«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ԱԶԳ-ԲԱՆԱԿ-ը որպես սուր և որպես վահան (ասք վասն 4-րդ հանրապետության կայացման)

ԱԶԳ-ԲԱՆԱԿ-ը որպես սուր և որպես վահան (ասք վասն 4-րդ հանրապետության կայացման)
30.09.2017 | 14:11

ՆԱԽԵՐԳ


Ոսկե աշու՞ն է, կասկածում եմ։ Դուք էլ կասկածեք, իմ աննկուն ընթերցողներ, զի, եթե ոտնիգլուխ անկեղծանանք, ապա կփաստենք, որ հայրենի բնաշխարհը ծաղրում է մեզ։ Իսկ ինչ անի, եթե քառորդ դար և քիչ էլ ավելի մենք նրան ուղղակի բռնադատում ենք` քուն թե արթուն։ Չմոռանանք, որ մայր բնությունը կազմ-պատրաստ է զոհաբերման, եթե միայն երկիրը պատերազմում է, նրա բնակիչներն էլ սովալլուկ են և խիստ մրսած։ Հանրապետությունը բոցավառվում է և ճգնում։ Միաժամանակ ահարկու թափով դատարկվում է բյուրեղածփանք Սևանա լիճը, սակայն նրա կենարար ջրերը չեն հանգրվանում տապակվող գյուղերի հանդերում և այգիներում, զարմանալի կամակորությամբ թափվում են Արաքսը և վերջին ապաստանը գտնում Կասպից ծովում։ Հատվում են հազարամյա անտառները գեղականաչ, որոնք բազմահազար դավ և բյուր ցավ են տեսել, այսուհանդերձ դեռ կանգուն են։ Հատվում են զօր ու գիշեր, ահա արդեն քառորդ դար և մի քիչ էլ ավելի։ Երկրի գլխին ծիածան է կապել բազմերանգ արհավիրքը։ Ե՞լքը։ Ազգովին անդամագրվել ԱԶԳ-ԲԱՆԱԿ-ին։


Զարմանալի, խորաթափանց ակնարկներ կան բնաշխարհից։ Հայոց բնության տոտեմ-կենդանին արդեն խոյը չէ, ոչ էլ բազեն է նրա տոտեմ-թռչունը։
Պողպատաեղջյուր-ոսկեգեղմ խոյերը բարձրացվել են զոհասեղան, որի շուրջը, ահա արդեն քառորդ դար, լուկուլոսյան խնջույքի է նստում ազատ, անկախ և հաղթական հանրապետության իշխանական վերնախավը։ Խոյը նրանց պետականակերտ աղեստամոքսային տրակտի ապաշխարանք է։ Իսկ բազենե՞րը։ Լքում են լեռնաշխարհը, զի հայոց բնաշխարհի խորհրդանիշ-կենդանիներն են Հրազդանի պանդոկախեղդ կիրճի գյուրզաները և վասն Սևան-Հրազդան կասկադի արտադրական բարօրության ցամաքող Սևանի խեցգետինները։


Ի՞նչ համ և ինչպիսի՞ գույն կունենա 2017-ի բերքից քաշված գինին, երբ երկիրը վերքապատ է։ Ի դեպ, այս տարի Սիս սրբազան լեռան կատարի ձյունը հալվեց ավանդական ժամանակացույցը խախտելով, դեռ հուլիս ամսին։
Այնուամենայնիվ աշուն է։ Օրեր անց հոկտեմբերն իր բազմագունեղ հրայրքներով կփարվի երկրին։ Մենք էլ փարվենք մեր աշնանային երկրին և փորձենք ինչ-որ բան շարժել մեռյալ կետից։ Աշուն է` ոսկեդեղին և որդանկարմիր հերթական հրաշքը Հայաստանում։
Եվ մաճառն է եռում։ Պատրաստ պահենք մեր կժերն ու թասերը։

ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՃԱՇԿԵՐՈՒՅԹ
Մեր թերթի քարագիր հեղինակ Անահիտը Ադամյան երկրի լինելության խորհուրդը ահա այսպես է տեսնում. «...բոլորիս դժբախտությունն է, երբ պետությունը և իշխանությունն ունեն տարբեր շահեր, խնդիրներ, առավել ևս` նպատակներ» («Իրատես» թիվ 61, 15-18 սեպտեմբերի, 2017 թ.)։ «Բոլորիս դժբախտությունը», ահա դարի ահազանգը, զի պետական և ազգային ինքնության ոչնչացմամբ, չկասկածեք, պանդխտության ցուպն են ձեռքն առնելու նախ և առաջ իշխանությունները, և դժվար թե եռագույնը հավերժ փողփողա Բաղրամյան-26, Բաղրամյան-19 և, վերջապես` Կառավարական տուն թիվ-1 գլուխգործոց շենքերի վրա, եթե իշխանական շահերը շահարկեն երկրի ներկա օրն ու գալիք ապրելիքը։ Պետության նպատակը գերնպատակ է, և իշխանական հայրենապաշտ և ասկետ, նվիրյալ և ասպետ դասակարգին դարձի բերելու նպատակով մեկնարկում է ԱԶԳ-ԲԱՆԱԿԸ-ը։ Սույն փառահեղ նախագծի ճարտարագետ տիար Վիգենը Սարգսյան, ՀՀ պաշտպանության քաղաքացի նախարարը ԱԶԳ-ԲԱՆԱԿ կառույցի հիմքն է փորել և բետոնե շաղախի մեջ առաջին որձաքարն է տեղադրել, առաջարկելով, որ բարձրաստիճանավորները իրենց դատաստանագիրք-հայտարարագրերում ի հավելում նվիրաբերված միլիոնավոր դոլարների և ի լրումն բազմաթիվ բնակարանների մայրաքաղաքում և անասնագոմերի հեռավոր սարերում նաև նշեն, թե որ զորամասում և որպես ինչ են ծառայել, արդյոք եղել են շարքային զինվո՞ր սահմանագլխին, խոհարա՞ր են եղել ապահով թիկունքով, թե՞ գեներալի չստերն են սրբել, թշերը սափրել... շոգեբաղնիքում։
Երկրորդ ծանրակշիռ որձաքարը շաղախի մեջ ագուցեց տիար Վազգենը Մանուկյան, որի ներդրումը Արցախ-Հայաստան երկգագաթ երկրի հաղթանակում ծանրակշիռ է և անուրանալի։ «...Եթե պաշտոնյան երեխային բանակ չի ուղարկել կամ բանակում չի ծառայել, նրան հանել պաշտոնից»։ Կեցցե՛ք, տիարք Վազգեն և Վիգեն։

Բարեվարքությու՜ն։ Այս մարտակոչ բառն արտասանեց ՀՀ ՊՆ տիար Վիգենը։ Եվ ահա հողմաղացյան առաջարկը` համապետական բարեվարքության հաստատման նպատակով 1996-ի ազգընտիր նախագահ, սակայն քաղաքական սահանկման ենթարկված տիար Վազգենը Մանուկյան 2018-ի ապրիլի կեսերին պետք է ընտրվի ՀՀ նախագահ։ Այսինքն, համապետական արդարության վերականգնումը պետք է ամրագրվի ԱԶԳ-ԲԱՆԱԿ-ի գաղափարահենքում։ Եվ հանուն նրա նախ և առաջ պետք է հավասարակշռվեն, մի հարթության վրա հանգրվանեն զինվորը, սպան, գեներալն ու վերջինիս համհարզը։ Գեներալական զրահատանկ-ջիպերն ու մետաքսահուռ խալաթներն ակնհայտ հակոտնյա են ԱԶԳ-ԲԱՆԱԿ-ի բարեվարքությանը։ Բանակը բարեվարքվելեն ետքը, անկասկած, պետք է բարոյականության ուղին բռնեն հայոց բոլոր բանկերը։ Այսօր ՀՀ ազնվասիրտ բնակչության 90 տոկոսը բռնախեղդվում է վարկերի տակ։ Ըստ հողմաղացյան մեգամտահղացման, երկիրն ասպատակող շուրջ 10 հազար ծառայողական շարժակազմերը պետք է գրավադրվեն։ Ստացված շահույթով պետք է մարվեն վարկային-վարակակիր պարտամուրհակները։ Հանրապետության պետծառայողները ոլորտ առ ոլորտ կերթևեկեն ծառայողական երթուղային տաքսիներով։ Զորօրինակ, նախարարները պետք է երթևեկեն հնամաշ գազելներով, ավելի ցածր վարչական կարգավիճակում գտնվողները` առավել բարեկրթված ավտոբուսներով։ Առհասարակ շատ ավելի ազգաբանակային կլինի, եթե մեր չինովնիկները տնից աշխատավայր հասնեն երկանիվ հեծանիվներով։


Իսկ բանակի վերնադա՞սը։ Գեներալները և բարձր սպայակազմը պետք է սահման հասնեն և զորախաղերի մասնակցեն ռազմական բեռնատարներով, զրահատանկերով և վարգուն նժույգներով։

ՀՐԱՏԱՊ ՀԱՄԱԺՈՂՈՎ` ԹՎԱՆՔՈՎ ԵՎ ԲԱՀՈՎ
Տագնապած սրտով, սակայն հուսալիցք քուն մտա Ծիծեռնակաբերդի հնագույն (տնկվել է 1949-ին, համաժողովրդական շաբաթօրյակի ժամանակ) եղևնու տակ։ Երազում մասնակցում էի Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին։ Բեմում հանրապետության և համայն հայության հոգևոր և աշխարհիկ վերնադասն էր, հանդիսավոր, փառահեղ և վստահ մեր գալիքի հանդեպ։ Դահլիճը դատարկ էր, սփյուռքահայությունը սկզբունքորեն մերժել էր հրավերքը։ Դահլիճում թուջե լռություն էր։ Այն խրոխտ խախտվեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ի ուղերձով. «Հայաստանը զբոսավայր չէ, Հայաստանը բիզնեսի շուկա չէ, վայ մեզ, երբ միայն այդպես մոտենանք Հայաստանին»։ Կեցցե՛ս, զիմ Վեհափառ։

Սփյուռքահայությունը, ինչ խոսք, ֆորբսահայություն չէ։ Նա Այբ-ից մինչև Ֆե կիսում է Արամ կաթողիկոսի տագնապը, զի, լինենք անկեղծ, մեր պետական ինքնությունը մեր իշխանաց անդուլ դրդմամբ օր օրի տարրալուծվում է բազում աշխարհաքաղաքական, քրեաօլիգարխիկ և կեղծ ընդդիմադիր մարտահրավերների խառնարանում։ Եվ ձեռք է մեկնում Սփյուռքին։ Որ ի՞նչ... Ներող եղեք, պատվական սփյուռքահայեր, սակայն այս վերջին համաժողովից շահե՞ց պետությունը, կորցրե՞ց իշխանությունը։ Եղավ ճիշտ հակառակը, զի խաղը դարձյալ շահեց իշխանությունը։ Քանզի 6 համաժողովներում այդպես էլ չի դրվել 3-րդ հանրապետության գոյակերպի գերակա խնդիրը` իշխանության և պետության անդնդախոր ջրբաժանի վերացման հարցը։ Եվ ահա հերթական համաժողովից հետո համաժողովականների ճնշող մասը վերադարձավ օտարափյա իր օջախը խռոված հոգով։ Այսպիսով, հայ հանրությանն ու համայն հայությանը անհրաժեշտ է զինվել թատերական (առայժմ` թատերական) թվանքով և միանգամայն իրական բահով և հրավիրել ԱԶԳ-ԲԱՆԱԿԻՑ դեպի ԱԶԳ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ վեհաժողովը։

ՎԵՐՋԵՐԳ

Հայ հանրության և համայն հայության «զինավառ-զինաթափ», սակայն բազում դրոշակներ պարզած քաղաքակիրթ ուժերը` «Հոգևոր Հայաստանը», «Հայքը» և այլք պետք է երկնքից երկիր իջնեն, ձևակերտեն իրենց պատկերացրած ԱԶԳ-ԲԱՆԱԿ-ը և օրնիբուն պատրաստվեն վերոհիշյալ վեհաժողովին։ Տեղն անհայտ չէ` ՀՀ ԱԺ օվալաձև դահլիճ։ Իշխանություններն իրենց հերթին պետք է սիրահոժար պատրաստվեն ԱԶԳ-ԲԱՆԱԿ-ից դեպի ԱԶԳ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ վեհաժողովին, սակայն այլ վայրում, զորօրինակ. ձևով «Ազատություն», բովանդակությամբ, ինչ խոսք, Թատերական հրապարակում։
Զինչե՜ր ցուցանեցին առակներն այս Աստծո գառներին և մոլորյալներին։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 8379

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ