Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Միսս աշխարհին» կարող է մասնակցել այն գեղեցկուհին, ով օրենքի սահմաններում նվաճել է «Միսս» տիտղոսը»

«Միսս աշխարհին» կարող է մասնակցել այն գեղեցկուհին, ով օրենքի սահմաններում նվաճել է «Միսս» տիտղոսը»
03.10.2017 | 09:43

«Միսս Արմենիա-2017» գեղեցկության մրցույթը միառժամանակ քննարկումների կիզակետում էր: Վերադարձրի՞ն արդյոք գեղեցկուհուն թագը, «Միսս Արմենիան» ըստ արժանվույն կներկայանա՞ միջազգային հարթակում: Այս հարցերը կարծես օրակարգից դուրս են մղվում: Փոխարենը նոր խմորումներ են հասունանում` դատական հայցերից մինչև գեղեցկության ու նրբագեղության նոր, մեկ այլ մրցույթի հեռանկար:


«Միսս Հայաստան» ազգային գործակալություն ՀԿ-ի նախագահ ԿԱՐԵՆ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԸ օրերս հանդիպեց լրագրողների հետ, հենց սկզբից նշելով, որ չի մեկնաբանելու «Միսս Արմենիա-2017» մրցույթը, խոսելու է միայն կազմակերպչական ու կանոնակարգային խնդիրների մասին: «Ցանկացած մրցույթ պետք է ունենա կանոնակարգ: Ասել, որ մենք կարող ենք կազմակերպել մրցույթ առանց չափորոշիչների, մեղմ ասած, անհասկանալի է»,- ասաց նա: Առաջին չափորոշիչը 90-60-90-ն է, սակայն 17 տարեկանում մարդու մարմինն ամբողջովին կազմավորված չէ, բնականաբար, կապված տարիքի հետ` կարող են լինել` 87, 85,55, 57: Հասակը գեղեցկության մրցույթներում պետք է լինի սկսած 170 սմ-ից, մոդելային մրցույթներում` 172 սմ: Բանախոսը նկատեց, որ մեր ազգը չի պատկանում ցածրահասակ ազգերի թվին, և չենք կարող գեղեցկուհի ընտրել սկսած 165 սմ-ից: Հավելեց. «Խոսել հայեցի ժպիտից, հայեցի գեղեցկությունից, տարօրինակ է: Դրանք չափորոշիչներ չեն:

Գեղեցկությունը, այո, մասնագիտություն չէ, բայց մանեքեն կամ պարուհի լինելը մասնագիտություն է: Գեղեցկությունից մինչև մանեքենության մրցույթ մեկ քայլ է»: Կ. Արիստակեսյանը նկատեց նաև, որ Հայաստանում շատ են գեղեցիկ աղջիկները, որպեսզի բեմ չբարձրանան պլաստիկ միջամտություններ իրականացրած աղջիկներ: Նրա տեղեկացմամբ` «Միսս տիեզերքում» դա թույլատրվում է, «Միսս աշխարհում» նման բան չկա: Եվ, ընդհանրապես, միջազգային մրցույթները հենվում են բնականության վրա: Բացի այդ`աղջիկների երեկոյան զգեստները, լողազգեստները պետք է լինեն միատեսակ, միագույն, կոշիկները` 7 սմ-ից ոչ բարձր: Բանախոսն ասաց, որ այս ամենի մասին զգուշացրել են ամիսներ առաջ: Նրա համար անհասկանալի է, թե ինչու են խախտում ՀՀ մի քանի օրենքներ, դատական, իրավական ակտեր, երբ կարելի է մրցույթն իրականացնել առանց օրենքը խախտելու: Կամ ինչպե՞ս են պետական մարմինները հովանավորում մի մրցույթ, որն ապօրինի է: Ակնարկը, ըստ ամենայնի, հասցեագրված էր մշակույթի և սփյուռքի նախարարություններին:


Իրավական խնդիրներն առավել մանրամասն ներկայացրեց փաստաբան ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Նրա տեղեկացմամբ` այս պահի դրությամբ երեք դատական պրոցես է ընթանում. «Սկզբնապես Գոհար Հարությունյանի դեմ հայց ներկայացվեց: Հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվեց, ինչի արդյունքում Գոհար Հարությունյանին արգելվեց «Միսս Հայաստան» ապրանքանշանի ցանկացած ձևով օգտագործումը, այդ թվում` «Միսս Հայաստան-2017» մրցույթի կազմակերպումը և անցկացումը: «Միսս Հայաստան» ապրանքանշանը փոխակերպեցին «Միսս Արմենիայի»: Բացահայտվեց նաև, որ հիմնադրամ է գրանցվել, որը կազմակերպելու և անցկացնելու է «Միսս Արմենիա» մրցույթը: Նույն դատական պրոցեսը նախաձեռնել ենք «Միսս Արմենիա» հիմնադրամի դեմ և նորից հայցի ապահովման միջնորդությունը բավարարվել է, արգելվել է «Միսս Արմենիա» հիմնադրամին «Միսս Հայաստան», «Միսս Արմենիա» (նաև «Միսս Արմենիան» անգլերեն գրառումով) ապրանքային նշանի ցանկացած ձևով օգտագործումը: Հետագայում անվանումը կրկին փոխվեց, դարձավ համահայկական գեղեցկության մրցույթ, բայց, ըստ էության, շարունակեցին օգտագործել «Միսս Արմենիա» ապրանքային նշանը: Մեզ այլ բան չէր մնում, եթե ոչ տեղյակ պահել իրավապահ մարմիններին, որ Գոհար Հարությունյանի և «Միսս Արմենիա» հիմնադրամի գործողություններին տրվի քրեաիրավաբանական գնահատական»: Փաստաբանն ընդգծեց, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի մասին նամակների միջոցով բազմիցս տեղեկացրել են մշակույթի, սփյուռքի նախարարներին: Մրցույթը, այնուամենայնիվ, կայացել է:
Կարեն Արիստակեսյանը, ի լրումն այս ամենի, ասաց, որ ստիպված են լինելու հայտարարել «Միսս Հայաստան» մրցույթ: «Իրատեսը» հետաքրքրվեց, թե այդ դեպքում «Միսս Աշխարհ» մրցույթին ո՞վ է ներկայացնելու Հայաստանը` «Միսս Արմենիա՞ն», թե՞ «Միսս Հայաստան» մրցույթի հաղթողը: «Դա արդեն իրենք պետք է մտածեն»,- կարճ պատասխանեց Կ. Արիստակեսյանը:


Հարություն Հարությունյանը հավելեց, որ «Միսս աշխարհ» մրցույթին, ըստ կանոնադրության, կարող է մասնակցել այն գեղեցկուհին, ով օրենքի սահմաններում, պահանջների պահպանմամբ, նվաճել է որևէ երկրի «Միսս» տիտղոսը:
Կարեն Արիստակեսյանը հավելեց, որ խախտվել է նաև միջազգային մրցույթների մեկ այլ կանոնակարգ: Մրցույթին կարող էին մասնակցել միայն ՀՀ քաղաքացիները: Այլ երկրների մասնակիցները պետք է կամ երկքաղաքացիություն ունենային, կամ պետք է հայտարարվեր «Միսս Արմենիա-Սփյուռք» մրցույթ, որին կմասնակցեն ի սփյուռս աշխարհի հայ գեղեցկուհիները, դրանից հետո նրանք կարող էին մասնակցել «Միսս Արմենիա» մրցույթին:
«Իրատեսը» հետաքրքրվեց նաև՝ սպասվող մրցույթին կարո՞ղ են մասնակցել «Միսս Արմենիայի» մասնակիցները:
«Անշուշտ, ՀՀ ցանկացած քաղաքացի իրավունք ունի մասնակցելու մրցույթին, բայց ես չեմ տիրապետում «Միսս Արմենիայի» մասնակիցների ֆիզիկական չափորոշիչներին, չեմ կարող ասել` համապատասխանու՞մ են այդ չափորոշիչներին: Մամուլում արդեն հրապարակումներ եղան, որ չեն համապատասխանում»,- ասաց «Միսս Հայաստան» ազգային գործակալություն ՀԿ-ի նախագահը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3901

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ