Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Այսօրվա կառավարությունը չի ցանկանում ինչ-որ մեկին դուր գալ»

«Այսօրվա կառավարությունը չի ցանկանում ինչ-որ մեկին դուր գալ»
03.10.2017 | 07:52

Հայաստանի տնտեսական վիճակը, մեղմ ասած, հուսադրող չէ: Չկան խոստացված ներդրումները, եկող տարի ևս աշխատավարձն ու թոշակը չեն բարձրանա, արտաքին պարտքն էլ շուտով հատելու է 7 մլրդ դոլարի շեմը: Սակայն այսքան «դժբախտությունների» մեջ կա մի լավ խոստում. տարին ավարտելու ենք 4,5 տոկոս տնտեսական աճով: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ մեկնաբանում է առկա իրավիճակը:


-Մենք պետք է խոսենք ոչ թե այսօրվա և վաղվա մասին, այլ թե ինչ պետք է անենք, որ շոշափելի ապագայում ստեղծենք մրցունակ տնտեսություն,- ասում է նախկին վարչապետը։- Մենք կանգնած ենք մրցունակ ազգային տնտեսություն ձևավորելու անխուսափելի անհրաժեշտության առջև:
-Մանր խնդիրներն ենք դժվարանում լուծել, էլ ուր մնաց մրցունակ տնտեսություն ստեղծենք: Զորօրինակ, աշխատավարձ, թոշակ չենք կարողանում բարձրացնել:
-Որովհետև մեր խնդիրը մանր-մունրը չէ: Մենք պետք է նախ մրցունակ տնտեսություն ստեղծենք, ինչու՞ դա չունենք, որովհետև ներդրումներ չունենք: Իսկ ներդրումներ ունենալու համար պետք է հրապուրիչ պայմաններ ստեղծեն:
-Այդ ուղղությամբ քայլեր կատարվե՞լ են:
-Կարող եմ բազմաթիվ քայլեր նշել, որոնք արդեն իրականացվել են, սկսած հարկային վարչարարության կատարելագործումից մինչև կոռուպցիոն ռիսկերի նվազեցում: Բավարա՞ր են դրանք: Անկասկած` ոչ: Մենք ունենք լրջագույն խնդիր, այն է` դատական համակարգի բարեփոխում: Անհրաժեշտ է հարկային, մաքսային ոլորտը ևս կատարելագործել: Եթե այսօր թոշակ տանք, հաջորդ տարի եկամուտ չլինի, պետք է շարունակենք, չէ՞, թոշակ տալը: Ի՞նչ պետք է անենք, պարտք վերցնենք` թոշա՞կ տանք: Եթե պարտք ենք վերցնում, պետք է ոչ թե թոշակ ու աշխատավարձ տանք, այլ տնտեսության զարգացման պայմաններ ստեղծենք: 2009-ից մենք արտաքին պարտք ենք վերցրել, որ կարողանանք սոցիալական վիճակը մեղմել, ցնցումների մեջ չընկնել: Սա լավ կյանքից չէ: Հիմա փորձում ենք դրա դեմն առնել: Երբ ասում ենք, որ 4,5 տոկոս տնտեսական աճ ենք կանխատեսում, դա իր հետ բերելու է տնային տնտեսությունների եկամուտների ավելացում: Իսկ երբ ասում ենք, թե աշխատավարձ չենք բարձրացնում, խոսքը նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին է: Անհամեմատ ավելի կարևոր է, որ այդ պարտքն ուղղվի կապիտալ, քան ընթացիկ ծախսերին:
-Տնտեսական ծանր իրավիճակից փրկությունը ներդրումներն են, սակայն այս հարցում էլ չենք փայլում. կառավարության խոստացած ներդրումների կեսն էլ չի եղել:
-Կառավարությունը խոստացել է մինչև տարեվերջ ապահովել 800 միլիոնի ներդրումներ: Կիսամյակի կտրվածքով ներդրումների ծավալն արդեն 400 մլն-ն անցել է: Եթե ասում ենք 800 մլն, չպետք է հասկանալ, որ հենց այս տարի դրանք ավարտվեցին: Շարունակվելու են նաև եկող տարի, մյուս տարի: Պետք չէ խնդիրները քաղաքականացնել ու կուսակցականացնել: Քաղաքացու հետ պետք է ազնիվ լինել: Այսօրվա կառավարությունը չի ցանկանում ինչ-որ մեկին դուր գալ, իսկ դա ինձ շատ է դուր գալիս: Ասում է` ուզում եք ինձ խփեք, բայց սա է իրականությունը: Եթե գա մեկ ուրիշը, նույն բանն է անելու, որովհետև ոչ ոք պարտք չի վերցնում, որ գնա հաց առնի: Հիմա կարծես բարենպաստ պայմաններ են ստեղծվում Ռուսաստանում, կանխատեսվում է մինչև 2 տոկոս տնտեսական աճ, եվրոպական շուկան էլ է ակտիվանում, թեպետ վերջինիս հետ կապված ենք հումքով: Մենք շահագրգռված ենք ԵԱՏՄ շուկայով, քանի որ այն մեզ հնարավորություն է տալիս ոչ թե մեկ ոլորտ զարգացնել, այլ մի ողջ սեկտոր:
-Ձեր ընդդիմադիր գործընկերներն էլ պահանջում են դուրս գալ ԵԱՏՄ-ից, թվային հաշվարկներով ապացուցելով, որ անդամակցության այս տարիներին տնտեսական անկում ենք ունեցել:
-Ինչ-որ թվեր են բերում, բայց անցյալ տարի դեպի Ռուսաստան մեր արտահանման ծավալներն աճել են 50 տոկոսով, այս տարի` 30-34 տոկոսով: Երբևէ մեր արտահանման և ներմուծման դինամիկաներն այսքան իրար մոտ չեն եղել: Սա ԵԱՏՄ-ի շնորհիվ է, որովհետև այդ ամբողջի մեջ հումքը 40 տոկոս է, մնացածը եվրասիական շուկա արտահանվող ապրանք է: Եթե դուրս ենք գալիս ԵԱՏՄ-ից, պետք է ասենք, որ ուզում ենք ԵՄ-ի համար դառնալ հումքային կցորդ, որովհետև մենք ԵՄ-ին հետաքրքիր ենք որպես հումք:

Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4972

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ