Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ո՞վ է պատասխանատու երկրի ու պետականության, ազգի ու պատմության առջև

Ո՞վ է պատասխանատու երկրի ու  պետականության, ազգի ու պատմության առջև
03.10.2017 | 09:02

(Առաջին մասը)

Մեր պատմության մեջ Մովսես Խորենացին սեփական ժողովրդի ու իշխանական դասի կողմից, անշուշտ, միակ այպանվածը չէ: Դրանք բոլոր ժամանակներում, այդ թվում՝ մեր օրերում, չափազանց շատ են, որոնք հայրենիքում կամ անընդհատ հալածանքների են ենթարկվել, կամ էլ վտարանդվել: Սա կարծես մեր ժողովրդի համար արդեն դարձել է ապրելակերպի նորմ, ազգային սովորություն: Անշուշտ, այսպիսի վարքագիծը ցանկացած ժողովրդի համար արգահատելի է, ժողովրդի առաջընթացի զարգացման և պետական կարգ ու կանոնի ամրապնդման արգելք-արգելանք, որից դարեր շարունակ ոչ մի կերպ ձերբազատվել չենք կարողանում:


Ընդունելի կարելի է համարել նաև ակադեմիկոս Գ. Սարգսյանի մեկնաբանությունը, որ «Մովսես Խորենացու Ողբի երկրորդ եզրափակիչ մասը ոչ թե իր ժամանակի հայ իրականության նկարագրությունն է, նույնիսկ խտացված գույներով, այլ աստվածաշնչական մարգարեներ Երեմիայի ոգեշնչմամբ և Զաքարիայի օրինակով Պատմահոր բերանով արված մարգարեություն-գուշակություն» (Գ. Սարգսյան, նշվ. աշխ., էջ 128): Այս դեպքում, անվարան կարելի է ընդունել, որ նման գուշակություն կատարողը պետք է ունենար ոչ միայն կռահելու ունակություն, այլև խորապես ծանոթ լիներ, ինչպիսին է Խորենացին, հայ ժողովրդի ազգային հոգեբանությանն ու վարքագծին, նրա պատմափիլիսոփայության նրբերանգներին ու առանձնահատկություններին: Մի գուշակություն-եզրահանգում, որը հայ ժողովրդի պատմության մեջ անցած 1600 տարիների ընթացքում ոչ միայն քննություն է բռնել, այլև դարձել է պատմական իրողություն, որի անտեսումն անհնար է, և այսօր էլ Ողբի ասելիքը իր ենթաշերտերով ցավալիորեն արդիական է: Մեծ քերթողահոր Ողբում արձանագրված-խարազանված երևույթները 5-րդ դարից մինչև այսօր գրեթե անփոփոխ են մնացել, ժամանակ առ ժամանակ ավելի ցցուն կամ էլ սակավ երևացող են դարձել, ապականել են հայկական իրականության շատ ու շատ բնագավառները, խախտել հայոց պետականության սյուները:
Նկատի ունենալով պատմական փաստերը, սխալված չեմ լինի, եթե նշեմ, որ հայը ժառանգական պայքարի զինվոր չէ: Քանզի նրան պատմական և զգացմունքային հիշողությունը ավելի գնահատելի ու կարևոր է թվում, որի համար էլ նրա ձեռնարկած քաղաքական պայքարը մեծ մասամբ ավարտվում է անարդյունք, տրամաբանական լճացումներով և հիասթափություններով: Ակնհայտ է նաև, որ անցյալի ձախողված փորձերից ու իրադարձություններից մենք ազգովին անհրաժեշտ հետևություններ չենք կատարում և ավելի շատ տարված ենք մեզնից առաջ ունեցածները քննադատելու մարմաջով: Եվ դարեր շարունակ մեր սերունդը սերնդին է ժխտում, անհատն ու իշխանավորը՝ անհատին ու առաջնորդին, համակարգը՝ համակարգին: Ճիշտ և ճիշտ 1920 թ. գրող Դերենիկ Դեմիրճյանի գրած «Հայի» հետևյալ բնորոշմամբ.
«Թուով ամենափոքր է, տառապանքով ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով՝ ամենից անփոփոխը:
.... Դիվանագիտության մէջ մի բանումն է շատ հոգածու՝ անկեղծ լինել: Այնքան անկեղծ և միամիտ, որ անկասկածելի խորամանկի և կեղծավորի տպաւորություն է անում:
…. Քծնում է, ստրկանում օտարի ոտքի տակ… հերոսանում է յանկարծ և ծառանում վիշապի նման:
…. Ամէն մի Հայ մի Հայ ունի, որի հետ թշնամի է մինչեւ մահ: Սա նրա անհրաժեշտությունն է: Անկարգ է և անիշխանական թէ պետութեան և թէ գաղափարների մէջ: Իբրեւ ժողովական՝ անմիաբան է, անտանելի, խռովարար:
…ՈՒր հեղափոխություն՝ այնտեղ Հայություն: Բայց իբրև «ական» ծայրահեղական է: Շահի դեմ, Սուլթանի դեմ, Ցարի դեմ: Ասենք ամեն Հայ մի փոքր Շիրակացի է, Դոն Քիշոտի պես: Կոտորածներից ամենազարհուրելին ինքը տեսավ և ինքն էր, որ չխրատվեց. իր օրիենտացիան բացակայի օրիենտացիան է: Թաթա՞րն է մոտը՝ սպասեց Ռուսին: Ռու՞սը եկավ, աչքը Եվրոպային էր: Եկա՞վ Անգլիացին՝ դարձյալ Ռուսին էր սպասում: Ռու՞սն է գալիս՝ չի ընդունում… ՈՒրեմն, իր պետությունն է ուզում ստեղծել, չի՞ ուզում ստեղծել՝ ի՞նչ իմանաս… Մի ձեռքը ճանկռոտելով հիմնում է այդ պետությունը, մյուս ձեռքը ճիգ է անում հիմքից քանդելու» («Հայաստանի անկախություն» 02. 08. 1920, andin.am/2015/12/23/հայը-բնագիր):
Եվ այսպես, դեռևս Ագաթանգեղոս պատմիչի վկայությամբ, Հայաստանի նախարարական տներից 15-20-ը իրենց գերդաստաններով, որը կարող էր կազմել մոտ 65-70 հազար մարդ, աքսորվեցին երկրից, պետական գանձատունը կողոպտման ենթարկվեց: Այսպիսով, թե՛ ներքին հակամարտություններից և թե՛ Հայաստանն ասպատակած նվաճողների՝ արաբների ու պարսիկների, թուրքերի ու մոնղոլների հալածանքներից տարի առ տարի սկսվեց Հայաստանի իսկական տերերի՝ նախարարական տների ու ազնվական դասի ներկայացուցիչներին հալածանքների ենթարկելու ու ոչնչացնելու գործընթացը: Պատմականորեն փաստվում է նաև այն հանգամանքը, որ դարեր շարունակ թշնամու դեմ միասնական ուժերով այս կամ այն կարգի հաղթանակներ տանելուց հետո մենք անբացատրելի կերպով լծվում ենք իրար դեմ պայքարելու-պատերազմելու, երկրի ինչքին ու իշխանական լծակներին տիրանալու գործին: Հանգամանք, որը մշտապես խարխլել է ազգային համախմբվածությունն ու պետության հիմնասյուները:


Հիշենք Տիգրան Մեծին վերաբերող դեպքը, երբ հռոմեական զորքերին սատարում էր արքայից արքայի որդին՝ Տիգրան Կրտսերը: Կամ միջնադարյան ծաղկուն Անի քաղաքի բերդի բանալիները Վեստ Սարգսի կողմից դավաճանորեն թշնամուն հանձնելը: Նույնիսկ այսօր՝ մեր աչքերի առաջ, հայ մարդիկ, դավաճանելով Հայրենիքին, անցնում են Ադրբեջան և գործում Հայաստանի դեմ: Մեր բանահյուսության մեջ անգամ, օրինակ, իր արտացոլումն է գտել ժառանգական պայքարից հետ կանգնելու կամ այն արդարացի համարելու փորձը: Օրինակ, Փոքր Մհերի ժողովրդական-բանահյուսական կերպարը, որն աշխարհի չար լինելու պատրվակով փակվում է քարայրում և խոստանում այդտեղից դուրս գալ այն ժամանակ, երբ աշխարհն ավերվի և նորից շինվի, երբ ցորենը դառնա մասուրի, իսկ գարին՝ ընկույզի չափ: Ճիշտ և ճիշտ այսպես են մտածում նաև մերօրյա Հայաստանից արտագաղթողները, որոնք ինչ-որ տեղ սպասում են Հայաստանի վերակառուցմանը, որ վերադառնան:
Գաղտնիք չէ, որ մարդը իր միջավայրի արդյունքն է, իր բարոյականն էլ՝ նրա արդյունքը: Մեր ժողովուրդը պատմության ընթացքում հաճախակի և հանկարծակիորեն ենթարկվել է ջարդերի, ապրել ողբերգություններ: Եվ կարծես թե դարեր շարունակ նա հնարավորություն չի ունեցել որպեսզի կենտրոնանա, խորհի: Այդ իսկ հանգամանքով էլ հայը սովորաբար զգոն է, կասկածամիտ, տխուր ու մելամաղձոտ, տաքարյուն և միաժամանակ վարանոտ ու վեհերոտ: ՈՒնի միանգամայն խորամանկության հասնող ճարպկություն: Այս ամենը դարեդար փոխանցվել է սերնդեսերունդ, և մենք կարծես հավերժորեն պատանդ ենք մեր այս հոգեբանական վարքագծին, որը, ցավոք, ժամանակ առ ժամանակ մեզ ուղղորդել է ինքնակործանման:


Փաստ է նաև այն հանգամանքը, որ մեր պատմության մեջ մեր ժողովրդի հոգեբանության բացասական գծերի ու ցավագին դեպքերի վերաբերյալ բացեիբաց խոսել-ներկայացնելն այնքան էլ ընդունելի չի համարվել, որի պատճառով էլ այս խնդիրները մեծ մասամբ շրջանցվել կամ էլ լռության են մատնվել և ստվերի պես հետապնդում են մեզ: Եթե օտարները մի աննշան դրական կարծիք են հայտնել մեր մասին, ապա այն դրոշակ դարձնելով ի ցույց ենք դնում: Ինչ վերաբերում է մեր թերություններին ու բացասական հատկանիշների մասին ասվածներին, ապա գերադասում ենք չտեսնելու տալ և լռել: Սակայն ինքներս մեզ հարց տանք՝ մինչև ե՞րբ... Մինչև ե՞րբ կարելի է հանցավոր կերպով չխոսել ու չվերացնել մեր թերություններն ու բացասական գծերը: Չէ՞ որ նաև այդ պատճառով է, որ անցյալի սխալներից երբեք դասեր չենք քաղել և մշտապես տուժել ենք: Բերեմ ընդամենը մեկ օրինակ, որը ժամանակակիցներիս շատ լավ հայտնի է: ԽՍՀՄ տարիները, որքան էլ դրանք անբարենպաստ դիտվեն, մի շարք թերություններով հանդերձ, հայաստանաբնակ հայության համար, կարելի է ասել օրհնաբեր տասնամյակներ եղան: Երկիրը վերակառուցվեց ու շենացավ, երկրից դուրս գալու արգելանքները նպաստեցին, որ բնակչության թիվը հասնի ավելի քան 3,5 միլիոնի, որին նպաստեց նաև 1946-49 թթ. և ապա 1970-ական թվականներին իրականացված ավելի քան 100 հազար հայության ներգաղթը: Խորհրդային Հայաստանի տարեցտարի զարգացող գիտությունն ու արդյունաբերությունը, արվեստի ու մշակույթի մի շարք բնագավառները, գյուղատնտեսությունը և այլն մեծ ճանաչման արժանացան ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլև աշխարհի շատ ու շատ երկրներում: Այս ամենը, ցավոք, 1990-ական թվականներին ի զորու չեղանք պահպանելու, ամրապնդելու և զարգացնելու: Շատ ու շատ ազգային հարստություններ ուղղակի փոշիացան ու կողոպտվեցին: Եվ այսօր երկիրը կանգնած է անբուժելի ու շատ դժվարին խնդրի առջև, որի անունն է արտագաղթ: Եթե Հայաստանում՝ օտար իշխանությունների տակ գտնվող ու ջարդերի ենթարկվող հայությունը ստիպված բռնագաղթի էր ենթարկվում, ապա այսօրվա հայաստանաբնակ հայը արտագաղթելով ինքնակամ է լքում Հայրենիքը, այսինքն` բռնագաղթը ստիպել են օտարները, իսկ արտագաղթը՝ մենք: Այս երևույթը պարզապես աղետ է Հայաստանի ու հայության համար, որի հեղինակները միմիայն մենք ենք: Քանզի հայերը, նախորդ դարերի նման, այսօր էլ սեփական գիտելիքները և ունակությունները, իրենց ազգային տաղանդն ու միտքը ծառայեցնում են աշխարհի շատ ու շատ երկրների զարգացմանը: Հանգամանք, որն աղետալի ու կործանարար է, որովհետև Հայաստանը, փաստորեն, այլ երկրների ու ժողովուրդների համար դարձել է մտքի հարկատու երկիր, ինչն ամենևին էլ պարծենալիք չէ:


Ասել է՝ բազմաթիվ և բազմազան որոգայթների մեջ գտնվող այսօրվա Հայաստանի իրավիճակը Խորենացու նկարագրած Ողբից չի տարբերվում: Եվ մեր քնած, թմբիրով տարված հիշողության համար է, որ մեր մտավորական խավի ներկայացուցիչները թե՛ անցած ժամանակներում և թե՛ հիմա, հաճախակի են կոչնակում, ապագա սերունդներին փոխանցում մեր ժողովրդի առջև ծառացած անցյալի և ժամանակի տագնապներն ու վտանգները: Սակայն, ինչպես ժողովրդական իմաստուն խոսքն է ասում՝ ասողին լսող է պետք: Քանզի փաստերը ցույց են տալիս, որ մտքառատ հայ ժողովուրդը ծերանում է ոչ թե մտքերի, այլ անելիքների բացակայությունից: Հետևապես մեծագույն վտանգ է, որ չի կարելի ծերանալ կամ մահանալ ծերությունից կամ մահվանից առաջ: Որովհետև նման իրավիճակների արմատը առաջացած խնդիրների անտեսումն ու դրանց լուծումներ տալու անկարողություններն են: Մեր դարավոր պատմության ընթացքում մեր մասին և՛ լավ, և՛ վատ բազմաթիվ խոսք ու կարծիքներ են արձանագրվել: Ստորև եկեք ևս մեկ անգամ աչքի անցկացնենք ոչ հեռու անցյալի մեր երևելիներից մի քանիսի կոչնակած մտահոգությունները, որոնք ոչ միայն չեն տարբերվում քերթողահայր Մովսես Խորենացու Ողբի տագնապներից, այլև ավելի խիստ են և պատասխաններ են պահանջում:


19-րդ դարի կեսերին Ռափայել Պատկանյանը հարց ու պատասխանի կարգով շարադրած իր «Վարդապետարան Հայաստանի ազատության» ծրագիր-աշխատանքում բազմաթիվ հարցուպատասխանների շարքում գրել է.
«Հարց. Ո՞վ է հայի թշնամին և ո՞վ է նրա բարեկամը:
Պատասխան. Հայի թշնամին նա է, ով աշխատում է հայերին հեռացնել Հայաստանից և սուտ արհավիրքներով վհատեցնում է նրան` իր ազգաշեն գործում: Իսկ հայի բարեկամը նա է, որ դյուրացնում է այդ գործը կամ իրենց աշխարհը վերադառնալը, կամ հորդորում է իր աշխարհի մեջ հաստատուն մնալու:
Հարց. Որո՞նք են հայկական մոլորությունները:
Պատասխան. Ամենագլխավոր ու ազգակործան հայկական մոլորությունն է.
1) աշխարհաքաղաքացիություն, 2) պանդխտություն, 3) անձնական շահի համար տարաբնույթ խարդախություններ, որով անարգվում է հայ ազգի անունը, 4) շահասիրական ազգասիրություն (կեղծ ազգասիրություն), 5) հայ մեծավորների դեմ ըմբոստություն (դավաճանություն, մատնություն) ու 6) օտարի հետ ամուսնություն:
Հարց. Ի՞նչ պատճառով հայոց անկախությունր չորս անգամ կորսվեց:
Պատասխան. Հայերի անկախության չորս անգամ կորչելու պատճառները միևնույնն էին. նախ Հայաստանի հողը պատկանում էր 300-400 մեծամեծների (նախարարների) և ոչ թե իր միլիոնավոր ժողովրդին, և երկրորդ՝ հայերի խելքը չբավարարեց ազգային դրական օրենքներ հորինելու: Հայոց ազգը չուներ ո՛չ սեփական հող և ո՛չ օրենք: Նրա հարևան տերություններին շատ դյուրին էր ընկճել մի ազգ, որ զրկված էր և՛ իրավունքից, և՛ սեփականությունից. իսկ հայ ազգի համար օտարների լուծը ոչնչով ավելի ծանր ու դառը չէր, քան թե համազգի նախարարների լուծը» (bnaban.am):


Խորենացու ողբից շուրջ 1400 տարի հետո մեծն Կոմիտասը 1907-1909 թթ. ցավով գրում է. «Հոտն անհովիվ՝ մոլոր ու շփոթ, աներևույթ, անզուսպ ալիքներ հախուռն կհուզեն ի խորս մեզ հալածական ու ողբալի կենաց ծովու: Անմիտ որսորդներ բոլորած՝ միամիտ ձկներ ցանցած: Մթնոլորտը թույն կտեղա, բուժիչ ուժ չկա: Ավերած, սարսափ ու սանձարձակ կեղեքում մեկ կողմեն, անտարբերություն, օտարամոլություն ու ցեխոտ սրտեր մյուս կողմեն… Փառասիրություն, փութկոտություն մեկ երեսեն, ապիկարություն, տգիտություն մյուս երեսեն: Յուրաքանչյուր ոք իր պաշտոնն զգեցած է իբր հանդերձ, յուր մերկության մտած ծածկի ի միամիտ աչաց… ՈՒր է մեր խոհական Խորենացին… մեր նախնիք իրենց պաշտոնին փարած էին անձնահեղձությամբ, իսկ մենք կհափշտակենք գործն՝ ընչաքաղցությամբ: Սիրտս փլած է» (Հ. Սարգսյան, «Խաչս տալիս եմ քեզ»):


Մեծ վիպասան Րաֆֆին իր հանրահայտ «Խենթում» ցավով է գրել, որ. «Ամեն մի հայ, առանձին վերցրած, առյուծ է, ինչպես և խելքով ու դատողությամբ՝ հսկա: Բայց ընկերական ոգու բացակայությունը խմբովին գործելիս ջլատում է նրա ուժերը: Ձգեցեք մենակ հային վտանգների փոթորկի մեջ, նա արժանավորապես կպաշտպանի յուր գլուխը: Բայց խմբեցեք մի քանի հայեր միասին, և նրանք պաշտպանվելու կամ հարձակվելու փոխարեն, կսկսեն խորհել, մտածել, հակաճառել և, վերջապես, թշնամուն թողած, իրար միս ուտել: Այո, անհատականությունը հայի գլխավոր թշնամին է, նա տարածված է մեր բոլոր դասակարգերի ու բոլոր գործերի մեջ: Արդյոք մեր ազգի մտավոր առաջնորդները կկարողանա՞ն մի փոքր հիմարացնել անհատ հային և խելոքացնել ընկերական հային: Եթե այդ եղավ, մենք կարող ենք ապագա ունենալ, եթե ոչ, մենք կորած ենք, կամ կապրենք այնպիսի ամոթալի կյանքով, ինչպես ապրել ենք մինչև այսօր»:
(շարունակելի)


Արգամ ԱՅՎԱԶՅԱՆ
Հայագետ-նախիջևանագետ,
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Դիտվել է՝ 2307

Մեկնաբանություններ