Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Թուրքիան և Ադրբեջանը Նախիջևանից «ինչ-որ բան» են նախապատրաստում իրենց հարևանների դեմ

Թուրքիան և Ադրբեջանը Նախիջևանից «ինչ-որ բան» են  նախապատրաստում իրենց հարևանների դեմ
03.10.2017 | 08:41

(Նախորդ մասը)

Առաջին ձևակերպմամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարության նախկին պաշտոնյան կամա-ակամա ցույց է տվել, որ Նախիջևանում համատեղ զորավարժություններ անելու նախաձեռնությունը բխում է հենց Թուրքիայից, ոչ թե Ադրբեջանից. չէ՞ որ, նախ, խողովակաշարերն ավելի շատ պետք են Թուրքիային և Իսրայելին, որովհետև նավթն ու գազը Կասպից ծովից Թուրքիայով հոսում են ոչ թե Եվրոպա, այլ Իսրայել, և իսրայելցիները Կասպից ծովի ածխաջրածինների թուրքական տարանցման համար լավ փող են վճարում: Մենք չենք պնդի, որ Իսրայելն է Թուրքիային ու Ադրբեջանին հրահրում շեշտակիորեն ամրապնդելու իրենց ռազմական համագործակցությունը Նախիջևանում, դրա համար պարզապես ապացույցներ չկան, մինչդեռ եթե կենտրոնանանք միայն Թուրքիայի վրա, ապա բացատրությունն ակնհայտ կդառնա. իհարկե, Թուրքիան ուզում է, բացի իր տարածքը և իր շահերը վտանգից զերծ պահելուց, պահպանել նաև Կասպից ծովից Թուրքիայով նավթի ու գազի տարանցման իսրայելական վճարումներից ստացվող եկամուտը: Սակայն, հաշվի առնելով, որ Իսրայելի և Թուրքիայի կառավարող վերնախավերի միջև եղած խորքային կապերն անսասան են, չնայած այն բանին, որ նրանք ժամանակ առ ժամանակ «հարաբերությունների վատացման թատրոն» են սարքում, նկատի ունենալով Ադրբեջանում Իսրայելի հետախուզական բազաների և «Մոսսադ» հատուկ ծառայության՝ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունում աշխատող սպաների մի ամբողջ խմբի առկայությունը, մենք լիիրավ ենք ենթադրելու, որ թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության մեջ էլ իսրայելցիներն իրենց տեղն ու դերն ունեն: Այդ թվում՝ Նախիջևանում զորավարժություններ անցկացնելու հարցում:


Բայց բանն այն է, որ թուրքական թափանցման ռազմական բաղկացուցչին ավելանում է նաև տնտեսական գործոնը: Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին հունիսի 19-ին հայտարարեց, որ Անկարան մտադիր է ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ) ստեղծել Նախիջևանում: Առհասարակ, վերջին տարիներին Անկարան շատ կարևոր դեր է խաղում այդ տարածաշրջանի տնտեսական զարգացման գործում: Ինքնավար հանրապետության և մայր երկրի միջև ընդհանուր սահմանների բացակայությունը հարևան Թուրքիային եզակի հնարավորություն է տալիս ամրապնդելու իր դիրքերը երկրամասի տնտեսության բոլոր առանցքային ոլորտներում: Թվում է, թուրք նախարարի հայտարարած ԱՏԳ-ի ստեղծումը միայն կամրապնդի թուրքական վերահսկողությունը ադրբեջանական առանձնատարածքի նկատմամբ: Ապշերոնում չեն թաքցնում, որ Նախիջևանում Թուրքիայի հետ ռազմական կոոպերացիան, ըստ էության, նոր ճակատ է բացում Երևանի դեմ: «Եթե Թուրքիան իրոք ռազմաբազա բացի Ադրբեջանում, ապա դա նոր նրբերանգներ կմտցնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Նախիջևանը ռազմավարական կետ է Հարավային Կովկասում, իսկ ներկա զորավարժությունները ցույց են տալիս Թուրքիայի աշխարհաքաղաքական նկրտումները այդ տարածաշրջանում, ինչպես նաև Անկարայի հակվածությունը Կարսի պայմանագրին»,- հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի նախկին պատգամավոր Էլման Նասիրովը ռուսաստանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցներից մեկում: Թուրքական ներկայությունը Նախիջևանում, բնականաբար, առաջին հերթին ռազմական, լրացուցիչ սպառնալիքներ է ստեղծում տարածաշրջանում տիրող իրավիճակի սրման առումով: Փաստորեն, Բաքուն ինքնավար առանձնատարածքը լրացուցիչ ռազմահրապարակ է համարում Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար, իսկ թուրքական բազաները, հավանաբար, պետք է Հայաստանին զսպող գործոն դառնան, եթե Երևանը որոշի պատասխան միջոցներ ձեռնարկել: Այստեղ, իհարկե, պետք է հաշվի առնել նաև մի ոչ պակաս կարևոր հանգամանք. Նախիջևանը սահմանակից է Հայաստանի Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերին: Իսկ Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված պայմանագրի համաձայն, ռուսական 102-րդ ռազմաբազան, ՌԴ շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից բացի, ապահովում է նաև հանրապետության անվտանգությունը նրա սահմանների ամբողջ երկայնքով: Այսպիսով, Ադրբեջանի հարվածը Նախիջևանից կհամարվի ագրեսիա ոչ միայն ընդդեմ Հայաստանի, այլև ընդդեմ Ռուսաստանի՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով: Եվ այդ բանը չեն կարող չգիտակցել ինչպես Բաքվում, այնպես էլ Անկարայում, որովհետև այդ դեպքում պետք չէ նույնիսկ ԱՊՀ ՀԱՊԿ-ի արձագանքման մեխանիզմը, որի անդամ է Հայաստանը, բավական է պահանջել կատարել 1997 թ. հայ-ռուսական «Մեծ պայմանագրի» համապատասխան կետերը: Ահա այսպես էլ «հօդս է ցնդում» Թուրքիայի և Ադրբեջանի ամբողջ հռետորաբանությունը «Կարսի պայմանագրին հավատարմության» և «Հայաստանին զսպելու» մասին. չէ՞ որ արդեն հասկանալի է, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան չեն համարձակվի հարաբերությունները սրել ՌԴ-ի հետ՝ ով և ինչպես էլ «հրահրի» նրանց: Հատկապես՝ Թուրքիան. Անկարայում չեն կարող չհասկանալ, որ նույնիսկ ՆԱՏՕ-ն հազիվ թե ցանկանա օգնել թուրքերին, եթե նրանք «հանուն Ադրբեջանի պաշտպանության» մտադրվեն նոր ճակատ բացել Ռուսաստանի հետ Արևմուտքի «սառը առճակատման» ասպարեզում:


Բայց այսպես թե այնպես, Նախիջևանում Թուրքիայի և Ադրբեջանի զորավարժությունները չեն կարող չանհանգստացնել նաև Մոսկվային: Ռուսաստանը, բացի նրանից, որ ինքն էլ է Նախիջևանի կարգավիճակի երաշխավոր և այլն, միաժամանակ հիացած չէ այն բանով, որ այդ առանձնատարածքը դառնա նոր ռազմահրապարակ դաշնակից Հայաստանի դեմ: «Ռուսաստանի համար անընդունելի են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից թույլ տրվող ամեն տեսակի սադրանքները Նախիջևանում: Ցանկացած անզգույշ քայլ ծայրաստիճան վտանգավոր հետևանքներ կունենա տարածաշրջանային փխրուն անվտանգության համար»,- հունիսի 21-ին նշել է ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը: Նրա խոսքերով՝ Թուրքիան ակտիվ ջանքեր է գործադրում մեծացնելու իր ռազմական ներկայությունն այն տարածքներում, որտեղ Մոսկվան հստակորեն նշված շահեր ունի: «Երկու երկրների փոխհարաբերությունները բավական հակասական բնույթ ունեն: Եթե Սիրիայում, օրինակ, Մոսկվան ու Անկարան խախուտ զինադադարի երաշխավոր են, ապա Անդրկովկասում Թուրքիան ուժեղացնում է ռազմական համագործակցությունը Անկարա-Թբիլիսի-Բաքու գծով: Եվ հասկանալի է, որ Ռուսաստանը, լինելով Հայաստանի անվտանգության երաշխավորը, նրա հիմնական ռազմաքաղաքական դաշնակիցը, համապատասխան գործողություններ կձեռնարկի հանրապետության ռազմական կարողության ամրապնդման համար»,- ամփոփել է մոսկվացի փորձագետը: Իսկ մենք հավելենք՝ Ռուսաստանում չեն կարող չհասկանալ, որ եթե թուրքերը փորձեն Նախիջևանի առանձնատարածքն օգտագործել այս կամ այն քայքայիչ նպատակով, ապա, բացի Հայաստանը խոցելի դարձնելուց, այդ փորձերի նպատակը կլինի նաև Ռուսաստանի գործոնը նվազագույնի հասցնելը: Կամ էլ Իրանի՝ Սիրիայի և Իրաքի գծով Ռուսաստանի դաշնակցի գործոնը: Երկու տարբերակներն էլ անընդունելի են Մոսկվայի համար, որովհետև, օրինակ, երկրորդ դեպքում (այսինքն, եթե Նախիջևանից իրադրության սրման թուրքական փորձերն ուղղված լինեն Իրանի դեմ) Ռուսաստանին հազիվ թե հաջողվի զսպել Իրանին համարժեք հակահարված հասցնելուց, ինչը, ըստ էության, Իրանը ցույց տվեց հենց 2017 թ. հունիսին, երբ առանց Մոսկվայի հետ համաձայնեցնելու, ի պատասխան հունիսին 7-ին Թեհրանում կատարված ահաբեկչական ակտերի, ամսի 19-ին վեց հրթիռային հարված հասցրեց Սիրիայի տարածքի այն վայրերին, ուր տեղակայված էին ԱՄՆ-ի, Իսրայելի, Թուրքիայի, Եվրոպայի հատուկջոկատայիններն ու զինյալ ահաբեկիչները:


Այն, որ Ռուսաստանը, այնուամենայնիվ, «մտքում պահում է» Նախիջևանի իրադրությունը, կապված Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական պատրաստությունների կտրուկ ակտիվացման հետ, վկայում է նաև ռուս ռազմական փորձագետ Իվան Կոնովալովի հարցազրույցը՝ հրապարակված 2017 թ. օգոստոսի 16-ին: Նախիջևանում լանդշաֆտը հիմնականում հարթավայրային է, և Հայաստանի զինված ուժերի համար հեշտ կլինի ոչնչացնել Ադրբեջանի կողմից ստեղծվող ցանկացած ռազմական ենթակառուցվածք՝ ասում է նա: «Նախիջևանի տարածքից լուրջ վտանգի դեպքում Հայաստանը արագորեն շարքից կհանի այն: Բայց ես կասկածում եմ, թե Բաքուն կհամարձակվի պատերազմի դեպքում օգտագործել Նախիջևանի ստորաբաժանումները, քանի որ աշխարհագրական և ռազմական տեսակետից դա բացարձակապես ձեռնտու չէ»,- ասել է Կոնովալովը: Բաքուն հիմա զբաղվում է ուժի սովորական ցուցադրմամբ, ոչ ավելին, կարծում է ռազմական փորձագետը: «Հայաստանի ԶՈՒ-ն բավարար ուժեր ու միջոցներ ունի, որպեսզի միայնակ չեզոքացնի այդ առանձնատարածքից սպառնացող վտանգը: Բայց չմոռանանք, որ Նախիջևանի մոտակայքում գտնվում է Գյումրու ռուսական ռազմաբազան: Նախիջևանից ցանկացած ռազմական գործողություն կդիպչի ռուսական ռազմաբազային, և այդ դեպքում ռուսական կողմի պատասխանը կլինի կոշտ ու վճռական»,- ասել է ռուս փորձագետը: Կոնովալովն ավելացրել է նաև, որ հայկական բանակային հետախուզությունը հետևում է Նախիջևանում Ադրբեջանի ռազմական կարողության մեծացմանը և անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ քայլեր կձեռնարկի:


Այդուամենայնիվ, մենք պնդում ենք, որ Նախիջևանի տարածքի օգտագործմամբ իրենց սպառնալիքների հիմնական ուղղությունը Թուրքիան ու Ադրբեջանը ինչ-որ փուլում կարող են թեքել Իրանի կողմը, ոչ թե Հայաստանի, անգամ եթե հաշվի առնենք, որ օպերատիվ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին և Արցախի ռազմաճակատներում ծայրաստիճան լարված է: Մենք մեզ թույլ ենք տալիս հիշեցնել որոշ փաստեր, որոնք մայիսի վերջերից բաց ուղիներով ստացվել են Իրանից: Հուլիսի 24-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), ի դեմս Իրանի սահմանապահ զորքերի գլխավոր հրամանատար բրիգադային գեներալ Քասեմ Ռըզայիի, հարավիրանական Բուշեր քաղաքում կայացած արարողության ժամանակ հայտարարեց, որ իրանական սահմանապահ զորքերը հյուսիսարևմտյան Իրանի սահմանամերձ գոտում հայտնաբերել ու առգրավել են մեծ քանակությամբ զենք-զինամթերք, որոնք մաքսանենգ ճանապարհով երկիր են բերվել անասունների օգտագործմամբ՝ հաղորդում է Fars News գործակալությունը. «Երկրի հյուսիսարևմտյան մասում սահմանապահները հայտնաբերել են 30 ձի ու ջորի, որոնցով զենք, զինամթերք ու պայթուցիկ սարքեր էին փոխադրել»: Նշելով, որ իրանական սահմանապահները միշտ պատրաստ են դիմակայելու թշնամու սպառնալիքներին, գեներալ Ք. Ռըզային ասել է. «Նրանք զավթիչներին ու թշնամիներին թույլ չեն տալիս խախտել Իսլամական Հանրապետության սահմանները»: Տեղեկությունը միայն առաջին հայացքից է ժամանակավրեպ թվում. Fars News-ի նույն հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ դա արդեն երկրորդ դեպքն է Իրանի հյուսիսարևմտյան սահմաններում ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում: Իրոք, հուլիսի 20-ին նույն ԻՀՊԿ-ն հաղորդել էր, որ իր սահմանապահներին հաջողվել է մի խումբ ահաբեկիչների ոչնչացնել Իրանի հյուսիսարևմտյան սահմանի մոտ գտնվող զրոյական կետում անցկացված գործողության ժամանակ, սպանելով և վիրավորելով յոթ զինյալների: ԻՀՊԿ-ի «Համզե Սայիդ ալ-Շոհադի» բազայի կենտրոնակայանի հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդել է, որ ԻՀՊԿ-ի ստորաբաժանումների և օտարերկրյա ահաբեկիչների միջև ծանր բախումներ են տեղի ունեցել սահմանի վրա: Հայտարարության համաձայն, ԻՀՊԿ-ի ռազմաբազայի ուժերը ծանր կորուստներ են պատճառել զինյալներին, որոնք մտադիր էին ահաբեկչական ակտեր իրականացնել Իրանում: Մարտական բախման ընթացքում երեք ահաբեկիչ սպանվել է, չորսը՝ վիրավորվել, իսկ մեկ ահաբեկիչ գերվել է: Ահաբեկչական խմբի մի քանի անդամներ կարողացել են փախչել: Գործողության ընթացքում ԻՀՊԿ-ի բազայի ստորաբաժանման մեկ մարտիկ զոհվել է, մեկը` վիրավորվել:


(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4762

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ