Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իրաքը պատերազմից առաջ ու հետո

Իրաքը պատերազմից առաջ ու հետո
02.10.2017 | 11:33

Իրաքի հարուստ հնագիտական ժառանգությունը խիստ տուժել է ԻՊ-ի զինյալների ձեռքով: Հիմա, երբ ԻՊ-ի ջոկատները նահանջում են, ազատագրված տարածքներ առաջիններից մեկը մտնում են Բրիտանական թանգարանի աշխատակիցները` գնահատելու, թե ինչ է պահպանվել հնագույն պատմական հուշարձաններից: Երբ 2014-ի ամռանը ԻՊ-ը հայտարարեց իր խալիֆաթը, Իրաքի ու Սիրիայի հազարավոր պատմական հուշարձաններ հայտնվեցին ԻՊ-ի ձեռքում և ենթարկվեցին աննկարագրելի վանդալիզմի: Խմբավորումը ինտերնետում տեղակայում էր տեսահոլովակներ` ինչպես են զինյալները ոչնչացնում Մոսուլի թանգարանի ցուցանմուշները, պայթեցնում արձանները Ասորեստանի մայրաքաղաք Նիմրուդում: Իրաք մեկնած հնագետները տեսան, որ պեղումների շատ վայրեր վերածվել են ավտոկայանատեղերի, վաղնջական քանդակները ոչնչացվել են, իսկ ձեռագրերը` անհետացել: Բայց ԻՊ-ին չի հաջողվել ամեն ինչ ոչնչացնել` որոշ ավերակներում գտնվել են մինչ այժմ անհայտ իրեր, զինյալների տիրապետության տակ չհայտնված վայրերում սկսվում են նոր պեղումներ:


Մոսուլը Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքն է, միայն վերջերս է ազատագրվել ԻՊ-ի զինյալներից` երկարատև կռիվներից հետո և չափազանց կարևոր պատմական նշանակություն ունի: Ասորական Նինվե քաղաքը մ.թ.ա. 7-րդ դարում գտնվում էր Մոսուլից ոչ հեռու, այնտեղ պալատներ, տաճարներ ու դաստակերտներ կային: ԻՊ-ի զինյալները Ասորեստանի նախկին մայրաքաղաքից պահպանված շինությունների
70 տոկոսն ավերել են: Քաղաքի պատերի մի մասը բուլդոզերով է ոչնչացվել: Ավերվել են քաղաքի դարպասները, որ վերականգնվել ու տեղադրվել էին որոշ ժամանակ առաջ: Այլանդակվել են արտակարգ գեղեցիկ թևավոր ցլերը, որ պահպանում էին Ներգալի դարպասները: Նեբի Յունուսի պալատն ավելի շատ է ավերված, քան նկարագրում էին փորձագետները: Պալատը կարող է փլուզվել, որովհետև զինյալները նրա տակ թունելներ են փորել:


Իրաքի զորքերը թունելների ամբողջ ցանց են հայտնաբերել` հիմնականում հողի տակ գտնվող հինավուրց քանդակների երկայնքով, որ շարված են պալատի պատերին զուգահեռ: Թեպետ թունելները շատ են վնասել բլուրի կառուցվածքը, որի վրա պալատն է, զինյալները ժամանակ չեն ունեցել քանդակները գողանալու կամ ոչնչացնելու համար: Թունելներում հնագետները գտել են հարթաքանդակներ, արձաններ ու աղյուսակներ` գրառումներով: Հարթաքանդակներն ապշեցուցիչ են` նրանք պատկերում են կրոնական ծեսեր, քրմերի ու կանանց ֆիգուրներով, որ կամ կիսաստվածուհիներ են, կամ բարձրագույն քրմուհիներ:
Մոսուլից 30 կիլոմետր հեռու է Նիմրուդը` չափազանց կարևոր ասորական քաղաք, որ իր ծաղկումն է ապրել մ.թ.ա. 1350- 610-ին: Նիմրուդի պեղումները սկսվել են 19-րդ դարում ու շարունակվել են մինչև 1992-ը, այնտեղ գտնվել են ասորական արվեստի բազում հուշարձաններ: 2015-ի մարտից հետո ԻՊ-ի զինյալները պարբերաբար կողոպտել են այդ հնավայրը, անհայտ է գտածոների 80 % -ի տեղը:


ԻՊ-ը ծանր տեխնիկայով ավերել է Զիկուրատը` 34 մետր բարձրությամբ բուրգը: Նրանք ոչնչացրել են լամասուները` թևավոր մարդացլերի արձանները Իշտար աստվածուհու տաճարում, Նաբուի տաճարի դարպասները` իրենց արձաններով, որ պատված էին ձկան թեփուկի պես պատյաններով: Բուլդոզերների ու պայթուցիկների միջոցով ԻՊ-ի զինյալներն ավերել են Աշուրբանապալ 2-րդի հյուսիս-արևմտյան պալատը, որ իշխել է Ասորեստանում մ.թ.ա. 883- 859-ին: Բրիտանական թանգարանում վերապատրաստում անցած իրաքցի հնագետ Ֆալեխ Նոմանը Իրաքի կառավարությունից հանձնարարություն է ստացել գնահատել ավերածությունների մասշտաբները: Նա տեսածն անվանում է բարբարոսություն: ՙՊալատի գլխավոր մուտքը, որ տանում է գահասրահ և պահպանվում է լամասուի պահապան ոգիներով, ամբողջությամբ ավերված է մարդացլերի հետ՚,-ասում է նա: Տաճարի երկրորդ մուտքի հարթաքանդակներն ու լամասուները վնասված են: Միայն մեկ հարթաքանդակ է մնացել անձեռնմխելի: Պալատի ներսում նա պարզել է, որ հարթաքանդակները ջարդվել են կվալդներով, որ հենց պատերի տակ էլ նետել են: Իրաքի իշխանությունները կարծում են, որ միայն մեկ շրջանում 66 հնավայր է ոչնչացվել: Զինյալները նաև կողոպտել են: Պեղումների վայրերում թունելներ փորելու պատճառներից մեկը անտիկ իրեր գտնելու հույսն է եղել` սև շուկայում վաճառքի համար: Հնագույն իրերի վաճառքից ստացված գումարներով նրանք զենք էին գնում: Իրաքի կառավարությունը դիմում է միջազգային հանրության օգնությանը: Ի պատասխան նրա կոչի` Բրիտանական թանգարանը սկսել է իրաքցի հնագետների ուսուցումը, որի մի մասը կատարվում է պեղումների վայրում, որ ԻՊ-ի վերահսկողության տակ չեն եղել` Իրաքի հարավում` Թելոյում և Դարբանդ ի Ռանյայում, որ հյուսիսում` քրդական ինքնավարության տարածքում է:


Թելոն արաբական ժամանակակից անվանումն է շումերական Գիրսու քաղաքի, որ առաջիններից մեկն է մարդկության պատմության մեջ և նախագծով նման է Նինվեին ու Նիմրուդին: Այստեղ գտնվել են կավե աղյուսներ սեպագրերով, որոնցից հայտնի է դարձել շումերների պատմական գոյությունը և 5000 տարի առաջ նրանց գիր ունենալը, կառավարման ձևը, որ նման էր դեմոկրատիայի հին հույներից շատ ավելի վաղ: Հայտնաբերվել են նաև մոնումենտալ ճարտարապետության հետքեր` Գիրսուի կամուրջը, որ աշխարհին հայտնի ամենահին կամուրջն է և հիմա հնագետները ձգտում են պահպանել նրա ավերակները:
Գիրսուի պեղումները 2016-ին ու 2017-ի սկզբին կատարվել են տաճարի շրջանում, որ հիմա հայտնի է իբրև պալատական հնավայր: 80 տարի առաջ ֆրանսիացի հնագետները գտել էին հելլենիստական ոճով կառուցված պալատի ավերակները, հիմա հնագետները ուսումնասիրում են Նինգիրսու տաճարի պատերը` կառուցված կավե աղյուսներով: Այդ տաճարում երկրպագում էին փոթորկի աստծուն: Տաճարն ամենակարևորներից մեկն էր Միջագետքում, որի գոյության մասին հայտնի էր միայն նրա մեծությունն ու գեղեցկությունը փառաբանող սեպագրերից: Փաստը, որ տաճարը գտնվեց, կարևոր շրջափուլ է հին Իրաքի հնագիտության մեջ: Բացվել են տաճարի կենտրոնական մասի մուտքը, որ 4000 տարվա պատմություն ունի, խորանը, միջանցքները` վիթխարի քարե պատկերազարդ սյուներով, ճանապարհի որոշ հատվածներ, գտնվել են թրծված աղյուսների բեկորներ: Փլուզված վերնամասի բեկորներում գտնվել են 100 կոնիական քարե ներդիրներ, որոնց մեծ մասը նվիրված է տաճարի վերականգնմանը շումերական արքաների ձեռքով: Եզակի գտածոներից են շումերական ՈՒր-Բաու թագավորի մարմարյա հուշատախտակի մի մասը, շումերական զույգի պատկերով տերակոտե ցուցանակը, երկու ցիլինդրիկ կնիքները, որոնցից մեկի վրա աստված է, մյուսի` աստվածների հավաքը արևի աստծո առաջ, նաև շումերական սատանայի եզակի պատկերով:
Այս և այլ կարևոր գտածոներ արդեն տեղափոխվել են Բաղդադի Իրաքյան թանգարան:
Իրաքի հյուսիսում ևս կարևոր հայտնագործություններ են եղել: Խոսքը Դարբանդ ի Ռանյա լեռնանցքի և Զագրոսի լեռնալանջերի մասին է, որտեղով անցել է Միջագետք-Իրան ճանապարհը: Ալեքսանդր Մակեդոնացին իր բանակով անցել է այդ ճանապարհով մ.թ.ա. 331-ին, իսկ մ.թ.ա. 8-7-րդ դարերում այդտեղ էր Ասորեստանի արևելյան սահմանը: Մենք հույս ունենք նոր տվյալներ ստանալ այն կայսրության սկզբնական շրջանի մասին, որ եղել է այդ ռազմավարական տարածքում մ.թ.ա. 1-ին հազարամյակում: Մեր ուշադրությունը բևեռված է լեռնանցքի արևմտյան հատվածին` Կալատկա Դարբանդին, որ դուրս է գալիս դեպի Ներքին Զաբ գետը: Այս տարածքը գտնվեց 1960-ականներին արված արբանյակային գաղտնազերծված լուսանկարների վերլուծությունից հետո: Այդ տարածքում ցիրուցան թերթաքարերի ուսումնասիրությունը վկայում է հինավուրց շինությունների մասին, որ հաստատում են անօդաչու թռչող սարքերի ժամանակակից լուսանկարները: Հողի մակերևույթին գտնված հախճապակու ուսումնասիրությունը վկայում է նրանց պատկանելությունը մ.թ.ա. 2-1-ին դարերին: Հավանաբար այդ շինությունները կառուցվել են Սելևկիդների հելլենիստական շրջանում, որ կայսրությունը ժառանգեցին Ալեքսանդր Մակեդոնացուց: Հետո այդ համալիրն անցել է Պարթևների կայսրությանը: Զանգվածեղ պաշտպանական պատը հարավային ու արևմտյան շրջաններում հավանաբար պարթևական շրջանից է, երբ կայսրությունը պաշտպանական պատերազմներ էր վարում հռոմեացիների դեմ: Հյուսիսային վերջնամասում մեծ ամրության ու քարե պրեսների գոյությունը վկայում է, որ բնակիչները զբաղվել են գինեգործությամբ:


Վիթխարի քարառատ բլուրի պեղումները հարավային վերջնամասում բացահայտեցին մեծ շինության ավերակներ, որ հունահռոմեական աստվածներին նվիրված տաճար է եղել: ՈՒսու Ասկայի պեղումները հաստատեցին այնտեղ բերդի գոյությունը ասորեստանյան շրջանից: Նրա պատերը 6 մետր հաստություն ունեն և 5 մետր բարձրություն: Դա եղել է հզոր բերդ, որտեղից վերահսկել են մարդկանց ու ապրանքների շարժումը լեռնանցքով: Պարթևները ոչնչացրել են հռոմեական լեգեոնները և վերցրել նրանց շտանդարտները: Այդ բերդի կառուցումը լիովին կարող էր պատասխանը լինել Հռոմի աճող սպառնալիքների: Այս տարածքի պեղումները նոր գլուխ են բացում Իրաքյան Քրդստանի պատմության մեջ, թեպետ դեռ վերջերս հայտնի չէին հնագետներին: Նրանց վերադարձը Իրաքի առաջ նոր ապագա է բացում` երկիրն ունի անհավանական հարուստ պատմական ժառանգություն: Այդտեղ է համաշխարհային քաղաքակրթության օրրանը, անթիվ գտածոներ են պեղվել նախապատմական ժամանակներից մինչև մեր օրերը: Խաղաղության վերադարձով Իրաք` կվերադառնան և հնագիտական արշավախմբերը: Նրանց աշխատանքը կհարստացնի տվյալները Միջագետքում երբևէ եղած բազմաթիվ քաղաքակրթությունների ձևավորման ու անկումի մասին:
ВВС


Հ.Գ. Պատերազմները սկսվում ու ավարտվում են, մնայունը մշակույթն է, որ անգամ բարբարոսությունը չի սպանում: Մնայունը արվեստի ոգին է, որ ստեղծում են հոգի ունեցողները: Մնացածը ընթացիկ անցուդարձ է, որտեղ ամեն ինչ կարող է գնվել ու վաճառվել, բայց ընդամենը մի կարճ ժամանակի մեջ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5137

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ