Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Առկա և հեռակա զրույց Մարինա Վաղարշյանի հետ

Առկա և հեռակա զրույց  Մարինա Վաղարշյանի հետ
03.10.2017 | 09:46

Նա նշանավոր տոհմի հետնորդ է, մի բան, որ շատ ավելի պարտավորեցնող է, քան փառքով պսակող: Պապը՝ ժողովրդական դերասան Վաղարշ Վաղարշյանը, հայ թատրոնի փառավոր շրջանի սյուներից էր, թատերական համաստեղության լուսատուներից, ուր, որպես բեմարվեստի ատրուշան, վառվում էին Վահրամ Փափազյանն ու Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետյանն ու Գուրգեն Ջանիբեկյանը, Վարդան Աճեմյանն ու մյուսները:
Լաերտ Վաղարշյանն ընտրեց ֆիլմաշխարհը և ուրույն հետք թողեց հայ կինոյում: Մարինա Վաղարշյանի թատրոնն ու կինոն ի մի եկան կերպարվեստում:

«ԵՍ ՉԵՄ ՍԻՐԵԼ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ»


-Տիկին Մարինա, Ձեր տուն-արվեստանոցում երկու նկարչի ներկայությունն է՝ Լաերտ Վաղարշյան, Մարինա Վաղարշյան: Ձեր հայրը նաև նկարու՞մ էր:
-Հայրս բազմակողմանի էր զարգացած, նա խորապես էր զգում կերպարվեստը: Սարյանը և Մատիսը առանձնահատուկ հմայք ունեին նրա համար, սիրում էր իմպրեսիոնիզմի և վերացական արվեստի վարպետներին: Դեռևս 1957-ին նա վերացական ոճի կտավներ էր ստեղծում, այնուամենայնիվ, նախընտրեց կինոն: Ի դեպ, Մարտիրոս Սարյանը նկարել է իմ դիմանկարը: Ես երեխա էի, սակայն նա ինձ հետ վարվում էր ինչպես հասուն մարդու: Հայրս նկարահանեց «Մարտիրոս Սարյան» վավերագրական ֆիլմը: Այն մեկժամանոց էր, սցենարի հեղինակն էր Իլյա Էրենբուրգը: Այս բավականին գնահատված կինոնկարն ունի հետաքրքիր նախապատմություն: Լաերտ Վաղարշյանը աշխատում էր «Բարև, ես եմ» ֆիլմի սցենարի վրա, Առնոլդ Աղաբաբովի հետ: Սակայն այդ ժամանակ Նիկիտա Խրուշչովը նախաձեռնեց մշակույթի և արվեստի նշանավոր անհատների բարոյական ջարդը: Հայրս շատերի նման խիստ վիրավորված էր այդ վերաբերմունքից և հրաժարվեց «Բարև, ես եմ»-ը նկարահանելու մտքից: Սարյանի հանդեպ 1963-ին իսկական արշավ էր սկսվել, ընդ որում` արվեստաբանների կողմից, հավանաբար, Խրուշչովի հանձնարարականների ստվերի ներքո: Ինչևէ, ֆիլմը հաջողությամբ նկարահանվեց, սակայն երկար ժամանակ անհայտության մեջ էր, չէր բազմացվում, փակ ցուցադրությամբ ներկայացվում էր Երևանում, Կիևում, Լենինգրադում...
-Ձեր կտավներում հեքիաթն ամենուր է, միաժամանակ տեսանելի են երազը, այլաբանությունը, և թվում է, ինքներդ էլ հեքիաթում եք, իրականի և անիրականի զարմանալի եզերքում: Նախահիմքը որտե՞ղ փնտրել:
-Յուրաքանչյուրն իր երազներն ունի դեռ մանկուց: ՈՒնի նաև իր հեքիաթները: Մեր տանը տարբեր ժողովուրդների հեքիաթների գրքերն էին: Ես ուղղակի շրջապատված էի դրանցով և անհագորեն կարդում էի:
-Հարցս բնական է՝ իսկ որտե՞ղ է ոգեշնչման բանալին:
-Ես չեմ սիրել նյութական աշխարհը, ինձ գրավում, հետաքրքրում էր մարդն իր մաքրամաքուր ներաշխարհով, ապրումներով, երջանկությամբ, անգամ տխրությամբ: Ցավոք, քչերն են իսկապես գնահատում իրենց շնորհված երջանկությունը:
-Ձեր «Տարօրինակ երազ» կտավը կենտրոնական դիրք է զբաղեցնում: Հավանաբար այն ունի առանձնահատուկ խորհուրդ:
-Այս կտավում ես շեշտել եմ մի զարմանալի, ցավոք, շատ տարածված հանգամանք. չտեսնելով գեղեցիկը, չգնահատելով այն, մարդիկ դառնում են անդեմ, միապաղաղ և գորշ էակներ:
-Այստեղ կերպարները շատ են, կարծես, անհատականություններ են ամենուր, բայց ամբոխ է մեր առջև:
-Ճիշտ եք նկատել, նրանք գունազրկված, գեղեցիկի, երազի ճանապարհը կորցրած մարդիկ են: Նրանք իրենց հույսն են կորցրել: Ահա ջութակահարը, սա հարբեցողն է, քիչ այն կողմ սիրահար զույգն է: Ի դեպ, երկար ժամանակ եմ այս ստեղծագործության վրա աշխատել: Եվ այն ծառայում է իր նպատակին:

Մարինա Վաղարշյանի ինքնատիպ աշխարհը փորձում են բացահայտել արվեստաբանները
ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ. «1960-ականների ազգային մոդեռնիզմի համն առած հայ նկարիչները, ում համար ի բնե անընդունելի էր սոցռեալիզմի հետ զուգորդվող իրապաշտական և պատմողական մեթոդը, միտումնավոր հեռանում էին պատկերավորությունից դեպի ավելի ու ավելի խորացող ընդհանրական-փոխաբերական, դեկորատիվ-էքսպրեսիվ լեզուն: Երբ Վաղարշյանի սերնդակիցներից շատերը, ջանալով թոթափել խորհրդային արվեստի ժառանգությունը, ժամանակակից հայ գեղանկարչության մեջ կերտում էին մեկ այլ, նոր մայրուղի, նա ինքը մշակում էր սեփական գեղարվեստական ոճը՝ իրականությունից ելնելու սկզբունքի պատճառով վտանգելով իր ներգրավումը այդ նոր պոետիկ-տեսիլային հոսանքի մեջ: Հոսանք, որի մասնակիցներն էին գերակշռող մեծամասնությամբ արական սեռի արվեստագետները»:

ՍԱՐՈ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. «Նրա նկարների թեմատիկ հենքը ինձ ոչինչ չի ասում, ոչինչ չեն ասում կտավների մակերեսով մեկ պատկերված ֆիգուրները, ընդհակառակը, կտավն ամբողջությամբ կարծես մի թանձր վարագույր է, որը փակում, դիտողի աչքից պահպանում, անբացատրելի վախի բնազդով թաքցնում է խորհրդավոր մի իրողություն: Պատկերները, իրենց ասոցիատիվ կապերի նուրբ մեկնաբանումներով, ընդամենը տեսանելի արտացոլանքն են այդ իրողության»:

ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ. «Հանրահայտ մեքսիկացի ֆեմինիստ արվեստագետ Ֆրիդա Կալլոն, ի հակաճառում իր արվեստը սյուրռեալիզմին դասելու մտայնությանը, ասել էր, թե իր պատկերները միանգամայն իրապաշտական են. նա պատկերում է այն, ինչ իրականում կատարվում է, և ինչ նա ապրում ու զգում է: Ինչ-որ իմաստով Ֆ. Կալլոյի գործերը հիշեցնող Մ. Վաղարշյանի մանրապատկերները նույնքան խաբուսիկ տպավորություն կարող են գործել: Ինքնարտահայտման այլաբանությամբ հանդերձ, նա իր արվեստի նյութը փնտրում է իրականության ծալքերում, մարդկային բարդ ու խճճված հարաբերությունների շերտերում, իսկ եթե անգամ երազներում, ապա իբրև իրականությանը ենթագիտակցորեն հակազդելու արդյունք»:

ՍԱՐՈ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. «Սա ի վերուստ բանաստեղծական հոգիների ճակատագիրն է, որոնք գալիս են բոլոր ժամանակներում՝ պարգևելով մեզ ինքնախոստովանանքի, հոգևոր մաքրման ցանկալի պահեր»:


Արվեստաբանի խոսքը ուղեցույց-բանալի է արվեստասերի ձեռքում, որ նա ի զորու լինի տեսնելու կերպարվեստի խորհրդավոր խորքերում տեղ գտած աշխարհի պատկերը, նրա գույնը, ձևը, գիծն ու շարժումը: Ես այս պահին կարող եմ միայն ավելացնել՝ Մարինա Վաղարշյանի ստեղծագործություններում հեքիաթը, երազն ու գերիրապաշտական պատկերումները ժամանակի աղետների անդրադարձն են: Մարդը՝ ի բնե գեղեցիկ և ստեղծագործող, վերածվում է խամաճիկի՝ անդեմ, սակայն մարտաշունչ արարածի, իր նման խամաճիկների ձեռքում, քանզի, ինչպես նկարիչն է ասում, նրանք կորցրել են հույսը: Եվ լույսի փոխարեն ապավինում են խավարին:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2172

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ