ մենք ունենք պրոպագանդելու արժանի կինո. ունենք հրաշալի համր ֆիլմեր, հրաշալի պոետիկ կինո, ունենք երկու մեծագույն սյուն կինոյում՝ Սերգեյ Փարաջանով և Արտավազդ Փելեշյան, ունենք ոչ պակաս հետաքրքիր դեմքեր՝ Ֆրունզե Դովլաթյան, Յուրի Երզնկյան, Հենրիկ Մալյան, Բագրատ Հովհաննիսյան, Ներսես Հովհաննիսյան, Կարեն Գևորգյան, ուրիշներ: Այս ամենից գրեթե ոչինչ չներկայացվեց աշխարհին, ոչ մեկի ֆիլմերը չցուցադրվեցին աշխարհով մեկ. սա աններելի բացթողում է: Սա պայմանավորված է նրանով, որ հայ կինոյով ուղղակի քիչ զբաղվեցին: Այսօր պայմաններ են ստեղծվել կինոյում ինչ-ինչ փոփոխություններ անելու համար: Ե՛վ մշակույթի նախարարությունը, և՛ կինոյի մարդիկ կարծես թե ուզում են կինոյի օրենք ընդունել, նոր կառուցվածքներ ստեղծել և գործնականորեն մտածել հայ կինոյի մասին: Եվ ես կարծում եմ, որ այն զենքը, որը, ըստ իս, ամենակարևորն է Հայաստանում և աշխարհում, այսօր հնարավորություն ունի ինչ-որ էական ձեռքբերումներ ունենալու: Ես երկու հիվանդություն ունեմ. առաջինը Հայաստանն է, երկրորդը՝ կինոն: Սրանք են իմ տառապանքի, հիվանդանալու պատճառները: Ինչ խոսք, մարդու երջանկությունն իր ընտանիքն է, բայց սա նեղ անձնական սահման է: Իսկ մեծ իմաստով երջանիկ կարելի է լինել, երբ օգտակար բան ես անում երկրիդ համար: Հայաստանին պետք է օգնել: Իսկ օգնելու համար պետք է կինոն զարգացնել: Ասել եմ հազար անգամ, բայց հիմա ևս մեկ անգամ կասեմ, որ մարդկանց ականջին օղ լինի. կինոն շատ մեծ զենք է, շատ հզոր գործիք, որի միջոցով Հայաստանը կարող է պատմել իր մասին: Կարող է պատմել իր անցյալի, ներկայի, ապագայի, առավելությունների ու նաև, ինչու՞ չէ, թերությունների մասին: Մեկ անգամ ևս հիշեցնեմ, թե ինչ նպատակով ստեղծվեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Այն ստեղծվեց, որ փրկենք արդեն կործանված հայ կինոն: Հայաստանում կործանված էին կինոդիստրիբյուցիան, կինոարտադրությունը, կինոստուդիան:
-Կործանվել էր նաև կինո դիտելու մշակույթը, որ պարզապես վերածնվեց «Ոսկե ծիրանի» շնորհիվ:
-Եվ փա՛ռք Աստծո, որ իմ ու իմ ընկերների՝ Միքայել Ստամբոլցյանի և Սուսաննա Հարությունյանի մտահղացումը տվեց այսպիսի արդյունք: Մենք վերականգնեցինք Հայաստանում երբևէ գոյություն ունեցած կինոավանդույթը. հանդիսատեսը վերադարձավ կինո, երիտասարդները սկսեցին կինո նկարել: Եթե առաջին տարիներին փառատոնային կինոցուցադրությունները կայանում էին կիսադատարկ դահլիճներում, ապա հիմա հանդիսատեսը հատակին նստած կամ ոտքի վրա է ֆիլմեր դիտում, եթե առաջին տարիներին մեկ-երկու ֆիլմ էր Հայաստանից ներկայացվում, ապա հիմա 45-50 ֆիլմ է նկարվում տարեկան, և փառատոնային ծրագիրը կազմելիս մենք ունենք ընտրության հնարավորություն: Կինոփառատոն ստեղծել էինք նաև «Ոսկե ծիրանից» առաջ: Խոսքը 1991-ին Կինոյի տանն ստեղծված Դեբյուտների կինոփառատոնի մասին է: Այն շատ կարճ կյանք ունեցավ, որովհետև Կինոյի տունը փակվեց: Հետո արդեն ստեղծեցինք «Ոսկե ծիրանը»: Հետագայում ստեղծեցինք «ՎեբԾիրան» օնլայն կինոփառատոնը: Հիմա նաև ունենք «Ծիրանի ծառ» փառատոնը: Մեզ թվաց, որ այսքան ջանքերը բավարար են, որ ստեղծվի հայկական կինո, բայց այն չստեղծվեց, որովհետև կինոյի մասին անհանգստացողները քիչ էին: Կինոյի ղեկավարները չկարողացան ճիշտ քաղաքականություն վարել, ճիշտ նախագծեր ընտրել, երիտասարդներին օգնել, ոտքի հանել, նպատակային ֆինանսավորումներ անել: ՈՒ տարրալուծվեց ամբողջ եղածը, լղոզվեց կինոասպարեզը: «Ոսկե ծիրան» կինոփառատոնն ուժեղացավ, ամուր ոտքերի վրա կանգնեց, դարձավ աշխարհով մեկ հայտնի, բայց հայկական կինո, որպես այդպիսին, այսօր էլ գոյություն չունի: Եվ ինչու՞ եմ ես այս վիճակում ձգտում գնալ կինեմատոգրաֆիստների միություն: Որովհետև այդ միությունն իրավունք է տալիս միևնույն հովանու ներքո հավաքելու աշխարհի բոլոր հայ կինոգործիչներին, բոլոր կինոընկերությունները, բոլոր կինոարտադրությունները և պայքար մղելու հայկական կինոյի տեսակը վերականգնելու, հայկական կինոյի ժառանգությունը վերականգնելու, նրա նորօրյա տեսակն ստեղծելու համար: Անհրաժեշտ է տեխնիկապես վերականգնել հայ կինոժառանգությունը, բարոյապես ոտքի կանգնեցնել և տարածել աշխարհով մեկ: Կյանքը ցույց է տալիս, որ «Մոսկվա» կինոթատրոնի առջև Հենրիկ Մալյանի, Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի, մյուսների աստղերը դնելը բավարար չէ հայ կինոյի վերածնունդն ու շարունակականությունը ապահովելու համար: Հայաստանում այսօր չկա հայկական կինո հասկացությունը: Չստեղծվեց այն: Այս ամենով զբաղվել է պետք: Այդ պատճառով էլ ես թողեցի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի և կինոակադեմիայի նախագահի պաշտոնները, որպեսզի զբաղվեմ հայ կինոյին վերաբերող բոլոր խնդիրներով, որ չլինեն մեկ հարազատ և մի քանի խորթ որդիներ, չստացվի այնպես, որ մի տեղում ես ավելի շատ բան եմ անում, քան մնացած բոլոր տեղերում: Ռուբեն Գևորգյանցը, իհարկե, շատ բան է արել, սոցիալական խնդիրներ է լուծել հայ կինոգործիչների համար, թոշակներ է տվել, օգնել դժվար ապրողներին, բժշկական ապահովագրություն են ունեցել մարդիկ. այդ ժամանակ այդքանն էր հնարավոր անել: Հիմա եկել է գործնական քայլերի, կառուցողականության, կինոն օրենքի դաշտ բերելու ժամանակը:

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՆ ՎԵՐԱՓՈԽԵԼՈՒ, ԱՇԽԱՐՀԻՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ, ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ ՀԱՍԿԱՆԱԼԻ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԴԺՎԱՐԻՆ ԳՈՐԾ Է»


-Ստացվում է, որ Դուք մուտք եք գործելու մի ասպարեզ, որտեղ, պատկերավոր ասած, խամ ու խոպան է: Մեկ մարդն այս դեպքում ի՞նչ կարող է անել, թեև «Ոսկե ծիրանի» նախադեպը կա և հուսադրող է: Դուք միայն Ձե՞զ վրա եք դրել հույսը, թե՞ կա որոշակի թիմ, որը կներգրավվի այդ մեծ ու կարևոր առաքելությունն իրականացնելու գործում:
-Միայնակ մարդը կարող է ինքնասպանություն գործել, հատկապես կինոյի ասպարեզում: Կան մարդիկ, որոնք հավատում են ինձ, հավատում են իմ ծրագրերին, տեսել են իմ աշխատասիրությունը, գիտեն իմ կառուցողականությունը (ավելորդ համեստություն չանեմ) և պատրաստ են լինելու իմ կողքին: Ես կարող եմ այդ գործն անել, որովհետև կան մարդիկ, որոնք ինձ նման ցանկանում են բարձրացնել հայ կինոն: Ով որ ծույլ է, ով որ գալիս է հաճույք ստանալու, շատ շուտ կփախչի, չի դիմանա, որովհետև դա տաժանակիր աշխատանք է լինելու: Ես միշտ զարմացել եմ, որ որոշ ռեժիսորներ ինքնահավան են, մեծամիտ ու սուտ հպարտ: Որովհետև ռեժիսորի աշխատանքը շան աշխատանք է, հանքափորի աշխատանք է: Այդ ծանր գործով զբաղվելու դեպքում մեծամտանալը, ֆիքստուլանալը, ձևեր թափելը միշտ անհասկանալի են եղել ինձ: Նույն բանը հիմա կարող եմ ասել հայկական կինոյի հարցերով զբաղվողների մասին: Անունը դնենք Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահի պաշտոն, թե այլ բան, անելիքը, գործի ծանրությունը դրանից չեն փոխվում: Հայկական կինոն վերափոխելու, աշխարհին ցույց տալու, աշխարհի համար հասկանալի դարձնելու ցանկությունը դժվարին գործ է, որին լծվողը չպիտի մտածի վայելքների, առավելությունների մասին, նա պիտի պատրաստ լինի ծանրագույն աշխատանքի:
-«Ոսկե ծիրանի» օրինակը վկայությունն է այն բանի, որ, անկախ երևույթի նշանակալից ու հաջողված լինելուց, կան մարդիկ, որոնք չեն հաշտվում դրա գոյության հետ: Դա, հիացումից, ոգևորությունից բացի, իր հետ բերում է նաև նախանձի, չարության ալիք: Հիմա, երբ մտադիր եք մուտք գործել առավել ընդարձակ տիրույթ, հաշվարկե՞լ եք Ձեր թշնամիների քայլերն այս դեպքում:
-Թշնամիներ, նախանձողներ միշտ էլ կան ու կլինեն: Հայ ազգը մշտապես այդ որակներն ունեցել է իր մեջ, դրա բազմաթիվ վկայությունների ենք հանդիպում մեր մեծերի կենսագրություններին ծանոթանալիս: Ինչ խոսք, ես հաշվարկել եմ նաև այդ պահը: Եթե հաշվարկած չլինեի, չէի կարողանա մտնել այդ գործի մեջ ու պլաններ կառուցել: Գիտեմ, որ եթե իրականանա իմ նպատակը, հարյուրավոր մարդիկ իմ դեմ են դուրս գալու, փորձելու են ցեխ շպրտել, խանգարել: Բայց եթե չստացվի ուզածս, կհասկանամ, որ հենց կինեմատոգրաֆիստները չեն ցանկանում, որ հայկական կինոն վեր բարձրանա, հենց իրենք են դեմ նրա գոյությանը: Եթե այլ մարդիկ, այդ պաշտոնին հավակնելով, ձգտում են աշխատասենյակ ունենալ, ծառայողական մեքենա ունենալ, ենթակա աշխատողներ ունենալ, ես այդ ամենն արդեն ունեմ, իմ նպատակը դա չէ: Ես նոր պաշտոնի ձգտում չունեմ, կոչումների արժանանալու ձգտում չունեմ, դրանք բոլորը ծիծաղելի բաներ են: Ես ցանկանում եմ աշխատել հանուն հայ կինոյի: Ասեմ, որ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անունը պետք է փոխել նախ և առաջ, այն պետք է կոչվի Հայաստանի կինոգործիչների միություն: Հայացնելու գործընթացը պետք է սկսել հենց անունից. ամեն բան պիտի հայկական լինի, հայկական կինոյին, հայկական արվեստին պիտի ծառայի: Շատերն ասում են, թե ես պետք է ծրագիր ունենամ, ներկայացնեմ այն, քննարկման դնեմ: Դա ծիծաղելի է. ամենահեշտը ծրագիր գրելն է: Կիսագրագետ մարդն էլ կարող է մի խենթանալու ծրագիր գրել կամ պատվիրել, որ գրեն, ստանալ պաշտոն և ոչինչ չանել:
-Ես՝ որպես կինոսեր երևանցի, մանկությունիցս եղել եմ Կինոյի տան դահլիճի ակտիվ հանդիսատես և երազում եմ կրկին վերադառնալ այնտեղ, կրկին վայելել մոգական այդ դաշտը: Ի՞նչ ապագա է ենթադրվում այդ դահլիճի համար, եթե Դուք դառնաք կինեմատոգրաֆիստների միության նախագահ:
-Կինոյի տան դահլիճը պետք է գործի անպայման, շաբաթական երկու-երեք ֆիլմ պետք է ցուցադրվի այնտեղ, քննարկումներ պիտի լինեն, դասախոսություններ պիտի կարդան: Եթե այս ամենը չեղավ, ուրեմն Կինոյի տունը կդառնա ուղղակի գրասենյակ: ՈՒ՞մ են պետք այսօր գրասենյակները, հիմա մարդիկ իրենց տներում են աշխատում: Գնալ անիմաստ վեր ընկնել գրասենյակում, որ ի՞նչ: Եթե անելիք չունես, ինչու՞ ես տարածք զբաղեցնում: Կինոյի տան դահլիճը պիտի վերադառնա իր նախկին առաքելությանը, պիտի վերանորոգվի, պիտի հագեցվի լավագույն տեխնիկայով, պիտի դառնա կինոցուցադրությունների կենտրոն: Հայաստանում եղած բոլոր կինոփառատոները պետք է լինեն այդ դահլիճում:

«ԱՆՎԵՐՋ ՓԱԽՈՒՍՏ, ՀԱՎԵՐԺ ՎԵՐԱԴԱՐՁ» ՇԱՐՔԻ ՎԵՐՋԻՆ ՖԻԼՄԻ ԱՌԱՋԻՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՆՈՅԻ ՏԱՆԸ»


-Նախընտրական այս ամբողջ իրարանցման մեջ հասցրել եք նաև աշխատել «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարի հերթական ֆիլմի վրա, որ վերնագրված է «Վահան»: Ո՞ր փուլում են այս աշխատանքները:
-Նկարահանումները համարյա թե ավարտված են, մնացել է մեկ նկարահանում, որը կանեմ գարնանը, հավանաբար: Պետք է բացվի Վահանի գեղանկարների ցուցահանդեսը, և վերջին նկարահանումը կարվի այդ ժամանակ: Ֆիլմի հայեցակարգը ամբողջովին պարզ է ինձ համար, պետք է անել մոնտաժ: Երևի թե ֆիլմն ամբողջովին պատրաստ կլինի մյուս տարի և կցուցադրվի «Ոսկե ծիրանի» ժամանակ: Իսկ գուցե և առաջին ցուցադրությունն արվի հենց Կինոյի տանը: Դա շատ խորհրդանշական կլինի. «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքի վերջին ֆիլմի առաջին ցուցադրությունը Կինոյի տանը՝ այդ դահլիճի տասնյակ տարիների անգործությունից հետո:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4486

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ