«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ներգաղթ-1

Ներգաղթ-1
30.09.2017 | 14:06

Աշխարհի նյարդերը պրկվեցին, մոտենում էր կայսրությունների փլուզման ժամանակը: Այն կայսրությունների, որոնց մեջ ապրում էր հայ ժողովուրդը, և որոնց փլատակների տակ մնալու էր ինքը: Այդ բանը զգաց փոքրաթիվ, բայց բարձրակիրթ մտավորականությունը, որի նախագիտակցական ազդակներից ծլարձակեցին կենսունակության գենը, փրկվելու, ինքնապահպանվելու բնազդը: Բայց այն բախվելու էր մի կողմից` թուրք, մյուս կողմից` թաթար բարբարոսների բնազդին, և բնազդների հակամարտությունը, անհամատեղելիությունն օրեցօր ակնհայտ էր դառնում:


XIX դ. կեսերին, երբ դեռ չէր ձևակերպվել Մեծ Թուրանի գաղափարախոսությունը, թյուրքական ցեղերի բնազդը թելադրեց` բնաջնջել ճանապարհի միակ խոչընդոտ հայությանը: Ընդ որում` բնազդների գիտակցական, քաղաքական հանդերձանքն սկսեց ձևավորվել միջազգային ասպարեզում տեղի ունեցող իրադարձությունների բովում:
Համաշխարհային ընչաքաղցության, շահախնդրության ամենակուլ ոգին պետականազուրկ, փեղկփեղկված հայությանը դրդեց պատմաբանասիրական լալահառաչությունից անցում կատարել տնտեսական լծակների և ոսկին դիտարկել որպես ինքնապաշտպանության լավագույն միջոց:
Քրիստոնեական հնազանդության, հանդուրժողականության խորհրդանիշ հոգևոր իշխանությունը նոր պայմաններում այլևս անզոր էր, հարկ էր կազմակերպական նոր ձևեր գտնել, և օտարի տիրապետության ներքո գոյատևելու լավագույն երաշխիքը բարեգործական հաստատությունն էր:
1860 թ. հրեաները Փարիզում ստեղծեցին «Ալյանս իզրայելիթ» բարեգործականը, և, դա աչքի առաջ ունենալով, նույն թվականին Կ. Պոլսում նույն քայլին դիմեց Գրիգոր Աղաթոնը, բայց անհաջողության մատնվեց:


Սակայն գաղափարը, միտքը, հղացումը չմեռան: Կ. Պոլսի անհաջող փորձից ընդամենը երկու տարի անց տասը շուշեցիներ ու մեկ շամախեցի Բաքվում ձեռնամուխ եղան բարեգործական հիմնելուն: Նրանք բոլորն զբաղվում էին նավթարդյունաբերությամբ, առևտրով, առաջատար դիրքեր էին գրավում տնտեսական գործունեության տարբեր ճյուղերում, բայց թեպետ խիստ ունևոր էին (իսկ հարստությունն այն ժամանակ ձեռք էր բերվում մտավոր կարողությունների շնորհիվ), այդուհանդերձ ղեկավար ընտրեցին մտավորականի` գաղափարը կրող թիֆլիսցի բժիշկ Դավիթ Ռոստոմյանին ու ներգրավեցին գեներալ Ա. Տեր-Ղուկասյանին: 1864 թ. մայիսի 21-ին կայսերական թույլտվությամբ հաստատվեց «Բաքվի Սբ Գրիգոր Լուսավորչի անվան հայոց մարդասիրական ընկերությունը» (ԲՀՄԸ): Նշանաբանն էր` «Սեր առ մարդիկ», նպատակը` ռուսահպատակ հայերին նյութապես աջակցելը և կրթություն տարածելը: ԲՀՄԸ-ի փառահեղ գործունեությունն ավարտվեց պատմական նորագոյացություն Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատմամբ: Բայց հարց է ծագում` ինչու՞ էին նախաձեռնողի դերում հանդես եկել ղարաբաղցիները: Որովհետև նրա՛նք էին ամենից շատ հալածվել թյուրքական ցեղից` թաթարներից, և նրանց բնազդն էր հուշել ինքնապաշտպանվել:

1877 թ. վաղարշապատցի մեծահարուստ Աբրահամ աղայի զավակ, 25-ամյա Բագրատ Նավասարդյանը տեսավ իր ծննդավայրում պատսպարված ալաշկերտցի խեղճուկրակ, ցնցոտիավոր, հիվանդ գաղթականների, և օգնության ձեռք մեկնելու գաղափարը մեխվեց նրա մտքում ու սրտում: Ավարտեց Պետերբուրգի համալսարանի բժշկական ֆակուլտետը, եկավ Թիֆլիս, 1880-ին հիմնեց Կովկասում առաջին մասնավոր հիվանդանոցը, որտեղ չքավորներին ձրի էին բուժում, և նույն թվականին ձեռնամուխ եղավ բարեգործական ընկերություն հիմնելուն: Կազմակերպական, փաստաթղթային ամբողջ բեռն ուսեցին իրավաբան Սենեքերիմ Արծրունին և դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանը: 1881 թ. սկզբին պատրաստվեց կանոնադրություն, որի նշանաբանն էր ազգակիցներին հաց ու կրթություն տալը, և որին հավանություն տվեցին Րաֆֆին ու «Մշակ» թերթի նշանավոր խմբագիր Գրիգոր Արծրունին: Բայց քանի որ ազգայինին մշտապես հակընդդիր է լիբերալիզմը, Գ. Արծրունին պահանջեց խցկել «առանց կրօնի խտրութեան» բառերը: Պահանջը մերժվեց, և Գ. Արծրունին մի կողմ քաշվեց: Նույն թվականի հուլիսի 6-ին կայսերական իշխանությունը հաստատեց «Կովկասի հայոց բարեգործական ընկերության» (ԿՀԲԸ) կանոնադրությունը, իսկ նոյեմբերի 15-ին կայացավ հիմնադիր ժողովը, որին մասնակցում էր 122 հոգի: Ընտրվեց 13 հոգուց բաղկացած խորհուրդ, որի կազմի մեջ, մտավորականներից զատ, մտան կապիտալիստներ Ա. Մանթաշյանցը, Ա. Մելիք-Ազարյանը և այլք: Նախագահ ընտրվեց ֆինանսիստ, «Միրզոյան եղբայրներ» նավթարդյունաբերական ընկերության վարչության նախագահ Ալեքսանդր Անանյանը:


Ինքնապաշտպանական բնազդն իր գործն արեց, և պատահական չէ, որ ԿՀԲԸ առաջին մասնաճյուղը բացվեց Շուշիում:
Այս հրապարակումը, սակայն, այդ երկու բարեգործականների մասին չէ, վերոշարադրյալն ամբողջությամբ նախամուտք էր: Խոսքը երրորդի` Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) դարատև պատմության մի դրվագի մասին է: Պարզապես ուզում էի ցույց տալ, որ մեր ժողովրդի հավաքական բնազդը նախապատրաստեց ինքնապահպանում` Բաքվում ու Թիֆլիսում ստեղծելով բարեգործական ընկերություններ: Թե հայությունն ինչի՞ էր պատրաստվում` ինքն էլ չգիտեր, բայց զգում էր: Այդպիսի կառույցի անհրաժեշտություն ուներ նաև արևմտահայությունը:

Գաղափարը հղացավ Օսմանյան կայսրության Եգիպտոսի կուսակալությունում երկրագործությամբ համբավ ձեռք բերած և բեյության կոչման արժանացած Երվանդ Աղաթոնը: Նա, ում հայրը 1860-ին ձախորդության էր մատնվել: Երվանդ բեյը գիտեր անհաջողության պատճառը` բարեգործականը պիտի հիմներ ու ղեկավարեր հայության շրջանում անբիծ, անքննելի հեղինակություն վայելող անձը: Եվ երբ 1906 թ. փետրվարի սկզբին Անդրկովկասում ծայր առան հայ-թաթարական ընդհարումները, նա գնաց ղարաբաղցու թոռ Պողոս Նուբար փաշայի մոտ: Ապրիլի 15-ին կապիտալիստների ու մտավորականների 10-հոգանոց համաձուլվածքը Կահիրեում հիմնեց ՀԲԸՄ-ն, և սահմանվեցին հիմնական սկզբունքները` ապակուսակցականություն, անխտրականություն, բացառապես ազգակիցներին օգնության տրամադրում:


1909 թ. Ադանայի կոտորածից ու 1915-ի Մեծ վշտաբերից փրկվածների համար բնազդից ծնված Բարեգործականը դարձավ սպեղանի:
Հայոց լեզվապաշարում ի հայտ եկան «որբախույզ», «որբահավաք», «որբախնամ» բառերը, որոնք թեպետ անթերի էին լեզվական տեսակետից, սակայն պարունակում էին ահռելի, անմեկնելի մարդկային ողբերգություն:
1919 թ. Փարիզյան վեհաժողովից պարզ դարձավ, որ հայ ժողովուրդն անտեսվել է և խոշոր պետությունների կողմից նետվել պատմության հետնաբակ, իսկ 1920-ին ստեղծվեց Խորհրդային Հայաստանը: Այս պայմաններում հուսալքված, բայց իմաստուն Պողոս Նուբարը հասկացավ, որ հարկ էր պարզապես կյանքեր փրկել, սփյուռքահայությանը հաց վաստակելու ու կրթվելու հնարավորություն ընձեռել և կազմակերպել ներգաղթ Հայաստան, ուր ապահովված կլիներ ազգակիցների ֆիզիկական անվտանգությունը:


Առանձնակի, առաջնային հոգածություն էին պահանջում որբերը: Մենք` հայերս, ասում ենք` մայր հայրենիք, բայց քանի որ մայրն սպանված, հոշոտված, բռնաբարված և առևանգված էր, իսկ հայրենիքը` անհայր, որբերը հայր հռչակեցին Պողոս Նուբարին: 1924 թ. Երուսաղեմի Վասպուրական որբանոցի սանուհիները անգամ երգեցին.
Եկէք երգենք, ընկերներ,
Հայուն բաղդն է բացուեր,
Պիտի ապրինք յաւիտեան,
Զի ազատ է Հայաստան:
Օն, կեցցէ դարէ դար
Մեծանուն Նուպար,
Հայր մեր ցեղին, նոր հայր:

Նոր հայրը հայրություն արեց: Նույն 1924-ին Երուսաղեմի ՀԲԸՄ Արարատյան որբանոցի 13-18 տարեկան 40 երաժիշտ սաներ տեղափոխվեցին Ադիս Աբեբա` կազմելով Եթովպիայի կայսերական փողային նվագախումբը: Իսկ նրանց ղեկավար Գևորգ Նալբանդյանն ստեղծեց աֆրիկյան այդ երկրի պետական հիմներգը:


Բայց Պողոս Նուբարի ձգտումը ներգաղթի կազմակերպումն էր Խորհրդային Հայաստան, մանավանդ որ դա համընկնում էր համայնավար Հայաստանի շահերին, որը կոչ առաքեց սփյուռքահայությանը` «վերաշինենք հայրենիքը»: Պ. Նուբարի և ՀՕԿ-ի նախագահ Ա. Երզնկյանի միջև կայացած բանակցությունները դրական արդյունքի հանգեցրին` 1924 թ. Երուսաղեմի Արարատյան ու Վասպուրական որբանոցների 250 սաներ տեղափոխվեցին Հայաստան: Դա առաջին դեպքն էր, որն ունեցավ շարունակություն:

Երբ 1930 թ. Որբերի հայր Պողոս Նուբարը վախճանվեց, ՀԲԸՄ նոր նախագահի խնդիր ծագեց: Դա դժվար չէր, որովհետև վաղուց սահմանվել էին այդ պաշտոնի թեկնածուի համար առաջադրվող չափանիշները` մարդը լայն համբավ պիտի ունենար համայն հայության մեջ, լիներ մեծահարուստ և հեղինակություն վայելեր միջազգային ասպարեզում: Այդ ժամանակ նման մարդը համաշխարհային նավթաբիզնեսի առանցքային դեմք, ի հիշատակ հոր 1922 թ. Լոնդոնի Սբ Սարգիս եկեղեցին կառուցած, «Պարոն 5 %» մականվամբ Գալուստ Գյուլբենկյանն էր: Նա ոչ թե նավթարդյունաբերող էր, այլ միջնորդ, բանակցություններ վարող, ընդ որում` միջպետական մակարդակի, և առանց նրա Եվրոպայում, Արաբական թերակղզում, Մերձավոր Արևելքում (Թուրքիա, Իրաք, Իրան, Սիրիա) որևէ խոշոր նավթային գործարք չէր կատարվում: Նավթային գործի այբուբենը նրան սովորեցրել էր Ալեքսանդր Մանթաշյանցը, որը 20-ամյա երիտասարդին մեկ տարի պահել էր իր կողքին և ծանոթացրել Բաքվի նավթարդյունաբերությանը:


Բայց Գ. Գյուլբենկյանն ուներ մի «թուլություն», անտիկ իրերի` հնամենի քանդակների, կտավների, մետաղադրամների, գորգերի և այլ թանկարժեք իրերի հավաքորդ էր և դրանով զբաղվել է ամբողջ գիտակցական կյանքում: Նավթաբիզնեսից ստացած իր ահռելի հարստությունը (ըստ որոշ աղբյուրների` 1-2 միլիարդ ֆունտ սթեռլինգ) չէր խնայում արվեստի նմուշների ձեռքբերման համար: Նմուշներ, որոնց համարում էր իր երեխաները:
Երբ 1929 թ. Խորհրդային Միությունը հռչակեց ինդուստրացման հնգամյա պլան, պարզ դարձավ, որ արտասահմանից տեխնոլոգիաներ ու սարքավորումներ ներմուծելու համար անհրաժեշտ էր արտարժույթ, ինչից երկիրը զուրկ էր: Ելք գտնելու համար ԽՍՀՄ-ը որոշեց վաճառել Էրմիտաժի գանձերը, և հիմնական գնորդ դարձավ Գ. Գյուլբենկյանը, ընդ որում, նա խորհրդային իշխանություններին հորդորում էր դրանք չվաճառել…


1930 թ. հոկտեմբերի 22-ին Գ. Գյուլբենկյանն ընտրվեց ՀԲԸՄ նախագահ և ծրագրային ճառում մասնավորապես հայտարարեց. «Երբեք չեմ ունեցած կուսակցական ոգի, այլ մեծցած եմ հայ ոգիով եւ աւանդութիւններով: Միեւնոյն ժամանակ, մեր բոլոր խղճմտանքով եւ բարի կամքով պէտք է քննենք եւ որդեգրենք այն նոր սկզբունքները եւ նոր գաղափարները որ, պարագաներու եւ ժամանականերու բերմամբ, կարող են նոր գործիքներ դառնալ մեր ազգի բարոյական եւ նիւթական երջանկութեան եւ յառաջադիմութեան համար»:

(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2899

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ