Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Բարսելոնն» «այո» ասաց՝ հաղթելով

«Բարսելոնն» «այո» ասաց՝ հաղթելով
03.10.2017 | 10:02

Անվիճելի է, որ անցած հանգստյան օրերի թիվ մեկ դիմակայությունը Լոնդոնում էր, որտեղ մրցեցին երկրի անցած տարվա չեմպիոն «Չելսին» ու ընթացիկում խելահեղ մեկնարկած «Մանչեստր Սիթին»: Ի թիվս այս առճակատման, միանգամայն հասկանալիորեն բացառիկ հետաքրքրություն էր ներկայացնում և «Հերտա»-«Բավարիա» դիմակայությունը, որտեղ հյուրերը հանդես էին գալիս առանց գլխավոր մարզչի, քանի որ Չեմպիոնների լիգայի «Պարի Սեն Ժերմեն»-«Բավարիա» մրցավեճից հետո Կառլո Անչելոտին տվել է հրաժարական: Սակայն այս ամենի կողքին կար մեկը, որը շարքայինից վերածվեց պատմականի, թեպետ «Բարսելոնի» մասնակցությամբ և ոչ մի հանդիպում չի կարելի անվանել շարքային:

ԻՍՊԱՆԻԱ
«Լաս Պալմասի» հետ «Բարսելոնի» դիմակայությունը համընկել էր Կատալոնիայի անկախության հանրաքվեի հետ: Հանդիպման կայանալու առնչությամբ օրվա ընթացքում իրարամերժ լուրեր էին պտտվում, քանի որ երկրում լարված իրավիճակ էր: Ի վերջո, գտնվեց ելքը, ու հանդիպումը կայացավ առանց մարզասերի ներկայության, թեպետ, ասում են, մեկին, այդուհանդերձ, հաջողվել է ոչ միայն մարզադաշտում հայտնվել, այլև ծածանել Կատալոնիայի դրոշը: Ինչևէ: Դիմակայությունը, ինչպես ասացինք, կայացել է, «Բարսելոնը» հաղթել է երեք անպատասխան գնդակի առավելությամբ, դրանցից երկուսի հեղինակը Մեսին է: Երրորդ գոլն էլ ծնվել է նրա փոխանցումից հետո: Ահա այսպիսի նվեր է արել արգենտինացի Մեսին իր կատալոնյան ակումբին ու ողջ Կատալոնիային նրա անկախության հանրաքվեի անցկացման օրը:
Նույն քաղաքական մոտիվներով կաշկանդված էր և «Էսպանյոլը», սակայն կատալոնյան երկրորդ ակումբը «Սանտա Բեռնաբեուում» կրել է պարտություն, և նրան հաղթողը եղել է նույն Կենտրոնը` ի դեմս Մադրիդի «Ռեալի»` 2:0: Նշենք, որ երկու գոլն էլ հեղինակել է չափազանց գեղեցիկ ու գեղեցկության հետ նույնքան արդյունավետ խաղ ցույց տվող Իսկոն:
«Աթլետիկոյի» հետ պայքարում «Լեգանեսը», ճիշտ է, ուժաքամ եղավ, սակայն մադրիդցիներին չթողեց երեք միավոր վաստակած հեռանալ: Այս ոչ-ոքին ¥0:0¤, ի դեպ, նրան տեղ ապահովեց առաջին յոթնյակում, իսկ Դիեգո Սիմեոնեի սաներին հարկադրեց նահանջել ¥օրվա դրությամբ¤ երրորդ հորիզոնական, քանի որ «Մալագայի» հետ պայքարում «Սևիլիան» երեք միավոր էր վաստակել՝ 2:0: Սակայն տուրի արդյունքներով վերջնահաշվում երրորդ տեղում հայտնվեց «Վալենսիան», որը սեփական հարկի տակ 3:2 հաշվով առավելության հասավ «Աթլետիկի» նկատմամբ:
Մրցաշարային աղյուսակը 21 միավորով գլխավորում է «Բարսելոնը»` խփած-բաց թողած գնդակների գերազանց` 23:2 հարաբերակցությամբ: «Սևիլիան» ունի 16, «Վալենսիան»` 15 միավոր: Նույնքան է և «Աթլետիկոյի» ունեցածը, սակայն մրցաշարային աղյուսակում նրա ավելի ցածր հորիզոնականը պայմանավորված է լրացուցիչ գործակիցներով:
«Ռեալը» 14 միավորով հինգերորդ տեղում է:

ԱՆԳԼԻԱ
Չափազանց հետաքրքիր զարգացումներ են պրեմիեր լիգայում: Առաջնությունում արդեն քանի տուր երկիշխանություն են հաստատել մանչեստրյան ակումբներն ու, պատկերավոր ասած, ոչ մեկին չեն թողնում կոշկակապերից վեր նայել: Սպասվում էր, որ յոթերորդ տուրն այս առումով բացառություն կլինի, սակայն «Մանչեստր Սիթին» վստահ անցավ «Չելսիի» վրայով, այն էլ` արտագնայում: Հաշվի թվային նվազագույն արտահայտությունը խաբուսիկ է և ռեալ չի արտացոլում կողմերի այդ օրվա ուժերի հարաբերակցությունը:
Ի դեմս «Կրիստալ Պալասի», ճակատագրի անհամեմատ ավելի թեթև բաժին էր հասել «Մանչեստր Յունայթեդին»: Հյուրերը դաշտը լքել են չորս անպատասխան գնդակ շալակած:
Այս նույն հաշիվն է արձանագրվել և «Հադերսֆիլդ»-«Տոտենհեմ» դիմակայությունում` միայն այն տարբերությամբ, որ այստեղ տոն տվողը հյուրերն էին: Այս հաղթանակից հետո «Տոտենհեմը» 14 միավորով առաջին եռյակից դուրս մղեց «Չելսիին»:
Մանչեստրյան ակումբներն ունեն 19-ական միավոր, լրացուցիչ գործակիցներով առաջին հորիզոնականում է «Սիթին»:

ԻՏԱԼԻԱ
Առաջնությունում փայլուն մեկնարկած «Նապոլին» հերթական երեք միավորը վաստակեց «Կալյարիի» հետ մրցակցությունում` հաջողությունն ամրապնդելով երեք անպատասխան գոլով ու մնաց «Ատալանտա»-«Յուվենտուս» մրցակցության սպասումով, որը պատասխան էր տալու այն հարցին, թե արդյո՞ք սկուդետեում շարունակվելու է երկիշխանությունը: Դրամատիկ զարգացումներով լեցուն այս առճակատումում «ծեր սինյորան» չկարողացավ պահպանել երկու գոլի առավելությունը և «Ատալանտայի» հետ արտագնա խաղն ավարտեց ոչ-ոքի` 2:2: Հետաքրքրական է, որ խաղավարտին թուրինցիներն այնուամենայնիվ հանդիպումը շահելու հնարավորություն ստացան, սակայն Պաուլո Դիբալան անկարող եղավ դիպուկ իրացնել տասնմեկմետրանոցը:
Սկուդետեի առաջատար եռյակից տուրում, փաստորեն, միավոր կորցրեց լոկ «Յուվենտուսը», քանի որ հաղթական երեք միավորի տեր դարձավ և «Բենևենտոյին» հյուր գնացած «Ինտերը»` 2:1:
«Նապոլին» ունի 21, «Յուվեն» ու «Ինտերը»` 19-ական միավոր:

ԳԵՐՄԱՆԻԱ
Բունդեսլիգայի «Հերտա»-«Բավարիա» դիմակայությունը գրեթե ամբողջությամբ հիշեցրեց սկուդետեի «Ատալանտա»-«Յուվենտուս» առճակատումը: Գրանցվեց նույն 2:2 հաշիվը, որտեղ Իտալիայի չեմպիոնի օրինակով երկու գնդակի առավելություն ուներ Գերմանիայի չեմպիոնը, և որտեղ վերջնահաշվում մսխվեց այդ առավելությունը: «Բավարիայի» շուրջ խմորվող պատմություններին հարկավ լավատեղյակ է ընթերցողը, քանի որ որոշ մանրամասներ հաղորդել ենք և, այդուհանդերձ, խոստովանենք, բավականին տարօրինակ է ներկայանում նրա այսչափ թույլ մեկնարկը:
Տուրում միավորներ կորցրեց նաև հյուրընկալվելիս «Ֆրայբուրգին» 2:3 հաշվով զիջած «Հոֆենհայմը»:
Բունդեսլիգայի առաջին եռյակից տուրն առանց կորստի անցավ միայն առաջատարը` Դորտմունդի «Բորուսիան», որը հյուրընկալվելիս 2:1 հաշվով պարտության մատնեց «Աուգսբուրգին» ու 19 միավորով առաջին հորիզոնականում է` հինգ միավորով գերազանցելով իրեն հաջորդող «Բավարիային» ու «Հոֆենհայմին»:

ՖՐԱՆՍԻԱ
Նախօրեին մեր հայրենակից Միշել Դեր Զաքարյանի մարզած «Մոնպելիեի» հետ սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղալով (1:1)՝ «Մոնակոն» միավորներով հավասարվել էր «Պարի Սեն Ժերմենին», և «Բորդոյի» հետ դիմակայությունից էր կախված, թե արդյո՞ք փարիզցիները նորից առաջ կանցնեն մոնեգասկներից: ՊՍԺ-ի հերթական երեք միավորի նկատմամբ որոշակի թերահավատությունը գալիս էր նրանից, որ ընթացիկում հյուրերն էլ վատ չեն մեկնարկել՝ այդ նույն ՊՍԺ-ի հետ դառնալով առաջնությունում պարտություն չկրած երկրորդ թիմը: ՈՒ թեպետ հանդիպման վերջին գոլը խփելու իրավունքը հյուրերը վերապահեցին իրենց, այդուհանդերձ խաղադաշտը լքեցին խայտառակ հաշվով պարտված՝ 2:6:
«Բորդոյի» սայթաքումը միանգամից մի քանի թիմ երրորդ տեղի հավակնորդ դարձրեց: Նրանցից առավել հաջողեց «Մարսելը», որը հյուրընկալվելիս ոչ միայն փրկեց «Նիցցայի» հետ խաղը (հանդիպման արդեն 16-րդ րոպեին պարտվում էր 0:2 հաշվով), այլև կամային հաղթանակի հասնել 2:1 հաշվով, ընդ որում` ավելի քան երեսուն րոպե խաղալով տասը հոգով:


«Պարի Սեն Ժերմենն» ունի 22, «Մոնակոն»` 19, «Մարսելը»` 16 միավոր: Ի դեպ, նույնքան միավոր ունի և «Նանտը», որը հյուրընկալելիս նվազագույն հաշվով առավելության է հասել «Մեցի» նկատմամբ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3249

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ