Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Աչքներիդ տեսածով մի՛ դատեք» Հովհ. 7.24

«Աչքներիդ տեսածով մի՛ դատեք» Հովհ. 7.24
29.09.2017 | 00:11

«ՄԻ՛ ԴԱՏԵՔ, ՈՐ ՉԴԱՏՎԵՔ»


Քրիստոսի հորդորը նախազգուշացում է համայն մարդկությանը սեփական մտքի շավիղներով չդատելու ուրիշներին, քանզի յուրաքանչյուր դատաստանի հետևում կա մեծ պատասխանատվություն: Այսօր մարդիկ շատ հաճախ են դատում ուրիշներին տարբեր տեղերից լսած, սուտ վկայված լուրերով, այսինքն՝ անիրավ դատաստան են իրագործում:
Ոմանք կհարցնեն՝ լավ, երբ անգամ տեսնում ես, ինչպե՞ս չդատես որևէ տհաճ երևույթ: Բայց արդյո՞ք մեր տեսածը իրական պատկերն է արտացոլում:


Ասում են՝ քրիստոնեական մի հրաշալի ընտանիք էր ապրում մի փոքրիկ տանը: Մի օր հարևանը նրանց հյուր է կանչում: Որպեսզի փոքրիկ երեխային չարթնացնեն, թողնում են հավատարիմ շան պահպանության հույսին և գնում են հյուր: Երբ արդեն վերադառնում են տուն, շունը, տեսնելով իր տերերին, ուրախ-ուրախ, պոչը շարժելով, արյունոտված գնում է դիմավորելու: Հայրը երբ տեսնում է շանը, իսկույն մտածում է, որ շունը երեխային վնասել է: Իր մոտ եղած ատրճանակով գնդակահարում է շանը, բայց երբ տուն են մտնում, տեսնում են սատկած մի հսկա օձ: Պարզվում է, որ օձը փորձել է վնասել երեխային, սակայն շունը կենաց-մահու կռիվ է տվել օձի հետ, հաղթել նրան և փրկել երեխայի կյանքը:
Իրականությունից հեռու, ուրիշներից լսած կամ սեփական մտքի արգասիքների արտահայտությամբ դատում ու բացասական կերպարի մեջ կարծիք ենք ստեղծում հասարակության մեջ անմեղ մարդկանց մասին:


Սուտը, կեղծիքը այնքան են հաստատվել մեր հասարակության մեջ, որ բամբասանքը հասարակության լայն շրջանակներում դարձել է առօրեական՝ սովորական մի երևույթ:
Բերենք պատկերավոր ևս մեկ իրավիճակ. երկու մարդ կանգնած զրուցում են և այդ պահին քիչ հեռու մեկ ուրիշ մարդու են տեսնում: Զրուցակիցներից մեկն ասում է.
-Գիտե՞ս՝ այս մարդը շատ վատ մարդ է:
Եվ մյուսն առանց կշռադատելու սկսում է տվյալ մարդուն դիտարկել որպես վատ մարդու:
Իրականում զրուցակիցը, որը բացասական է ներկայացնում մեկ ուրիշին, ցանկանում է, որ իր մտերիմը ճանաչի նրան այնպես, ինչպես ինքն է ցանկանում:


Ինքա՜ն է պատահել, երբ նման իրավիճակներից հետո առիթ է եղել շփվելու մի մարդու հետ, երբ ձեզ մոտ վատաբանել են նրան, բայց նկատել եք, որ ձեր լսածը հեռու է իրականությունից:
Բոլոր մարդիկ ունեն թերություններ, որոնց մասին կարելի է անվերջ խոսել, և բոլոր մարդիկ ունեն շատ ավելի առավելություններ, որ ենթակա են գնահատանքի:
Սերն է պակասում մարդկանց սրտերում, և չարամտությունն է դարձել նրանց կյանքի ուղեկիցը:
Ընկած մեկին տեսնելով՝ իսկույն հանդիմանում, բամբասում, չարախոսում են՝ օգնելու փոխարեն: Հայտնի մի պատմություն կա. ասում են՝ մեկը սայթաքում ու գետն է ընկնում: Այդ պահին մի մարդ է անցնում գետեզրով: Ջուրն ընկածը օգնություն է խնդրում, իսկ անցորդը փոխանակ օգնելու, հանդիմանում է նրան՝ ասելով.
-Եթե լողալ չգիտես, ինչու՞ ես մտել գետը:
Իսկ մարդը պատասխանում է.
-Չե՞ս տեսնում, որ խեղդվում եմ: Խնդրում եմ, նախ հանի՛ր գետից, հետո հանդիմանիր:
Մարդկային տկարությունները երբեմն բթացնում են մարդու միտքը և դրդում զանազան մեղքերի: Հասարակությունը չի հանդուրժում ընկածին, ձեռք մեկնելու փոխարեն՝ իր կեղծ, բարեպաշտ կեցվածքով ավելի է հրում խոր անդունդը:


Երբ Քրիստոսի մոտ բերեցին պոռնկության մեղքի մեջ բռնված մի կնոջ և ասացին, թե մովսիսական օրենքով պետք է քարկոծել նրան, Հիսուսն ասաց. «Ձեզնից անմեղը թող առաջին քարը նետի»: Եվ բոլորը, իրենց ձեռքի քարերը ցած գցելով, գնացին: Փրկիչը կնոջը հարցրեց. «Ո՛վ կին, քեզ ո՞վ դատապարտեց»: Կինը պատասխանեց՝ ոչ ոք, Տե՛ր: Եվ Հիսուսն ասաց. «Ես էլ չեմ դատապարտում, գնա՛ և այլևս մի՛ արա»: Կինը, տեսնելով Աստծո գթասրտությունը, թողեց այդ դժոխածին կյանքը և հետևեց Հիսուսին և անգամ սրբերի շարքին դասվեց:
Քանի՜ քանիսին է մեզնից յուրաքանչյուրը օգնելու փոխարեն խորտակել՝ թողնում եմ ձեր դատողությանը, բայց մի բան հստակ է, եթե Տերը ներեց ու օգնեց, որ կինն ապաշխարի, ապա մենք՝ հողածին արարածներս, ո՞վ ենք, որ դեմ գնանք Արարչին:

«Ո՞Վ Է ԱՅՆ ՄԱՐԴԸ, ՈՐ ԿԱՊՐԻ ՈՒ ՉԻ ՄԵՂԱՆՉԻ»
Քրիստոնյան, ինչքան էլ մեղանչի, գիտի ելքը` ապաշխարությամբ մաքրվելու և խոստովանությամբ իր մեղքերը քավելու և այսպիսով արժանանալու Տիրոջ օրհնությանը: Աստվածատես սուրբ հայրերից մեկն ասել է. «Երբ եղբորդ տեսնես մեղք գործելիս, մի՛ դատիր նրան ու մի՛ հրապարակիր նրա գործածը, որովհետև դու տեսնում ես նրա մեղանչելը, իսկ ապաշխարությունը չես տեսնում»: Ապաշխարությունը և խոստովանությունը հոգու կանչ են, որ մարդուն մղում են ինքնամաքրման ու կատարելության: Իսկ ի՞նչ են անում մեզնից շատերը. դատում են, վատաբանում, չարախոսում՝ և այս տեսակ արարքներով ենթարկվելով չարին, իրենց վրա կուտակում են Աստծո բարկությունը: Դատաստանը Աստծունն է, և մենք իրավունք չունենք մարդկանց, հատկապես Եկեղեցու ծոցում ապաշխարությամբ ու խոստովանությամբ ապրող մարդուն դատելու: Հիսուսն ասում է. «Նախ հանիր քո աչքի գերանը և կտեսնես եղբորդ աչքի շյուղը հանելու ուղին»:


Եվ իրոք, երբ մարդն ազատված է որոշ մեղքերից, նա տեսնում է դրանք հաղթահարելու ճանապարհը և, դրանով ընթանալով, կարող է իր նմանին իր իսկ կյանքի փորձառությամբ առաջնորդել, իսկ եթե չունի այդ փորձառությունը, և իրեն էլ փոքր-ինչ արդար է կարծում, սկսում է լուն ուղտ սարքելով անարգել. այս պարագայում միշտ էլ լսող ականջներ կգտնվեն, և ջրի կաթիլը որպես ծով ներկայացնողների պակաս կարծես թե մեր իրականության մեջ չկա:
Իսկ ի՞նչ կլինի այն մարդու հետ, որը խղճի խայթն է անգամ արհամարհում և ինքնաճանաչման մասին չի էլ ցանկանում լսել, ավելին, սրա-նրա մասին բամբասում ու չարախոսում է, վատաբանում ու անարգում է: Սրանք այն մարդիկ են, որոնք եթե դարձի չգան, չապաշխարեն իրենց գործած մեղքերի համար, Աստծո դատաստանին կարժանանան, անարգանքի պսակը կկրեն իրենց ճակատին և իրենց մեղքերի մեջ մեռնելով՝ Տիրոջ արդար դատաստանի ժամանակ արտաքին խավարի մեջ կհանգրվանեն, ուր «լաց է ու ատամների կրճտոց»:
Հիսուսը, աշխարհ գալով, մեզ ցույց տվեց մեղքերից մաքրվելու իրական ուղին, ինչը պետք է սկսվի հավատքից ու սրանից բխած բարի գործերից: Երբևէ մենք մեզ հարց տալի՞ս ենք, թե ինչու ենք այսքան չար ու հպարտ, գոռոզամիտ ու չարախոս, անբարո ու անզիջում, և որտեղից է այն մեզանում: Քննե՞լ ենք ինքներս մեզ, ցանկացե՞լ ենք փոխվել, թե՞ մեր կյանքը մեզ դուր է գալիս: Մուտքը դեպի մեղքի աշխարհ շատ քաղցր է, սակայն պտուղը շատ դառն է ու կորստաբեր, դեպի ապաշխարություն, զղջում տանող ուղին դառն է, սակայն պտուղը՝ շատ քաղցր: Ով մեկ անգամ զղջացել, ապաշխարել, խոստովանել ու հաղորդվել է Եկեղեցում Տիրոջ Մարմնի ու Արյան հետ, նա գիտի այս քաղցրությունը, քանզի սրանց միջոցով մարդը ներդաշնակվում է իր Արարչի հետ, սրանով Արարիչը սկսում է խոսել արարածի հետ և կամաց-կամաց առաջնորդում դեպի փրկություն, և նա այդուհետ անբաժան է իր Արարչից ու Նրա հաստատած Սուրբ Եկեղեցուց: ՈՒստի, փոխանակ իրար դատելու, անօրենության ծնողին ենթարկված չար ու ամբարտավան մեղքերով լեցուն կյանք վարելու` քննենք ինքներս մեզ, մեր միջից վանենք չարը և բարին ամուր բռնենք: Հիշենք, որ «Փտած շիվերը խոր արմատներ չեն տա, թեկուզ ծաղկեն էլ, բայց խոր արմատներ չունենալու պատճառով կչորանան» (Իմաստություն Սողոմոնի 4.3-5):


Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 1609

Մեկնաբանություններ