«Ավետիքը շատ բան ուներ աշխարհին տալու»

«Ավետիքը շատ բան ուներ աշխարհին տալու»
03.10.2017 | 09:59

Հայաստանի նկարիչների միության 2-րդ հարկի ցուցասրահում սեպտեմբերի 11-22-ին սպասված ցուցահանդես էր: Արվեստասեր հանրության և կերպարվեստագետների դատին արդեն հետմահու ներկայացավ գեղանկարիչ ԱՎԵՏԻՔ ՉԹՉՅԱՆԸ: Այս առիթով զրուցեցի ՀՆՄ նախագահ Կարեն Աղամյանի և քարտուղար Խաչատուր Ազիզյանի հետ՝ նրանց խնդրելով բնութագրել Ավետիք Չթչյանին և՛ որպես անհատ, և՛ որպես ստեղծագործող:


ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆ- Նրան սիրում և հարգում էին, վստահորեն կարող եմ ասել՝ բոլորը: Նա բարձրակարգ նկարիչ էր, միաժամանակ գերազանց մարդ իր հարաբերություններում: Նա շատ էր ոգևորվում գործընկերների ձեռքբերումներով, մի բան, ինչը ցավալիորեն եզակի երևույթ է այսօր: Նա մեզ հետ չէ, մեզ հետ է նրա արվեստը, որը նրա չապրած տարիների վառ հետագիծն է: Բարձր ճաշակ ուներ, ամուր էր նրա նկարչության ակադեմիական հիմքը: Նա ձգտում էր դեպի ռեալիստական արվեստի բարձունքները: Ավետիքը հիմնականում աշխատում էր նատյուրմորտի ժանրում: Իհարկե, նկարիչները այս կամ այն չափով ստեղծագործում են նատյուրմորտի ժանրում, սակայն Ավետիքը այն հասցրեց դասական մակարդակի:
ԽԱՉԱՏՈՒՐ ԱԶԻԶՅԱՆ- Նրա մասին կարելի է անվերջ խոսել, անդրադառնամ ամենաէականներին: Ավետիք Չթչյանը մարդ էր մեծատառով: Նրան ճանաչել եմ, երբ 15-ամյա պատանի էր և ընդունվել էր Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան: Դասավանդել եմ նրան, հետո եղանք ընկերներ: Նրա ցուցահանդեսից ստանում ես մաքրամաքուր աշխարհի տպավորություն: Առհասարակ, ստեղծագործող անհատի արվեստում ուրվագծվում է նրա էությունը: Նա ռեալիստ նկարիչ էր, սիրում էր բնանկարներ ստեղծել Շորժայում, բայց նրա գլխավոր առանձնահատկությունը, ինչ խոսք, նատյուրմորտն էր, նատյուրմորտի լեզվով նա ներկայացնում էր իր վերաբերմունքը աշխարհի հանդեպ, որը ցանկանում է տեսնել գեղեցիկ ու կատարյալ:
Ավետիքը շատ բան ուներ աշխարհին տալու:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2237

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ