Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հայ եկեղեցին նշում է Սբ Գևորգի և Վարագա Սբ խաչի տոնը

Հայ եկեղեցին նշում է Սբ Գևորգի և Վարագա Սբ խաչի տոնը
01.10.2017 | 18:25

Հայ եկեղեցին նշում է Սբ Գևորգի և Վարագա Սբ Խաչի տոնը:
Սբ Գևորգը Կապադովկացի բարեպաշտ քրիստոնյա ընտանիքի զավակ էր: Զինվորագրվելով հռոմեական բանակին` իր ցուցաբերած քաջության և հավատարմության շնորհիվ կարճ ժամանակամիջոցում արժանացել է հազարապետության պատվին: Կայսեր հրավիրած խորհրդակցության ժամանակ ընդդիմացել է քրիստոնյաներին հալածելու նրա ծրագրին` բացահայտելով իր քրիստոնյա լինելը: Կայսրը, զարմացած տեղի ունեցածից, բանտարկել է սրբին` ենթարկելով անասելի չարչարանքների: Սբ Գևորգի քարոզների շնորհիվ շատերը դարձի են եկել, նրանց թվում` Ալեքսանդրիա թագուհին: Մի կախարդի պատվիրում են երկու բաժակ թույն պատրաստել՝ սրբին դարձի բերելու համար: Առաջին բաժակը խմելուց հետո սուրբը պիտի մտքափոխվեր, իսկ երկրորդից հետո` մեռներ: Բայց Գևորգն առ Աստված ունեցած հավատի շնորհիվ խմում է երկու բաժակն էլ և ի զարմանս բոլորի` կենդանի մնում: Նա նաև հարություն է տալիս մի մեռյալի: Կայսեր բազում թախանձանքներից հետո, Գևորգը վերջապես համաձայնվում է կուռքերին զոհ մատուցել: Սակայն հասնելով կռատուն մեկառմեկ ջարդում է բոլոր կուռքերը` ցույց տալով նրանց սուտ և սին լինելը: Այս հանդուգն արարքի համար Դիոկղետիանոս կայսրը 303-ին գլխատել է տալիս սուրբ Գևորգին:


Նահատակվելուց առաջ, երբ սուրբ Գևորգ զորավարն աղոթում էր առ Աստված, հանկարծ ձայն լսվեց երկնքից, որն ասում էր. «Ով քո անունով որևէ բան խնդրի՝ կկատարեմ, իսկ դու եկ և վայելիր հավերժական ուրախությունը, որ պատրաստեցիր ինքդ քեզ համար, քո իսկ ճգնությամբ: Ես տալիս եմ քեզ զորություն և իշխանություն բոլոր դևերի և ախտաժետների վրա: Քո անունով դևեր կհալածվեն, կբժշկվեն հիվանդները, իսկ ովքեր տոնեն ու կատարեն քո նահատակության հիշատակը, ես կօգնեմ նրանց, որ ազատվեն նեղությունից, նրանց կփրկեմ բոլոր վտանգներից և փորձանքներից և դուրս կբերեմ բոլոր չար պատահարներից»:
Քրիստոնեական բոլոր եկեղեցիներն ամեն տարի մեծ հանդիսավորությամբ նշում են Խաչին նվիրված տոները: Հայ եկեղեցին ունի նաև Խաչին նվիրված զուտ ազգային տոն, որը հայտնի է Վարագա Սուրբ Խաչ անունով: Այն միշտ տոնում են Խաչվերացից երկու շաբաթ հետո` սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ի կիրակի օրը:


Կլավդիոս կայսեր կինը՝ Պատրոնիկե թագուհին, ընդունելով Հակոբոս Տյառնեղբոր ձեռքից խաչափայտի սուրբ մասունքը, Հռոմ է տանում: Սուրբ մասունքը, սերնդեսերունդ ժառանգաբար փոխանցվելով, հասավ սուրբ կույս Հռիփսիմեին, որ Կլավդիոս կայսեր և Պատրոնիկե թագուհու սերնդից էր: Սուրբ կույսն իր պարանոցից մշտապես կախած էր պահում սուրբ մասունքը, որի վրա թափվել էր Տիրոջ Արյունը: Նա քրիստոնյա ծնողների զավակ էր և կրոնավորում էր Հռոմի Սուրբ Պողոս հռչակավոր վանքի կուսանոցում, որի մայրապետն էր սուրբ Գայանեն, որ 300 կույսերի դաստիարակում էր Աստծու երկյուղով:
Դիոկղետիանոս կայսրը կամեցավ կնության առնել սուրբ Հռիփսիմեին, բայց նա հրաժարվելով՝ 70 կույսերի հետ, քահանաներով հանդերձ, փախավ Եգիպտոս, այնտեղից Երուսաղեմ, որտեղ նրանք այցելեցին Քրիստոսի տնօրինական վայրերը և սուրբ Աստվածամոր գերեզմանի վրա աղոթելիս հրաման ստացան գնալ Թադեոս առաքյալի վիճակը: Հնազանդվելով հրամանին՝ նրանք գնացին Եդեսիա, ուր գտնվում էր Փրկչի պատկերը: Նրանցից շատերը մնացին Եդեսիայում, իսկ մյուսները շարունակեցին ճանապարհը դեպի Արարատ: Ովքեր մնացին Եդեսիայում, հետագայում սպանվեցին Դիոկղետիանոսի հրամանով:


Սուրբ Գայանեի խումբը, շրջելով Հայաստանի գավառներում, սուրբ մասունքի միջոցով ամենուր մեծամեծ նշաններ էր գործում: Նրանք մաքրում էին ախտացյալ ջրերը, հալածում դևերին, բժշկում հիվանդներին: Սուրբ Գայանեն և իր խումբը որոշ ժամանակ հանգրվանեցին Հոգյաց վանքում, ուր գտնվում էր ամենօրհնյալ սուրբ Կույսի պատկերը: Հետո գնացին Վարագա լեռը և հաստատվեցին այնտեղ: Լեռան գագաթին, որը կոչվում է Գալիլիա, ամփոփեցին սուրբ Նշանը, որպես մեծ պարգև՝ թողնելով Հայաստան աշխարհին: Եվ դա իրենց կամքով չարեցին, այլ՝ Աստծու նախախնամությամբ: Նրանցից ոմանք մնացին լեռնագագաթին՝ սպասավորելու Սուրբ Նշանը, իսկ սուրբ Գայանեն և սուրբ Հռիփսիմեն, երեք քահանաներով և 40 կույսերով, Սուրբ Հոգու առաջնորդությամբ գնացին Վաղարշապատ, որտեղ և նահատակվեցին: Իսկ նրանք, ովքեր մնացին Վարագա լեռան վրա, և որոնցից երկուսը քահանաներ էին, քաջալերվելով սուրբ Գրիգորի՝ Վիրապից ելնելուց հետո իրենց կատարած այցելությունից, այդտեղ եկեղեցի հաստատեցին, որը հետագայում տեղի խստաշունչ եղանակի պատճառով անբնակ մնաց:


Հայոց աշխարհում գիտեին, որ Վարագա լեռան վրա է պահված սուրբ Նշանը, բայց մինչև իշխանաց իշխան մեծն Վարդ պատրիկ Ռշտունու և Ներսես Շինող կաթողիկոսի հայրապետության ժամանակները չէին կարողանում գտնել: 653 թ. Թոդիկ անունով մի կրոնավոր, իր սրբասեր աշակերտի՝ Հովելի հետ գնում է ճգնելու Վարագա լեռան վրա և հաստատվում այն վայրում, ուր բնակվել էին սուրբ կույսերը: Նրանց իղձն էր գտնել սուրբ մասունքը: Երկար ճգնությունից հետո ավելի է բորբոքվում նրանց սիրտը Քրիստոսի սիրով և սուրբ Նշանի փափագով: Եվ ճգնավորներն էլ ավելի են խստացնում իրենց ճգնությունը և 12 օր շարունակվող ծոմապահությամբ հայցում Տիրոջից՝ տեսնել իրենց փափագածը: Եվ մարդասերն Աստված, Ով կատարում է Իր երկյուղածների կամքը, լսում է նրանց և գիշերամիջին, երբ նրանք աղոթում էին, լեռան գագաթից, որտեղ պահված էր սուրբ Նշանը, ահավոր ձայնով նրանց նշան տալիս, ինչից զարմացած նրանք նայում են դեպի լեռան գագաթը և այնտեղ տեսնում պայծառ լույս: Լույսն իր չափով ու ձևով այնպիսին էր, ինչպիսին այդտեղ գտնվող մասունքը: Ճգնավորները շարունակում են զարմացած նայել լույսին, որն աստիճանաբար պայծառանում էր և լուսավորում ամբողջ լեռը, առավել քան արեգակի լույսը, որով սքանչանալով փառավորում են Աստծուն: Ապա տեսնում են լույսի 12 սյուներ, որոնք վեր էին խոյացել երկրից մինչև երկինք: Ամբողջ լեռը լցվում է անուշահոտությամբ ու հրեշտակների օրհնության երգերով:

Դիտվել է՝ 4625

Մեկնաբանություններ